> ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ > ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 41.-45.

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 41.-45.

41. Գնացքից` պարահանդես

42. Երջանիկ լինելու իրավունք

43. Ժողովրդի առաջնորդ Ազատությունը

44. Արեւմտյան կիսագնդում

45. Հեղափոխականի մահը

* * *

41. Գնացքից` պարահանդես

Մենք երկար մնացինք Օվերում. այնտեղ էլ ճաշեցինք ու Փարիզ վերադարձանք բավականին ուշ: Այդ փոքրիկ քաղաքը շատ անուշ տպավորություն գործեց, ու ես հասկացա, որ եթե տվյալ երկրի մասին ուզում ես պատկերացում կազմել, պետք է դիտարկես ոչ թե նրա պսպղան մայրաքաղաքը, այլ գավառը, այսպիսի փոքրիկ քաղաքները, գյուղերը. դրանք խոսուն են, չափազանց խոսուն:
Օվերում հայտնվողը մի պահ մոռանում է, որ ինքը ինչ-որ քաղաքում է. մեզ թվում էր, թե ինչ-որ մի ընտանիքի ենք հյուր եկել, օջախ ենք մտել: Եվ իրականում այդպես էլ կա. «համայնք» բառը հենց դա է նշանակում: Ինչպիսի արժանապատվություն ու վստահություն կա մարդկանց դեմքերին. եթե դուք մարդկանց խմբի մեջ ինչ-որ անվստահ, շփոթված մեկին տեսնեք, հաստատ իմացեք` այդտեղի քաղաքապետն է, որը զգում է, ավելի ճիշտ` չի զգում, մարդիկ նրան ասում են, որ այլեւս չեն քվեարկելու նրա օգտին:

Օվերում պատմեցին, որ տարիներ առաջ վերստուգիչ հանձնաժողովը, որ ինչքան հասկացա, հենց քաղաքի բնակիչներից է կազմվում, պարզել է, որ այդ ժամանակվա քաղաքապետը գանձարանից 100 հազար եվրո է վերցրել անձնական կարիքների համար եւ գանձապահի հետ պայմանավորվել, որ երեք ամսից գումարը վերադարձնելու է: Ահա այդ դեպքի բացահայտումից հետո քաղաքապետը ստիպված էր եղել հեռանալ Օվերից, որովհետեւ մարդիկ դադարել էին նրան բարեւել, չնայած վերադարձրել էր ինքնակամ վերցրած վարկը. «Ինչպե՞ս կարելի է չարհամարհել մի մարդու, որը մեր վստահությանն արժանանալով` մեր գրպանն է մտնում», - բացատրում էր փոքրիկ ռեստորանի տերը, որը հպարտ էր իրենց քաղաքի համար:

Օվեր քաղաքը պատկերացնելու համար` ընթերցողը թող պատկերացնի տաք, հարմարավետ, համեստ ու ճաշակով մի տուն, որի մեջ մարդիկ ապրում են հաշտ ու համերաշխ` այդ ամենի տերը լինելու գիտակցությունը եւ պատասխանատվությունը սրտներում:

Նման վիճակի, սակայն, պետք է արժանանալ…

Օվերից վերադառնալիս մենք մի փոքր քննարկեցինք վաղվա ընթրիքի հետ կապված մի քանի մանրամասն. Ֆրեդը ասաց, որ ճաշին, ավելի ճիշտ` ընթրիքին, մասնակցելու է նաեւ Քվենտինի ընկերուհին:

Ընթրիքի ժամանակ պարզվեց, որ հենց այդ դեռատի գեղեցկուհին է այս ամենի նախաձեռնողը, եւ գաղափարը նա հղացել է Քվենտինի համար իմ թողած հեռախոսային հաղորդագրությունը լսելուց հետո.

- Չեմ սիրում, երբ մարդիկ իրարից խռովում են, - ասում էր Իզաբելը, ինչից ակնհայտ էր դառնում, որ Քվենտինին այնքան էլ չի ուրախացրել մեզ, համենայնդեպս` ինձ տեսնելու հեռանկարը: Բայց հաղորդագրությունս Իզաբելին լավ ազդակ է թվացել, եւ Քվենտինը տեղի է տվել: Իհարկե, մինչեւ մեզ հրավիրելու որոշում կայացնելը Իզաբելը Քվենտինից դուրս էր քաշել մեր մասին նրա ունեցած ողջ տեղեկատվությունը եւ, իմանալով ով եմ ես, ով է Ֆրեդը, այն հանգամանքները, որոնց բերումով մենք իրար հետ գտնվում ենք Փարիզում, որոշել է մեզ հրավիրել:

- Սիրում եմ անակնկալ ծանոթություններ, - ժպտալով ասում էր Իզաբելը. նրա մեջ ինչ-որ անուշ կենսուրախություն կար:

Անակնկալ ծանոթությունների մասին նրա ասածի մեջ ես փորձեցի հեգնական երանգ գտնել, ավելի ճիշտ` ստուգեցի այդպիսի երանգի առկայությունը, բայց համոզվելով, որ այս աղջիկը լրիվ անկեղծ է, շատ ուրախացա Քվենտինին քֆրտելու համար. առանց դրա այս ընթրիքն ու ծանոթությունը չէր լինի:
Իզաբելը իսկական գեղեցկուհի էր, «մասնագիտությամբ»` թոփ-մոդել, ֆրանսիական նորաձեւության ծագող աստղ: Ընդարձակ բնակարանը, որտեղ նրանք մեզ ընդունել էին, մի մեծ վիտրաժ ուներ, նաեւ մի մեծ պատշգամբ, որոնցից երեւում էին Էյֆելյան աշտարակն ու Սենա գետը:

Տանը բազմաթիվ ամսագրեր կային, որոնց կա°մ շապիկին, կա°մ էջերում տպագրված էին Իզաբելի լուսանկարները. դրանցում նա կենտրոնացած էր, կատվային հայացք ուներ, լարված դեմք եւ կրում էր ինչ-որ աննորմալ զգեստներ: Իրական կյանքում նրա հայացքը պարզ էր, դեմքը` կենսուրախ, հագին էլ մի սովորական ջինսե շալվար էր, մի սովորական նեղ շապիկ, որի տակից հստակ տպվում էին նրա ամուր, գեղեցիկ կրծքերը. բայց դա վուլգար չէր, այլ միայն գեղեցիկ, միայն տրամադրող` հետաքրքիր ու համով ընթրիքի, անկեղծ բարեկամության:

Պատերից մեկին մի մեծ լուսանկար էր կախված, որտեղ Իզաբելը իր ընկերուհիների հետ կանգնած էր պոդիումի վրա` ցուցադրության ժամանակ: Ես զննում էի այդ մեծ լուսանկարը, եւ դեմքերից մեկը ինձ շատ ծանոթ թվաց.

- Ձեր կողքին կանգնածը Ֆրանսիայի նոր առաջին տիկինը չէ՞, - չդիմացա եւ հարցրի ես:

Իզաբելը զարմացավ, որ գրիմի տակ ես ճանաչեցի նրան:

- Այո, նա է` Մեմեն, - այսպես քնքուշ անունով էր նա հիշում Ֆրանսիայի գործող նախագահի գործող տիկնոջը:

Իմ այս բացահայտումից հետո Իզաբելը խոստովանեց, որ ինքը եւ Մեմեն ընկերուհիներ են: Մեմեին ինքը համարում էր ավագ եւ վստահելի ընկեր, ասում էր, որ իրենք շատ են սիրում իրար եւ շատ կապված են: Պարզվեց նաեւ, որ Իզաբելի եւ Քվենտինի հանդիպումն էլ տեղավորվում է այս համատեքստում. Քվենտինը բազմիցս եղել է Մեմեի անվտանգությունն ապահովող թիկնապահների խմբում, իսկ Իզաբելն ու Մեմեն էլ հաճախ են հանդիպում. հենց այսպես էլ ծագել է նրանց սիրավեպը, որի պատճառով Քվենտինը քիչ էր մնացել կորցնի աշխատանքը: Նրա ղեկավարությանը դուր չէր եկել, որ աշխատանքի ժամին նա կարող է զննել եւ գնահատել իր պաշտպանյալների գեղեցկությունն ու կանացիությունը: Քվենտինը, իհարկե, բացատրել էր, որ Իզաբելը ամենեւին էլ իր պաշտպանյալը չէ. ի վերջո այդ պատմությունը լավ էր ավարտվել:

Քվենտինն ու Իզաբելը հույս ունեին, որ իրենց հարաբերությունները լուրջ են, եւ ամեն ինչ ընթանում էր հենց այդ ուղղությամբ: Բայց չէին շտապում որոշումներ կայացնել եւ ասում էին, որ ճիշտը ամեն ինչում վերջնականապես եւ լրիվությամբ համոզվելն է: Ամեն դեպքում, նրանք արդեն երկար ժամանակ իրար հետ էին ապրում, չնայած ասում էին, որ իրար հետ ապրելը խիստ հարաբերական է, որովհետեւ երբեմն օրերով իրար երես չեն տեսնում` աշխատանքի բերումով.

- Այս պայմաններում ամուսնանալը նույնիսկ անիմաստ է, - ծիծաղելով ասում էր Իզաբելը եւ խոստովանում, որ չի էլ ամուսնանա, մինչեւ «չպառավի» պոդիումի համար.

- Կսպասե՞ս ինձ, իմ պահապան հրեշտակ, - դիմում էր նա Քվենտինին:

Նրա հետ հանդիպումը ինձ համար հաճելի էր եւ անակնկալ. երբեք չէի մտածի, թե պոդիումի վրա ութաձեւ քայլող այդ աղջիկները կարող են այսպես բացսիրտ լինել, անկեղծ, ունենալ սովորական մարդկային հատկանիշներ, լինել այդքան բնական եւ սովորական:

Քվենտինը մեզ հետ, իհարկե, քաղաքավարի էր, բայց սկզբում մի տեսակ սառը. ես նրան դարձյալ մի երկու խոսք ասացի` մեր մեջ տեղի ունեցած թյուրիմացությունը հարթելու համար, եւ ընթացքում ինձ թվաց, որ նա թոթափեց տհաճ զգացողությունները: Համենայնդեպս, սառը պահվածքը շատ շուտով վերացավ:

Ֆրեդին նույնպես հաճելի էր Իզաբելի հետ ծանոթությունը, եւ մեզ շատ ուրախ եւ հաճելի երեկո էր սպասվում: Անկեղծ ասած, նկատելի էր, որ Քվենտինն ու Իզաբելը նույնպես մարդկային շփման կարիք են զգում, եւ մեր այցը կարծես թարմացնող շունչ բերեց նրանց տուն: Առաջ անցնելով` ասեմ, որ մենք բարեկամացանք, եւ Իզաբելի հետ ծանոթությունը կանաչ լույս վառեց իմ հետագա ճանապարհորդության համար:

42. Երջանիկ լինելու իրավունք

Քվենտինենց մոտ գնալուց առաջ մենք հագանք մեր վարձած գեղեցիկ կոստյումները` գեղեցիկ վերնաշապիկներով ու կոշիկներով. որոշեցինք փողկապ չկապել, եւ դա ճիշտ էր, որովհետեւ, ինչպես արդեն ասացի, Քվենտինն ու Իզաբելը մեզ դիմավորեցին սովորական տանու շորերով:
Ճանապարհին մենք նաեւ մտանք ծաղկի խանութ, եւ յուրաքանչյուրս մեր ճաշակով մի-մի փոքրիկ փունջ վերցրինք Քվենտինի ընկերուհու, այսինքն` Իզաբելի համար:

Եթե ձեզ հետաքրքրում է իմ կարծիքը ծաղկեփնջերի մասին` ընդհանրապես, ամենամեծ տպավորությունը ստացել եմ Էլդար Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» ֆիլմի այն ծաղկեփնջից, որ հերոսը` Նովոսելցեւը, առավոտյան վաղ աշխատանքի գալով, փորձում է տեղադրել իր տնօրեն-սիրեցյալի` Լյուդմիլա Պրոկոֆեւնայի սեղանին:

Համոզված եմ, հիմա ընթերցողներից շատերը այս տողերիս մեջ հեգնանք են փնտրում, բայց սա ասում եմ ամենայն լրջությամբ: Եթե հիշում եք, այդ ֆիլմի մեջ Նովոսելցեւը մի քանի անգամ շուռ է տալիս, ճխլում ծաղիկները` սպիտակ եւ կարմիր մեխակներ: Բայց երբ ի վերջո կարողանում է դրանց համար ծաղկաման գտնել եւ դնել Լյուդմիլա Պրոկոֆեւնայի սեղանին, Աստված իմ, ի~նչ գեղեցիկ են այդ ծաղիկները:

Ես մի քանի անգամ այդպիսի ծաղկեփունջ եմ նվիրել իմ սիրելիին. գեղեցիկ էր, իհարկե, բայց միեւնույն է` բնօրինակը մնում է բնօրինակ: Չնայած, հիմա, փաստորեն, իմ կյանքում էլ է ծառայողական սիրավեպ սկսվել` հեռակա, բայց ծառայողական…

Վերադառնանք, սակայն, Փարիզ: Քվենտինենց տանը մենք սկզբից նախուտեստային շամպայն խմեցինք. շատ լավն էր: Տեսքից այս շամպայնի առանձնահատկությունը նրա պղտորությունն էր, անթափանցությունը: Առաջին անգամ էի հաց ուտելուց առաջ շամպայն խմում. չէ՞ որ մեզ մոտ ընդունված է, որ շամպայնը պետք է խմել մինչեւ պայթելը ուտելուց, սեղանի շուրջ օղի, ապա գարեջուր խմելուց հետո միայն: Պարզվում է, սակայն, որ շամպայնը կարող է խթանել ախորժակը. իսկ ես գիտեի, թե այն միայն հետ տալու գործը խթանելու, այսինքն` հեշտացնելու համար է: Ճիշտն ասած, ճաշից առաջ շամպայն խմելու առաջարկը ինձ մի տեսակ վայրենի թվաց, բայց դե, ասված է` որ գյուղը գնաս, այդ գյուղի շապիկը հագիր. իսկ մենք հիմա Փարիզ կոչվող գյուղում ենք:

Երբ սպասուհին մեզ հրավիրեց սեղանի մոտ, Իզաբելը շատ ուրախացավ.

- Ես հազվադեպ եմ նորմալ հաց ուտում, - ասում էր նա` դա պատճառաբանելով իր պրոֆեսիոնալ գործունեությամբ. եթե կազմվածքդ խախտվի, չես կարող պոդիում դուրս գալ:

Սկզբում մեզ մատուցեցին մի մեծ ափսե կանաչ սալաթ` ձիթապտղի յուղով ցողված: Ապա սագի լյարդի պաշտետ, որ ինչպես հայտնի է` շատ հարգի է Եվրոպայում եւ հատկապես` Ֆրանսիայում: Պաշտետը, որ իսկապես շատ համեղ էր, մենք կերանք կարմիր գինիով եւ սոուսներով: Ապա ահագին երկար դադար առանք, որից հետո մեզ մատուցեցին կարմիր ձուկ` սպիտակ գինիով եւ էլի տարբեր սոուսներով: Այս ընթացքում սեղանի շուրջ անընդհատ ակտիվ քննարկումներ, խոսակցություններ էին տեղի ունենում, որի շարժիչ ուժը, իհարկե, Իզաբելն էր:

- Ի՞նչ եք տեսել Փարիզում, ի՞նչն է ձեզ դուր եկել, ի՞նչը դուր չի եկել` ամեն ինչ պատմեք, - երեխայական չարաճճիությամբ մեզ խոսել էր ստիպում նա, չնայած ես ու Ֆրեդը առանձնապես չէինք էլ դիմադրում: Քվենտինը լռակյաց էր եւ հիմնականում ժեստերով ու բացականչություններով էր արձագանքում խոսակցությանը:

Ես ու Ֆրեդը պատմեցինք Լուվրի (պուպուլիկով տիկնոջ մասը, իհարկե, բաց թողեցինք), Ջոկոնդայի, վան Գոգի, ինչպես նաեւ Միլոսյան Վեներայի եւ Կլոդի մասին: Այստեղ մենք պատմելու բան ունենք նաեւ ընթերցողին: Վան Գոգի ցուցահանդեսի նախընթաց օրը մենք մեր երկրորդ այցը արեցինք Լուվր եւ այնտեղից դուրս գալուց հետո մոտակա զբոսայգում հանդիպեցինք Կլոդին, որը մենակ նստած էր մի նստարանի վրա: Ֆրեդը ասաց, որ կպայթի, եթե չպարզի, թե ում էր հայհոյում բիձուկը եւ ինչու: Կլոդը առանձնապես չընդդիմացավ իր գաղտնիքները բացելու Ֆրեդի ձգտումներին. նա պնդում էր, որ Միլոսյան Վեներան ոչ թե մ.թ.ա. 2-րդ դարի քանդակ է, այլ 1899 թվականի, եւ այդ քանդակի հեղինակն էլ իր պապն է, Կլոդի ասելով` մեծ, բայց չգնահատված քանդակագործ: Նրա պատմածով, 1900 թվականին մի ամերիկացի իր պապից գնել է այդ քանդակը, ապա կտրել նրա մի ձեռքը, կոտրել մյուս ձեռքը, մուրճով բազմաթիվ վնասվածքներ հասցրել քանդակին ու այն թաղել Կրետե կղզում գտնվող իր հողամասում: Ութ տարի անց իբր պատահաբար արձանը գտնվել է, իբր փորձաքննությունը պարզել է, որ այն անտիկ հունական քանդակ է, եւ արվեստի գործերի առեւտրական խաբեբան միլիոններ է ստացել արձանը Լուվրին վաճառելու համար, եւ այս խաբեբայության մեջ խառն է եղել նաեւ Լուվրի ղեկավարությունը, որը կեղծել է արձանի հայտնաբերման եւ ձեռքբերման հետ կապված բազմաթիվ փաստեր, նենգափոխել է իրականությունը եւ այլն, եւ այսպես շարունակ: Կլոդը պնդում էր, թե Լուվրի լրտեսները նաեւ իրենց տնից գողացել եւ ոչնչացրել են բոլոր այն էսքիզները, փաստաթղթերը, որոնք վկայում էին Միլոսյան Վեներայի իսկական ծագումը.

- Գողեր, սրիկաներ, խաբեբաներ, - իր պատմությունը երբեմն ընդհատում էր Կլոդը:

Լուվր կատարած իր հաճախակի այցելություններով Կլոդը ուզում էր լուծել իր համար կարեւոր մի խնդիր, այն է` ցուցանմուշի տակ գրվի նրա իսկական հեղինակի, այսինքն` իր պապի անուն ազգանունը: Նա մեզ նաեւ թղթեր ցույց տվեց, ըստ ամենայնի` դրանք դիմումներ էին, որոնց վրա իրոք կային մակագրություններ, թղթերի մեջ կային նաեւ պաշտոնական պատասխաններ, որոնք, սակայն, ֆրանսերեն էին, եւ դրանց բովանդակության մանրամասները մեզ հայտնի չդարձան: Կլոդը ասում էր նաեւ, որ ինքը դիմել է դատարան, սակայն դատարանը իր հայցը չի բավարարում` ապացույցներ չլինելու պատճառով.

- Ինչպե՞ս կարող են ապացույցներ լինել, եթե տականքները դրանք գողացել ու ոչնչացրել են, - վրդովված ասում էր նա եւ պնդում, թե ժամանակին իր հետ բանակցություններ են վարել, գումարներ առաջարկել, որ նա դադարի Միլոսյան Վեներան իր պապին վերագրել: Կլոդի պատմելով, այս առաջարկը անողների հիմնական փաստարկն այն է, որ եթե պարզվի, որ այդ արձանը ոչ թե մ.թ.ա. 2-րդ դարի է, այլ 19-րդ դարի վերջի, այն միանգամից կկորցնի իր նշանակությունը, եւ այն Լուվրի ցուցասրահից կտեղափոխեն աղբանոց: Կլոդը համաձայն չէր այս տեսակետին եւ ասում էր, որ իր պապը հանճար է եղել, եւ մարդկությունը պետք է ճանաչի նրան եւ գնահատի:

Մինչ Ֆրեդը գեղարվեստորեն պատմում էր այս պատմությունը, Իզաբելը, դե` ես ու Քվենտինն էլ, իհարկե, լսում էինք այն: Ի տարբերություն մեզ, սակայն, Իզաբելը դա անում էր լրիվ կլանված ու լուրջ դեմքով: Երբ Ֆրեդը վերջացրեց պատմությունը, Իզաբելը լրիվ լուրջ դեմքով ասաց.

- Ես հավատում եմ այդ պապիկին:

Սա շատ անսպասելի էր, ու Քվենտինը, Ֆրեդն ու ես մի այնպիսի քրքիջ բարձրացրինք սեղանի շուրջ, որ դժվարանում եմ անգամ նկարագրել. ես ու Ֆրեդը աշխատում էինք մեզ զսպել, բայց Քվենտինը, իրեն լրիվ ազատ զգալով, ուղղակի պայթել էր:

Իզաբելը անասելի հմայիչ էր այդ պահին: Բայց հետո, ավելի ուշ, սկսեցի մտածել, թե արդյո՞ք նրա ասածի մեջ դիտավորություն չկար, մեզ զվարճացնելու դիտավորություն: Կանայք երբեմն հիմարիկությունը կիրառում են որպես հմայելու ամենազոր զենք, եւ երբեմն դժվար է ասել` նրանք իսկապե՞ս հիմարիկ են, թե՞ դա ուղղակի իմիջ է: Համենայնդեպս, հիմարիկությունը երբեք եւ ոչ մի կնոջ չի խանգարել խելացի լինել, եւ հիմարիկությունից զերծ կանայք ուղղակի ձանձրալի են, նույնը, իհարկե, վերաբերում է նաեւ խելացիությունից զերծ կանանց: Իզաբելը կարողանում էր հիմարիկության ու խելքի հավասարազոր չափաբաժիններ մատուցել մեզ, եւ որ նա խելացի է, շատ խելացի, համոզվեցի, երբ խոսք գնաց լեդի Դիի մասին:

Ես պատմեցի, որ մենք եղել ենք նաեւ Փարիզի այն վայրում, որտեղ վթարի են ենթարկվել Ուելսի արքայադուստր Դիանան եւ արաբ մեծահարուստ Դոդի Ալֆայեդը. դա մի ստորերկրյա թունել է, որի մուտքի կամարի վրա, որը արդեն վերգետնյա փողոցի մակարդակից մետրուկես է բարձր, մարդիկ գալիս, ծաղիկներ են դնում: Մեր այցելության պահին էլ այդտեղ թարմ ծաղիկներ էին դրված` մի քանի ծաղկեփունջ: Ֆրեդը ասաց, որ այդտեղից թարմ ծաղիկը գրեթե երբեք չի պակասում.

- Այստեղ եւ, ինչքան հասկացա, ողջ Եվրոպայում մարդիկ պաշտում են լեդի Դիանային, - ոչ առանց զարմանքի ասացի ես:

- ԱՄՆ-ում էլ գրեթե այսպես է, - ասաց Ֆրեդը:

- Ձեր մոտ չկա՞ նման բան, - հարցրեց Քվենտինը:

- Անկեղծ ասած, լեդի Դիանայի նկատմամբ ընդգծված հարգանք մեզ մոտ չեմ նկատել. մարդիկ ավելի շատ դատապարտում են նրան, որ արքայադուստր լինելով` «քարշ է եկել» արաբ մեծահարուստի հետ:

Զգացի, որ Իզաբելի դեմքը լրջացավ.

- Նա ուղղակի ցանկացել է լինել այն մարդու հետ, որին սիրել է, - ասաց նա:

- Բայց չէ՞ որ նա ամուսնացած էր, - ասացի ես:

- Բաժանված էր արդեն, - ուղղակի փաստը ճշտելու նպատակով ասաց Քվենտինը:

- Եթե անգամ ամուսնացած էր, - ծանրակշիռ տոնով ասաց Իզաբելը եւ շարունակեց, - նա ամուսնացել էր երջանիկ լինելու հույսով: Նա սիրում էր իր ամուսնուն եւ հույս ուներ նույնպես սիրված լինել: Բայց նրա ամուսինը ոչ միայն չէր սիրում նրան, այլեւ, ինչպես դուք նկատեցիք, «քարշ էր գալիս» Քամիլա Պարկերի հետ:

Իզաբելի հայացքում անսպասելի խորություն էր հայտնվել: Նա շարունակեց.

- Չարլզի եւ Դիանայի պատմությունը շատ նման է սովորական եւ կենցաղային մի դեպքի. բայց այստեղ նրբություն կար, նրբությունն այն է, որ խոսքը արքայազնի եւ արքայադստեր մասին է, նույնպիսի արքայազների ծնողների: Լեդի Դիանան դժբախտ էր, բայց նա արքայադուստր էր, ապագա թագավորի կին, ապագա թագավորի մայր եւ կարող էր մխիթարվել դրանով: Նա նաեւ պարտավորություններ ուներ պատմության, ավանդույթների, հասարակական կարծիքի նկատմամբ: Եվ ընդունված կարծիքի, ընդունված ավանդույթի համաձայն, նա պետք է համակերպվեր իր դժբախտության հետ: Բայց նա այլ կերպ վարվեց. նա ասաց, բարձր հայտարարեց, որ ինքը որպես կին երջանիկ լինելու իրավունք ունի եւ որեւէ մեկին թույլ չի տա վիճարկել իր այդ իրավունքը: Նա ցույց տվեց, որ կինը, անկախ նրանից` արքայադուստր է, թե բանվորուհի, ունի երջանիկ լինելու, ազատ լինելու, ընտրություն ունենալու, սիրված լինելու իրավունք: Ամեն կին էլ իր տան թագուհին է, արքայադուստրը, բայց նրանցից շատերը նույն այդ հասարակական կարծիքի, ավանդույթի ճնշման տակ ստիպված են համակերպվել իրենց դժբախտության, նվաստացման հետ: Եվ նա` լեդի Դիանան, աշխարհի բոլոր կանանց ասաց` դուք բոլորդ երջանիկ լինելու, սիրված լինելու, ազատ լինելու իրավունք ունեք, եւ դրա համար աշխարհի կանայք, եթե անգամ բարձրաձայն չեն ասում, ներքուստ պաշտում են նրան. սա է ամբողջ գաղտնիքը, եւ այդ պատճառով ամեն օր գտնվում են մի քանի տասնյակ կանայք, որոնք հարկ են համարում թարմ ծաղիկներ դնել ձեր տեսած վայրում:

43. Ժողովրդի առաջնորդ Ազատությունը

Իզաբելի ճառը ինձ ցնցեց` առաջին հերթին համոզչականությամբ: Մի պահ Ֆրեդն ու Իզաբելը սկսեցին քննարկել` լեդի Դիի եւ Դոդի Ալֆայեդի վթարը սպանությո՞ւն էր, թե՞ դժբախտ պատահար. նրանք հարցաքննում էին Քվենտինին` իմանալու համար նրա կարծիքը` վստահ լինելով թերեւս, որ Ֆրանսիայի ղեկավարի թիկնազորի ծառայողը կիմանա ճշմարտությունը այս մասին: Առիթից օգտվելով` ես կտրվեցի այդ ընդհանուր խոսակցությունից եւ մտքումս կրկնում էի Իզաբելի ասածները: Գրողը տանի, նա իրավացի է:

Ես, որ միշտ զզվել եմ հարցերի կանացի կողմը ընդգծելու փորձերից, այս պոդիումի կնոջ, այս գեղեցկուհու խոսքերի ազդեցությամբ կհանգեմ ինձ համար անսպասելի եզրակացությունների: Ամիսներ առաջ լսել անգամ այդ մասին չէի ուզենա, բայց այժմ ահա զգում եմ, որ ներսումս մի բանաձեւ է ծնվում, նոր բանաձեւ` չի կարող լինել իրական Ազատություն, եթե իրապես ազատ չէ Կինը:

Էլի մտքով ետ գնացի Լուվր. ինձ անհեթեթ էր թվացել Դելակրուայի «Ժողովրդի առաջնորդ Ազատությունը» կտավը: Այդ կտավում ծխի, ավերակների, դիակների, բարիկադների միջով զինված տղամարդկանց` բանվորների, մտավորականների, երիտասարդների, առաջնորդում է ահավոր գեղեցիկ, փարթամ, ցանկալի մի կին: Նրա մի ձեռքին հրացան է, մյուս ձեռքին` դրոշ: Նրա դեմքը կենտրոնացած է, մազերը խռնվում են, իսկ նրա ուսերը` էրոտիկ ու գրգռիչ ուսերը, կրծքերը` փարթամ ու պիրկ կրծքերը, մերկ են:

Լուվրում նայում էի այդ կնոջ կրծքերին ու սեռական գրգիռներ զգում… Գուցե դա ինձ խանգարեց հասկանալ այն, ինչ հասկացա հիմա: Ազատության սիմվոլը Ազատ Կինն է, ընդ որում` այդ կինը ոչ թե կանանց, այլ ընդհանրապես ազատության, այդ թվում եւ տղամարդկանց ազատության սիմվոլն է, բոլորի ազատության…

- Ի՞նչ եք մտածում, - նկատելով, որ մտքերի մեջ եմ, հարցրեց Իզաբելը:

- Ձեր ասածների շուրջ:

- Իսկապե՞ս. եւ ի՞նչ եզրակացության եք հանգել, - հարցրեց նա:

- Ձեր ասածը շատ համոզիչ էր:

- Օլե~, ուրեմն խմում ենք իմ կենացը, - էլի հիմարիկ դարձավ Իզաբելը:

- Մեծ փիլիսոփա Իզաբելի կենացը, - ասաց Քվենտինը, ու մենք խմեցինք:

- Իսկ ավելի մանրամասն չե՞ք պատմի, թե ինչ էիք մտածում իմ ասածների մասին, - շարունակեց Իզաբելը:

- Ինչո՞ւ չէ, բայց եթե մտքերս մի քիչ հում լինեն, չնեղանաք:

Բոլորը ուշադիր նայում էին ինձ, ես շարունակեցի.

- Սկսեցի մտածել, որ եթե հասարակությունը պայմանականորեն բաժանենք կանացի եւ արական հատվածների, արական հատվածը չի կարող ազատ լինել, եթե իրականում ազատ չէ իգական հատվածը:

- Այդ ինչպե՞ս, - զարմացավ Ֆրեդը:

- Իմ այս եզրակացությունը հիմնված է կոնկրետ տպավորության վրա, որ ստացել եմ Իրանում գտնվելու ընթացքում: Դե, գիտեք, այնտեղ իսլամական կարգեր են, ալկոհոլ օգտագործել չի կարելի, շորտ հագնել չի կարելի: Իսկ կանայք էլ ամառ-ձմեռ հագնում են սեւ կամ մոխրագույն այնպիսի զգեստներ, որոնց միջից երեւում են միայն նրանց դեմքն ու ձեռքերը: Եթե կնոջ մազերը երեւան, դա արդեն լուրջ պրոբլեմ կլինի: Հասարակական տրանսպորտում, ասենք` ավտոբուսում, կանանց համար առանձին տեղեր են նախատեսված, տղամարդկանց համար` առանձին: Դուք կասեք, որ կանայք ճնշված են Իրանում, եւ գուցե այդպես էլ կա. եթե Իզաբելը իր այս տեսքով հայտնվի այնտեղ, նրան առնվազն երկարամյա բանտարկության կդատապարտեն: Հիմա եկեք կանանց վիճակի հարցը քննարկենք իրենց` իրանցիների հետ. նրանք ասում են, որ Իրանում մայրիշխանություն է…

- Այ քեզ անհեթեթություն, - չդիմացավ Իզաբելը: Ես շարունակեցի.

- Բայց նրանց ասածը այնքան էլ սխալ չէ: Երբ նրանց ցույց ես տալիս երկու մասի բաժանված ավտոբուսները, նրանք ասում են, որ այդ տղամարդկանց է արգելված մտնել ավտոբուսի կանացի հատված, կանայք կարող են մուտք գործել տղամարդկանց բաժին: Խնդիրն այն չէ, որ ոչ մի կին այդպես չի վարվում, մենք խոսում ենք կանոնների մասին:

- Հա, բայց դա հո չի նշանակում, որ կինը ազատություն ունի, - ասաց Քվենտինը:

- Իհարկե, չի նշանակում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ կանանց անազատությունը ավելի շատ տղամարդկանց անազատության վկայությունն է:

- Նրա համար, որ տղամարդիկ իրավունք չունե՞ն մուտք գործել ավտոբուսի կանացի հատվածներ, - ասածիս կասկածանքով վերաբերվեց Իզաբելը:

- Դա ընդամենը մի օրինակ է` ընկած մակերեսին, բայց կա շատ ավելի խորքային պրոբլեմ, - ասացի ես եւ շարունակեցի:- Դիտարկումները ցույց են տալիս, որ արեւելյան շատ երկրներում, որտեղ կինը որպես այդպիսին անազատ է, եւ ինքնադրսեւորվելու նրա հնարավորությունները սահմանափակ են, ահա այդ երկրներում շատ մեծ է այդ նույն կանանց ստվերային ազդեցությունը: Եթե կարելի է այդպես ասել, կանայք իրենց նվաստացումները, անազատությունը շատ դեպքերում կոմպենսացնում են տղամարդկանց վրա ունեցած ստվերային ազդեցությամբ` դե ֆակտո սահմանափակելով նաեւ նրանց ազատությունը…

- Հետաքրքիր տեսություն է, - մռմռաց Քվենտինը:

- Ասացի, որ մտքերս հում են, բայց կան օրինակներ, երբ կինը ենթարկվում է նվաստացումների, անգամ բռնությունների, բայց սա ընդամենը խնդրի մակերեսն է. շատ դեպքերում ակնհայտ է, որ հենց այդ կնոջ ձեռքին են գտնվում որոշումներ կայացնելու լծակները, այդ ծեծվող, ինչո՞ւ չէ, բռնաբարվող կնոջ ձեռքին:

- Բայց ազատ Արեւմուտքում էլ կինը մասնակցում է, լուրջ ազդեցություն ունի որոշումների կայացման վրա, - իմ ասածին ի պատասխան նկատեց Ֆրեդը:

- Իհարկե, այդպես է. բայց եթե, կներեք, որ ձեր օրինակով ասեմ, Քվենտինն ու Իզաբելը նույն իրավունքներն ու ազատություններն ունեն ընտանիքում կամ ընդհանրապես, եւ Իզաբելը լիարժեք մասնակցում է բոլոր որոշումների կայացմանը, նա իրացնում է բոլորի կողմից ճանաչված իր իրավունքը, եւ այստեղ տարօրինակ ոչինչ չկա, ամեն ինչ հրապարակային է: Իսկ հրապարակայնությունը ազատության ամենակարեւոր ուղեկիցն է: Արեւելքում ճնշված, անազատ կինը ստիպված է գործել ստվերում, երբեմն անգամ թաքցնել իր իշխանությունը, երբեմն վերցնել ավելին, քան իրեն հասնում է. եւ նա դա անում է ի հատուցում կրած զրկանքների եւ անազատության: Ի հատուցում այն բանի, որ իրավունք չունի բարձրաձայնելու` ես ուզում եմ ապրել ոչ թե այս անտաշ անասունի հետ, որը ինձ առավոտ-իրիկուն ծեծում է, այլ նրա հետ, ով ինձ սիրում է կամ կսիրի: Եվ ուրեմն, նա ինքնադրսեւորման այս ծարավը սկսում է իրացնել ստվերային եղանակով, դավադրություններով, դառնում դե ֆակտո բռնակալ եւ բռնակալության զոհ` միաժամանակ: Ես մտածեցի, որ հենց այս է պատճառը, որ կինը, Ազատ Կինը Ազատության սիմվոլն է, - ամփոփեցի ես:
Իմ խոսքի այս հատվածը ավելի համոզիչ թվաց թե՛ զրուցակիցներիս եւ թե՛ ինձ: Եվ հիմա հետահայաց հիշելով այդ զրույցը` համոզվում եմ` դա իսկապես ճշմարտություն է. եթե հանրությունը իրապես ուզում է ազատ լինել, նախ եւ առաջ պետք է հոգ տանի կնոջ ազատության համար: Չնայած` այս ձեւակերպումն էլ սխալ է, ավելի լավ է ասել` Կինն է ազատության սիմվոլն ու առաջնորդը, Դելակրուան ճիշտ է նկարել եւ վերնագրել իր կտավը` «Ժողովրդի առաջնորդ Ազատությունը»:

***

Մեր ընթրիքը շատ աշխույժ էր անցնում, ինչը հաճելի անակնկալ էր ինչպես իմ ու Ֆրեդի, այնպես էլ Քվենտինի համար: Մենք անընդհատ զրուցում էինք, կատակներ անում, լուրջ բաներից խոսում, թեմաները հաջորդում էին մեկը մյուսին. Իզաբելը ինձնից ու Ֆրեդից ստացավ ողջ հնարավոր տեղեկատվությունը մեր մասին: Բայց մեր խոսակցության կենտրոնական թեման, միեւնույն է, Ազատությունն էր, լեդի Դին, երջանիկ լինելու իրավունքը, եւ անընդհատ վերադառնում էինք այդ թեմային ու գտնում այն նորից քննարկելու զանազան առիթներ: Ահա այդպիսի մի վերադարձի ժամանակ Իզաբելը հայտարարեց.

- Մեմեից ու Նիկոլյայից էլ շատ մեծ համարձակություն պահանջվեց, որպեսզի նրանք հայտարարեն երջանիկ լինելու իրենց իրավունքի մասին եւ օգտվեն այդ իրավունքից:

Իզաբելը նկատի ուներ Ֆրանսիայի նախագահին եւ նրա տիկնոջը, որոնք, ինչպես հայտնի է, ամուսնացան այն բանից հետո, երբ Նիկոլյան, ինչպես նրան անվանում էր Իզաբելը, նախագահ ընտրվելուց հետո բաժանվեց իր առաջին կնոջից: Ես միանգամից ասացի, որ համաձայն չեմ Իզաբելի արտահայտած այդ մտքի հետ. սա բոլորին զարմացրեց, որովհետեւ այդ պնդումը կարծես դուրս էր գալիս մեր ողջ խոսակցության համատեքստից: Ասացի, իհարկե, որ ընդունում եմ նախագահի եւ Մեմեի երջանիկ լինելու իրավունքը, բայց համաձայն չեմ, որ նրանք համարձակ քայլ են արել.

- Մեր մեջ ասած, դա անազնիվ քայլ էր, - հայտարարեցի ես, ինչը սարսափեցրեց Իզաբելին:

- Այդ ինչպե՞ս, - ըմբոստացավ նա: Ես բացատրեցի իմ դիրքորոշումը.

- Եթե Նիկոլյան առաջին կնոջից բաժանվեր եւ ամուսնանար նախագահական ընտրություններից առաջ, դա կհամարեի համարձակ որոշում: Բայց մեծ էր հավանականությունը, որ կնոջից բաժանվելով եւ ամուսնանալով ընտրություններից առաջ` նա կպարտվեր այդ ընտրություններում:

- Ուրեմն նրանք խելամիտ են վարվել, - գնահատեց Իզաբելը:

- Գուցե դա խելամիտ է, բայց նրանք խաբել են ֆրանսիացիներին, որոնք իրավունք ունեին իմանալու, որ նախագահի թեկնածուն փոխելու է իր ընտանեկան կարգավիճակը. եթե կուզես իմանալ, սիրելի Իզաբել, մեր հարգելի Մեմեն ոչ լեգիտիմ առաջին տիկին է: Այսինքն` նա գուցե նախագահի կինն է, բայց նա առաջին տիկին չէ, որովհետեւ ֆրանսիացիները նրան առաջին տիկին չեն ընտրել, - ամփոփեցի ես:

Ֆրեդն ու Քվենտինը սկսեցին ծիծաղել, իսկ Իզաբելը ջղայնության նշաններ ցույց տվեց, փորձեց հակադարձել, բայց փաստարկներ չէր գտնում` ավելի զվարճացնելով մեզ:

- Միեւնույն է, նրանք շատ գեղեցիկ զույգ են եւ արժանի են ներկայացնել Ֆրանսիան, - ի վերջո ասաց Իզաբելը:

- Հանձնվում եմ, - վրա բերեցի ես, ինչից Իզաբելը շատ ուրախացավ:

- Ուրեմն խմում ենք իմ կենացը, - ասաց նա:

- Թույլերի պաշտպան Իզաբելի կենացը, - Քվենտինին նմանակելով` ասաց Ֆրեդը: Մենք խմեցինք:

Իզաբելը շատ էր սիրում Մեմեին ու Նիկոլյային եւ նեղվում էր, երբ խոսակցությունը նրանց համար ոչ նպաստավոր ընթացք էր ստանում: Երբ խոսք գնաց մարտի 1-ի երեւանյան դեպքերի, զոհերի մասին, Քվենտինը հիշեց 2006 թվականին Փարիզի արվարձանում տեղի ունեցած բախումները եւ այն, որ չնայած դրանք շաբաթից էլ ավելի տեւեցին, մարդկանց դեմ հրազեն չկիրառվեց, եւ մեկ մարդ զոհվեց էլեկտրահարվելուց: Իզաբելն էլ հպարտությամբ հիշեց, որ այդ ժամանակ մարդիկ գոհ մնացին Նիկոլյայից, որը ներքին գործերի նախարար էր ու առանց զոհերի կարողացավ ամեն ինչ հանդարտեցնել: Արդեն ահագին գինի էինք խմել, ու ես բռնելով պահը ու բռունցքս թափահարելով` ասացի.

- Նիկոլյա, Նիկոլյա. այ եթե ես 2006-ին Փարիզում լինեի, ցույց կտայի նրան, թե ինչպիսին են լինում զանգվածային անկարգությունները…

Քվենտինն ու Ֆրեդը մի կերպ զսպեցին իրենց ծիծաղը եւ մնացին լուրջ դեմքով: Ես նույնպես մի կերպ պահպանեցի դեմքիս լուրջ ու սպառնալից արտահայտությունը: Իզաբելը շփոթվեց ու, նայելով մեր լուրջ դեմքերին, խեղճացած դիմեց Քվենտինին.

- Նա երեւի կատակ է անում, չէ՞:

Մենք չդիմացանք ու սկսեցինք ծիծաղել: Իզաբելը էլի շատ ուրախ էր, շատ հմայիչ:

Ես ու Ֆրեդը Քվենտինի եւ Իզաբելի տանը մնացինք գրեթե մինչեւ լուսաբաց. կեսգիշերն անց մենք փորձեցինք հրաժեշտ տալ նրանց, բայց ասացին, որ հաջորդ օրը ազատ են, ու կարող ենք շարունակել մեր հաճելի զրույցները: Ու երբ արդեն թեմաները սպառվել էին, մենք վեր կացանք: Երբ հրաժեշտ էինք տալիս, Իզաբելը խոստովանեց, որ մենք իրեն շատ դուր եկանք, ապա դիմելով ինձ` ասաց.

- Տվեք ինձ ձեր անձնագիրը, ես կփորձեմ լուծել վիզաների հարցը:

Փորձեցի դիմադրել ու հայացքով օգնության կանչեցի Քվենտինին: Նա ասաց, թե իր գործը չէ, թե ինչ կանի Իզաբելը: Ի վերջո տեղի տվեցի եւ Իզաբելին հանձնեցի Բոյանի անձնագիրը: Նա ասաց, որ ոչինչ չի խոստանում, ուղղակի կփորձի լուծել հարցը, չնայած կարծում է, որ կկարողանա: Երկու օրից ինձնից երկու լուսանկար պահանջվեց, ապա հյուրանոցում փակ ծրարով ստացա անձնագիրս` ինձ անհրաժեշտ Կուբայի եւ Ճապոնիայի վիզաներով: Ծրարի մեջ նաեւ երկու հրավեր կար` բարձր նորաձեւության ցուցադրության: Ես ու Ֆրեդը գնացինք այդ ցուցադրությանը. պոդիումի վրա Իզաբելը իսկապես հիանալի էր, բայց նա մեր ճանաչած Իզաբելը չէր: Նրա քայլվածքը խիստ էր, դեմքը` գիշատիչ, նայում էր կատվային հայացքով:

44. Արեւմտյան կիսագնդում

Ինձ այլեւս ոչինչ չէր պահում Փարիզում եւ մտովի արդեն Հավանայում էի` Կուբայի մայրաքաղաքում: Հաշվարկեցի, որ փողերս բավական չեն հետագա ճանապարհորդության համար եւ պարտք խնդրեցի Ֆրեդից` նրան բացատրելով, որ երբ ես այլեւս Ֆրանսիայում չեմ լինի, իր կրեդիտ քարտի վրա համապատասխան չափով փոխանցում կանեն, այսինքն` կմարեն իմ պարտքը: Ֆրեդը, իհարկե, ինձ տվեց պահանջված գումարը, բայց, համենայնդեպս, հետաքրքրվեց, թե ո՞վ է մարելու իմ պարտքը.
- Սորոսը, - հանգիստ ասացի ես: Ֆրեդը էլի չհասկացավ ինձ:

Մենք դժվարությունների հանդիպեցինք Հավանայում հյուրանոց պատվիրելու գործում. պարզվեց` Կուբայի մայրաքաղաքի հյուրանոցները ինտերնետ էջ չունեն: Դիմեցինք այն ընկերությանը, որից ինքնաթիռի տոմս էինք գնել, եւ նրանք ասացին, որ կարող են տալ օտարերկրացիների համար նախատեսված երկու հյուրանոցների հեռախոսի համարներ:

Հյուրանոցներից մեկը կոչվում էր «Հավանա Լիբրե», մյուսը` «Հավանա Ռիվիերա»: Մենք վերադարձանք հյուրանոց, ու ես զանգեցի «Հավանա Ռիվիերայի» համարով: Տեղի ունեցավ այն, ինչ սպասում էի, բայց հույս ունեի սխալվել.

- «Havana Riviera» hotel. Can I help you?, - այն նույն տղան էր. եւ սա Ֆիդելի Կուբայում, որի նպատակը իմպերիալիզմն ու կապիտալիզմը երկրի երեսից ջնջելն էր:

Հավանայի ավիատոմս գնելիս չարժեր հույս դնել ինտերնետ աճուրդների վրա, որովհետեւ չվերթ կատարում էր միայն մի ավիաընկերություն, շաբաթը մեկ անգամ. այնպես որ` ստիպված էինք վճարել լրիվ գինը:

Ֆրեդը ասաց, որ առայժմ կմնա Փարիզում, կփորձի գործով զբաղվել: Նա ինձ հետ եկավ օդանավակայան, ու մենք իրար հրաժեշտ տվեցինք` պայմանավորվելով կապ պահպանել: Քվենտինին եւ Իզաբելին հրաժեշտ չտվեցի` չարժեր նրանց եւս մեկ անգամ անհանգստացնել: Եվ ահա, ինքնաթիռի մեջ եմ. գտա իմ տեղը, փոքրիկ ճամպրուկս դրեցի վերեւի պահախցում, նստեցի պատուհանի մոտ: Ուղեւորների հոսքը առատ չէր. նրանք փնտրում-գտնում էին իրենց տեղերը եւ սպասում թռիչքին:

Իմ տեղը հենց պատուհանի մոտ էր. ես նստեցի ու փոքրիկ ապակե անցքից սկսեցի հետեւել օդանավակայանի անցուդարձին: Այս գործից ինձ կտրեց մի ձայն, որ ակնհայտորեն ինձ էր ուղղված.

- Կներեք, 15B-ն սա՞ է, - հարցնում էր 20-22 տարեկան, կարճ կտրված մուգ մազերով, ծնկներին չհասնող վանդակավոր շրջազգեստով մի աղջիկ` մատով ցույց տալով անմիջապես իմ կողքի նստարանը: Նրա աչքերը նշաձեւ էին ու թուխ, իսկ բերանի մոտ` ձախ կողմից, փոքրիկ խալ ուներ.

- Այո, այո, - հետաքրքրվածությունս ըստ հնարավորի թաքցնելով` ասացի ես:

Նա հանեց ջինսե բաճկոնը, այն դրեց մեր գլխավերեւի պահախցում եւ պատրաստվեց նստելու:

- Ուզո՞ւմ եք փոխվենք տեղերով, - հարցրի ես` մտածելով, որ նրան ավելի հաճելի կլինի նստել պատուհանի մոտ:

Նա բացասական ժեստ արեց` գլուխը ցնցելով եւ շրթունքները մի փոքր սեղմելով: Այս ակնթարթին մենք իրար աչքերի մեջ էինք նայում, ու ով քեզ զարմանք, ինձ թվաց, թե կարդացի նրա միտքը, ինձ թվաց, թե լսեցի, թե նա ինչ մտածեց. «Տես, է, ուզում է միանգամից ինձ պատին դեմ անել»: Սա շատ տարօրինակ զգացողություն էր, ես շփոթվեցի. մի՞թե հնարավոր է նման բան: Թերեւս նրա ժեստը եւ աչքերի արտահայտությունը շատ խոսուն էին: Իսկ գուցե սխալվում եմ. բայց` չէ, վստահ էի, որ նա մտածել է հատկապես դա: Բայց ինչպե՞ս է դա հնարավոր: Չէ, սա չի կարելի այսպես թողնել եւ հարկավոր է ստուգել:

- Ես ոչ մի վատ բան նկատի չունեի, - ասացի ես:

- Կներե՞ք, - հարցական հարցրեց նա, որ պատրաստվում էր CD-player-ի ականջակալները դնել ականջների մեջ:

- Նկատի ունեմ, որ երբ ձեզ առաջարկեցի իմ տեղը, ոչ մի վատ բան նկատի չունեի:

- Այո, իհարկե, - հանգիստ ասաց նա` ականջակալները տանելով դեպի ականջները:

- Բայց դուք ուրիշ բան մտածեցիք, - ասացի ես:

- Ի՞նչ, - հարցրեց նա ակնհայտորեն չհասկանալով, թե ինչ է իմ ասածը:

- Երբ ձեզ առաջարկեցի տեղ զբաղեցնել պատուհանի մոտ, դուք մտածեցիք, թե ուրիշ բան նկատի ունեմ` այդ առաջարկելով, - հանգիստ բացատրեցի ես:

Նրա բիբերը լայնացան. նա կարծես մոռացել էր, թե ինչ է մտածել այդ պահին, ու նոր միայն հիշեց: Աղջիկը ակնհայտորեն շառագունեց, ես հասկացա, որ միանշանակ ճիշտ եմ: Նա սարսափով ինձ էր նայում եւ աչքերն անկանոն այսուայնկողմ տանում` կարծես վախենալով որեւէ բան մտածել:

- Դուք մարդկանց մտքերը կարդո՞ւմ եք, - հարցրեց նա` որեւէ բան մտածելու սարսափը աչքերի մեջ:

- Չէ, ի՞նչ եք ասում, ուղղակի ձեր ժեստը շատ խոսուն էր, - ասացի ես, ինչից նա ավելի կարմրեց:

- Դուք կարո՞ղ եք երդվել, որ մտքեր չեք կարդում, - դարձյալ շփոթված ասաց նա:

- Այո, իհարկե: Ինքներդ մտածեք, սա հո ֆանտաստիկ ֆիլմ չէ, - ժպտալով ասացի ես:

Նրա հայացքում շարունակում էր անվստահություն երեւալ, բայց մի կարճ ակնթարթ ուշադիր ինձ նայելուց, ինչ-որ բան մտածելուց եւ իմ արձագանքը ստուգելուց հետո նա ձեռքը ինձ պարզեց ու ասաց.

- Սեսիլ:

- Բոյան, - ասացի ես` նրա փափուկ ձեռքը ափիս մեջ առնելով:

- Փափուկ թռիչք, - ասաց նա ու ժպտալով ականջակալները խրեց ականջների մեջ:

Նստելուց հետո նրա կարճ շրջազգեստը ավելի էր կարճացել: Նրա հագին բաց երկնագույն զուգագուլպաներ կային, եւ դրանք ավելի էին ընդգծում նրա փափլիկ ազդրերը: Ես, իհարկե, չէի նայում նրա ազդրերին. ուղղակի երբեմն գլուխս պտտում էի, իբր ինչ-որ բան եմ փնտրում, ու ճանապարհին մի հայացք էի գցում այդ սիրուն տոտիկներին: Բայց Սեսիլը զգում էր, թե ինչ եմ փնտրում, եւ վերցրեց դիմացի գրպանիկում դրված ամսագիրը, բացեց իր դիմացի սեղանիկը, ամսագիրը դրեց դրա վրա` իբր նայում է: Բացված սեղանը ծածկեց նրա ոտքերը, հիմա ես կարող էի տեսնել միայն նրա աջ ազդրի մի կողմը, այն էլ` դժվարությամբ: Իհարկե, անպարկեշտություն թույլ չէի տալիս եւ սկսեցի նորից դուրս նայել: Հետո սկսեցի մտածել, որ երբ մութն ընկնի, ինքնաթիռի պատուհանի մեջ կարող եմ սրտիս ուզածի չափ նայել նրա բդիկներին: Շուտով, ճիշտն ասած, ամաչեցի այս մտքերի համար. Իրանում ճիշտ են անում, որ կանանց արգելում են այսպիսի հագուստ հագնել:

Օդանավը թռավ, ու բոլոր ուղեւորներին ականջակալներ բաժանեցին, որոնցով կարելի էր երաժշտություն լսել կամ հետեւել մոնիտորի վրա ցուցադրվող ֆիլմին: Այսպես, ականջակալներով մենք թռչում էինք Ատլանտյան օվկիանոսի վրայով, ու երկար ժամանակ ոչ մի բառ չփոխանակեցինք: Շուտով, սակայն, ճաշ մատուցեցին. ես հանեցի ականջակալներս, Սեսիլը նույնպես: Օդանավում փոքրիկ շշերով հրաշալի կարմիր գինի էին առաջարկում, եւ մենք մի-մի շիշ վերցրինք:

Ֆրանսիացիները սիրում են ճաշի սեղանի շուրջ զրուցել. Սեսիլը բացառություն չէր: Պարզվեց` նա Հավանա է մեկնում հոր, նրա ընկերուհու, հոր ընկերոջ հետ: Սեսիլի երեք ուղեկիցները նստել էին մեզնից մի քանի շարք առաջ:

Հավանայի հիմնական ուղեւորը նրանց խմբից հայրն էր` Ռայմոնը: Վերջինս գովազդային գործով էր զբաղված. Կուբայում իշխանության գլուխ անցած Ռաուլ Կաստրոն վերջապես թույլատրել էր բջջային հեռախոսները, եւ Սեսիլի հայրը գնում էր այդ նոր շուկայի գովազդային հեռանկարները ուսումնասիրելու: Նա օգտակարը համատեղել էր հաճելիի հետ, իր հետ վերցրել ընկերուհուն` Էլիզին, եւ դստերը. Սեսիլը ավարտում էր համալսարանը, եւ Կուբա կատարելիք այցը հարմար առիթ էր` իսպաներենի պրակտիկան ամրապնդելու համար: Դե, իսկ Շառլը` Ռայմոնի ընկերը, մի աննպատակ միլիոնատեր, ինչպես նրան անվանում էր Սեսիլը, Հավանա էր գնում նորանոր եւ էկզոտիկ սիրային արկածներ փնտրելու: Ասացի, որ գրող եմ, ճանապարհորդում եմ թեմաներ փնտրելու ձգտումով:

Պարզվեց, որ Հավանայում մենք ապաստանելու ենք նույն հյուրանոցում: Այս իմանալով` Սեսիլը ինձ խորհուրդ տվեց ուշադիր ուսումնասիրել Շառլին, որովհետեւ նա կարող է լավ ֆելիետոնի թեմա լինել.

- Նա իրեն դոն Ժուանի տեղ է դրել, բայց իրականում նման է որձ շան, որը ընդամենը փնտրում է էգ շների, - ակնհայտ զզվանքով ասաց նա:

Ես հիշեցի, թե ինչպես էի անընդհատ ուզում նայել Սեսիլի ազդրերին, ու էլի ամաչեցի: Ուղեւորությունը երկար էր, մենք քնում էինք, արթնանում, էլի մի երկու բառ փոխանակում, երաժշտություն լսում: Ճաշից հետո Սեսիլը բնազդաբար փակել էր սեղանը, եւ ազատ կարող էի նայել նրա տոտիկներին, մանավանդ երբ նա քնած էր: Բայց ես ինձ արգելեցի դա անել, եւ դա շատ տհաճ արգելք էր:

Մի անգամ մենք արթնացանք օդանավի հրամանատարի ձայնից, ով հայտարարեց, որ մենք արդեն գտնվում ենք Արեւմտյան կիսագնդում:

Ի վերջո, ինքնաթիռը սկսեց իջնել: Փորձում էի կռահել, թե ում անունով է կոչվելու Հավանայի միջազգային օդանավակայանը. երկու վարկած ունեի` Ֆիդել Կաստրո կամ Էռնեստո Չե Գեւարա: Սխալվեցի` օդանավակայանը կոչվում էր Խոսե Մարտիի անունով:

45. Հեղափոխականի մահը

Հավանայի հենց օդանավակայանում ինձ թվաց, թե հայտնվել եմ ԽՍՀՄ 16-րդ հանրապետությունում, որտեղ հեռու լինելու, կղզի լինելու պատճառով մարդիկ չեն լսել «Մայր հայրենիքի» փլուզման մասին եւ ապրում են նախկին իներցիայով: Կարելի էր այլ բան էլ մտածել` սա մի մեծ թանգարան է` ցուցանելու համար, թե ինչպիսին է եղել հին աշխարհը:
Ըստ էության, այս դատարկ օդանավակայանը, թերբեռնված փողոցները, որտեղ չկան խցանումներ եւ կայանելու` «պարկինգի» պրոբլեմ, որտեղ մարդկանց վրա չեն ճնշում անհեթեթ ու զզվելի գովազդային վահանակները, այս ամենը նույնիսկ հանգստացնող ու հոգեպարար է թվում:

Մի պահ նույնիսկ հաճելի է, որ փողոցների երկայնքով կարող ես տեսնել ծառեր ու միայն ծառեր, թփեր ու միայն թփեր: Բայց այս թվացյալ հանգստության տակից ի վերջո դուրս է գալիս թշվառությունը: Հազար տարվա «Քսանչորս», «Ջորի», «Քսանմեկ» նույնիսկ «Զապ» ու «Պիսյատտրի». այսպիսի մաշած մոդելների մաշած նմուշներ կարելի է տեսնել Հավանայում: Դե, «Մերսեդես» ու չգիտեմ ինչ էլ կա, բայց նույնքան մաշված, նույնքան հին: Կան նաեւ գովազդային մեծ պաստառներ, բայց դրանք ոչ թե ինչ-որ ապրանք են գովազդում, այլ Ֆիդել եւ Ռաուլ Կաստրոների անխախտ եղբայրությունը:

Կուբան, Ֆիդելի Կուբան ակնհայտորեն ժամանակ է ձգում, ակնհայտորեն խաղում է ժամանակի վրա: Այն Կուբան, այն Ֆիդելը, որ ժամանակին հիացմունք էին առաջացնում, հիմա նմանվում են ընդամենը ուրվականի, տխուր ուրվականի: Սա նշանակում է, որ կուբայական հեղափոխության մեջ ինչ-որ բան այն չէր: Ընդհանրապես, կարծես թե մինչեւ այժմ եղած շատ հեղափոխությունների մեջ ինչ-որ բան այն չի եղել, որովհետեւ շատ հաճախ խախտվում է հեղափոխականի հիմնական սկզբունքը:

Հեղափոխականի, հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ` երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը: Ֆիդելը չկարողացավ լուծել այս խնդիրը, Կրոմվելը չկարողացավ լուծել այս խնդիրը, Լենինը չկարողացավ լուծել այս խնդիրը, Նապոլեոնը չկարողացավ լուծել այս խնդիրը:

Բայց քավ լիցի, սա չի պատկանում մարդկության չլուծված խնդիրների շարքին, որովհետեւ այդ խնդիրը լուծվեց, այդ խնդիրը լուծեց նա, ով հաղթական մտավ այս քաղաքը, եւ ում անունն է Էռնեստո Չե Գեւարա: Ամենամեծ հեղափոխականը մարդկության պատմության մեջ, ամենամեծը, առաջինը, անգերազանցելին:

Իսկ ինչո՞ւմ է կայանում նրա մեծությունը. առաջին հերթին շատ պարզ, բայց իրագործման առումով անասելի բարդ մի բանաձեւի. հաղթել եւ հրաժարվել հաղթանակի վայելքներից: Չե Գեւարան, թերեւս, հասկացավ, որ իշխանությունը մահ է իսկական հեղափոխականի համար, իսկական հեղափոխականը երբեք իշխանավոր չպետք է լինի, իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց չպետք է հաստատի իշխանություն եւ օրենքներ: Ես այսպես եմ հասկանում Չե Գեւարային: Եվ ժամանակի ու պատմության փորձությունը թույլ է տալիս ասել սա. իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի եւ հեռանում է անսպասելի:

Իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց իսկական հեղափոխականը չպետք է հաստատի օրենքներ եւ չպետք է ունենա իշխանություն:

Իսկ ո՞ւմ պետք է պատկանի իշխանությունը հեղափոխություն ապրած երկրներում. քաղաքացուն, քաղաքացիների հավաքականությանը, որ կոչվում է ժողովուրդ: Ֆիդելը նույնպիսի մեծություն կլիներ, եթե հետեւեր Չե Գեւարայի օրինակին. պարտադիր չէր նրա հետեւից գնալ Բոլիվիա: Բավարար էր միայն Կուբայի ժողովրդին հնարավորություն տալ ասելու` կներես, Ֆիդել, բայց դու ազատված ես աշխատանքից: Հիմա նա այլեւս հերոս չէ, այլ սովորական մի բռնակալ:

Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը, որովհետեւ իսկական հեղափոխականը քանդում է փտած համակարգերը, իսկական հեղափոխականը անգամ զենք է վերցնում: Բայց վայ այն հեղափոխականին, որ դա անում է հանուն սեփական իշխանության: Իսկական հեղափոխականը պետք է ազատագրի իշխանական կաբինետներ, մաքրի այդ կաբինետները այնտեղ սերտաճած տգետներից, բայց իսկական հեղափոխականը չպետք է մնա այդ կաբինետներում, այլ այնտեղ պիտի թողնի միայն հուշ իր մասին եւ իր վերադարձի սարսափը պիտի ծեփի այդ կաբինետների պատերին: Իսկական հեղափոխականը պետք է նմանվի աստվածային ցասման` նախատեսված բոլոր նրանց համար, ովքեր հավատում են միայն իրենց տեսածին եւ քամահրանքով են վերաբերվում Աստվածային ցասման վիրտուալ սպառնալիքներին:

Իսկական հեղափոխականը չպետք է կորցնի զգոնությունը հեղափոխության հաղթանակից հետո, որովհետեւ հեղափոխության հաղթանակը պետք է պսակվի ժողովրդի ինքնիշխանությամբ, երբ ժողովուրդը ազատ է իշխանություն ձեւավորել եւ ազատվել իր ձեւավորած իշխանությունից, երբ ժողովուրդը, քաղաքացին ազատ է արտահայտել իր մտածածը, ազատ է արտահայտել իր բողոքն ու գոհունակությունը, երբ ժողովուրդը ազատ է աշխատելու, ստեղծելու, ինքնադրսեւորվելու իր մղումների մեջ: Սա է ժողովրդի ինքնիշխանությունը: Եվ երբ ինքնիշխան է ժողովուրդը, իսկական հեղափոխականը պետք է պատրաստ լինի նոր հեղափոխությունների. չլինի՞ թե ժողովրդի ինքնիշխանությանը, ազատությանը որեւէ բան է սպառնում: Եթե այդպես է, հեղափոխականը պետք է վերածնվի արդ, հայտնվի որպես Աստվածային ցասում, որպես չկանխատեսված փոթորիկ, որպես Նոյան ժամանակների ջրհեղեղ ու տապալի կարգեր, մաքրի, լվանա իշխանական կաբինետներ ու նույնքան հանկարծահաս էլ չքվի` ամառային տեղատարափի նման: Եվ նույնքան հանկարծահաս էլ հայտնվի, երբ ժողովուրդը տոչորվում է արդարության ծարավից:

Իսկ երբ համոզվի, որ ժողովրդի ինքնիշխանությանը այլեւս ոչինչ չի սպառնում, տեսանելի ապագայում ոչինչ չի սպառնալու` նույնիսկ ինքն ու իր հեղափոխությունը, այն ժամանակ նա ազատ է լինել սովորական քաղաքացի` սովորական քաղաքացու իրավունքներով:

Ամենամեծ հեղափոխականները գուցե չեն էլ մտածել այս մասին, այս մասին մտածել է, թերեւս միայն Չե Գեւարան, բայց երեւի թե ոչ թե մտածել է, այլ զգացել է, զգացել է պրոբլեմը: Բայց նրանք` պատմության երեւելի հեղափոխականները, իրենց կյանքով, իրենց նվիրումով ու վճռականությամբ, երբեմն վախկոտությամբ ու փափկասունությամբ մեզ հնարավորություն են տվել մտածելու այս մասին:

Նրանք հնարավորություն են տվել, որ մենք պատասխանենք ավելի ու ավելի հաճախ հնչող այն հարցին. էվոլյուցիա՞, թե՞ ռեւոլյուցիա: Էվոլյուցիայի ջատագովները իրենք էլ չեն հասկանում, որ չի կարող լինել էվոլյուցիա առանց ռեւոլյուցիայի: Հակառակը մտածել ուղղակի միամտություն է. եթե աշխարհում չլինեին հեղափոխություններն ու հեղափոխականները, մարդկությունը առաջ չէր ընթանա նախնադարյան համայնական կարգերից: Ինչո՞ւ են Անգլիայի Եղիսաբեթ թագուհին, մյուս թագուհիներն ու թագավորները այդքան սիրելի սեփական ժողովուրդներին. որովհետեւ նրանց մեջ արթուն է իրենց նախնիներին տապալած հեղափոխությունների հուշը, որոնք սթափեցնող ապտակ են դարձել բոլոր նրանց համար, ովքեր հրաժարվել են, չեն ցանկացել հասկանալ, որ այդպես այլեւս չի կարելի:

Հավանայի ամենակենտրոնում գտնվող բարձր շենքերից մեկից ինձ է նայում Էռնեստո Չե Գեւարայի ուրվապատկերը. շատերին թվում է, թե նա խորթ է այս նոր աշխարհին, ազատ աշխարհին: Բայց` ոչ, ես համոզված եմ. եթե երկրի վրա չլիներ Էռնեստո Չե Գեւարան, չէին լինի նաեւ Նելսոն Մանդելան, Վացլավ Հավելը, Լեխ Վալենսան:

Ես հիմա օտարոտի եմ նայում կարմիր աստղին. բայց եթե ապրեի 60-ականների Կուբայում, ես կլինեի նրա` Չե Գեւարայի զինվորը: Հաստատ կլինեի: Բայց արդյո՞ք նրա հետ կմեկնեի Բոլիվիա: Որքան կուզեի պատասխանել` այո, եւ այդ «այո»-ն հնչեր հստակ ու բարձր, աներկբա ու միանշանակ: Բայց «այո»-ն միայն խոսք է, որ կարիք ունի, կարիք ունի ապացույցների, ապացույցներ, որ դեռ հարկավոր է վաստակել, հարկավոր է վաստակել:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.