> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱԼԻԵՎԸ ՇԱԽ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԱԼԻԵՎԸ ՇԱԽ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման փոփոխությունը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ իրադարձությունների հետագա զարգացման վրա: Վերջին տասը տարիներին Հայաստանում կարծիք է ձեւավորվել, թե ԼՂ հարցի կարգավորումը ձգձգվում է հայկական կողմի ջանքերով, այսինքն` քոչարյանական իշխանությանը հաջողվում է կարգավորման պատրաստակամության իմիտացիա ստեղծելով` միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել եւ իրականում չգնալ կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլերի: Այս կարծիքը, սակայն, այնքան էլ հիմնավորված չէ, որովհետեւ ԼՂ հարցի լուծման ձգձգումը ունեցել է առնվազն եւս մեկ կողմ` Ադրբեջանը: Հայաստանում շատերն են կարծում, թե Ադրբեջանը փորձում է ժամ առաջ լուծել Ղարաբաղի հարցը: Իրականում, սակայն, վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանը ոչ այնքան Ղարաբաղի, որքան Հայաստանի հարցն է փորձել լուծել: Այսինքն` Ալիեւների քաղաքականությունն ուղղված է եղել Հայաստանը տնտեսապես թուլացնելուն, մեկուսացնելուն, ծնկի բերելուն, ինչն արտահայտվել է տարածաշրջանային ծրագրերից մեր երկրի դուրս մնալով: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, Ադրբեջանն այստեղ իր անելիքը տեսել է միջազգային ամենատարբեր ատյաններում իր տարածքների, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի «օկուպացված» լինելը արձանագրող փաստաթղթերի ընդունման մեջ: Իսկ Ղարաբաղի կոնֆլիկտը ադրբեջանցիները օգտագործել են իրենց նպատակների իրագործման համար, որովհետեւ հենց ԼՂ հարցի պատճառով է Հայաստանը շրջափակված եւ տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերից անդին: Այս իրավիճակում հայկական կողմը առանց սեթեւեթանքի այլազան քննարկումների մեջ է մտել ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների հետ, հստակ իմանալով, որ Ադրբեջանն ի վերջո տապալելու է կարգավորման գործընթացը: Ադրբեջանն էլ սեփական տնտեսական հզորացմանը զուգընթաց` գործընթացը տապալել է իր դիրքորոշման շարունակական կոշտացման ճանապարհով` օգտվելով սեփական էներգետիկ ռեսուրսների ընձեռած առավելություններից: Հարցի կարգավորումը տապալելը Ադրբեջանի վրա ծանր չի նստել նաեւ այն պատճառով, որ ֆորմալ առումով հենց նա է «տուժող» կողմը, նա է աղիողորմ աղաղակում իր տարածքների 20 տոկոսի օկուպացված լինելու մասին:

Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին Ադրբեջանի ցուցաբերած վերաբերմունքը, սակայն, էականորեն փոխում է իրավիճակը: Ադրբեջանը հայտարարում է, թե այդ սկզբունքները իր համար ընդունելի են: Բնականաբար, դրանք ընդունելի են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների համար, եւ ուրեմն` տվյալ իրավիճակում վճռական խոսքը մնում է Հայաստանին: Այսինքն, Սերժ Սարգսյանն է փաստացի որոշելու կարգավորման գործընթացի հետագա ճակատագիրը: Եթե նա համաձայնի, պրոցեսը կշարունակվի, եթե չհամաձայնի, պրոցեսը փակուղում կհայտնվի: Իրավիճակի նրբությունն այն է, սակայն, որ այս անգամ արդեն, մյուս կողմերի համաձայնության պայմաններում, տապալման ողջ պատասխանատվությունը հենց Սերժ Սարգսյանի ուսերին է ընկնելու: Հարցը հետեւյալն է. ոչ լեգիտիմության, Մարտի 1-ի բեռը ուսերին կրող այդ մարդը կկարողանա՞, ի վիճակի կլինի՞ իր վրա նման պատասխանատվություն վերցնել: Կա նաեւ հակառակը` ոչ լեգիտիմության, Մարտի 1-ի բեռը ուսերին կրող այդ մարդը կկարողանա՞ իր վրա վերցնել ազատագրված տարածքները հանձնելու պատասխանատվությունը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը հեշտ չէ գտնել, մանավանդ որ մեծ գայթակղություն կա պնդելու, թե Սերժ Սարգսյանը ի վիճակի չի լինի ոչ առաջին եւ ոչ էլ երկրորդ սցենարի բեռը հաղթահարել, մի դեպքում` արտաքին, մյուս դեպքում` ներքին ճնշումների պատճառով: Ու մինչ այս դիլեման լուծման է սպասում, անհրաժեշտ է կրկին արձանագրել, որ Հայաստանն արդեն ստիպված է լինելու կրել Ղարաբաղին բանակցային սեղանից հեռացնելու պատասխանատվությունը, որովհետեւ հիմա բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղ չկա, եւ իրադարձությունների զարգացման այս կամ այն սցենարի տապալման պատասխանատվությունը հնարավոր չի լինի նրա վրա գցել, եւ այդպիսով` Հայաստանին պահել «անձեռնմխելի»: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, հատուկ ուսումնասիրության են սպասում այն պատճառները, որ նրան ստիպել են համաձայնություն տալ Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին: Պատճառներից մեկը կարող է լինել ադրբեջանական մտավախությունը, թե ի վերջո, հայ-թուրքական սահմանը կարող է բացվել առանց ԼՂ հարցի կարգավորման, ինչը հօդս կցնդեցնի ալիեւյան վերը հիշատակված քաղաքականությունը: Մյուս տարբերակն էլ այն է, որ Ադրբեջանում հաշվարկել են, որ Հայաստանը հասել է իր տնտեսական եւ քաղաքական անկման հատակին, եւ այս թուլությունից չօգտվելը ուղղակի անհեռատեսություն կլինի: Եթե այսպես է, նշանակում է Ադրբեջանում էլ Սերժ Սարգսյանի իշխանությանը վերաբերում են որպես ժամանակավոր մի ինստիտուտի եւ շտապում են նրա թուլությունից օգտվել` քանի դեռ Հայաստանում չի հաստատվել ուժեղ, այսինքն` ժողովրդական իշխանություն:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Armen M.
    Մարտ 5th, 2010 at 09:49 | #1

    Ադրբեջանը 98-ից սկսեց իր հեռահար ծրագրի իրականացումը“ Նարիմանով-Պաուկ զույգին ՀՀ ներդնելով:Մինչ մենք ենթադրում էինք,թէ կռիվ տեսած ղարաբաղցին լավ է գիտակցում,որ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը կարող է լինել միայն ՀԶՈՐ Հայաստանը“ներդրված դեսանտը իր գործն էր անում:Ով կփորձի հակառակվել` կխնդրեի բացատրել,որտեղից նրան այդքան փող,ինչու են այսօր հրամանատար տղաները բանտերում,ուր են այս վերջին տարում պարտք վերցրած մեկ միլիարդից ավել փողը:

  2. Mleh Ishkhanian
    Մարտ 5th, 2010 at 13:27 | #2

    Aysor Sparapet Vazgen Sargsyani 51-rt taredartsn e.
    Houys@ srtums, hamperutyamb spasum em tesnem, te incpes mi or mer “azatatench” ou azgayin khoshoragouyn davajanutyunneri (inchpes “27″, “Marti 1″, hamapetakan @ntrutyunneri keghdzararutyun…) nkatmamb “anhandourzhogh zhoghovurt@ anarganqi syunin kmekhi “27″-i, “Marti 1″-i yev myus ahasarsour vojirneri voch-anhayt heghinaknerin.
    Che vor houys@ verchinn e mernum… Havatits el oush.

  1. No trackbacks yet.