> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԿԱՅՈՒՆ ԵՎ ԱՆՓՈՓՈԽ ՀԵՆԱՐԱՆ

ԿԱՅՈՒՆ ԵՎ ԱՆՓՈՓՈԽ ՀԵՆԱՐԱՆ

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Հայ ազգային կոնգրեսի մարտիմեկյան հանրահավաքը ցույց տվեց Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտավարական հաշվարկների իրավացիությունը: Այդ իրավացիությունը ընդունեցին անգամ իշխանական լրատվամիջոցները, որոնք կամ ընդհանրապես չանդրադարձան միջոցառման մասնակիցների թվին, կամ էլ արձանագրեցին, թե հանրահավաքին մասնակցում էր այնքան մարդ, որքան սովորաբար մասնակցում է Կոնգրեսի հրավիրած հանրահավաքներին: Այն մարդու համար, ով չի եղել հանրահավաքի վայրում, սեփական աչքերով չի տեսել տեղի ունեցածը, իշխանական լրատվամիջոցների այսօրինակ խոստովանությունը առնվազն մեկ բան է նշանակում. սերժանտական խոսնակների պնդումները, թե Կոնգրեսի վարկանիշը հանրահավաքային դադարի այս շրջանում անկում է ապրել, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես մեկ տարի առաջ, այսօր էլ գոյություն ունի քաղաքացիական շարժման մի կորիզ, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, ակտիվիստների մի բազմություն, որը կայուն եւ անփոփոխ հենարան է հանդիսանում Հայ ազգային կոնգրեսի համար: Իսկ սա չափազանց կարեւոր, կարելի է ասել, շրջադարձային նշանակության գործոն է քաղաքական առաջիկա զարգացումների տեսանկյունից: Սա նշանակում է, որ շրջադարձային փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ վճռորոշ մեծամասնության ձեւավորումը Հայ ազգային կոնգրեսի համար ընդամենը ժամանակի հարց է: Այն որ 2008 թվականից հետո հանրության շրջանում լարվածությունը ոչ միայն չի թուլացել, այլեւ աճել է, կարծում եմ ակնհայտ է: Հետմարտիմեկյան գործոններին ավելացել են նաեւ սոցիալ-տնտեսական բարդությունները, որ առաջացել են վերջին ամիսների ընթացքում, հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված խայտառակ զարգացումները: Եւ այս զարգացումների արդյունքում պրկված հանրությունը ազդակի է սպասում` պայթելու, ընդվզելու, ապստամբելու համար: Հանրությանը նման ազդակ հաղորդելը այնքան էլ հեշտ չէ, բայց Հայ ազգային կոնգրեսը «հանրահավաքային ակտիվիստների» կայուն բանակով ի վիճակի է դա անել: Վախի մթնոլորտում, բռնապետության պայմաններում ապրող մարդը վախը հաղթահարում եւ փողոց է դուրս գալիս այն ժամանակ, երբ տեսնում է, որ իր նման բազմաթիվները հաղթահարել են վախը, դուրս եկել փողոց` համընդհանուր շահերի համար պայքարելու: Եւ երբ բազմության կամքի վրա հիմնված այդ պայքարը ունենում, հրապարակում է կոնկրետ ժամանակացույց, դա արդեն դառնում է այն ազդակը, որ ակտիվացնում է հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիների: Եթե այս տեսակետից ենք մոտենում խնդրին, հրապարակում վճռորոշ մեծամասնություն հավաքելու համար Հայ ազգային կոնգրեսին շատ բան չի մնում. ընդամենը մի փոքր տաքացնել ներքաղաքական կյանքը եւ հանդես գալ գործողությունների կոնկրետ ժամանակացույցով: Իսկ թե երբ պետք է սկսի գործել այդ ժամանակացույցը` կախված է բազմաթիվ եւ բազմապիսի գործոններից: Այն, որ Հայ ազգային կոնգրեսի սպասողական մարտավարությունը պետք է շարունակվի մինչեւ ս/թ ապրիլի 24-ը, ակնհայտ է: Ապրիլի 25-ին ստեղծված վիճակը, մասնավորապես հայ-թուրքական հարաբերություններում գրանցված զարգացումները, կամ դրանց բացակայությունը ավելի պարզորոշ կդարձնեն հետագա պայքարի մարտավարական եւ ռազմավարական հնարավորությունները: Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը, արտահերթ ընտրությունների խնդիրը կդառնա դժվար լուծելի: Իսկ եթե հայ-թուրքական հարաբերությունների տապալման կուրսը շարունակվի, արտահերթ ընտրությունները, կարծում եմ, կդառնան անխուսափելի: Այն իշխանության գոյությունը, որը չի կարողացել լուծել երկրի համար կենսական նշանակություն ունեցող որեւէ հարց, կդառնա, առանց չափազանցության, անիմաստ: Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, մարտի 1-ի հանրահավաքը ապացուցեց, որ այն պահպանում է ընդդիմադիր դոմինանտ ուժի իր կարգավիճակը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.