> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԼԵԳԵՆԴՆԵՐ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԼԵԳԵՆԴՆԵՐ

Լեգենդները բանտային կյանքի անբաժանելի մասն են: Խցում կամ բոքսերում, էտապի ժամանակ կամ էլ դատարանում կալանավորներն իրար պատմություններ են պատմում, բանտային պատմություններ: Սրանք արդեն սովորական պատմություններ չեն, այլ դարձել են բանահյուսություն, լեգենդ, որովհետեւ տարբեր կալանավորների շուրթերից կարելի է լսել նույն պատմության այլազան պատումներ: Այդ պատմությունները երբեմն ուրախ են, երբեմն տխուր, երբեմն էլ ուղղակի սեւ հումոր են հիշեցնում: Վերջերս օրինակ, պատմում են մի խմբի մասին, որը հեռավոր մարզերի գյուղերից մեկում ավազակային հարձակում է իրագործել տներից մեկի վրա: Տանը գտնվողներին կապելով, կտտանքների ենթարկելով` այդպես էլ իրենց հետ տանելու պիտանի որեւէ բան չեն գտել: Ի վերջո, դատարկ ձեռքով չհեռանալու համար, հավանոցում եղած վեց հատ հավն են լցրել պարկի մեջ, գումարած` մի ցեղական աքլոր: Վերջինս, ասում են, զոհվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Այս պատմությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնի է «Հավի ռազբոյ» վերնագրով:

Տուր մեզ ծխախոտ

«Երեւան-Կենտրոնից» «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնվելուն պես արձանագրեցի, որ այստեղի «վալչոկները» չափերով անհամեմատ փոքր են: Ընթերցողին հիշեցնեմ, «վալչոկը» խցերի դռների վրայի փոքրիկ պատուհանիկներն են, որոնք բացվում են կալանավորներին ուտելիք եւ այլ իրեր փոխանցելու, նրանց լսելու, եւ այսպիսի այլ նպատակներով: «Երեւան-Կենտրոնում», ահա, վալչոկները 30X30 սմ չափերի են: «Նուբարաշենում» դրանք կիսով չափ փոքր են: Այս իրողությունը կապվում է բանտային մի լեգենդի հետ: Ասում են մի օր, խցերից մեկում, որտեղ իրար հետ նստած են եղել «Մեդվեժատնիկը» (այսպես անվանում են չհրկիզվող պահարան բացողներին) եւ «Ֆորտըչնիկը» (այսպես անվանում են գողության նպատակով պատուհանի բաց օդանցքով, «ֆորտըչկայով» բնակարան մուտք գործողներին), ծխախոտը վերջացած է լինում: Իսկ խցում գտնվողները ծխող մարդիկ են եւ ծխել են ուզում: Ինչ անեն, ինչ չանեն, կանչում են հսկիչին եւ նրանից ծխախոտ խնդրում: Վերջինս հրաժարվում է կալանավորների հետ կիսել իր ունեցած ծխախոտը, փակում է վալչոկը եւ հեռանում: Կալանավորները, բնականաբար, չէին կարող կուլ տալ այսօրինակ վիրավորանքը, եւ տեղի է ունենում հետեւյալը. «Մեդվեժատնիկը» ծխելու անհագ ցանկությունից եւ հսկիչին դաս տալու մղումից դրդված գործի է դնում իր ողջ պրոֆեսիոնալ կարողությունը եւ բացում «վալչոկը», որի փականները, բնականաբար, դրսից են, եւ հասու չեն կալանավորին: Բայց մասնագետը մնում է մասնագետ: Մյուս մասնագետը «Ֆորտըչնիկը» բաց «վալչոկով» դուրս է գալիս խցից, հասնում պահակակետ, հեռուստացույցի առաջ նիրհող հսկիչի դիմացից վերցնում նրա մի տուփ ծխախոտը, եւ վերադառնում: Արթնացած հսկիչը ծխախոտի տուփը չգտնելով, վրա է հասնում այն պահին, երբ «Ֆորտըչնիկը» կիսով չափ խուց է մտած լինում: Չնայած համառ փորձերին, «Ֆորտըչնիկին» չեն կարողանում մեղադրել փախուստի փորձի մեջ. ի վերջո դժվար է փախուստի փորձի մեղադրանք առաջադրել մեկին, ով բռնվել է իր խուց մտնելու փորձ կատարելու պահին: Ստիպված են լինում փոքրացնել «վալչոկները»: Կիսով չափ:

Ղումար-ղումար

Մոլեխաղերն, ինչպես հայտնի է, արգելված են քրեակատարողական հիմնարկներում: Հսկիչներից մեկը, ահա, ՔԿՀ ղեկավարությանն ահազանգում է, որ խցերից մեկում զառ են խաղում: Վրա է հասնում օպերատիվ խուզարկուների խումբը, որի ղեկավարը դիտանցքից սեփական աչքով տեսնում է, որ իրոք ղումար է տժժում խցում: Բացում են դուռը եւ սկսում սարսափելի մի խուզարկություն` զառերը գտնելու եւ առգրավելու համար: Բոլոր կալանավորներին «քրքրում» են, տակնուվրա են անում ողջ խուցը, քարը քարին չեն թողնում: Չկան անիծված զառերն ու չկան: Երկարատեւ խուզարկությունից հետո ոչինչ չգտնելով` ստիպված են լինում հեռանալ: Նրանց հեռացումից շատ չանցած` հսկիչը դիտանցքից ներս նայելով սարսափահար արձանագրում է, որ ղումարը խցում շարունակվում է. զառ են գցում, նույն զառերը: Նորից է կանչում խուզարկուներին: Սրանք էլի են խուց մտնում, ու կրկնակի ջանքով փորձում գտնել զառերը: Քանդուքարափ են անում ողջ խուցը, քրքրում կալանավորներին, ու էլի ոչինչ չեն գտնում: Թեւաթափ հեռանում են, եւ նրանց հեռացումից գրեթե անմիջապես հետո ղումարը վերսկսվում է. զառ են գըմփցնում կալանավոր ախպերները: Կատաղած խուզարկուները նորից են վերադառնում, ու նույն պատմությունը կրկնվում է արդեն երրորդ անգամ. չեն գտնում եւ չեն գտնում չարաբաստիկ զառերը: Խելագարության եզրին հասած վարչակազմի ներկայացուցիչները խցի կալանավորներին խոստանում են խրախուսանքի արժանացնել, եթե նրանք բացեն տեղի ունեցողի «հրեշավոր գաղտնիքը»:

Պարզվում է, սակայն, ոչ մի գաղտնիք էլ չկա: Խցի կալանավորներից մեկը պրոֆեսիոնալ գրպանահատ է, ջեբկիր: Երբ խուզարկուները ներս են մտնում, նա զառերը գցում է նրանցից մեկի գրպանը: Իսկ երբ խուզարկությունն ավարտվում է, նա զառերը հետ է վերցնում այդ նույն գրպանից: Ձեռքերի ճարպկություն եւ ուրիշ ոչինչ:

Չէ, իմացար

Ասում են` բազմիցս դատված մի քաղաքացի կա, որի մականունը «Իմացար» է: Ինչպես կարելի է ենթադրել, նա այս անունը վաստակել է ամեն բառից հետո «իմացար» ասելու սովորության պատճառով: Նրան ասում ես բարեւ` նա պատասխանում է` «Բարեւ, իմացար», հարցնում ես որպիսությունը, ասում է` «Լավ եմ, իմացար», հարցնում ես, քանի անգամ ես դատվել, պատասխանում է` «Չորս, իմացար»: Այս քաղաքացին, ահա, ասում են երկար ժամանակ հետախուզման մեջ է լինում: Ոստիկանությունը փնտրում է նրան, փնտրում ու չի գտնում: Օրերից մի օր օպերատիվ խումբը պատահաբար նրան հանդիպում է Երեւանի բարերից մեկում: Օպերներից միայն մեկն է նրան անձամբ ճանաչելիս լինում ու մինչ մյուսներին փորձում է բացատրել, թե բարում գտնվող բազմությունից որ մեկն է Իմացարը, Իմացարը հասկանալով, որ իր գլխին սեւ ամպեր են կուտակվում, աննկատ հեռանում է: Օպերները գլխապատառ վազում են նրա հետեւից ու մի պահ կորցնում են: Հասկանալով, որ Իմացարը մոտակայքում պետք է լինի, որոշում են տարբեր ուղղություններով ցրվել, գուցե թե բախտները բերի: Օպերներից մեկին, ահա, որն անձամբ չի ճանաչում օբյեկտին, կասկածելի է թվում շտապով մոտակայքում կայանած տաքսի նստող քաղաքացին: Վազում բացում է տաքսիի դուռը, եւ կասկածելի թվացող ուղեւորին հարցնում. «Իմացարը դու ե՞ս»: «Չէ, իմացար», անվրդով պատասխանում է Իմացարը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Մարտի 4, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. tikin pajqar
    Մարտ 7th, 2010 at 18:46 | #1

    nikol jan es hamozvac em vor qez het arnchvac qreakannern el bantic durs en galu vorpes QAXAQACI

  1. No trackbacks yet.