> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «100 ՔԱՅԼԻ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«100 ՔԱՅԼԻ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿ logoՀայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախումբը իրոք տպավորիչ աշխատանք է իրականացրել: «100 քայլ» վերնագրված տնտեսական ծրագիրը ոչ միայն Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի ամբողջական վերլուծություն է, այլեւ իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլերի ամբողջություն: Ծրագրի հրապարակմանը հետեւած արձագանքների մեջ առանձնանում էր մի հարցադրում, թե արդյոք սա նահանջ չէ ազատական տնտեսական գաղափարներից: Հարցը չնայած հասկանալի, բայցեւայնպես, տեղին չէ, որովհետեւ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական ծրագիրը չէր կարող լինել զուտ ազատական: Կոնգրեսում կան ոչ միայն լիբերալ, այլեւ ցենտրիստական եւ ձախ գաղափարախոսություն ունեցող կուսակցություններ: Խոսքը, մասնավորապես, Հայաստանի ժողովրդական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան, «Ժողովրդավարական ուղի», «Հայրենիք ու Պատիվ» եւ այլ կուսակցությունների մասին է: Եւ բնական է, որ ՀԱԿ տնտեսական ծրագիրը չէր կարող միայն իրեն անդամակցող ազատական կուսակցությունների գաղափարախոսության վրա հիմնված լինել, եւ այն ըստ էության սոցիալ-դեմոկրատիայի, ցենտրիզմի եւ ազատականության մի յուրատեսակ կոմպրոմիս է. թերեւս սրանում է «100 քայլի» արժեքավորության գաղտնիքը: Այս կոմպրոմիսը, սակայն, ինքնանպատակ չէ, որովհետեւ երկրում հաստատված տնտեսական իրավիճակը առավել մասշտաբային գործողություններ է ենթադրում, որոնք հիմնված կլինեն իրավիճակի սթափ գնահատականի եւ ոչ թե գաղափարախոսական կոնյունկտուրայի վրա: Եւ ուրեմն, կարող ենք արձանագրել, որ «100 քայլի» հրապարակումը Հայ ազգային կոնգրեսի գործունեության կարեւորագույն հանգրվանային իրադարձություն է, որով ՀԱԿ-ը հերթական անգամ արձանագրում է համապարփակ քաղաքական ուժի իր կարգավիճակը: Քաղաքական իմաստով «100 քայլի» առանձնահատկությունը նրանում է, որ այն որպես երկրի տնտեսական զարգացմանը խոչընդոտող հիմնական թիրախ մատնանշում է օլիգարխիան, որը Կոնգրեսի քաղաքական տեքստերում կրում է «ավազակապետություն» անունը: Եւ ուրեմն, ծրագրի հրապարակումը ունի նաեւ հսկայական քաղաքական նշանակություն. դա վկայությունն է այն բանի, որ Հայ ազգային կոնգրեսը, որպես քաղաքական ամբողջություն, պատրաստ է ստանձնել իշխանությունը Հայաստանում, եւ որ կարեւոր է` լինել կանխատեսելի իշխանություն: Գործունեության մեկուկես տարվա ընթացքում ՀԱԿ-ն, ըստ էության, թափանցիկ է դարձել հանրության համար, եւ որպես իշխանություն` նրա ձեռնարկելիք քաղաքական, տնտեսական, արտաքին քաղաքական քայլերը կանխատեսելի են բոլորի կողմից: Այս իմաստով Կոնգրեսը բացառիկ է Երրորդ հանրապետության քաղաքական պատմության մեջ: Եւ հիմա հաջորդ կարեւորագույն քայլը կարող է լինել ստվերային կառավարության ձեւավորումը: Այսինքն, Կոնգրեսը ոչ միայն համապարփակ ծրագիր է հրապարակում, այլեւ ներկայացնում է այն թիմը, որը իշխանության հասնելու պարագայում իրականացնելու է այդ ծրագիրը: Իհարկե, հասկանալի է, որ ստեղծված քաղաքական, տնտեսական իրավիճակում սա չափազանց բարդ խնդիր է, որի լուծումն ավելի է դժվարանում երկրում հաստատված քաղաքական ավանդույթների եւ նախապաշարումների պատճառով: Բայցեւայնպես, այս թեմայի մասին խոսելը, դրա մասին բարձրաձայնելը ամենեւին էլ չի խանգարի: Ի վերջո, Կոնգրեսի գործունեության նպատակներից մեկն էլ այն է, որ Հայաստանում արագ վրա հասնեն ժամանակները, երբ իշխանության հավակնող ցանկացած քաղաքական ուժ հանրությանը կներկայացնի իր ստվերային կառավարությունը, եւ քաղաքականությունը քաղաքացիների համար կդառնա ծայրահեղ կանխատեսելի ու կառավարելի: Ստվերային կառավարությունը նաեւ կազմակերպչական նշանակություն ունի, որովհետեւ խթանում է գործունեության ներքին մոտիվացիաները` ինտելեկտուալ, բարոյական եւ քաղաքական նշաձողեր սահմանում սկսնակ, նաեւ փորձառու քաղաքական գործիչների համար: Քավ լիցի, չեմ ասում, թե Կոնգրեսը բոլոր գործերը թողած, պետք է ձեռնմուխ լինի ստվերային կառավարության ձեւավորմանը, բայց որ այս մասին արժե մտածել` դա` միանշանակ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,