> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԻԼ ՄԻՔ ՀԱՐՑԸ

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԻԼ ՄԻՔ ՀԱՐՑԸ

ոսկու շուկայի առեւտրականների բողոքըՈսկու առեւտրով զբաղվողների գործադուլի դեպքում էլ հնչեց ահասարսուռ հայտարարություն-վերդիկտը` հարցը չքաղաքականացնել: Չարքաշ առեւտրականը այնքան էլ լավ գլխի չի ընկնում, թե այդ ինչ բան է հարցը քաղաքականացնելը, բայց գիտի, որ դա ահավոր վտանգավոր է, որովհետեւ դրանից հետո սկսվում է ակտիվիստների առեւտրի սեղանների ապամոնտաժումը, մարդկանց` ոստիկանության բաժիններ բերման ենթարկելը, հայտնվում են մահակավոր հատուկջոկատայինները: Հաջորդը արդեն ավտոմատավորներն են, որ պատրաստ են գյուլլել ուզածդ մեկին, ով կքաղաքականացնի հարցը: Այս է պատճառը, որ Հայաստանի Քաղաքացի հասուն տղամարդը կին լրագրողի հարցին ի պատասխան եզան (կրտվածի) նման մռլնգում է, թե ինքը այլեւս ոչ մի բանից չի բողոքում, ինքը ոչնչից դժգոհ չէ, ինքը դադարեցնում է գործադուլը: Հարցերը չքաղաքականացնելու ավանդույթը ամենահարմարն է ցանկացած իշխանության համար. սա նշանակում է անհանգստանալու եւ որեւէ հարց լուծելու կարիք չկա, եւ սեփական քաղաքացիների նկատմամբ տածած իշխանական արհամարհանքը որեւէ հետեւանք չի ունենա: Ընդամենը մի քանի հարյուր տաքսու վարորդ կհավաքվի կառավարության շենքի առաջ, կբողոքի, կդժգոհի, կհայհոյի` կթողնի-տուն կգնա, մանավանդ եթե առավել ակտիվ դժգոհողներից մեկ-երկուսի վրա ակտ գրեն մի 25 հազար դրամի: Մի երկու օրից կառավարության շենքի մոտ կգան Բուզանդի փողոցի` իրենց տներից վտարված բնակիչները: Կդժգոհեն, կբողոքեն, հետո սրանց կխոստանան, որ լավ կլինի ամեն ինչ, եթե, իհարկե, հարցը չքաղաքականացվի: Ու սրանք էլ կթողնեն կհեռանան` հույս ունենալով, թե ահա շուտով իրենց տները վերադարձնելու են. միայն թե հարցը չքաղաքականացնեն: Բուզանդի փողոցի վտարված բնակիչները կազատեն կառավարության շենքի մուտքին հարակից տարածքը, հետո այստեղ կգան Դալմայի այգիների հողազրկվածները: Սրանց էլ կզգուշացնեն` հարցը չքաղաքականացնել: Սրանք էլ կխոստանան հայրենի իշխանություններին` չենք քաղաքականացնի: Սրանց ականջներից էլ լապշա կկախեն ու ճամփու կդնեն: Հետո կգան տոնավաճառների առեւտրականները. սրանց էլ կասեն` հանկարծ հարցը չքաղաքականացնեք: Չէ, իհարկե չենք քաղաքականացնի, միայն մեր խնդիրը լուծեք: Աչքիս վրա, քեռի քուչի, մի գդակ է, հո մի քուրք չի: Քո պատվական խաթեր համար, ուրբաթ օրը համեցեք տար: Ու չնայած ուրբաթ օրվա պատահելիքը հայտնի է նախապես, ավելի կարեւոր է հարցը չքաղաքականացնելը: Սրանք էլ եկան ու անցան: Հետո նույն տրամաբանությամբ կառավարության շենքի առաջ են հավաքվում ու նույն հաջողությամբ հեռանում ոսկու առեւտրով զբաղվողները, խաղողագործները, մսավաճառները, բոլոր-բոլորը: Հենց սա է հարցը չքաղաքականացնելու տրամաբանությունը. բողոքականների փոքր խմբերը, առանձին-առանձին, տարբեր օրերի գալիս են, շիվար կանգնում-կանգնում կառավարության դռների առաջ, էլի են կանգնում, հետո մոռանում են, թե ինչի համար են հավաքվել, ու ցվրվում են: Եթե չեն հեռանում կամավոր, հեռացնում են վախեցնել-ահաբեկելով: Հարցը չքաղաքականացնողին հեշտ է փակուղի մտցնելը, վախեցնելը, կոտրելը, որովհետեւ նրանք գործում են անջատ, խումբ-խումբ, խարխափելով, չպատկերացնելով, հետագա քայլերի տրամաբանություն չունենալով: Հարցերի քաղաքականացման տրամաբանությունը բոլորովին այլ է. այդ տարբեր դժգոհություններ եւ հարցեր ունեցող խմբերը միաժամանակ են հավաքվում կառավարության շենքի դիմաց, ունենում են քաղաքական առաջնորդություն, որն էլ հստակ ձեւակերպում է խնդիրները: Կամ ավելի ճիշտ խնդիրը, որը մեկն է` ազատվել այս ապիկար իշխանությունից, որը օլիգարխներին հարկային դաշտ բերելու փոխարեն` չարքաշ բանվորին կլպելու գործով է զբաղված: Իսկ չարքաշ բանվորը եզան նման մռլնգալու է այնքան ժամանակ, քանի դեռ չի քաղաքականացրել հարցը, որովհետեւ միայն քաղաքականացված չարքաշը կարող է հասկանալ, որ ինքը տարատեսակ վաղարշ-մաղարշների նոքյարը լինելուց բացի` նաեւ քաղաքացի է, այսինքն` երկրի բարձրագույն տերն ու իշխանությունը: Քանի դեռ սա չի հասկացել, քանի դեռ չի քաղաքականացրել հարցերը, եւ չի հասել հարցերի հարցի լուծմանը, այսինքն` օրինական իշխանության հաստատմանը, ինքը աշխատելու է, իսկ ուտելու են բոլորովին ուրիշները: Վաղարշները, ռադիկները, բուռնաշները եւ բոլոր նրանք, ովքեր ահասարսուռ պայման ունեն բարձրաձայնելու. հարցը չքաղաքականացնել:

ՀԳ. Ժամանակին որոշ դեմքեր պատրաստ էին կրծել ցանկացած մեկի կոկորդը, ով կքաղաքականացներ «Ա1+»-ի հարցը: Հիմա «Ա1+»-ը եթեր չունի, իսկ այդ որոշները ունեն: Եւ անխոնջ մռլնգում են երկնագույն էկրանից:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Փետրվարի 26, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Marianna
    Փետրվար 26th, 2010 at 13:26 | #1

    +1

  2. osan
    Փետրվար 26th, 2010 at 20:47 | #2

    Tesnes yerb petq e ga ayn or@, yerb zhoxovrdi mec mas@ ir vrayic den kneti ayd vaxi u kexcavor shapik@, khaskana ayn bolor xaxer@, vor aysor ishxanutyun@ sarqum e irenc paraktelov, isk shat hetaqrqir e Marti 1-i mitingin masnakcoxner@ miayn irenc hamar en payqarum, miayn irenc hamar en uzum azat Hayastan tesnel, datakan ardar hamakarg tesnel. Amot ayd vaxkot massayn amoooot.

  3. Martin
    Փետրվար 26th, 2010 at 23:52 | #3

    Բարեվ Նիկոլ ջան: ճիշտ ես նկատել Նիկոլ ջան, բայց դա է հենց իրենց մարտավարությունը, թող հավաքվեն փոքր խմբեր որոնց կարելի է կամ համոզել կամ վախացնել: այս վերջին գործադուլը մի յուրահատկություն ուներ: վերջին 2 տարում առաջին անգամ մեզ հաջողվեց ոսկու առեվտրով զբաղվողներին հասկացնել, որ իրենք են իրենց գլխի տերերը ւ ոնց որ սառույցը կոտրվեց: իհարկե ընթացքում փորձվեց ձեվափոխել գործադուլը, պատռվեց մի քանիսի քողարկված դեմքերը, նորից պարսկական կտեր տվեցին ու փորձեցին քաղաքանացնել պրոցեսը, որը սկսել էր նախագահականի քաղաքական որոշումից, հարկայինի քաղաքական նայեզդներից, սեփականատերերի դատարկ մտքերքվ ե ավարտվեց կամ ավելի ճիշտ հանդարտվեց …
    ճիշտ է նորից ոչ բոլոր տոնավաճոռները հասկացան, որ սա մենակ մեկի խնդիր չէ ու չեկան , չմիացան: վերեվները լավ մտածել են վոր հերթով վրա տան, միանգամից չանեն, որ չմիանան: Բայց մեկ է մեզանից հետո մեր հետ գործադուլ չանողներին էլ արդեն հերթ հասավ սեղմելու ու նրանք ել հասկացան ու դասեր քաղեցին: հետքը մնաց, կարեվոր հետք: նախ կարծում եմ կստեղծվի այսպես ասած արհմիություն կոնկրետ մեր մոտ եվ դա շղթայական կտարածվի մյուս շուկաներին, որը ինքնին դրական է, երկրորդ հաստատ հաջորդ անգամ առեվտրականները «բոլոր շուկաների» պատրաստ են գոնե իրենց շահերը պաշտպանել, կարծում եմ որ սրանից է սկսում ամեն ինչ… նաեվ սրսնցից ազատվելը, որը համոզված եմ մոտ է, շատ մոտ…
    եթե մարդիք ուրիշի սխալների վրա չսովորեն, սեփականների վրա հաստատ դաս կքաղեն: այնպես որ պրոցեսը ընթանում է, իսկ են կարծիքը թե մենք հանձնվեցինք ու չքաղաքականացնելու համար սխալ է, ուղակի չուզեցինք սաղմը ջարդեն վերեվից, թող հասունանա մեծանա պնդանա ու դեռ կգա ժամանակը վերջին մարտի…

  4. MM
    Փետրվար 27th, 2010 at 13:29 | #4

    Inchqan el chqaxaqakanacnen harc@, miyevnuynn e, nranc koxqin e mer artun pahak -Vardges Gasparin! Apri na! Yes hiacac em ayd hayrenaser u hamarcak andzov!

  5. Marianna
    Փետրվար 27th, 2010 at 22:07 | #5

    @MM
    +1 Vardges Gasparin shat chishta payqarum!!!

  6. Marianna
    Փետրվար 27th, 2010 at 22:07 | #6
  7. Varuj
    Մարտ 3rd, 2010 at 20:41 | #7

    Nikol jan shat chisht eq grel!

  8. Հոկտեմբեր 10th, 2013 at 19:08 | #8

    im koxmic chishta Nikoli dzgtum@

  1. No trackbacks yet.