> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ՊՈՐՇԵՆ» ՃՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ՈՉ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ

«ՊՈՐՇԵՆ» ՃՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ՈՉ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ

porsche-cayenne-2010Ճոխության հարկի սահմանումը Հայաստանի Հանրապետությունում վաղուց է հասունացել: Այս հարկատեսակը, ի դեպ, ոչ միայն բյուջետային մուտքերը համալրելու, սոցիալական արդարության ձգտելու, այլեւ հանրային կյանքի մթնոլորտը լիցքաթափելու նշանակություն պետք է ունենա: Ի վերջո` քիչ չի օլիգարխներն ու այսօրինակ զանազան դեմքերը նույն սանդղակով են հարկվում սովորական կրպակավարի հետ, վերջինս, ի տարբերություն օլիգարխների, հարկերից ու հարկայինից խուսափելու որեւէ տարբերակ չունի: Իսկ ճոխության այն ատրիբուտները, որ անամոթաբար ցուցադրում են օլիգարխները, ուղիղ համեմատական են նրանց չվճարած հարկերի, այսինքն` պետությունից եւ ժողովրդից գողացածի հետ: Ու մինչ կառավարությունը տաքսու վարորդների, ոսկու վաճառքով զբաղվողների, տոնավաճառներում առեւտուր անողների, կոշկակարների հացին է վայիս լինում, որոշ օլիգարխներ օրը տասը կիլո հորթի միս են պատիվ անում իրենց պահած առյուծներին, որոշները 50-100 հազար դոլարանոց բջջային հեռախոսներ են օգտագործում, որոշները ամեն տարի նոր մոդելի «Պորշե», «Գելենվագեն», «Բենթլի», «Ռենջ Ռովեր» են գնում, ոմանք էլ այնպիսի տներ կառուցում, որ ներսում լուսացույցներով եւ ճանապարհային նշաններով են կողմնորոշվում` այս ամենի համար որեւէ կերպ հաշվետու չլինելով հանրության առաջ:

Իրավիճակի հաղթահարման ելքերից մեկը հաստատագրված տարեկան հարկերի սահմանումն է որոշակի թվականի արտադրության, որոշակի մոդելի, որոշակի գնի ավտոմեքենաների, բջջային հեռախոսների, բուռանների, սկուտերների, մոտորանավերի, մասնավոր ինքնաթիռների նկատմամբ: Նույն հարկատեսակով պետք է հարկվեն նաեւ որոշակի կադաստրային արժեքից բարձր գին ունեցող առանձնատները: Հատուկ հարկատեսակով պետք է հարկվեն ոչ հանրային նպատակներով պահվող էկզոտիկ կենդանիները եւ այլն, եւ այսպես շարունակ: Այս լուծումները իսկապես վաղուց են հասունացել, բայց «օլիգոպոլիաների դեմ պայքար» հայտարարած Տիգրան Սարգսյանի կառավարությունը այդպես էլ չի փորձում որեւէ հարկատեսակ սահմանել, որը կծանրացնի օլիգարխների բեռը: Մեծ հաշվով` չի էլ կարող, որովհետեւ վարչապետի պաշտոնում հայտնվել է օլիգարխների օլիգարխի քմահաճույքով եւ նրա քմահաճույքով էլ պիտի շարժվի: Բացի դա` գործող խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը ճոխության հարկի պոտենցիալ թիրախ է, եւ ուրեմն` ոտքի տակ կտա ցանկացած կառավարության, ով կփորձի իրենցից մի քոռ կոպեկ ավելի տանել: Սա հասկանալի է. բայց չնայած այս ակնհայտ ճշմարտությանը, վարչապետի ֆուտլյարը ժամանակ առ ժամանակ գլխից մեծ-մեծ բաներ է խոսում` օլիգոպոլիաների դեմ պայքար, չգիտեմ ինչ, չգիտեմ ինչ: Փոխարենը, սակայն, փորձում է նոր հարկեր սահմանել առայժմ միայն տասնամյակներ առաջ կիսատ մնացած գյուղական շինությունների վրա, հացից զրկել կոշկակարներին ու տաքսու վարորդներին, տոնավաճառների առեւտրականներին ու մանր կրպակավարներին: Իրավիճակի նրբությունն այն է, որ հարկային բեռի, պայմանների ծանրացման արդյունքում ազատվող ուղեւորափոխադրումների շուկային օլիգարխներն են տեր կանգնելու` իրենց հզորացող տաքսի ծառայություններով, փակվող կրպակների շրջանառությունը տեղափոխվելու է օլիգարխներին պատկանող սուպերմարկետներ եւ այլն, եւ այսպես շարունակ: Ասել է թե` հարկային բեռի նմանօրինակ ծանրացումների արդյունքում պետությունը ոչինչ չի ստանալու, շատ ու շատ միջին եւ մանր ձեռնարկատերեր դադարեցնելու են գործունեությունը, իսկ օլիգարխների գործերը գնալով ավելի են լավանալու: Բայց մտածել, թե գործող կառավարությունը, գործող իշխանությունը օլիգարխներին հարկային դաշտ բերելուն, օլիգարխների հարկային բեռը ավելացնելուն ուղղված քայլեր կանի, միամտություն է: Ժողովրդի, քաղաքացու շահերը կարող է պաշտպանել միայն ժողովրդի քվեի վրա հիմնված իշխանությունը: Իսկ օլիգարխական բանդաների ձեռամբ ձեւավորված իշխանությունը, նույնիսկ օլիգարխի սպառած գազի գինը քերթելու է շարքային քաղաքացուց, ինչը տեղի է ունենում արդեն երկար տարիներ, իսկ ապրիլի 1-ից ավելի զգալի կդառնա:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Փետրվարի 25, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Փետրվար 25th, 2010 at 22:09 | #1

    Isk aprili 1-ic arach MARTI-1 ka, Nikol jan! Verevi Grishayic baci, bolors el vstah enq mer HAXTANAKI vra! PAYQAR, PAYQAR MINCHEV VERCH!!!!

  1. No trackbacks yet.