> ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ > ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 31.-35.

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 31.-35.

31. Ի՞նչ են զգում հայրերը

32. Խոնավ է Էդինբուրգը

33. Շառլն ու Վինսթոնը

34. Ծեծկռտուք Միլանում

35. Պուպուլիկով տիկինը

* * *

31. Ի՞նչ են զգում հայրերը

Զանգողը Վիկտորն էր. ասացի, որ ես ու Ֆրեդը ճաշում ենք միասին եւ իրեն էլ առաջարկում ենք միանալ: Վիկտորը հաճույքով ընդունեց առաջարկը: Երեքով հանդիպեցինք մեր հյուրանոցի նախասրահում: Ես Վիկտորին ներկայացրի Ֆրեդին, Ֆրեդին ներկայացրի Վիկտորին: Վերջինս ցավակցության խոսքեր ասաց, ապա նրանք իրար ամերիկյան տարբերակով մի երկու հարց տվեցին` «ուրդու տղա ե՞ս որ» տարբերակով: Գիտեք արդեն, որ Վիկտորը Նյու Յորքից էր, բայց չեմ ասել, որ Ֆրեդը Նեբրասկա նահանգի տղա էր` Լինքոլն քաղաքից: Ես ուշադիր հետեւում էի իմ երկու ամերիկացի բարեկամների զրույցին. արդյո՞ք նրանք ընդհանուր ծանոթներ կգտնեն, ինչպես տեղի է ունենում ցանկացած երկու հայաստանցիների առաջին հանդիպման ընթացքում:

Ինձ հուսախաբություն էր սպասում, քանի որ նրանց ամենաընդհանուր ծանոթը Ջորջ Բուշը դուրս եկավ, որի դեմ նրանք քվեարկել էին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում:

Ֆրեդը առաջարկեց հենց հյուրանոցի ռեստորանում էլ ճաշել. մենք համաձայնվեցինք: Ասաց, որ ինքը կիեւյան կոտլետ է ուզում ուտել. մենք էլ համաձայնվեցինք: Ֆրեդը ասաց` կարմիր գինիով. մենք էլի համաձայնվեցինք:

Երբ արդեն նստած էինք սեղանի շուրջ եւ համտեսել էինք գինին, ես Վիկտորին հարցրի, թե ի՞նչ լուր ունի իր փոքրիկից: Այս հարցը տալիս երեւի պետք է հիշեի Ֆրեդի հետ տեղի ունեցածը, այն, թե ինչու է նա հիմա Էդինբուրգում: Բայց մի տեսակ մոռացել էի: Վիկտորը ոգեւորված սկսեց պատմել, որ մի շաբաթից տանը կլինի ու կսիրի, անսահման կսիրի իր որդուն: Ես երկար ժամանակ չէի էլ նկատել, որ Ֆրեդը մտքերի մեջ է ընկել: Երբ նկատեցի, որոշեցի փոխել խոսակցության թեման, բայց

Ֆրեդը թույլ չտվեց.

- Ինչպիսի՞ն է հայր լինելու զգացողությունը, - անսպասելի հարցրեց նա ու շարունակեց, - մենակ թե գրքերում կարդացած բաներ չասեք:

Ես ու Վիկտորը իրար նայեցինք: Այ քեզ հարց: Հարց, որ տալիս է իր իսկ բնորոշմամբ` հայր չդարձած, բայց արդեն իսկ որդեկորույս մարդը, հարց. որին անհրաժեշտ է պատասխանել:

Որոշ անորոշությունից հետո Վիկտորի աչքերում կոնկրետություն զգացի, նա ասես գտել էր այդքան անսպասելի հնչած հարցի պատասխանը.

- Հայր լինել, նշանակում է մեղավոր զգալ, սարսափելի մեղավոր զգալ երեխայիդ առաջ, - իր միտքը բարձրաձայնեց նա:

Մի պահ լռություն տիրեց. Վիկտորը ինքն էլ սկսեց մտածել իր ասածի շուրջ:

- Մեղավոր զգա՞լ, թե՞ մեղավոր լինել, - փորձեց ճշգրտել Ֆրեդը:

- Մի՞թե հնարավոր է մեկն առանց մյուսի, - Վիկտորի փոխարեն պատասխանեցի ես ու շարունակեցի, - հնարավոր չէ մեղավոր չլինել:

- Բայց հնարավոր է մեղավոր չզգալ, - նկատեց Ֆրեդը:

- Դու արդեն խոսում ես անմեղսունակի մասին. միայն անմեղսունակը կարող է իրեն մեղավոր չզգալ: Բայց անմեղսունակը, իսկապես, նաեւ մեղավոր էլ չէ, որովհետեւ նա ի վիճակի չէ իրեն մեղավոր զգալ, - պարզաբանեցի ես:

Ֆրեդը ընդունեց իմ ասածը: Վիկտորը, որ այս ընթացքում լուռ լսում էր, պայծառ դեմքով շարունակեց իր նախնական միտքը.

- Բայց ես հանճարեղ ձեւակերպեցի. երբ մարդ նայում է որեւէ ուրիշ երեխայի, դա սովորական ուրախ զգացողություն է: Երբ սեփական երեխայիդ ես նայում, անկախ նրանից` ուրախ ես, թե տխուր, սիրտդ պարտադիր ճմլվում է, դու քեզ մի տեսակ մեղավոր ես զգում…

- Ինչի՞ համար, - հարցրեց Ֆրեդը:

- Ամեն ինչի, հենց թեկուզ նրա համար, որ չես կարողանում նրան սիրել այնքան, որքան սիրում ես. սա է հայրական զգացումը` մեղքի զգացում եւ այդ մեղքը քավելու հուսահատ ջանքեր. սա էլ քեզ հայրական սեր: Ու երբեմն այդ սերը վատ է վերջանում:

- Ի՞նչ նկատի ունես, - հարցրի ես Վիկտորին: Նա զարմացավ.

- Դու չէի՞ր նախօրեին պատմում զավակ-կլոնների, ծնող-բռնակալների մասին: Ես էլ ասացի, որ դրա հակառակ դրսեւորումն էլ կա հենց թեկուզ մեզ մոտ` USA-ում. թմրամոլության ու սանձարձակության մեջ կորչող ջահելների մի հսկայական շերտ: Քո կարծիքով, դրա տակ ծնողական, ավելի կոնկրետ` հայրական զգացմունքների հանգո՞ւյց չի թաքնված: Եվ գիտե՞ս պրոբլեմը որն է. երբեք չգիտես` օգո՞ւտ ես տալիս երեխայիդ, թե՞ վնաս: Չգիտես` պատիժը ճի՞շտ որոշում է, թե՞ սխալ, որովհետեւ մի երեխայի դեպքում դա կարող է ճիշտ դուրս գալ, մյուսի դեպքում` սխալ: Բայց ամենասարսափելին այն է, որ դու երբեք էլ չես իմանա` ճի՞շտ ես դաստիարակել երեխայիդ, թե՞ սխալ:

- Այդ ինչպե՞ս, - զարմացա ես, - մի՞թե չես կարող տեսնել` օրինավո՞ր մարդ է երեխադ, թե՞ ոչ:

- Ասենք թե օրինավոր մարդ է, դա քեզ համոզում է, որ դու նրան ճի՞շտ ես դաստիարակել: Իսկ չե՞ս մտածում, որ դու նրա մեջ սպանել ես, ասենք, նկարչի կամ գրողի կամ էլ երաժիշտի հանճարը. կարո՞ղ ես համոզված լինել, որ այդպես չէ: Ստիպելով նրան ջութակ նվագել` գուցե դու նրան զրկում ես նկարչի իր կոչումից, կամ չստիպելով ջութակ նվագել` չես օգնում, որ նա գտնի ջութակահարի իր կոչումը: Չես կարող ասել. տարակույսները միշտ կտանջեն քեզ, ու դու միշտ քեզ մեղավոր կզգաս: Կամ գուցե հանճարեղ նկարներ ստեղծելու համար նրան հերոի՞ն է հարկավոր: Իսկ դու ուզո՞ւմ ես, որ քո երեխան հանճարեղ նկարիչ լինի: Կամ դու ո՞վ ես, որ դա ցանկանաս կամ չցանկանաս. այս հարցերի հորձանուտում, ուզես թե չուզես, դու քեզ մեղավոր կզգաս:

Ֆրեդը շարունակում էր մտքերի մեջ լինել.

- Ուրեմն ասում եք` հայր լինելու զգացողությունը երեխայիդ առաջ մեղավոր լինելու զգացողությո՞ւնն է. եթե այդպես է, ես էլ կարող եմ ինձ հայր համարել, - դառնացած ասաց նա:

- Գիտե՞ք ինչ, ինձ թվում է` այդ բանաձեւը բացատրում է այլ հարաբերություններ եւս, այսինքն` այլ դեպքերի էլ է բնորոշ: Ասենք, ի՞նչ է նշանակում որդի լինել. նշանակում է մեղավոր զգալ ծնողներիդ առաջ, եղբայր` մեղավոր զգալ եղբորդ կամ քրոջդ առաջ, ամուսին` մեղավոր զգալ կնոջդ առաջ: Եվ ի վերջո, ի՞նչ է նշանակում լինել մարդ. մեղավոր լինել Աստծո առաջ: Կյանքն էլ այդ մեղավորության զգացումը հաղթահարելու, ապաշխարելու հուսահատ փորձ է. եւ մարդիկ իրենց առաջին մեղքը քավելու մղումով երբեմն ավելի մեծ մեղքեր են ստիպված լինում գործել, - ընդհանրացրի ես:

Վիկտորը ակնհայտորեն համաձայնվեց ինձ հետ.

- Այո, մեղավորության զգացումից զերծ են միայն կովերը, - ասաց նա:

Ֆրեդը շարունակում էր պահպանել իր մտքի ուղղությունը.

- Մի ժամանակ մարդը 800 տարի էր ապրում: Հետո, ավելի ճիշտ` հիմա, կյանքի միջին տեւողությունը 60-70 տարի է:

Կգա մի ժամանակ, երբ մարդիկ մեռած կծնվեն. ինձ համար այդ ժամանակը եկել է, - էլի հառաչելով` ասաց նա:

Ես ուզում էի մխիթարանքի խոսքեր ասել, բայց չէի գտնում:

- Ֆրեդ, դու Նոր կտակարան ունե՞ս, - որոշ դադարից հետո ի վերջո հարցրի ես:

- Հիմա՞. ոչ, չունեմ:

- Եկեք մի գրախանութ կամ եկեղեցի գնանք. ես ուզում եմ երեքիս համար էլ Նոր կտակարան գնել:

Մենք վեր կացանք. ճաշի համար վճարեցինք գերմանական ձեւով:

32. Խոնավ է Էդինբուրգը

Նոր կտակարանի մեր փնտրտուքը երկար չտեւեց. ծեր գրավաճառը ուրախությամբ եւ հանդիսավորությամբ մեզ տվեց մի-մի գրպանի Կտակարան: Նա ափսոսանքով էր ասում, որ հիմա երիտասարդությունը քիչ է կարդում, իսկ Աստվածաշունչ կամ Նոր կտակարան` առավել եւս: Վիկտորը խոստովանեց, որ վերջին անգամ այս գիրքը ձեռքն է վերցրել 10 կամ 15 տարի առաջ, բայց մինչեւ վերջ չի էլ կարդացել:

Մինչ մենք կանգնած էինք գրախանութում ես փնտրեցի-գտա ու բարձրաձայն կարդացի. «Երանի~ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի հագենան»: Վիկտորը վիզը ձգեց, նայեց, թե որ էջից եմ կարդում, բացեց այդ էջը, նայեց, թերթեց, թերթեց ու էլի բարձրաձայն կարդաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք եւ այս թթենուն ասեք` արմատախիլ եղիր եւ տնկվիր ծովի մեջ, նա իսկ կհնազանդվի ձեզ»:

- Տղերք, գիտե՞ք, որ սերիական մարդասպաններն էլ են սիրում մեջբերումներ անել Աստվածաշնչից, - հեգնական հարցրեց Ֆրեդը:

- Աստված ոչ ոքի չի արգելում իրեն աղոթել եւ յուրաքանչյուր ոք միշտ էլ ապաշխարելու հնարավորություն ունի, - Ֆրեդին ի պատասխան ասաց ծեր գրավաճառը:

- Իհարկե, դուք ճիշտ եք կոլեգա, - գրավաճառին պատասխանեց Ֆրեդը եւ դուրս եկավ:

Ես վճարեցի գրքերի համար ու մենք հետեւեցինք նրան. շուտով հայտնվեցինք մի մեծ հրապարակում, որ եզերվում էր հինավուրց, մամռակալած պատեր ունեցող, աշտարակավոր շենքերով, որոնց երկայնքով սրճարաններ էին շարված: Մենք տեղ զբաղեցրինք դրանցից մեկում եւ սուրճ պատվիրեցինք: Վիկտորը ինձ առաջարկեց մակագրություն թողնել իր Նոր կտակարանի վրա առ այն, որ ես այսինչ թվի այսինչ օրը այդ գիրքը նվիրեցի իրեն: Ես հրաժարվեցի. հո չէի կարող կեղծ անունով ստորագրել Սուրբ գրքի վրա: Իսկ Վիկտորի առաջ բացահայտվելը իսկական թիթիզություն կլիներ` «գաղտնի, ի լուր աշխարհի» սկզբունքի անպատեհ իրագործում:

- Ե՞րբ ես Փարիզ մեկնում, - հարցրեց ինձ Ֆրեդը:

- Չգիտեմ: Գուցե վաղը, գուցե մյուս օրը, - պատասխանեցի ես:

- Դեմ չե՞ս լինի, եթե քեզ ուղեկցեմ:

- Իհարկե ոչ, - ուրախացած ասացի ես:

- Ուրեմն, եկ վաղը գիշեր մեկնենք, - առաջարկեց Ֆրեդը եւ պատճառաբանեց, - խոնավ է Էդինբուրգը:

- Պայմանավորվեցինք, - ասացի ես ու դիմեցի Վիկտորին, - գալի՞ս ես մեզ հետ:

- Չէ, պարոնայք. կներեք, բայց ես` New York, New York, - Սենատրայի նման երգեց նա:

Փարիզ գալու Ֆրեդի որոշումը ինձ համար շատ հաճելի էր: Մենք ահագին մտերմացել էինք եւ համատեղ ճանապարհորդությունը խոստանում էր առնվազն ձանձրալի չլինել: Նա իր վրա վերցրեց ինքնաթիռի տոմսեր եւ հյուրանոց պատվիրելու գործը: Որոշեցինք հաջորդ օրը ծաղիկներ դնել Կետրինի գերեզմանին, ապա այցելել նրա ծնողներին:

Էդինբուրգից Փարիզ ինքնաթիռները թռչում են մի քանի ժամը մեկ, այնպես որ տոմս գնելը առանձնապես դժվար չէր: Ավելին, թռիչքից մի քանի ժամ առաջ կարելի էր ինտերնետով տոմս գնել` ուղղակի ծիծաղելի գներով, մանավանդ եթե խոսքը գիշերային թռիչքի մասին է: Ֆրեդը այս գործից գլուխ հանում էր. ասաց, որ եթե բախտներս բերի, կարելի է տոմս գնել ասենք` հինգ եվրոյով: Առաջ անցնելով ասեմ, որ նա 30 եվրոյով տոմս պատվիրեց` գիշերը ժամը 03.45-ին նախատեսված թռիչքի համար: Բայց դա տեղի ունեցավ թռիչքից հինգ ժամ առաջ, երբ մենք վերադարձել էինք Կետրինենց տնից:

Սկզբից մենք գնացինք գերեզմանատուն. Ֆրեդը վարդերի մի մեծ փունջ դրեց Կետրինի շիրիմին: Մենք լուռ կանգնած էինք գերեզմանի առաջ, ու Ֆրեդը ասաց.

- Գիտե՞ս, հավատս չի գալիս, որ սա իրականություն է?

Ես ոչինչ չասացի, բայց իմ հավատն էլ չէր գալիս, որ սա իրականություն է. որ ես` հեռու իմ հայրենիքից, իմ ընտանիքից, իմ ընկերներից, իմ պայքարից` մի անծանոթի հետ հարգանքի տուրք եմ մատուցում մի ուրիշ` օտար ու անծանոթ մարդու հիշատակին:

Կետրինի ծնողները մեզ ընդունեցին սիրալիր եւ քաղաքավարի: Ալանը տուն եկավ մեզնից հետո եւ իմանալով, որ մեկնում ենք Փարիզ` խոստացավ Քվենտինին զանգել, ինձ օգնելու հորդորներով: Ես շնորհակալություն հայտնեցի նրան: Մենք ճաշեցինք Կետրինենց տանը, հրաժեշտ տվինք նրանց ընտանիքին, վերադարձանք իմ հյուրանոց: Նախասրահում հանդիպեցինք Վիկտորին. նա ասաց, որ մեզ էր սպասում` հրաժեշտ տալու համար: Մենք մի քիչ նստեցինք, թեյ խմեցինք, հետո Ֆրեդը ասաց, թե գնում է ինտերնետով տոմս կպցնելու: Ես էլ ինտերնետում մի քիչ քչփորելու ցանկություն հայտնեցի: Վիկտորը մեզ բարի ճանապարհ մաղթեց, մենք էլ իրեն:

Տոմս կպցնելու համար Ֆրեդից մեկ ժամ պահանջվեց: Եթե մի քիչ էլ համբերեինք, հնարավոր է ավելի էժան գնեինք նույն տոմսը, բայց այդ գինն էլ մեզ ձեռնտու էր:

Տոմսի հարցը լուծելուց հետո Ֆրեդը գնաց իր հյուրանոց, ես էլ բարձրացա իմ սենյակ: Ֆրեդի հյուրանոցը օդանավակայանի ճանապարհին էր եւ որոշեցինք, որ ես տաքսի վերցնեմ ու ժամը երկուսին մոտենամ իրեն: Այդպես էլ արեցի:

Օդանավակայանում բարեհաջող անցանք անձնագրային ստուգումը, մնացած ստուգումները ու բարձրացանք ինքնաթիռ: Շուրջ մեկ ժամից մեր օդանավը վայրէջք կատարեց Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում:

Էլ ու՞մ անունով պետք է կոչվեր Փարիզի օդանավակայանը, եթե ոչ Շառլ դը Գոլի: Եթե չլիներ դը Գոլը` Փարիզի օդանավակայանը որեւէ մեկի անունով չպիտի կոչվեր, այնպես, ինչպես Վիեննայի կամ Էդինբուրգի օդանավակայանները որեւէ մեկի անունով չեն կոչվում:

Մենք տաքսի վերցրեցինք, եւ մեկնեցինք Ֆրեդի պատվիրած հյուրանոցը, որ գտնվում է Փարիզի կենտրոնական մասերում, անաղմուկ մի փողոցի վրա: Ներս մտանք ու մոտեցանք գործավարի կանգնակին.

- Can I help you?, - մեր «bonjour»-ին պատասխանեց մի թմբլիկ, բացարձակ անմեղ կապույտ աչքերով մի աղջիկ:

33. Շառլն ու Վինսթոնը

Ի՞նչ տեսարան է բացվում փարիզյան հյուրանոցի իմ սենյակի միակ պատուհանից. շատ պարզ տեսարան է` դիմացի շենքը, որ հեռու է ընդամենը 6-7 մետր: Այս երկու շենքերի արանքով նեղ փողոց է անցնում` նեղ մայթերով: Դեպի մայթ են բացվում զանազան խանութների, ռեստորանների դռներ: Բայց այս մայթերով, փողոցով ո՛չ կարգին մարդ է անցնում, ո՛չ կարգին մեքենա. ամայություն է այստեղ: Թերթերի մեջ փաթաթված, մայթի վրա անվրդով պառկած անտուն ծերուկի քունն էլ խանգարող չկա. ո՞ւմ համար են այս խանութները, ռեստորանները. «Մշտական հաճախորդների», - բացատրում է բեռնակիր Քերիմը` ազգությամբ քուրդ:
Նախաճաշից հետո իմ ու Ֆրեդի առաջին գործը պետք է լիներ զբոսանքը. որոշել էինք քայլել` որքան կարող ենք:
Եթե եղել ես եվրոպական տարբեր քաղաքներում, ապա Փարիզում դժվար չէ հասկանալ, թե ինչու են այն կոչում Եվրոպայի, ոմանք էլ` աշխարհի մայրաքաղաք: Բոլոր լավագույն քաղաքների բոլոր լավագույն գծերը, տպավորությունները կենտրոնացած են Փարիզում: Դժվար է ասել` ֆրանսիացիք այդ լավագույնը արտահանե՞լ են, թե՞ ներմուծել: Թերեւս երկուսը միաժամանակ. հաճախ նույնիսկ կողոպտել են:

Սրանց Լուվրը լցված է հին հունական, հին եգիպտական, զանազան այլ ազգերի մշակութային գանձերով, բայց ոչ ոք Ֆրանսիային չի մեղադրում այդ գողոնը սեփականելու մեջ: Փարիզի կենտրոնում էլ ցից են արել Եգիպտոսից թռցրած չգիտեմ քանիհազարամյա գրանիտե սյունը, ու այդ ցցով հրապարակի անունն էլ դրել են «Համաձայնություն»: Ասել է թե` երկխոսություն: Ասել է թե` դուք համաձայնվեք, որ մեզ կարելի է ձեզ կողոպտել, բայց դուք չհամարձակվեք, որովհետեւ պատասխանատու եք Քրեական օրենսգրքի առաջ: Կարծում եմ` ընթերցողը կռահում է, թե այս առնչությամբ ինչ կասեր Մարկոն:

Անկեղծ ասած, ես շատ էի ուզում, որ Փարիզը ինձ դուր չգա: Ամենեւին օրիգինալ ու մխիթարիչ չի լինի, եթե այն, ինչ դուր է գալիս բոլորին, դուր գա նաեւ քեզ: Բայց, համոթ ինձ, Փարիզը ինձ շատ սիրելի դարձավ, իսկ Ֆրեդը Փարիզի մեծ երկրպագու էր դեռ էն գլխից:

Քայլում ենք, ուրեմն, Փարիզի փողոցներով ու մեկ էլ տեսնեմ` ծանոթ դեմք է երեւում.

- Ֆրեդ, սա մեր Վինսթոնն ա, - ասում եմ:

- Ի՞նչ Վինսթոն…

- Չերչիլը, այ ախպեր:

Իրոք, Ուինսթոն Չերչիլի արձանն է. ֆրանսիացիք, իհարկե, նրան հարգանքի տուրք են մատուցել, բայց նաեւ ծածուկ ասել են իրենց ասելիքը: Չերչիլին դրել են ցածր, հազիվ մեկ մետրանոց պատվանդանի վրա ու արձանն էլ տեղադրել են մի այնպիսի տեղում, որ եթե մոտակա թփերը «պատահաբար» մի տարի չէտեն, Ուինսթոնը կհայտնվի թավուտի ետեւում, եւ նրա գոյությունը մոռացության կմատնվի:

Շառլ դը Գոլը, որի բարձրադիր, սեգ արձանը տեղադրված է ոչ այնքան հեռու, կարծում եմ` գոհ է իրերի այս դրությունից. ի բնե մի քիչ կուչ եկած Չերչիլը այս արձանում ավելի է կուչ եկել, ձեռնափայտով է: Իսկ Շառլը, դե` դը Գոլը, քայլում է` առանց այն էլ բարձր գլուխը մի քիչ էլ ետ գցած…

Վա~յ, Ֆրանսիա, ի՞նչ էիր լինելու դու հիմա, եթե չլիներ այս արտասովոր բոյով մարդը. եւ ինչպե՞ս նա կարողացավ իր ուզածը ստանալ, ավելի ճիշտ` խլել այն մարդկանց ձեռքերից, ովքեր իրեն արհամարհանքով «հարսնացու» էին կոչում:

Եվ ինչպե՞ս կարողացավ այս տարօրինակ մարդը` Շառլը, դե` դը Գոլը, գոյություն չունեցող պետությունը խցկել պատերազմում հաղթած գերտերությունների շարքը, նրան դարձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ եւ Գերմանիայում ստանալ ֆրանսիական օկուպացիոն գոտի (մեղա, մեղա): Այդ պատերազմում մինչեւ դը Գոլը ֆրանսիացիք մեծ հաշվով ոչինչ չէին արել, բացի արանքը ճղելը եւ իրենց մայրաքաղաքը սկուտեղի վրա Հիտլերին հանձնելը: Ու հիմա նրանք հաղթողների մեջ են:

Միամիտ հայ գյուղացին կասեր` տերդ մեռնի, դիվանագիտություն…

Իսկ Ֆունտը կասեր` դը Գո՞լը. այ նա գլուխ էր: Գլուխ եւ ոչ թե հաստ մուսկուլներ:

Բայց ինչպե՞ս կարողացավ նա անել այդ ամենը, ինչի՞ շնորհիվ: Իհարկե, Ֆրանսիան պետական լուրջ ավանդույթներով երկիր է, երբեմնի կայսրություն: Բայց այդ կայսրության ղեկավարները եւ գեներալները չհապաղեցին չոքել Հիտլերի առաջ:

Դը Գոլը, որի համար անգամ գեներալական կոչումն էին խնայել եւ այն նրան շպրտեցին Ֆրանսիայի կործանման նախաշեմին միայն, չհետեւեց նրանց օրինակին` առաջին հերթին այն պատճառով, որ համոզված էր` ինքը առաքելություն ունի, որ ինքը ընտրված է Աստծո կողմից Ֆրանսիան փրկելու, այն բարձրացնելու համար: Հենց առաքելության զգացումն էր նրան ուժ տալիս, ոտքի վրա պահում ամենածանր, ամենահուսահատ րոպեներին:

Ֆրանսիան փրկելու իր առաքելությունը նա զգում էր շատ ու շատ առաջ էլ, երբ թվում էր` այդ երկիրը փրկության կարիք չունի, երբ թվում էր` ամեն ինչ ընթանում է դեպի հավիտենական խաղաղություն:

Եվ նա փրկեց Ֆրանսիան, ընդ որում` երկու անգամ…

Իսկ ովքե՞ր են հիմա ղեկավարում Ֆրանսիան, ովքե՞ր են ղեկավարում Եվրոպան: Ուշադիր նայեք նրանց դեմքերին, ուսումնասիրեք նրանց դեմքերի արտահայտությունը. իսկապես ծաղրանկարային պերսոնաժներ: Նրանք ամեն օր աշխատանքի են գնում կենցաղային տեխնիկա վաճառող մենեջերների նման. դուք նրանց աչքերի մեջ տեսնո՞ւմ եք առաքելության զգացողություն:

Դե, հիմա պատկերացրեք` Շառլ դը Գոլ, Ուինսթոն Չերչիլ, Ֆրանսուա Միտերան, Մարգարետ Թետչեր, Հելմուտ Քոլ, Վացլավ Հավել, Լեխ Վալենսա, Ալեքսանդր Կվասնեւսկի…

Եվ` Նիկոլա Սարկոզի, Ժակ Շիրակ, Կաչինսկի ախպերություն, Գերհարդ Շրյոդեր` գազավիկ տղա, Գորդոն Բրաուն` ունքերին, ունքերին: Բանը, ապերը` Սիլվիո Բեռլուսկոնի: Դե, ի՞նչ ասես Անգելա Մերկելին` դժբախտ աղջիկ ա, էլի: Բա Սապատերոն, Սապատերոն. ապեր, դու կարող ա՞ միստր Բինի հորոխպոր տղեն ես:

Եվ սրանց նոր հարեւանները` Ռոբն ու Սերժը…

Ֆրեդը մի խանութ տեսավ` տղամարդկանց հագուստի: Մտանք: Մի քիչ նայեցինք ու մեկ էլ մի տղա մոտեցավ.

- Bonjour, can I help you?

34. Ծեծկռտուք Միլանում

Ֆրեդը հետաքրքիր անձնավորություն էր: Նա զբաղվում էր հին գրքերի առքուվաճառքով. բոլոր այն գրքերը, որ տպագրվել են 1950 թվականից առաջ, գտնվում էին նրա հետաքրքրության ոլորտում: Հենց այսպիսի արժեքավոր գրքերի փնտրտուքն էր նրան հասցրել Եվրոպա, իհարկե` ոչ առաջին անգամ: Ֆրեդին պատկանող ընկերությունը գտնվում էր ԱՄՆ-ում, գործում էր հիմնականում ինտերնետային աճուրդների ոլորտում եւ լավ եկամուտներ էր բերում նրան: Ընկերության կառավարումը նա վստահել էր ուրիշներին, իսկ ինքը նախընտրում էր շրջել աշխարհով մեկ եւ հնաոճ գրքեր ձեռքբերել: Վերջին երկու ամսվա ընթացքում նա ընդհանրապես գործերով չէր զբաղվել` ընթերցողին արդեն հայտնի իրադարձությունների պատճառով:
Ասել եմ արդեն, որ Ֆրեդը Կետրինին հանդիպել էր Իտալիայում: Ավելի կոնկրետ` դա տեղի էր ունեցել Միլանում, որտեղ այն բարեգործական կազմակերպությունը, որի ներկայացուցիչն էր եղել Կետրինը, տարբեր ձեւերով դրամահավաք էր իրականացնելիս եղել հօգուտ Դարֆուրի սովյալ երեխաների: Ֆրեդն ու Կետրինը հանդիպել էին այդպիսի նպատակով կազմակերպված մի աճուրդի ժամանակ:

Եվ ահա, Կետրինի հղիության ութերորդ ամսում, Ֆրեդը մի բար-սրճարանում ծեծկռտուքի մեջ էր ընկել իտալացիների հետ: Ու քանի որ ժամանակին բռնցքամարտ էր պարապել, կոտրել էր հակառակորդներից երկուսի քիթը: Հաջորդ օրը ծանոթները նրան տեղյակ էին պահել, որ իտալացի ոստիկանները մտադիր են իրեն ձերբակալել:

Այս լուրն առնելով Ֆրեդը որոշել էր հեռանալ Իտալիայից.

- Եթե ինձ ձերբակալեին, Կետրինը անօգնական վիճակում կհայտնվեր, - ասում էր նա:

Շարունակությունն ընթերցողը արդեն գիտի, բայց ամենահետաքրքիրն այն է, որ Ֆրեդի ծեծկռտուքի եւ Իտալիայից հեռանալու մեջ էլ քաղաքական ենթատեքստ կար.

- Դու երեւի լսել ես այն պատմության մասին, որ ամերիկացի մի զինվոր Իրաքում սպանել է Իտալիայի հատուկ ծառայությունների մի աշխատակցի: Դա մեկուկես տարի առաջ է եղել, բայց այդ թեման Իտալիայում ժամանակ առ ժամանակ հայտնվում է թերթերի առաջին էջերում. իտալացիք ԱՄՆ-ից պահանջում են հանձնել այդ զինվորին, որպեսզի նրան դատեն Իտալիայի օրենքներով: Մերոնք էլ ասում են, որ նախ իրենք չեն հանձնի իրենց զինվորին եւ հետո էլ` նա ոչ մի հանցանք չի գործել, որովհետեւ նրա գործողությունները իրավաչափ են եղել, - բացատրում էր Ֆրեդը եւ շարունակում պատմել իր պատմությունը, - այդ օրը թերթերն ու TV-ները դարձյալ անդրադարձել էին այդ թեմային, ու բարում մի քանի ջահելներ սկսեցին ինձ կպնել ու չափերն անցան: Իսկ կարաբիներները, իմ ծանոթների ասելով, ուրախացել էին իմանալով, որ ամերիկացին հարվածել է իտալացիների եւ նրանց վնասվածքներ հասցրել: Էս ի՞նչ է կատարվում. բոլորը զզվում են ամերիկացիներից:

- Չեմ կարող հերքել, - ի պատասխան ասացի ես:

- Դու է՞լ ես զզվում, - հարցրեց Ֆրեդը:

- Դե, ոչ թե ամերիկացիներից, այլ նրանց քաղաքականության խաղիկներից. բայց կոնկրետ ես` նույն վերաբերմունքն ունեմ նաեւ եվրոպացիների, ռուսների, պարսիկների նկատմամբ: Բայց, եթե ավելի անկեղծ ասեմ, այս ամենը պարզ-էմոցիոնալ արձագանք է եւ ես գիտակցում եմ, որ պրոբլեմը ոչ այնքան ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում կամ Իրանում է, այլ մեր մեջ, այսինքն` Հայաստանում:

- Բայց Բուշը Ամերիկան իսկապես դարձրեց ծաղրուծանակի առարկա, - նկատեց Ֆրեդը:

- Ինձ ԱՄՆ-ի իմիջը քիչ է հուզում. ես մտածում եմ ասենք` Սերբիայի, Իրաքի եւ աղետի առաջ կանգնած մյուս երկրների մասին: Ովքեր են մեղավոր այդ երկրների վիճակի համար. առաջին հերթին հենց այդ երկրների քաղաքացիներն ու քաղաքական գործիչները, որոնք առաջնորդվել են` «միայն կաղին ունենամ, ուտեմ, փքվեմ գիրանամ» սկզբունքով, - սկզբունքը ես արտաբերեցի հայերեն:

- Դա ի՞նչ է նշանակում, - հարցրեց Ֆրեդը:

- Մի տող է ոտանավորից, որ պատմում է անխելք խոզի մասին, - ասացի ես ու բացատրեցի դրա իմաստը:

- Ուրեմն` մենք էլ ենք պատասխանատու Բուշի արածների համար, - հարցրեց Ֆրեդը:

- Բա իհարկե, պտասխանատու եք:

- Ուրեմն մեր նկատմամբ տածած զզվանքը լրիվ անարդար չէ:

- Էդպես է ստացվում:

Մենք հենվել էինք Սենան եզերող բազրիքին, ու անցորդներին էինք նայում.

- Ֆրեդ, զգու՞մ ես, ոչ մի գեր մարդ չկա. բոլորը հիանալի կազմվածք ունեն:

- Ինչ-ինչ, բայց սնվելու ձեւը ֆրանսիացիները գիտեն, - ասաց Ֆրեդը, - չգնա՞նք որեւէ տեղ սնվենք:

- Գնանք: Քայլենք, մինչեւ մեր ուզած մի ռեստորան գտնենք:

- Փարիզում ռեստորանից ու սրճարանից շատ ոչինչ չկա ու միշտ էլ կարելի է նորմալ ճաշել, ցանկացած ժամի:

- Իսկ ինչ է, ռեստորաններ կան, որ ժամո՞վ են աշխատում:

- Իսպնիայում, օրինակ, սիեստայի ժամին չհասար` կմնաս բուտերբրոդների հույսին. սիեստայից հետո խոհարարները գնում են քնելու:

- Իսկ ե՞րբ է սիեստայի ժամը:

- Կարծեմ` երկուսից չորսը. լավ չեմ հիշում:

- Ֆրեդ, Քվենտինին չզանգե՞նք:

- Զանգենք:

- Խնդրում եմ` դու զանգես:

- Զանգեմ, բայց ե՞րբ:

- Երբ ուզում ես:

- Ուրեմն` ճաշից հետո:

- Ok:

- Լսիր, իտալացիք քեզ չեն հետախուզու՞մ:

- Դժվար, էդքան չեն լկտիացել, որ աշխարհով մեկ ԱՄՆ-ի քաղաքացու փնտրեն, երկու կոտրած քթի պատճառով:

35. Պուպուլիկով տիկինը

Ճաշից հետո հենց ռեստորանից Ֆրեդը զանգեց Քվենտինին: Վերջինս ասել էր, թե մեզ հետ կարող է հանդիպել միայն հաջորդ օրը երեկոյան: Նրանք պայմանավորվել էին Մադելեն տաճարի մոտ գտնվող ինչ-որ սրճարանում:
Ռեստորանից դուրս գալով` մենք մի քիչ էլ քայլեցինք, բայց շուտով զգացինք, որ ահագին հոգնած ենք, ու որոշեցինք վերադառնալ հյուրանոց: Ես արդեն լոգանք էի ընդունել ու պառկած հեռուստացույց էի նայում, երբ Ֆրեդը զանգեց.

- Լսիր, վաղը չգնա՞նք Լուվր:

- Գնացինք:

- Այսօր երեկոյան հանգստանո՞ւմ ենք:

- Այո, ոտքերս նվվում են. արի երկու ժամից ներքեւը թեյ խմենք ու այսօր դրանով ավարտենք, - առաջարկեցի ես:

Ֆրեդը համաձայնվեց, այդպես էլ արեցինք: Հաջորդ առավոտյան` նախաճաշից հետո, տաքսիով հասանք Լուվր: Տոմս գնելու համար ահագին հերթ կանգնեցինք. Ֆրեդը առաջարկեց երկու այցելության տոմս գնել, որովհետեւ մի օրում շատ բան չենք հասցնի նայել եւ գուցե մի անգամ էլ այցելենք: Ես դեմ չէի:

Շուտով մենք հայտնվեցինք անտիկ հունական քանդակի սրահում. մարդու հավատ չի գալիս, որ հին աշխարհում կարող է քարը մշակելու այդպիսի տեխնոլոգիա լինել:

Մեկ էլ տեսնեմ` Ֆրեդը ուսումնասիրում է մի կատարյալ գեղեցկուհու. քանդակի` նկատի ունեմ, անտիկ հունական քանդակի: Այդ մերկ գեղեցկուհին պառկել էր մեջքով դեպի ինձ: Կողքի էր պառկած, բայց մի քիչ էլ թեքված էր փորի վրա, ոտքերն էլ կիսածալ արած: Մոտեցա. ուղղակի հիանալի էր. նրա մարմնի ուրվագծերը զգլխիչ էին ու կատարյալ, հետույքը` կլորիկ ու գրգռիչ, ոտքերը` նրբին, մազերը` արձակ: Երբ մոտեցա, երեւաց նաեւ նրա կուրծքը` կատարյալ չափերի, պտուկը ցից էր ու առաձգական: Արձանը կարծես ասում էր` վերցրու ինձ.

- Ինչ նանար է, չէ՞, - ասացի Ֆրեդին: Վերջինս դիմացից էր նայում նանարին, եւ երբ սկսեցի նրան գովել, Ֆրեդի դեմքին նենգ ժպիտ հայտնվեց: Նա մատով ինձ իր մոտ կանչեց` նենգ ժպիտը ավելի ընդգծելով: Առանց կռահելու, թե ինչումն է բանը, շրջանցեցի գեղեցկուհուն ու կանգնեցի Ֆրեդի կողքին. ես տեսա այն, ինչ ամենեւին չէի սպասում տեսնել: Նանարը` այդ գեղեցկուհին, պուպուլիկ ուներ, սովորական առնանդամ, իսկ պատվանդանին մակագրություն էր փակցված` «Հերմոֆրոդիտ»: Ֆրեդը չկարողացավ իրեն զսպել եւ սկսեց ցածրիկ քրքջալ: Ես կատարյալ խուճապի մեջ էի. դե, լավ, խոստովանեմ. «Ինչ նանար է, չէ՞» ասելով` ես նաեւ ճլըպացրել էի հերմոֆրոդիտի կլորիկ տուտուզիկին:

Ֆրեդը սեւ Լուվր բերեց գլխիս. ասենք, մենք կանգնած ենք Տիցիանի կտավի առաջ. մեկ էլ ձեռքով ճլըպացնելու շարժում էր անում ու ասում` «Ինչ նանար է, չէ՞», ու սկսում էր կամացուկ քրքջալ: Ես ծիծաղում էի նրա հետ ու չէի նեղանում. առաջին անգամ էի նրան ուրախ տեսնում, ու դա շատ հաճելի էր:

Այսպիսի ընդմիջումներով տարբեր դասական կտավներ էինք նայում, երբ նկատեցի, որ սրահներից մեկում մարդկանց հսկայական կուտակում կա: Թանգարանի աշխատակիցները անգամ փորձում էին այցելուներին հերթ կանգնեցնել.

- Ինչի՞ համար է այս հերթը, - հարցրի Ֆրեդին:

- Ջոկոնդայի, - ասաց նա:

Հասկանալի է, որ մենք էլ պիտի հերթ կանգնեինք:

Ի տարբերություն մնացած կտավների, որ փակցված էին պատերի երկայնքով` կողք կողքի, Ջոկոնդան մենակ էր եւ փակցված էր ոչ թե ինչ-որ պատի վրա, այլ ցուցասրահի կենտրոնում` հատուկ իր համար կառուցված հսկայական ստենդի վրա: Նրա երկու կողմերում մի-մի հաղթանդամ տղամարդ էր մշտապես կանգնած` «Անվտանգություն» գրությամբ թեւկապներով: Ինքը` Ջոկոնդան, ի տարբերություն մնացած բոլոր նկարների, ցուցադրվում էր ապակու ետեւից. վերակացուներից մեկը բացատրեց, որ նկարը ապակու ետեւ է դրվել այն բանից հետո, երբ ինչ-որ մի մոլագար փորձել է աղաթթու լցնել նրա վրա: Ահա եւ անվտանգության բացառիկ միջոցառումներ. այցելուներին թույլ չէին տալիս երեք մետրից ավել մոտենալ Ջոկոնդային, չնայած մնացած կտավների դեպքում այսպիսի սահմանափակումներ դե ֆակտո չկային: Ջոկոնդայի շուրջ փակցված էին լուսանկարահանումը, տեսագրումը արգելող նշաններ. չնայած սրան, բոլորը ե՛ւ լուսանկարում էին, ե՛ւ տեսագրում, փորձում էին Ջոկոնդայի հետ կադրում հայտնվել` արժանանալով Լուվրի վերակացուների նախատինքներին: Երբ իմ հերթը հասավ, չկարողացա երկար նայել նրան, որովհետեւ Ջոկոնդայի ախրաննիկները այնպես էին նայում ինձ, կարծես հանցանք էի գործում. այդպես հայոց օլիգարխների սափրագլուխներն են նայում այն պատանիներին, ովքեր հանդգնում են հայացք գցել իրենց շեֆերի դուստրերի վրա: Կարճ ասած, ես ու Ֆրեդը արագ հեռացանք այդտեղից:

- Լեոնարդոյին դատ է հասնում սրա համար, - հեռանալիս ասացի ես:

- Ի՞նչ է արել որ, - զարմացավ Ֆրեդը:

- Դա վտանգավոր հանցագործություն է, հայերեն կոչվում է` հոգեխանգարմունքի հասցնել մարդկանց, անգլերեն` երեւի փսիխոզ:

Ֆրեդը չհասկացավ` ինչ եմ ասում: Մենք քայլում էինք, նկարներ, քանդակներ նայում, տեսանք Միքելանջելոյի գործերից, թեւավոր, բայց անգլուխ Նիկային տեսանք, մեկ էլ հայտնվեցինք մի սրահում, որտեղ ցուցադրվում էր Միլոսյան Վեներան: Մեր ուշադրությունը գրավեց մոտ 60-ամյա մի մարդ. նա կանգնել էր Վեներայի դիմաց ու ակնհայտորեն դժգոհ դեմքով ինչ-որ բան էր քրթմնջում: Ֆրանսերենի մեր իմացությունը թույլ տվեց եզրակացնել, որ հայհոյում է.

- Գողեր, սրիկաներ, խաբեբաներ, - ասում էր նա` աչքը Վեներայից չկտրելով:

Վերակացուն ակնհայտորեն ճանաչում էր այդ ծերուկին, որովհետեւ հանգիստ մոտեցավ նրան, թեւանցուկ արեց ու կամաց ասաց. «Դե, լավ, Կլոդ, այսօր բավական է»: Ծերունին, որքան էլ զարմանալի էր, լսեց վերակացուին, շրջվեց ու քայլեց դեպի ելքը, բայց չէր դադարում հայհոյել.

- Գողեր, սրիկաներ, խաբեբաներ…

Մենք ոչինչ չհասկացանք, բայց ես Ֆրեդին ասացի, որ մեզ էլ բավական է.

- Ոտքերս ջարդվում են, - ասացի ես:

- Իմն էլ, - ասաց Ֆրեդը, եւ մենք հեռացանք Լուվրից ու մեզ գցեցինք մոտակա մի սրճարան:

Մեր ուզածը սառը գարեջուր էր:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.