> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԿՈՂՈՊՈՒՏ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԿՈՂՈՊՈՒՏ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ

Քրեակատարողական հիմնարկում կողոպուտի համար բազմիցս դատապարտված մի ընկերոջ հետ հանդիպելու առիթ ունեցա: Հասկանալիորեն, ինձ համար չափազանց հետաքրքիր պիտի լիներ զրույցը այսպիսի կենսագրությամբ մարդու հետ: Զրույցի սկզբում, սակայն, մտքովս չէր անցնի անգամ, որ կողոպուտի նրբությունների մասին մեր խոսակցությունը հանգելու էր հասարակության բարոյականության թեմային: Իմ նոր ծանոթը, ահա, ժամանակին զբաղվել էր կողոպուտի մի հայտնի ձեւով, որը դրսում, հանրության շրջանում հայտնի է «Կուկլա» անունով: Այս գործն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ խմբում ընդգրկվի առնվազն երկու, երեք հոգի: Կողոպուտի մասնակիցներից մեկը փողոցում քայլելով հավասարվում է պոտենցիալ զոհին, եւ այդ ժամանակ ըստ պայմանավորվածի, նրա ընկերը` որպես անծանոթ անցնելով վայր է գցում դրամապանակը եւ հեռանում: Մյուսը պոտենցիալ զոհին ի տես, գետնից բարձրացնելով դրամապանակը բացում է այն, եւ զոհին ցույց տալով, թե դրամապանակը լի է դոլարով (իրականում այդ դրամապանակի մեջ, որպես կանոն, մակերեսին մեկ դոլարանոց է դրված լինում, իսկ դրամապանակի ուռուցիկությունը սովորական թուղթն է ապահովում) նրան առաջարկում է մտնել մոտակա շքամուտք, կամ բակ` փողը կիսվելու: Պոտենցիալ զոհին այս ամենը մատուցվում է այնպես, որ վերջինիս թվա, որ դրամապանակ գտածը իրեն լռության դիմաց է առաջարկում կիսվել. իբր` փողը իրար մեջ կիսվենք, աղմուկ չանենք: Պոտենցիալ զոհը, ահա, ոգեւորված անսպասելի հաջողությունից, կողոպուտի մասնակցի հետ մտնում է մի խախանդ տեղ` բակ կլինի, շքամուտք կլինի: Բնականաբար, այդ տեղը կողոպուտի մասնակիցները նախապես պլանավորած են լինում: Ահա, կողոպուտի առաջին մասնակիցն ու զոհը փողը կիսելու համար հարմար տեղ են գտնում, եւ երբ պատրաստվում են սկսել «կիսվելու» գործը, «պատահաբար» վրա է հասնում «դրամապանակը կորցրած» անձը: «Դրամապանակը գտածը» այն արագ սեփական գրպանն է խոթում, որ չերեւա: Եւ ահա, դրամապանակ կորցրածը այս երկուսին դիմելով հարցնում է, թե արդյո՞ք նրանք չեն իր դրամապանակը գտնողը: Առաջինը «դրամապանակը գտած» հանցակիցն է սկսում խոսել եւ ասել, որ իրենք ոչ մի դրամապանակ էլ չեն գտել: Զոհը նույնպես սկսում է ամեն ինչ հերքել: Դրամապանակը «կորցրածը» կասկած է հայտնում եւ, իր հանցակցին դիմելով, նրան առաջարկում է թույլ տալ, որ ինքը նրա գրպանները ստուգի` համոզվելու համար, որ իրեն չեն խաբում: Հանցակիցը սիրով համաձայնում է: Եւ ահա, կողոպտիչը իր ընկերոջ գրպանները ստուգելով այնտեղ իր դրամապանակը չի գտնում: Ի դեպ, կողոպուտի` խուզարկության ենթակա մասնակիցը սովորաբար գրպաններում բավականին շատ փող է ունենում, որպեսզի զոհը տեսնելով, որ «դրամապանակը կորցրածը» դիմացինին խուզարկության ենթարկելով նրա գրպանից գումարներ է հանում, եւ արձանագրելով, որ դրանք իր փողերը չեն, տեղը դնում` հոգեբանորեն հանգստանա, պատրաստ լինի, որ իր հետ էլ է նույնը տեղի ունենալու: Ահա խուզարկելով իր հանցակցին, եւ «ոչինչ չգտնելով», «դրամապանակը կորցրածը» զոհին էլ առաջարկում է թույլ տալ, որ ինքը նրա գրպանները ստուգի: Եւ այստեղ էլ սկսվում է կողոպուտը. զոհի գրպաններից փողը հանվում է, ապա «ետ դրվում»: Իրականում` կամ ոչինչ ետ չի դրվում, կամ էլ եղածի միայն տասը տոկոսը: Ձեռքերի եւ շարժումների ճարպկությունն է գործում: Եւ երբ գործը ավարտված է լինում, մի կեղծ աղմուկ է ստեղծվում, որ պոտենցիալ զոհը այդտեղից փախչելու հնարավորությունը լավագույն լուծում համարի: Ասենք, իր հանցակցի գրպանները կրկին անգամ ստուգելով` «դրամապանակը կորցրածը» գտնում է դրամապանակը, սկսում բարձրաձայն ոստիկանություն կանչել, կամ այս կարգի ինչ-որ բան, եւ բոլորը փախչում են տարբեր ուղղություններով: Սա է այս կողոպուտի սցենարը, եւ հիմա թերեւս, ընթերցողի մոտ հարց է ծագում, թե ինչ կապ ունի այս ամենը հասարակական բարոյականության հետ: Իսկ կապը ուղղակի է, որովհետեւ իր պատմությունները պատմելով` կողոպուտի համար բազմիցս դատված իմ բարեկամը արձանագրեց, որ իրենց գործը անհնարին կդառնար, եթե հանրությունը բարոյապես փչացած չլիներ: Ի վերջո, պոտենցիալ զոհը տեսնելով, որ անցորդը կորցրել է դրամապանակը` կարող է ձայն տալ նրա ետեւից, տեղեկացնել կատարվածի մասին: Բայց տեսնելով, որ անաշխատ փող կպցնելու տարբերակ կա, անբարոյականություն է անում, եւ ուրեմն` կողոպտիչին իրեն կողոպտելու բարոյական իրավունք տալիս: Կողոպուտի գործով հմտացած բարեկամս պատմում էր, որ չի եղել մի դեպք, երբ ինչ-որ մեկը դրամապանակը կորցրածի ետեւից ձայն տա: Եղել են նման մտադրություն ունեցող մարդիկ, բայց տեսնելով, որ «կորսված» դրամապանակի մեջ «մեծ փող» կա, փոշմանել են: «Իմ վերջին դատի ժամանակ տուժողներից մեկը մի 45 տարեկան կին էր, դասատու, ու խոսելիս ասում էր` 20 տարվա մանկավարժ եմ, 20 տարվա մանկավարժ եմ: Դատավորն էլ էրէսին շպպացրեց, ասեց` տիկին, 20 տարվա մանկավարժը, ընտանիքի մայրը անծանոթ տղամարդու հետ կիսամութ պադյեզդ ա մտնում որ փող կիսվի՞»,- պատմում էր կողոպուտի համար բազմիցս դատապարտված բարեկամս:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Շարունակելի
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Փետրվար 24th, 2010 at 15:33 | #1

    NIKOL JAN SKI CMTACES AMEN INCH LAV A LINELU. HAXTELU ENG!

  2. MM
    Փետրվար 25th, 2010 at 22:02 | #2

    Nikol jan, es kyanqum patahakan vochinch chi linum. Hima du gites, te ishxanapoxutyunic heto inchqan ashxatanqner kan anelu. U vstah em , vor du misht kmnas qo barcrutyan vra!!!!!!!!!!!!PAYQAR, PAYQAR MINCHEV VERCH!

  1. No trackbacks yet.