> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԴԻՄՈՒՄԴ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԴԻՄՈՒՄԴ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

Նիկոլ ՓաշինյանՊատահեց, որ կիրակի օրով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը գրավոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն առաջացավ: Գրեցի դիմումս` սոխով-սխտորով, դե պատկերացրեք` ինչ համով դիմում կգրեմ: Կանչել եմ հսկիչներին, ասում եմ` պարոնայք հսկիչներ, դիմում ունեմ հանձնելու: Էսօր կիրակի է, ասում են, էսօր դիմում չենք ընդունում: Էս քրեակատարողական հիմնարկի անունը, ասում եմ, «Նուբարաշեն» է, չէ՞, եւ ոչ թե «Կիլիմանջարո»: Հա, ասում են: Հա ու ջան, ուրեմն Հայաստանում է, չէ՞, գտնվում: Հա, ասում են: Հա ու ջան, ուրեմն էս քրեակատարողական հիմնարկում Հայաստանի օրենքներն են, չէ՞, գործում: Հա, ասում են: Հա ու ջան, ասում եմ: Հայաստանի Հանրապետությունում օրենք կա, որը կոչվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին»: Գիտենք, ասում են: Թոբա թե, ասում եմ: Բա որ գիտեք, էդ ինչպե՞ս պատահեց, որ չգիտեք, որ այդ օրենքը 18-րդ հոդված ունի, որում ասվում է. «Ձերբակալված կամ կալանավորված անձն իր առաջարկությունները, դիմումները, բողոքները կարող է տալ ամեն օր, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր»: Էսօր կիրակի է` ասում են: Կիրակին ամեն օրվա մեջ մտնու՞մ է, հարցնում եմ: Հա, ասում են: Հա ու …` ուրեմն` դիմումս վերցրեք: Չենք կարող, ասում են: Պարտավոր եք, ասում եմ: Էսօր կիրակի է, ասում են: Հանում եմ «Կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը»` հաստատված ՀՀ կառավարության կողմից եւ հսկիչների համար բարձրաձայն կարդում եմ 169-րդ կետը, որտեղ ասվում է. «Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմն առանց քանակի սահմանափակման պարտավոր է ընդունել կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից ներկայացվող առաջարկությունները, դիմումներն ու բողոքները»: Հա, ասում են, բայց դա արդեն մեզնից չի կախված, ղեկավարությունից է կախված: Ստացվում է, եթե ղեկավարությունը ցանկանա, օրենքը կաշխատի, եթե չցանկանա` մեռնեմ ապօրինություններին: Ու «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, փաստորեն, ղեկավարության հոգեկան առողջության վիճակից է կախված օրենքի գործել-չգործելը:

Եւ ընդհանրապես, այս քրեակատարողական հիմնարկում (համոզված եմ ուրիշ շատ հիմնարկներում նույնպես), կալանավորված անձանց կամ դատապարտյալների դիմումների հետ կապված ծանրագույն վիճակ է տիրում: Սրանում կարելի է համոզվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակիցներին «9-րդ ձեւի» մասին հարցնելով: Բառացիորեն խաբար չեն, թե ինչի մասին է խոսքը, ինչը նշանակում է, որ քիչ չեն դեպքերը, երբ կալանավորված անձանց կամ դատապարտյալների դիմումները անհետ կորում են: «9-րդ ձեւի» մատյանը կառավարության որոշմամբ հաստատված փաստաթուղթ է, որտեղ պետք է գրանցվեն կալանավորված անձանց եւ դատապարտյալների դիմումները, դրանց հանձնելու օրը, այն ընդունած պաշտոնյայի անունը, թե դիմումատուն եւ թե այն ստացողը պետք է ստորագրեն այդ մատյանում, որովհետեւ նույն օրենքը դիմումներին բողոքներին գրավոր պատասխանելու պարտավորություն է սահմանում ՔԿՀ-ների վարչակազմի, եւ ընդհանրապես հասցեատեր պետական մարմինների համար: Ու քանի որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «9-րդ ձեւ» կոչվածը կամ չկա, կամ մի խորը տեղ պահված է, կալանավորված անձանց եւ դատապարտյալների դիմումները կարող են անհետ կորել, եւ նա չի կարող որեւէ կերպ ապացուցել, որ դիմում է գրել իր այս կամ այն իրավունքի իրացումն ապահովելու մասին: Ու քանի որ չի կարող ապացուցել, կնշանակի` չի դիմել, կնշանակի իրավունքի խախտում տեղի չի ունեցել: Սա կարեւոր է, որովհետեւ օրենքով կալանավորված անձանց վերապահվող շատ իրավունքներ իրացվում են միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում: Իսկ երբ դիմումը իր ետեւից հետք չի թողնում, այն կարելի է պատռել, շպրտել, եւ կալանավորված անձին զրկել օրինական իրավունքներից: Այսպիսի դեպքերի մասին ինձ արդեն շշուկներ հասնում են, եւ այդ շշուկներին չհավատալու ոչ մի հիմք չունեմ: Ավելին, ասում են, թե դիմում գրելու համար նույն այս քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ հետապնդումներ են սկսվում, մինչդեռ վերը հիշատակված օրենքի նույն հոդվածի վերջին մասը ասում է. «Արգելվում է որեւէ ձեւով հետապնդումը ձերբակալված, կալանավորված անձանց նկատմամբ ` իրենց իրավունքների եւ օրինական շահերի խախտումների վերաբերյալ առաջարկություններ, դիմումներ, բողոքներ ներկայացնելու դեպքում: Նման հետապնդում իրականացնող անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Շարունակելի

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Փետրվար 16th, 2010 at 07:05 | #1

    Ay hima haskaca, vor Nikol@ ir demq@ chi korcni yerbeq! Apres Nikol jan, dranc cuyc tur , te vortex en dzmerum xecgetinner@.

  2. MM
    Փետրվար 16th, 2010 at 07:08 | #2

    Nikol jan, mi litkayan bacir, dranc angragitutyun@ veracnelu hamar! Du hrashq es!

  3. Marianna
    Փետրվար 16th, 2010 at 12:47 | #3

    @MM
    +1

  4. Փետրվար 16th, 2010 at 20:46 | #4

    Nikol, shat enk zgum ko karik@…………….!!!

  1. No trackbacks yet.