> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՐԳ ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ

ԵՐԳ ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ

Մարտի 1-ի գործը, փաստորեն, միջազգային մասշտաբներ է ստանում: Ի՞նչ կարող ես անել. մեր իրավապահները շա~տ պրոֆեսիոնալ են եւ ի հեճուկս մեր գործադրած տիտանական ջանքերի` գլխի ընկան, որ մեր ծրագրերին ու որոշումներին մասնակից է եղել նաեւ հանրահայտ ռեժիսոր եւ դերասան Մել Գիբսոնը:

Մարտի 1-ի գործից անջատված մասով դատախազությունը, թերեւս, մեղադրանք կառաջադրի հայտնի դերասանին, քանի որ նա փետրվարյան հայտնի օրերին Ազատության հրապարակում հավաքվածներին էկրանից Հայաստանի սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչեր է արել իր նկարահանած «Քաջարի սիրտը» ֆիլմի միջոցով: Անհանգստանալու որոշակի շարժառիթներ ունեն նաեւ խորհրդային «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում նկարահանված անձինք, ովքեր փետրվարյան հայտնի օրերին Ազատության հրապարակի մարդկանց մոլորության մեջ գցեցին` ասելով թե «ցարյ տը նենաստայաշչի~յ»: Համաձայնեք, որ նրանք նկատի ունեին Սերժ Սարգսյանին. եւ իսկապես, էլ ու՞մ, եթե ոչ Իվան Վասիլեւիչ Բունշային է հիշեցնում Սերժիկ Սարգսյանը: Այո, իհարկե, ճիշտ է դատախազությունը, երբ նկատել է, որ շուրջօրյա հանրահավաքի օրերին Ազատության հրապարակում հնչեցվում էին այդպիսի երգեր, որ գրգռեն մարդկանց: Վերցնենք, օրինակ, այդ օրերին ամենաշատ հնչած երգերից մեկը` «Արեւիկ» մանկապատանեկան խմբի «Երազանքների բարի փերին»: Ցանկացած նորմալ մարդ, դե, ասենք, Աղվան Հովսեփյանի կամ Սերժ Սարգսյանի տիպի նորմալ մարդիկ, այս երգը լսելիս միանգամից գազազում են, կատաղում, գրգռվում են եւ ուզում են բռնություններ գործել աջուձախ: Համենայնդեպս` Աղվան Հովսեփյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը այսպես են վարվում, որովհետեւ «Երազանքների բարի փերի» երգը նրանց հիշեցնում է իրենց մանկության մասին, եւ ի դեպ, մարտի 1-ին նրանց երազանքների փերին իրականացրեց իրենց մանկության երազանքը` նրանք արյուն հեղեցին, անմեղ մարդկանց սպանեցին: Ահա այսպիսին է եղել նրանց մանկական երազանքը: Էլի կային ռազմաշունչ երգեր «Ազատության» հրապարակում. «Արաբո, Արաբո` քաջ ֆիդայապետ, գնանք հայեր, գնանք` կռվենք թուրքի հետ»: Ո՞ւմ հայտնի չէ, թե ովքեր են թուրքերը: Եթե որեւէ մեկին հայտնի չէ` գլխավոր դատախազության մեղադրական եզրակացությունը թղթի վրա ամրագրել է, թե ում պետք է նկատի ունենալ` թուրք ասելով: Մարտի 1-ին համոզվեցինք, որ այդ մարդիկ լիովին վաստակել են այդ բարձր կոչումը: Բա Քոչարին. Ազատության հրապարակում անընդհատ հնչում էր Քոչարին, որը մեր երաժշտական միջավայր է մտել ջհուդամասոնական ուժերի միջոցով` մարդկանց գազազեցնելու, հոգեխանգարմունքի մեջ գցելու, ատելություն սերմանելու համար: Ուրիշ երգեր էլ են եղել Ազատության հրապարակում, որոնց միջոցով ընդդիմությունը թշնամանք էր սերմանում Հայաստանում: Ահավասիկ` այդ երգերից մեկի տեքստը. «Ախպեր ջան, քեզ ղուրբան, իմ գյումանը դու ես, դու»: Ահա, սիրելի բարեկամներ, դեռ քիչ էին Հայրենիք, Ընտանիք, Հաղթելու ենք բառերը, հիմա էլ, ախպեր ջան` քեզ ղուրբան: Ահա այսպես են մարդիկ սեպ խրել ազգի երկու հատվածների միջեւ, եւ փառք Աստծո, որ մենք ունենք այնպիսի դատախազություն, որը հասկանում է, թե ինչ է նկատի առնվում «ախպեր ջան», «ընտանիք», «քեզ ղուրբան», «երազանքների բարի փերի», «հայրենիք», «մեր երազը վառ դու կատարիր» եւ այս կարգի այլ կոդավորված արտահայտությունների տակ:

Հ.Գ. Արաբո, Արաբո` քաջ ֆիդայապետ/ գնանք, հայեր, գնանք/ կռվենք թուրքի հետ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.