> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ԲՌՆԵԼ ՊՌԱՊՈՒՍԿԱՏԻ ՎՐԱ»

«ԲՌՆԵԼ ՊՌԱՊՈՒՍԿԱՏԻ ՎՐԱ»

Հիլարի Քլինթոն, Ահմեդ ԴավութօղլուԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագծի հայտնվելուց հետո ավելի ակնհայտ դարձավ, որ հայ-թուրքական հարաբերություններում ներգրավված կողմերից Թուրքիան միակն է, որ ինքն իր համար նահանջի ոչ մի հնարավորություն չի թողնում։ Այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անձամբ հայտարարեց, որ Ապրիլի 24-ի լծակի գործադրումը իրենց չի կարող ստիպել վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները։ Խնդիրը, սակայն, ոչ միայն այս հայտարարության բովանդակությունն է, այլեւ այն դիվանագիտական հնարքները, որ կողմերը կիրառում են իրենց դիրքորոշումներն արտահայտելու համար։ Կանխատեսելի էր, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հիմնական միջնորդ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության խաղարկմամբ ճնշում գործադրել Թուրքիայի վրա։ Օբաման, սակայն, այս ճնշումը անձամբ չի գործադրում, այլ դա անում է Կոնգրեսի միջոցով, որը ֆորմալ առումով դուրս է նրա վերահսկողությունից։ Այսինքն, ԱՄՆ նախագահը ամեն ինչ անում է գործընթացի պատասխանատվությունը իր վրա չվերցնելու, անհրաժեշտության դեպքում նահանջելու համար։ Դիվանագիտական այս զգուշավորությունը մենք տեսնում ենք նաեւ Հայաստանի իշխանության գործողություններում. վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իշխանական դիրքորոշումները հնչեցվում են ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի եւ մի քանի այլ ջահել պատգամավորների բերանով։ Սրանք մարդիկ են, որոնց ասածին նույնիսկ սեփական խմբակցության ներսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում, էլ ուր մնաց` միջազգային մակարդակում։ Բոլորը հասկանում են, սակայն, որ նրանք հնչեցնում են Սերժ Սարգսյանի տեսակետը, բայց վերջինս սուպերզգուշավորություն է ցուցաբերում` անհրաժեշտության դեպքում հայտարարությունների պատասխանատվությունը ջահելության վրա գցելու համար։ Իսկ ահա թուրքական կողմից դիրքորոշումները արտահայտվում են ամենաբարձր մակարդակով. վարչապետ, ԱԳ նախարար, խորհրդարանի նախագահ։ Ասել կուզի` ամերիկյան ու հայկական կողմերը այս հարցերում շատ զգուշավոր են, իսկ թուրքական կողմը` չափազանց ինքնավստահ։ Սա ընդամենը մի բան կարող է նշանակել. Թուրքիայի իշխանության վերնախավում որոշել են մինչեւ իրենց նախապայմանների իրագործումը չվավերացնել հայ-թուրքական արձանագրությունները։ Ու եթե մինչեւ վերջերս որպես նախապայման հիշատակվում էր էական առաջընթացը ԼՂ հարցում, ՀՀ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո թուրքերը, ըստ էության, ՀՀ իշխանություններից գրավոր երաշխիք են ուզում, որ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովը քննարկելու է Ցեղասպանության լինել-չլինելու հարցը։ Ի դեպ, ՍԴ որոշմանը Թուրքիայի արձագանքը որոշակի եզրակացություններ անելու հիմք է տալիս։ ՍԴ որոշման առանցքային իմաստն այն է, որ հայ եւ թուրք պատմաբանների ստեղծվելիք հանձնաժողովը չի կարող քննարկել Հայոց ցեղասպանության հարցը։ Եւ այս որոշմանը Թուրքիայի արձագանքը շատ հետաքրքիր էր. այդ երկրի արտգործնախարարը անմիջապես հեռախոսազրույցներ նախաձեռնեց միջնորդ երկրների` ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների հետ։ Սա ստիպում է մտածել, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պահին հստակ պայմանավորվածություն է եղել Ցեղասպանության հարցը պատմաբանների հանձնաժողովում քննարկելու մասին, այլապես Դավութօղլուն չէր «թռնի միջնորդների դեմքին»։ Եւ ի դեպ, գուցե այդ հանգամանքո՞վ է պետք պայմանավորել նաեւ թուրքական կողմի հարաճուն ինքնավստահությունը. այսպիսի վստահություն ձեռք են բերում նրանք, ովքեր լուրջ բացթողում, պայմանավորվածություններին հակասող քայլեր են հայտնաբերում գործընկեր-հակառակորդի գործողություններում։ Ժարգոնով սա կոչվում է` «բռնել պռապուսկատի վրա»։ Դժվար է հավատալ, թե որեւէ ուրիշ պարագայում թուրքական դիվանագիտությունը կարող էր հանդես գալ նման ճակատային դիրքորոշումներով։ Այդ ճակատային դիրքորոշումները ստիպում են պնդել, որ այսքանից հետո արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանի կողմից` նվաստացուցիչ կլինի այդ երկրի համար։ Եթե, ուրեմն, Օբաման կարողանա նվաստացնել Թուրքիային, դա պետք է միայն ողջունել։ Իսկ եթե ոչ, ստիպված կլինենք արձանագրել, որ Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ առկա հակասությունների մասին բարձրաձայնելու իր նենգ քայլերով Թուրքիան հավասարակշռությունից հանեց Սերժ Սարգսյանին, եւ վերջինս ՍԴ որոշմամբ փորձեց իր «հավատարմությունը» ցուցադրել ազգային արժեքներին, այդպիսով դիրքորոշումները կոշտացնելու հնարավորություն տալով Թուրքիային։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Փետրվարի 10, 2010

Խմբ. կողմից. նյութը պատրաստվել է մինչեւ Սերժ Սարգսյանի` Աբդուլլահ Գյուլին հղած ուղերձի մասին հաղորդագրության տարածումը։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,