> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՕՐԵ~ՆՔ, ՕՐԵ~ՆՔ` ԴԱՐՁՐԻՔ ՉԱՓԱՆԻՇ

ՕՐԵ~ՆՔ, ՕՐԵ~ՆՔ` ԴԱՐՁՐԻՔ ՉԱՓԱՆԻՇ

Մարտի 1ԱԺ նիկոյանական հանձնաժողովը սկզբում փորձում էր փաթեթով կոծկել մարտի 1-ի իրադարձությունները: Բայց խնդրի առաջ կանգնեց, որովհետեւ երբ չորս, հինգ սուտ ես դնում իրար կողքի, դրանք չեն բռնում իրար հետ: Մյուս կողմից` այդ ստերից յուրաքանչյուրը անհրաժեշտ էր իշխանություններին, եւ ուրեմն` որոշվեց դրանք հերթով անցկացնել: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, ուրեմն, ոստիկանության բարձրաստիճաններին սկսեց հրավիրել կոնկրետ նպատակով. որ նրանք շատ չծավալվեն եւ ամեն նիստի ընթացքում կենտրոնանան միայն մեկ ստի վրա` հանգիստ թողնելով մյուս ստերը, որպեսզի դրանք մեկը մյուսին չչեզոքացնեն:

Արդյունքում` ոստիկաններն էլ, Նիկոյանն էլ խճճվել են: Վերցնենք, օրինակ, մարտի 1-ի առավոտյան դեպքերը. ոստիկանությունը այդպես էլ հստակ չի ասում, թե որն է եղել նրա այցի նպատակը Ազատության հրապարակ: Ասում են` տեղազննություն պետք է իրականացնեին. եթե այդպես է` օրենքով այդ տեղազննության վայր չէր կարելի գալ ժամը 07.00-ից շուտ: Իսկ փաստերն ապացուցում են, որ Ազատության հրապարակում ամեն ինչ սկսվել է 07.00-ից շատ առաջ: Սա օրենքի խախտում է, այսինքն` այս սցենարում ոստիկանությունը ինքն իրեն դրել է օրենքից դուրս: Եթե եկել էր ցույցը ցրելու, դադարեցնելու` դրա համար չուներ ոչ մի օրենսդրական հիմնավորում: Եթե անգամ ունենար` չէր կարող ցրել, մինչեւ ցուցարարներին եւ ցույցի կազմակերպիչներին հավաքը ինքնակամ դադարեցնելու ողջամիտ ժամկետ չտար եւ բարձրախոսներով չհայտարարեր: Չնայած ասում են` հայտարարություն արել են, հետո ասում են` չեն հասցրել անել: Ու եթե համադրենք ոստիկանական ղեկավարության ցուցմունքները, մի բան ակնհայտ է` բոլոր սցենարներում մարտի 1-ին ոստիկանությունը իրեն դուրս է դրել օրենքից. թե՛ առավոտյան, թե՛ դրանից հետո: Եւ սա այնքան ակնհայտ է, որ անգամ դատախազությունն ու հատուկ քննչական ծառայությունը չեն էլ փորձել հիմնավորել, որ ոստիկանության գործողությունները օրինական են, որովհետեւ, երբ որ այս թեմային կպնեն, ամեն ինչ քանդվելու է` սրանից բխող բոլոր հետեւանքներով: Ու որպեսզի նման բան տեղի չունենա, իշխանական քարոզչամեքենան ձեռքի հետ` «տակից» քարոզչություն է ծավալել, որը ոչ միայն մարտի 1-ի հետ կապված ռետրո սրբագրման նպատակ ունի, այլեւ մի փիլիսոփայություն է, որ ներշնչվում է հանրությանը: Այդ փիլիսոփայության իմաստը հետեւյալն է. ճիշտ է, Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները ասում են, որ ոստիկանն էլ մնացած մարդկանց նման պետք է օրենքին ենթարկվի, բայց դե` էդպես ո՞նց կլինի: Ախր` առանց ապօրինության հնարավոր չի պաշտպանել օրենքը: Այս փիլիսոփայությունը, իսկապես, կապված չէ զուտ մարտի 1-ի հետ, այլ գործող վարչախմբի ընկալումն է իշխանության մասին: Նրանց համար իշխանությունը առաջին հերթին անարգել հանցանքներ գործելու լծակ է, լիազորություն: Պատկերացնո՞ւմ եք` մարդ իշխանություն ունենա եւ անարգել հանցանքներ գործելու լիազորությունից զուրկ լինի: Էլ ո՞ւմ է պետք նման իշխանությունը. թքել կարելի է այդպիսի իշխանության վրա: Եւ ամենեւին պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանը կեղծված Սահմանադրության միջոցով անձեռնմխելիություն մտցրեց նախկին նախագահների համար, որ պաշտոնավարման ընթացքում նրա գործած հանցանքները դիտվեն որպես գործունեության հետ կապված անհրաժեշտ քայլեր: Ու հիմա, այս տրամաբանությամբ, որեւէ մեկին նախագահ կնքելիս` կլանը ընտրում է երկրի թիվ մեկ հանցագործին, ԱԺ նախագահ ընտրելիս` թիվ երկրորդին եւ այսպես շարունակ: Եվ փաստորեն, այս տրամաբանությունը գործում է, եւ նաեւ սա է պատճառը, որ, օրինակ, Վանաձորի քաղաքապետը Վանաձորի թիվ 1 հանցագործն է, Սյունիքի մարզպետը` Սյունիքի թիվ 1 հանցագործը, ոստիկանության համակարգի թիվ մեկ հանցագործը` ոստիկանության պետը եւ այլն, եւ այսպես շարունակ: Տիգրան Թորոսյանը ինչո՞ւ չէր ձգում ԱԺ նախագահի պաշտոնին, որովհետեւ երկրի թիվ 2 հանցագործ այդպես էլ չկարողացավ դառնալ եւ իրեն դրսեւորում էր միայն մանր-մունր կենցաղային հարցերում: Իսկ Ախքիկը դեռեւս նախընտրական շրջանում օբրուչով բոչկա ուտելու հայտ ներկայացրեց եւ ստացավ լափելու անսահմանափակ հնարավորություն: Այնպես որ, օրենքը, սիրելի ժողովուրդ, իշխանավորի համար չէ: Իշխանություններին օրենքը անհրաժեշտ է այնքանով, որքանով դա անհրաժեշտ է հանցագործ լինելու իրենց իրավունքը պաշտպանելու համար: Այնպես որ, եթե ուզում եք օրինական երկրում ապրել, իշխանության վրա հանկարծ հույս չդնեք: Իսկ եթե չեք ուզում օրինական երկրում ապրել, ուրեմն պատրաստ եղեք, որ ապօրինությունը, բեսպրեդելը մի օր կբախի ձեր դուռը: Ավելի ճիշտ` ներս կմտնի` անգամ առանց դուռը բախելու:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.