> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈՉԽԱՐՆԵՐ` ՔՆԱԾ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ՈՉԽԱՐՆԵՐ` ՔՆԱԾ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ոչխարներՄինչ կառավարությունը ջուր է ծեծում օլիգոպոլիաների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին (վերջին անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը այդ մասին կարծեմ 2010 թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ է խոսել), օլիգոպոլիաները իրենց տիրապետությունը ավելի են ահագնացնում: Ոչխարաբուծության հետ կապված վերջին պատմությունը այս իմաստով շատ ուսանելի է. Իրանում ոչխարի պահանջարկ է առաջացել, եւ ահա, այդ բիզնեսը կենտրոնանում է Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի ձեռքում: Ընդ որում, եթե այսօր սույն օլիգարխը, ըստ մամուլի հրապարակումների, ոչխարի գլխաքանակի գնման մոնոպոլիա է ստանում, այսինքն` ոչխարաբույծները պարտավորվում են միմիայն նրան վաճառել իրենց ոչխարները, հաջորդ քայլով արդեն ոչխարաբուծությունն է դառնալու նրա մենաշնորհը: Սա տեղի է ունենալու շատ պարզ մի մեխանիզմով. «ազատ, արդար, թափանցիկ» ընտրությունների միջոցով ընտրված գյուղապետները, օրենքի տառին համապատասխան, իրենց տարածքներում գտնվող ոչխարի արոտավայրերը վարձակալության են հանձնելու Սաշիկ Սարգսյանի մարդկանց, եւ ջփավոր սափրագլուխներն էլ աչալրջորեն հսկելու են այդ արոտավայրերի սահմանները, որպեսզի միայն հանրապետական ոչխարները դրանցում արածելու հնարավորություն ունենան: Ոչխարաբուծությամբ զբաղվող գյուղացիներին այլ բան չի մնալու, քան կամ չոբան գրվել հարգարժան Սաշիկի մոտ եւ զբաղվել նրա ոչխարների բուծմամբ, կամ էլ մեկնել Ռուսաստան` իրենց գլուխը պահելու համար: Ընդ որում, սա ամենեւին էլ նոր մեխանիզմ, նոր պատմություն չէ. ընդամենը վերջերս կարտոֆիլ աճեցնող գյուղացիները «Ազատություն» ռադիոկայանով մղկտում էին, որ աճեցրած կարտոֆիլը չեն կարողանում իրացնել, քանի որ իրենց հիմնական գնորդը` Հայոց բանակը, վերջին տարիներին միայն Գագիկ Ծառուկյանի դաշտերում աճեցված կարտոֆիլ է գնում, իսկ գյուղացու աճեցրածը փչանում է: Իսկ որեւէ մեկը տիրապետու՞մ է, թե ինչ է կատարվում Արարատյան դաշտի ծիրանի այգիների հետ. ԱԺ հանրապետական եւ ԲՀԿ-ական պատգամավորները հազարավոր հեկտարներով ծիրանի այգիներ ունեն: Այս այգիները նրանք գնում են չէ՞ ինչ-որ մեկից, էդ ինչ-որ մեկը գյուղացին է, չէ՞: Դեռ չքննարկենք, թե նա ինչու է իր այգիները վաճառում, քննարկենք, թե նա ինչով է զբաղվում այդ այգիները վաճառելուց հետո: Կամ այգեպան է դառնում իր այգու նոր «խազեինի» մոտ, կամ էլ փողերն առնում` Ռուսաստան է մեկնում: Սամվել Ալեքսանյանը շաքարի գործարան է կառուցում Գյումրիում, եւ լայնորեն գովազդվում է, թե ահա` այսքան-այսքան շաքարի ճակնդեղ է մթերվելու այդ գործարանն աշխատեցնելու համար: Լավ կլիներ, իհարկե, որ գյուղացու աճեցրած ճակնդեղը գներ Ալեքսանյանի գործարանը: Բայց ինչո՞ւ պիտի գյուղացու մշակած ճակնդեղը գնի, եթե գյուղացու հողը, գյուղացուն էլ հետը գնելու հնարավորություն ունի: Եւ այդ հնարավորությունը նրան այն իշխանությունն է տվել, որի համար ընտրատեղամասերում լցոնումներ էին անում Սամվել Ալեքսանյանի մարդիկ: «Առաջ Հայաստան» կարգախոսը երկիրը դեպի ետ տանելու հսկայական պոտենցիալ ուներ, փաստորեն. այդ կարգախոսի տակ Հայաստանը վաղ կապիտալիզմից անցում է կատարում ուշ ֆեոդալիզմի փուլ, որտեղ հողատեր գյուղացիները չնչին տոկոս են կազմում, իսկ մնացած գյուղացիները հողատեր կալվածատիրոջ հողը բեջարող վարձու աշխատողի կարգավիճակ ունեն: Այսպիսի տեմպերով «առաջ» գնալու դեպքում կհասնենք նաեւ ստրկատիրական կարգերի: Ժպտում եք հա՞, երեւի: Եթե երեք ամիս առաջ մեկը ասեր, որ ոչխարի գործը Սաշիկի մենաշնորհն է դառնալու, ասողին խելագարի տեղ կդնեիք հաստատ: Ու ոչխարների այս խառնաշփոթի ֆոնին պետք է հուսալ, որ Ամենայն հայոց ավազակապետը մատաղների քվոտան իրենով է արել. հանուն հավատացյալ հոտի, միմիայն հանուն հավատացյալ հոտի:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
Փետրվարի 4, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Փետրվար 4th, 2010 at 16:18 | #1

    Che, chexav, Nikol jan, parzapes haykakan tradiciayov, sashik@ ir azgutakin terutyuna anum! Inq@ xoyna(che, tarasxal chem arel) u ir azgi vochxarnerin el tera kangnel! edqan ban!

  2. Armen M.
    Փետրվար 4th, 2010 at 18:32 | #2

    մեր նժդեհականները շատ են սիրում համեմատվել ուրիշ երկրների հետ` իբր կոռուպցիա այնտեղ էլ կա,ալնտեղ էլ են զորքով ճնշում անկարգությունները….մի անգամ էլ թող իրենց վարչապետին համեմատեն,,:Մի հատ ֆուտլյար -տեղապահ դա է,մի հատ էլ ախք-ն է: Սննդանվտանգության խնդրով հենց դրանք պիտի զբաղվեն:Մի երկու տարի առաջ էլ խոզի հետ տարօրինակ բաներ կատարվեցին` իբր աֆրիկյան ժանտախտ է`մասսայական կոտորվեց հյաուսիսային շրջանների խոզը,ընդ որում բժիշկներով բանով ստիպողաբար բնաջնջում էին,հետն էլ ասում էին թե յոթ տարի վիրուսը կենսունակ է մնում…: Եվ ինչ, երկու-երեք ամիս անց նորից խոզ պահողները սկսեցին պահել և ոչ մի վիրուս էլ չկար:Դա այդպես էլ անցավ գնաց մարսեցին: Հիմա էլ ոչխարի հերթն է եկել:Տարբերությունն այս ամենում նա է,որ խոզի միս հարևանները չեն օգտագործում,իսկ ոչխար` միայն հասցրեք:Երկու դեպքում էլ տուժողը մեր ժողովուրդն է:

  3. Հայկ–PL
    Փետրվար 6th, 2010 at 10:25 | #3

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ :
    «Առաջ Հայաստան» կարգախոսը երկիրը դեպի ետ տանելու հսկայական պոտենցիալ ուներ, փաստորեն. այդ կարգախոսի տակ Հայաստանը վաղ կապիտալիզմից անցում է կատարում ուշ ֆեոդալիզմի փուլ, որտեղ հողատեր գյուղացիները չնչին տոկոս են կազմում, իսկ մնացած գյուղացիները հողատեր կալվածատիրոջ հողը բեջարող վարձու աշխատողի կարգավիճակ ունեն: Այսպիսի տեմպերով «առաջ» գնալու դեպքում կհասնենք նաեւ ստրկատիրական կարգերի:

    Քիչ մնաց, շուտով դրան էլ կհասնենք…

  1. No trackbacks yet.