> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ». ԿՅԱՆՔԸ ԲՈՔՍԵՐՈՒՄ

«ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ». ԿՅԱՆՔԸ ԲՈՔՍԵՐՈՒՄ

Նուբարաշեն ՔԿՀ«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի «բոքսերի» հետ կապված իրավիճակը շատ ավելի աղետալի է, քան ես կարող էի հասկանալ այս ՔԿՀ-ում գտնվելու առաջին ժամերին: Ընթերցողին հիշեցնեմ, որ «բոքս» անվանում են քրեակատարողական հիմնարկների ժամանակավոր պահման խցերը: Ասենք կալանավորված անձը պետք է գնա փաստաբանի հետ տեսակցության: Խցից նրան նախ ուղեկցում են «բոքս», այստեղ նրան խուզարկում են, ապա նոր միայն ուղեկցում փաստաբանների հետ հանդիպման սենյակ: Հանդիպումից հետո նույնպես կալանավորված անձին «բոքս» են ուղեկցում, խուզարկում, որից հետո միայն նա կարող է վերադառնալ խուց: Կալանավորված անձը կարող է ժամերով «բոքսում» սպասել: Նման բան տեղի է ունենում զանազան տեխնիկական պատճառներով:

Ամեն առավոտ, օրինակ, «բոքսերի» վիճակը դառնում է աղետալի: Բանն այն է, որ տվյալ օրը դատական նիստեր ունեցող բոլոր կալանավորները պետք է տարվեն դատարան: Վաղ առավոտյան, ուրեմն, դատարան տարվելու ենթակա բոլոր կալանավորները խցերից տեղափոխվում են «բոքսեր»: Եւ, որպես կանոն, այդ ժամերին մոտավորապես 3X5 մետր չափեր ունեցող «բոքսերից» յուրաքանչյուրում 30-ից 40 կալանավոր է հավաքվում, այսինքն` այստեղ հազիվ կանգնելու տեղ է լինում: Նրանք սպասում են դատարան գնալու իրենց հերթին: Կալանավորներին դատարաններ հասցնում է ՀՀ ոստիկանության ուղեկցող գունդը` իր ավտոմեքենաներով: Ուղեկցող գունդը ունի երթուղիներ, որոնցով էլ տեղաբաշխում է կալանավորված անձանց: Ասենք, որեւէ երթուղու վերջնակետը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանն է, եւ այնտեղ հասնելու ենթակա մեկ կալանավոր կա: Ուղեկցող գունդը վերցնում է ինչպես այս մեկ կալանավորին, այնպես էլ, օրինակ, Էրեբունի վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում, Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում, Վերաքննիչ դատարանում քննվող գործերով կալանավորված անձանց, եւ նրանց ըստ դատարանների տեղաբաշխելով շարժվում առաջ: Վերը նշված 30-40 կալանավորներից, սակայն, ամեն ուղերթի հետ երեք-չորս հոգի է լքում քրեակատարողական հիմնարկի «բոքսը»: Ու այս պրոցեսը ժամեր է տեւում:

Ու եթե անգամ տվյալ գործով դատական նիստը նշանակված է ժամը 16.00-ին, կալանավորված անձը երբեմն դատարան է տեղափոխվում, ասենք, ժամը 12-ին, եւ չորս ժամ պետք է իր դատին սպասի դատարանի խցերում, որտեղ մի չոր նստարան է, զուգարան եւ լվացարան: Լինում են դեպքեր, երբ առավոտյան ժամը 12-ին նշանակված դատական նիստը կես ժամից ավարտվում է, ասենք, հետաձգվում է մինչեւ հաջորդ օրը: Այս դեպքում կալանավորված անձը դատարանին կից խցերում պետք է սպասի մինչեւ իր երթուղու ավտոմեքենան գա իր հետեւից: Իսկ դա տեղի է ունենում մոտավորապես օրվա վերջում` ժամը 18.00-ի մոտակայքում, մինչեւ իր հետ դատարաններ տարված բոլոր անձանց դատերը ավարտվեն: Բայց շատ ավելի կարեւոր են առավոտյան այն ժամերը, որ կալանավորված անձը «բոքսում» սպասում է ուղեկցող գնդի իր երթուղուն: Դա կարող է ժամեր տեւել, եւ այս ընթացքում մի քանի տասնյակ կալանավորված անձինք իրար գլխի անցկացնում են մի տարածքում, որը չի ջեռուցվում, եւ որտեղ չկա նորմալ պատուհան, էլեկտրական լուսավորություն, որտեղ ժամանցի լավագույն ձեւը ծխելն է, որտեղ չկա անգամ նստելու համար պիտանի նստարան, որտեղ չկա զուգարան: Ցանկության դեպքում անգամ հսկիչները չեն կարող կալանավորված անձին «բոքսից» զուգարան ուղեկցել` մոտակայքում դրանց բացակայության պատճառով: Եւ կալանավորված անձանց այլ բան չի մնում, քան երբեմն ճարահատյալ իրենց կարիքները հոգալ տեղում: Այսպիսին է իրավիճակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: «Երեւան-Կենտրոնում», սակայն, այս իմաստով բոլորովին այլ է: Այնտեղ ընդամենը երկու «բոքս» կա, յուրաքանչյուրը մոտ երեք քառակուսի մետր տարածքով: «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորված անձի հետ «բոքսում» երբեք երկրորդ կալանավոր չի լինում: Եւ ընդհանրապես, «Երեւան-Կենտրոնում» գտնվելու ամիսների ընթացքում ոչ մի անգամ որեւէ ուրիշ կալանավորված անձի չեմ հանդիպել` բացառությամբ, իհարկե, խցակցի: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում փաստաբանի հետ հանդիպման գնալիս կարելի է հանդիպել այլ կալանավորների, այլ փաստաբանների, տարբեր մարդկանց: Այս ամենի պատճառը, նախեւառաջ «Նուբարաշեն» եւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ների չափերի տարբերությունն է: «Երեւան-Կենտրոնում» ընդամենը 13 խուց կա: «Նուբարաշենում» առնվազն տասն անգամ ավելի:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունվարի 30, 2010

Շարունակելի

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. parz
  2. MM
    Փետրվար 1st, 2010 at 21:54 | #2

    Nikol jan, spasum ei es hodvacid.Spasum ei qo gexarvestakan patkerman@.Impresionizm@ texi tvec realizmin? te sa @ndamen@ naxaban e? Chem uzum qez kotrvac tesnel! Du mer var huysn es! Qez vochinch ev vochvoq chi karox kotrel! Du bantarkvac hrashq es! DU HAYASTANI AMENAAZAT MARDN ES! Du Yerkri &isht(voch hakarak) koxmum es! Menq qez het enq sireli yexbayr! U payqar, payqar minchev verch!

  1. No trackbacks yet.