> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԷՏԱՊ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԷՏԱՊ

Նիկոլ փաշինյանը դատախազությունումՀիմա չեմ էլ հիշում, թե «Բանտային օրագիրս» որտեղ եմ ընդհատել, եւ քանի գլուխ է լույս տեսել: Ինձ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու ինչ-որ մեկի, ինչ-որ տեղ կայացրած որոշումը, սակայն, ստիպեց հիշել, որ կիսատ գործ ունեմ, որը դեռ ավարտին չի հասել: Հունվարի 21-ին, ժամը 15.00-ի մոտակայքում, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի` մեր թիվ 20 խցի դուռը անսպասելիորեն բացվեց (խցի դուռը հաճախ չէ որ բացվում է. դրա համար լուրջ պատճառ է պետք), եւ ինձ հանձնվեց դրանից երկու օր առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը` ինձ յոթ տարվա ազատազրկման դատապարտելու մասին: Միաժամանակ տեղեկացրին, որ իրերս պետք է հավաքեմ, որովհետեւ այլ ՔԿՀ եմ տեղափոխվում: Այս լուրը տհաճությամբ ընդունեցի. սա երեւի կալանավորական սինդրոմ է` երբ ինչ-որ մի խցի, ասել է թե` միջավայրի սովորում ես, տեղափոխվելը միշտ էլ տհաճ է: Առաջին բանը, որ փորձեցի անել` համապատասխան օրենսդրության մեջ ինչ-որ դրույթներ գտնելու փորձն էր, որով կարգավորվում է կալանավորված անձին մի ՔԿՀ-ից մյուսը տեղափոխելու գործընթացը: Պարզվեց, սակայն, որ այս խնդիրը ամենեւին էլ կարգավորված չէ, ու մինչ մտածում էի, թե ինչպես կարող եմ հասնել ինձ այլ ՔԿՀ տեղափոխելու որոշման բեկանմանը, արկածը մեջս խաղաց: Ինչպես 2008-ի մարտի 1-ից հետո հաճախ է լինում, տեղափոխությունների անհրաժեշտության առաջ կանգնելիս, կրկին հիշեցի Հոմերոսի «Ոդիսականը»: Մեկ էլ ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի մի հեռուստատեսային հարցազրույցը հիշեցի, որտեղ նա ասում էր, թե իր կարծիքով` ճանապարհորդությունը կյանքը պատկերող ամենավառ այլաբանությունն է: Շատ ավելի վառ է այլաբանությունը, երբ ճանապարհորդությունը կոչվում է «էտապ»:

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմի բազմաթիվ ներկայացուցիչներ դուրս էին եկել ինձ ճանապարհելու: ԱԱԾ բակի կողմից ինձ էր սպասում մի զինվորական գույնի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Նրա հետեւում մի մարդատար, քաղաքացիական մեքենա կար, որի շուրջ մի քանի ավտոմատավորներ էին խմբվել: Էս կալանավորական «ՈւԱԶ»-ը սովորական «վառանյոկ» չէր: Կալանքի ընթացքում այսպիսի մեքենա առաջին անգամ եմ տեսնում: Ուրեմն, կալանավորի համար նախատեսված խցիկը 40×50 սանտիմետր է: Սա այն նվազագույն չափն է, որ մարդը նստած վիճակում մի կերպ տեղավորվի: Հենց այս խցիկում պետք է նստեի էտապի, այսինքն` տեղափոխության ընթացքում: Խցիկի դռան վրա պատուհան չկա, խցիկի մեջ լույս չկա: Այսինքն, երբ տեղավորվեցի խցիկի մեջ ու դուռը փակվեց, հայտնվեցի կատարյալ խավարի մեջ` ըստ էության այդ խցիկի պատերին գամված: Մի թեթեւ լույս ներս էր ընկնում միայն տանիքին եղած մի քանի շերտանի վանդակավոր նեղլիկ օդանցքից, որը կիսափակ էր: Երբ այդ խցիկը տեսա եւ հասկացա, որ հենց դրա մեջ եմ ճամփորդելու, մի պահ սառը քրտինք տվեց վրաս: Հաջորդ պահին միայն հասկացա, որ այս ամենը իրականում զվարճալի է: Ու երբ ՔԿՀ վարչակազմի աշխատակիցները դուռը շրխկացրին, ես մթության մեջ հաճույքով արձանագրեցի, որ ժպտում եմ: Ինչ-որ ժամանակ անց «ՈւԱԶ»-ը կանգ առավ, եւ ինչ-որ խոսակցություններ լսվեցին: Հասկացա, որ հասել ենք «Նուբարաշեն» ՔԿՀ: Դռները բացվեցին, մենք մուտք գործեցինք, եւ ես որոշ ժամանակ անց շարունակեցի մնալ մեքենայի մեջ: Ինչ-որ ժամանակ անց դուռը բացվեց եւ ես դուրս գալով հայտնվեցի մի մուտքի առաջ, որը ավելի շատ գոմի մուտքի էր նման, քան թե որեւէ մարդաբնակ տարածքի:

Դա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ընդունարանի մուտքն էր, որով ամեն օր ներս ու դուրս են անում կալանավորներ, փաստաբաններ, ոստիկաններ, ՔԿՀ ծառայողներ, դիտորդներ եւ այլոք: Եւ իսկապես, «Նուբարաշեն» ՔԿՀ այս հարկաբաժինը` ընդունարանի մասը, մի իսկական գոմ է հիշեցնում:
Որոշ թղթեր ձեւակերպելուց հետո ինձ ուղեկցեցին «բոքս». այսպես կոչվում են այն ժամանակավոր խցերը, որտեղ կալանավորները խուզարկվում են կալանավայր մուտք գործելիս, կամ այն լքելիս: Այսօրինակ «բոքսերից» մեկում մի երկար սեղան կա, որի վրա ինչ-որ մի ծածկոց է գցված: Փորձաքննությունը կարող է հաստատել, որ այդ ծածկոցը չի փոխվել մոտավորապես 1979 թվականի մայիսից. դժվար է որոշել, թե դա գործարանային ի՞նչ գույնի է եղել: Հիմա արդեն մի այնպիսի սեւ գույնի է, որը կարող է ստացվել միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հա, ուրեմն, ինձ առաջարկվեց հենց այդ ծածկոցի վրա դատարկել իրերս, որպեսզի դրանք խուզարկության ենթարկվեն:

Մեկուսարանի աշխատակցի տրամաբանությամբ, հենց այդ ծածկոցի վրա պետք է դարսեի շորերս, այլ իրեր, որպեսզի նա ստուգի, թե արդյոք դրանց մեջ ինչ-որ բան է թաքցրած: Ես հսկիչին ակնարկեցի, որ ծածկոցը կեղտոտ է, մեղմ ասած: Նա հավաստիացրեց, որ կեղտոտ չէ, ուղղակի մաշված է: Մատս քսեցի ծածկոցին, եւ այն խրվեց կեղտի մեջ: Հսկիչը հուսահատ հայացքով ինձ նայեց, ես էլ պայուսակիցս այդ օրվա «Հայկական ժամանակը» հանեցի, փռեցի ծածկոցի վրա, ու դատարկեցի իրերս: Խուզարկության ավարտից հետո ինձ տեղափոխեցին մեկ ուրիշ «բոքս», որտեղ պետք է սպասեի մինչ ինձ կտեղափոխեն համապատասխան խուց: Ու եթե այդ «բոքսերի» ծածկոց-սփռոցները այդպիսին են, պատկերացրեք, թե ինչպիսին կլինեն բուն «բոքսերը», որոնք, հիշեցնեմ, նախատեսված են մարդկանց պահելու համար: Կալանավորները, ճիշտ է, այստեղ երկար ժամանակ չեն անցկացնում, բայց որոշակի դեպքերում կարող են մնալ մինչեւ մեկ ժամ: «Նուբարաշեն» ՔԿՀ այս «բոքսերի» մասին պատկերացում կազմելու համար պատկերացրեք սովետական կոլխոզի` կարտոֆիլի սերմացուի պահեստ, որտեղ վնասատուների դեմ պայքար չի տարվել, կարտոֆիլի սերմացուն հոտել է, տանիքը կաթել: Բացի այս` տարածքը ծառայել է որպես զուգարան («բոքսում», ի դեպ, զուգարան չկա): Խոնավ պատերով այս տարածքում պատուհան կա, որը նեղ է նույնիսկ լույսի ներթափանցման համար: Պատի երկայնքով երկար նստարան կա, որի վրա հնարավոր չէ նստել` տասնամյակներով կուտակված կեղտի պատճառով: Այս տարածքի ամենահետաքրքիր հատվածը դուռն է, որի վրա տարբեր գրառումներ կան: Որոշեցի ժամանակս անցկացնել այս գրառումները կարդալով: Մի կալանավոր հազիվ իրար անելով մտածածն էր գրել «բոլոր հսկիչների» հասցեին: Դրա տակ հսկիչների պատասխանն էր գրողին` «խլեշչի քֆուրի» տեսքով: Դռան մեկ այլ հատվածում ինչ-որ թվեր տեսա «10:22» եւ «27:11»: Դրանց դիմաց ինչ-որ բան էր գրված, ենթադրաբար անուններ, որոնք մթության եւ մաշվածության պատճառով չկարողացա ընթերցել: Ու սկսեցի կռահումներ անել, թե ինչ կարող են նշանակել այս թվերը: Սկզբից մտածեցի, թե գրառումներից առաջինի հեղինակը 10 ամիս 22 օր է անցկացրել բանտում, իսկ երկրորդինը` 27 ամիս 11 օր: Բայց թվերի արանքում դրված երկու կետերը հուշում էին, որ սխալ է առաջ քաշած վարկածս: Հետաքրքրությունս, ըստ այդմ, ավելի մեծացավ, եւ սկսեցի համառ ջանքեր գործադրել, կարդալու համար թվերից առաջ գրվածը: Առաջին թվի առաջ գրվածը մի կերպ կարդացի. գրված էր «Մաթեւոս»: Մտածեցի հեղինակի անունն է: Ցնցվեցի ուղղակի, երբ ներքեւի գրառման դիմաց կարդացի «Առակաց». ով կարող էր մտածել, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «բոքսի» դռան վրա, որտեղ բազմաթիվ հայհոյանքներ են գրված, կարելի է հղումներ գտնել «Աստվածաշնչի» համապատասխան համարներին: «Աստվածաշունչը», բնականաբար, հետս էր, եւ անմիջապես վերցրի եւ բացեցի «Առակաց 27:11»-ը. «Իմաստուն եղիր, որդեակ, որ քո սիրտն ուրախ լինի, քեզնից հեռու վանիր նախատինքի խոսքերը», գրված էր այնտեղ: Հետո բացեցի «Մատթեոսի 10:22-ը». «Եւ իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկվի»: Այսպես սկսվեց իմ կալանքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից
Շարունակելի

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Հունվար 26th, 2010 at 13:15 | #1

    Sireli Nikol, 10:22 -@ - mez, 27:11-@ qez!Astvac qez pahapan!

  2. Armen M.
    Հունվար 26th, 2010 at 20:12 | #2

    @MM
    +1

  3. Marianna
    Հունվար 26th, 2010 at 21:55 | #3

    Ete mer erkrum dzer nman ujex mardik shat linein menq kapreinq mer erazac erkrum!! Avax da aydpes che! Astvac dzer het!!!

  4. Հունվար 27th, 2010 at 00:57 | #4

    re: ով կարող էր մտածել, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «բոքսի» դռան վրա, որտեղ բազմաթիվ հայհոյանքներ են գրված, կարելի է հղումներ գտնել «Աստվածաշնչի» համապատասխան համարներին:

    Yerevi Yehovayi Vka e yeghel grogh@. Araqelakanner@ Astvatzashunch aynqan el lav chgiten.

  5. Marianna
    Հունվար 27th, 2010 at 01:08 | #5

    Astvac Qez Pahapan!!!!

  6. Armen M.
    Հունվար 27th, 2010 at 09:39 | #6

    @nazarian
    առաքելականները երևի հիմք ունեն Աստվածաշունչը “լավ չիմանալ”քանի որ իրենց աչքի առաջ տեսան ,թե հովվապետը ինչով է զբաղված…մեղմ ասած էտ էլ նրա բիզնեսն է…
    սրանք “քարը-քարին”չթողեցին ,ամեն ինչ ապականել են…գոնե ընտանիքը հանգիստ թողնեին,բայց չէ,մեկին ճանկում էին ու սկսում ,որ ընտանիքից մեկը գոնե պիտի իրենց թեկնածուին ձայն տա/նախորոք իմանալով,որ այդ ընտանիքը”իրենցը չի”/սկզբից-ընկերականով,հետո գողականով,վերջում էլ մենթականը հո կա ու կա:Այդ վիճակում հայտնված ընտանիքը եկեղեցում հաստատ անելիք չունի,ոչ մի առումով:

  7. Mleh
    Հունվար 27th, 2010 at 10:57 | #7

    @nazarian
    Oughem qez. Araqelakanner@ Hin Ktakaran@ lav chgiten. Isk dou yerevum e` yerkousn el.

  8. Հունվար 28th, 2010 at 13:40 | #8

    chat huzich er u gexecik grvac.Astvac qez pahapan, Tern tesnum e amen@,ev mez chat e hetaqrqrum qez het exacn. ainqan maqur mard es vor nkatel es patin grac astvacachntchian xosqern inchn amen voq cher el nkati.Orhnvas lines Sireli NIKIOL menq qez chat en sirum u husov enq vor chutov durss kgas

  9. Հայկ-PL
    Փետրվար 2nd, 2010 at 13:50 | #9

    Նիկոլ ջան, դու իսկական ՄԱՐԴ ես, իսկական ՔԱՂԱՔԱՑԻ և ՏԱՂԱՆԴԱՎՈՐ լրագրող, մշտապես զարմացնում ես քո հոդվածներով։
    ՇԱՏ ԱՊՐԵՍ ՈՐ ԴՈՒԽԴ ՏԵՂՆ ԵՍ ՊԱՀՈՒՄ։

  10. S.H
    Մարտ 19th, 2010 at 19:32 | #10

    Shnorhakal enq vor kas ev mshtapes husadrum es mez.Amen inch lav e linelu uxxaki shat karotum enq kez. KEZ SHAT SHAT SHAT SIRUM ENQ

  1. No trackbacks yet.