> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍՅԱՄՈՅԻ ՊՈՌԹԿՈՒՄԸ

ՍՅԱՄՈՅԻ ՊՈՌԹԿՈՒՄԸ

Ռամկավար-ազատական, սաստիկ ընդդիմադիր Սամվել Բաբայանը քաղբանտարկյալներին վերաբերող հարցին պատասխանում է Սերժ Սարգսյանի աշխատակազմում գրված եւ փոքր թղթիկներով յուրայիններին բաժանված նախադասությունը արտասանելով: Իմաստն այն է, թե` դատարան կա, բան կա` թող ինքն էլ որոշի` քաղբանտարկյալ են, թե ոչ: Բայց դե` Սամվել Բաբայանը չէր կարող այսքանով սահմանափակվել. ասում է` ես նրանց, այսինքն` բանտարկված ազատամարտիկների հարցով չեմ զբաղվում: Երբ որ ժամանակին ինձ ձերբակալել էին, ասում է, նրանք էլ իմ հարցով չեն զբաղվել:

Ահա, ահա այս նախադասությունն է ամենակարեւորը, եւ երեւում է` Բաբայանը շատ է սպասել այս նախադասությունն արտասանելու առիթ ունենալուն: Երազում է նոր առիթների մասին, ուզում է, որ ավելի ու ավելի շատ մարդ լինի բանտերում, որ ինքը ասի` բա լավ է՞ր, որ ես բանտում էի, դուք իմ հարցով չէիք զբաղվում: «Եղա՞վ», - ասում է Սամվել Բաբայանը: Այս ձեւակերպմանը ուշադրություն կարելի էր եւ չդարձնել, բայց նրա հեղինակի անձը շատ կարեւոր է դարձնում ասվածը: Ոչ թե նրա եւ ուրիշների անձնական հարաբերությունները, այլ Հայաստանում արդեն երկար ժամանակ տիրող, ավելի ճիշտ` իշխող մտածողությունը հասկանալու համար: Հայաստանի ժողովուրդը «ղարաբաղյան կլան» ասելով երեք մարդ է պատկերացնում` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Բաբայան: Եւ այս սիմվոլիկ եռյակը իրապես արտահայտում է իրականությունը: Եվ ահա, Սամվել Բաբայանի վերը բերված արտահայտությունը պսակն է մտածական, ընկալման այն համակարգի, որով Ղարաբաղյան կլանը արդեն երկար տարիներ ղեկավարում է Հայաստանը: Իրենք, ուրեմն, աշխարհի կենտրոնն են, եւ տարբեր իրադարձությունների, դեպքերի, անձանց, երեւույթների գնահատականը կախված է բացառապես այն բանից, թե այդ իրադարձություններն ու երեւույթները ինչ հարաբերության մեջ են իրենց հետ: Ասվածը չափազանցություն չէ, եւ հստակ գծագրված է Սամվել Բաբայանի խոսքի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի այն գործերի մեջ, որ մենք տեսել ենք: Եթե որեւէ մեկը կլանի հլու կամակատարն է ու հլու ծառայում է նրան, կարող է անել` ինչ ուզենաս. սպանել, ունեզրկել, թալանել: Իսկ եթե այնքան էլ լավ կարծիքի չէ կլանի մասին եւ այդ կարծիքը բարձրաձայնելու համարձակություն ունի, նրա` հացի փող ունենալը կարող է դիտվել որպես հանցագործություն: Ահա սա է ղարաբաղյան կլանի էությունը, ու բոլոր նրանք ովքեր ուզում են հասկանալ, թե ինչու Հայաստանում ղարաբաղցիների նկատմամբ լարվածություն կա, թող ուսումնասիրեն Սամվել Բաբայանի վերը նշված հայտարարությունը, զգան, թե ինչ եռք է եռում այդ ժայթքումի, այդ պոռթկումի տակ: Եւ այդ նույնը նրանք կտեսնեն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գործողությունների տակ, որոնց հիմքում մի բան կա միայն` վրեժ, վրեժ, վրեժ: Ինչի՞ համար: Ասենք, հենց թեկուզ` որ իրենց աստված չեք համարում: Սա արդեն բավարար է: Եթե անգամ աստված եք համարում, պետք է նաեւ ժամանակին եւ բավարար չափով զոհեր մատուցեք: Ահա սա է կառավարման մոնղոլ-թաթարական համակարգը, որտեղ մարդկանց հարաբերությունները որոշվում են ոչ թե իրավունքի նորմերի, այլ խանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հիման վրա: Եւ ինչպես նկատում է Հրանտ Տեր-Աբրահամյանը, սա արեւելյան ծագում ունի, իսկ հայը իրականում արեւմտյան, այսինքն` քրիստոնեական արժեքների կրող է: Համենայնդեպս` սրանից շեղումը բերում է ինքնության աղավաղման, մի բան, որ այսօր մեր երկրում տեղի է ունենում: Եւ Հայաստանում ծավալվող հակաղարաբաղիզմին վերադառնալով` ուզում եմ ընդգծել, որ խնդիրը ամենեւին այն չէ, թե Հայաստանում ղարաբաղցիներին չեն սիրում: Նման բան չկա, բացարձակապես չկա: Ուղղակի մարդիկ ղարաբաղցի ասելիս պատկերացնում են կա՛մ Ռոբերտ Քոչարյան, կա՛մ Սերժ Սարգսյան, կա՛մ Սամվել Բաբայան: Ու երբ որեւէ ղարաբաղցի են տեսնում, նրանց թվում է, թե այդ մարդը այդ եռյակից մեկի հարազատն է, ընկերը, բարեկամը, ծառան, հպատակը: Այստեղ է պրոբլեմը, միմիայն այստեղ: Ուրիշ խնդիր ուղղակի գոյություն չունի: Եղա՞վ:

Հ.Գ. Հիշո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը, իր հրամանով սպանված Պողոս Պողոսյանի մասին հարցին պատասխանելով, ասաց, որ եթե նա, այսինքն` իր հրամանով սպանված Պողոս Պողոսյանը, կենդանի լիներ, ինքը` այսինքն Ռոբերտ Քոչարյանը, նրան ասելու բան կունենար: Չի կարելի բացառել, որ Քոչարյանը անգամ աղոթել է, որ Պողոս Պողոսյանը կենդանանա, հարություն առնի, որպեսզի ինքը, այսինքն` Ռոբերտ Քոչարյանը, նրան նորից սպանելու հնարավորություն ունենա: Հետո էլի կենդանացնի ու էլի սպանի: Ու այդպես ամեն օր, մինչեւ օրս: Մանավանդ որ` այսօր ինքը, այսինքն` Քոչարյանը, զբաղվելու շատ բան չունի:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.