> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Սեզոնային ցիկլիկ տրամաբանությամբ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են այսպես կոչված նոր ընդդիմության, կամ ընդդիմադիր նոր ֆորմատի ձեւավորման մասին խոսակցությունները: Խոսակցություն ծավալելը յուրաքանչյուրի իրավունքն է. ինչպես ասում են, յուրաքանչյուրը ազատ է խոսել ինչի մասին ուզում է: Բայց ամեն անգամ, չգիտես ինչու, այս խոսակցությունները հանգում են Հայ ազգային կոնգրեսի իբր թույլ տված մարտավարական սխալներին, նաեւ հետեւություն է արվում, թե Կոնգրեսը խոչընդոտում է նոր ու մի ուրիշ ձեւի` առաջադիմական ընդդիմության ձեւավորմանը: Պրոբլեմն այն է, որ այս ամենի մեջ տրամաբանական սխալ կա. այսպես կոչված, նոր ընդդիմության ջատագովները, ընդհակառակը, պետք է ողջունեն Հայ ազգային կոնգրեսի «մարտավարական սխալները», որովհետեւ դրանք, ի վերջո, լավագույն շանսն են իրենց համար: Բայց «Կոնգրեսի մարտավարական սխալներ» կոչված երեւույթից օգտվողներ կարծես թե չեղան: Այստեղից կարելի է երկու հետեւություն անել` կամ դրանք այնքան էլ մարտավարական սխալներ չեն, կամ էլ նոր ընդդիմության ձեւավորման մասին խոսողները օդում «գյալաջի» են անում` պարապությունից կամ այլ նկատառումներից դրդված: Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, թե Կոնգրեսը զբաղեցրել է դաշտը, եւ նոր ընդդիմության ձեւավորում թույլ չի տալիս, սա նույնպես աբսուրդ է, որովհետեւ նախորդ տարվա սեպտեմբերին հանրահավաքային դադար հայտարարելով` ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հրապարակը ազատում է` իրենց ընդդիմադիր համարող այլ ուժերի համար: Կոնգրեսի ազատած հրապարակը որեւէ մեկը չցանկացավ զբաղեցնել: ՀՅԴ-ի առաջնորդած «շտուչնի» հանրահավաքներն էլ կարծես իրենց նպատակին հասած համարվեցին Սահմանադրական դատարանի այն որոշումից հետո, ըստ որի հայ-թուրքական արձանագրությունները, որոնց դավաճանական բնույթի մասին բարձրաձայնում էր դաշնակցությունը, համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Եւ այս ֆոնին, անհասկանալի է, թե ի՞նչ են ակնկալում, կամ ի՞նչ են ցանկանում, այսպես կոչված, նոր ընդդիմության մասին խոսողները: Եթե ուզում են այդպիսին ստեղծել, ոչ ոք չի խանգարում այդ անել: Բայց համարձակվեմ կանխատեսել, որ չնայած արգելքների բացակայությանը ոչ մի նոր ընդդիմություն էլ չի ձեւավորվի, այն պարզ պատճառով, որ չկա դրա պահանջարկը, դրա կարիքը չկա: Համարձակվեմ կանխատեսել նաեւ, որ տեսանելի ապագայում Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի ընդդիմադիր դոմինանտ ուժն է լինելու: Իսկ Նոր ընդդիմություն անպայման կձեւավորվի, բայց միայն Հայ ազգային կոնգրեսի իշխանության գալուց հետո:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հունվարի 1, 2010 թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Հունվար 19th, 2010 at 21:59 | #1

    Vochvoq u vochinch chi karox azdel qo stap mtqi vra! APRES NIKOL JAN!

  1. No trackbacks yet.