> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄՈՍԿԱՅԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՄՈՄԵՆՏՈՎ

ՄՈՍԿԱՅԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՄՈՄԵՆՏՈՎ

Փիղն ու ՄոսկանՌոբերտ Քոչարյանը, որ Հայաստանի քաղաքական բառապաշարը եւ պատմությունը հարստացրեց «կլիզմա», «վատ պարողին խանգարող հանգամանքներ» եւ այսպիսի այլ քաղաքագիտական տերմիններով` իր ընդդիմախոսներին նաեւ «մոսկա» անվանելու առիթ ունեցավ: Սա, թերեւս, Քոչարյանի կողմից կիրառված միակ տերմինն է, որ դավաճանում է նրա գիրք կարդացած լինելը: Մոսկան, ինչպես հայտնի է, ռուս առակագիր Կռիլովի հերոսն է, փոքրիկ մի շնիկ, որ քաղաքի փողոցներով տարվող փղին տեսնելով` հաչում է նրա վրա: Փիղը, իհարկե, չի տպավորվում Մոսկայի հաչոցներից եւ անվրդով շարունակում է իր ճամփան: Քոչարյանի արած այս համեմատությունը, իհարկե, ընդդիմախոսներին վիրավորելու նպատակ ուներ: Բայց հետեւելով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին, հասկանում ես, որ Մոսկան, իրականում, Հայաստանի իշխանությունների պատկերացրած ժողովրդավարության, խոսքի ազատության խորհրդանիշն է:

Երբ խոսք է գնում այն մասին, որ Հայաստանի եթերը կառավարելի է, որ եթերից քննադատություն չի հնչում, իշխանական եւ մերձիշխանական ուժերի ներկայացուցիչները չեն համաձայնում` պնդելով, որ հեռուստաեթերը վեր է հանում հանրային կյանքի գրեթե բոլոր ախտերը: Մեկուսարանում գտնվելու այս ընթացքում համոզվեցի, որ այս տեսակետը այնքան էլ անհիմն չէ. հեռուստատեսային եթերից քննադատում են կոռումպացված չինովնիկներին, օլիգարխներին, օլիգոպոլիաները, ընտրակեղծարարներին, ծախու մտավորականներին: Ինչո՞ւմն է, ուրեմն, խնդիրը: Իսկ խնդիրն այն է, որ նույն եթերից հնարավոր չէ լսել կոռումպացված որեւէ չինովնիկի, որեւէ օլիգարխի, որեւէ ընտրակեղծարարի անուն: Չի գծանշվում անգամ դրա մոտավոր շրջանակը: Անհասցե, այսինքն անատամ ու անիմաստ քննադատություն, որի միակ գործնական նշանակությունը ժողովրդավարության, բազմակարծության իմիտացիա ստեղծելն է: Նույնը նաեւ քաղաքական ասպարեզում. իշխանությունը երկար տարիներ քաղաքական դաշտը հարստացրել է, այսպես ասած, «գրպանային ընդդիմությունով», որը «կատաղի քննադատության» է ենթարկել իշխանություններին, այդ քննադատությունը երբեմն անցել է գծանշված սահմանը, բայց իրականում այդ ընդդիմությունը իր գործունեությամբ եւ նպատակներով որեւէ քաղաքական վտանգ չի ներկայացրել իշխանության համար: Իսկ երբ ձեւավորվել է իշխանության համար քաղաքական վտանգ ներկայացնող ընդդիմություն, իշխանությունը գործի է դրել բռնության մեքենան իր ողջ ուժով` քաղաքական վտանգը չեզոքացնելու նպատակի իրագործման ճանապարհին կանգ չառնելով ոչնչի առաջ: Այդ ժամանակ արդեն ոչ մի սեթեւեթանք, ոչ մի կոմպլեքս չի գործել, այն աստիճան, որ Սեւանա լճի կեսը նույնիսկ, ծածկվել է Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկված քվեաթերթիկներով: Նույնը եւ հեռուստատեսային ոլորտում. երբ եթերային բազմակարծությունը կոնկրետ բովանդակություն ու հասցե է ստանում, ինչպես տեղի ունեցավ «Ա1+» հեռուստատեսության դեպքում, գործի է դրվում ռեպրեսիաների եւ ապօրինության մեքենան` իր ողջ ուժով եւ ողջ թափով: Իսկ երբ բացակայում են կոնկրետությունն ու հասցեները, իշխանությունը դառնում է ժողովրդավար, հանդուրժող, եւ առաջադեմ, ինչպես, օրինակ, հանդուրժող է Մոսկաների եթերից հնչող քննադատության նկատմամբ: Այս գործելակերպը, Մոսկայի ֆենոմենով հարստացած եթերը, սակայն, ամենեւին էլ ինքնանպատակ չէ: Դրանով ապահովվում է այն մոնիտորինգը, որով եվրոչինովնիկները զարմացած տեսնում են, թե եթերային քանի րոպե է տրամադրվում ընդդիմությանը, քանի րոպե` կոռուպցիայի դեմ պայքարին, քանի րոպե` օլիգոպոլիաների դեմ պայքարին, քանի րոպե` Մարդու իրավունքներին եւ խոսքի ազատությանը: Մոնիտորինգի արդյունքները կասկածի տեղ չեն թողնում. Հայաստանում իսկապես կա խոսքի ազատություն, բազմակարծություն եւ ժողովրդավարություն: Իսկ մենք գիտենք` դա այդպես է, քանի դեռ այդ ամենը անվտանգ է իշխանության համար: Քանի դեռ այն չի դարձել խոսքի իրական ազատություն, իրական բազմակարծություն, իրական ժողովրդավարություն: Ժողովրդավարությունը, ի դեպ, առանց բռնության իշխանափոխության հնարավորությունն է: Իսկ երբ խաղաղ իշխանափոխությունը Հայաստանում հնարավոր է դառնում, բռնության մեքենան սկսում է գործել իր ողջ թափով: Հետո կրկին թեւակոխում ենք մոնիտորինգի ժամանակաշրջան:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Armen M.
    Հունվար 14th, 2010 at 20:47 | #1

    Սեփական ժողովրդից զորքով ու ոստիկանով պաշտպանվողը ընդդիմադիրին մոսկա էր անվանում` մեծերից “դաբռո” ունենալով,չգիտակցելով,որ դրանով էն գլխից հենց ինքն է իրական մոսկան նրանց մոտ:
    Ռուսի մեծերը հերթով հաստատեցին,որ այդ երկու գործնթացները իրար կապելը և կոռռեկտ չէ,և ավելի կբարդացնի ու անորոշ կերկարաձգվի և այլն,բայց կոնկրետ չասվեց,որ զորքերը դուրս չեն բերվի…Ասեցին,որ իրենց բուռն աջակցությունը կբերեն կողմերի նախաձեռնություններին:Մեղա-մեղա,հանկարծ մեր նախաձեռնողը պրոտոկոլների ոգով նման մի բան չնախաձեռնի …..Անցած տարի էս վախտ Օբաման հո չգիտեր,որ տարեվերջին իրեն մրցանակ է սպասվում??

  2. Marianna
    Հունվար 15th, 2010 at 00:47 | #2
  1. No trackbacks yet.