> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «FACE-SAVING»-Ս «FACE-SAVING»-ԻԴ ՎՆԱՍ Է

«FACE-SAVING»-Ս «FACE-SAVING»-ԻԴ ՎՆԱՍ Է

us-congressՄիջազգային հարաբերություններում մի այսպիսի արտահայտություն կա «face-saving»: Ինչպես հասկացաք, խոսքը դեմքը պահպանելու մասին է, եւ եթե միջազգային դիվանագիտության մեջ այսպիսի տերմին է հայտնվում, նշանակում է դա շատ կարեւոր է: Ինչպես սովորական մարդկային, այնպես էլ դիվանագիտական հարաբերություններում կամ քաղաքականության մեջ ոչ ոք չի հարգում եւ հաշվի չի նստում դեմքը կորցրած անհատների, սուբյեկտների հետ: 2009 թվականի օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրություններով պաշտոնական մեկնարկ ստացած հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը, ահա, հասել է այն կետին, որտեղ կողմերից յուրաքանչյուրը կանգնած է դեմքը կորցնելու վտանգի առաջ: Թուրքական կողմը շատ հստակ հայտարարել է, որ առանց ԼՂ հարցում էական տեղաշարժերի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը հնարավոր չէ: Հայկական կողմը հայտարարել է, որ իր համար անընդունելի են հայ-թուրքական սահմանի բացումը ԼՂ հարցի կարգավորման հետ կապելու փորձերը: Եթե հայ-թուրքական սահմանը բացվի առանց ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու, թուրքական կողմը, կոնկրետ Գյուլ-Էրդողան-Դավութօղլու եռյակը կկորցնի դեմքը, եւ սա կարող է բերել լրջագույն ներքաղաքական բարդությունների, մանավանդ որ Թուրքիայում ստեղծված ներքաղաքական լարվածությունը հասել է գագաթնակետին. իշխանության եւ բանակի հակասությունները այլեւս հնարավոր չի լինում պահել կուլիսներում: Եւ ի դեպ, հենց թուրքական բանակը ներկայացնող ուժերն են ամենակոշտ դիրքորոշումն արտահայտում հայ-թուրքական հարաբերությունների հարցում, առանց նախապայմանների Հայաստանի հետ սահմանի բացումը դավաճանություն համարելով Ադրբեջանի հանդեպ: Պակաս բարդ վիճակում չէ նաեւ հայկական կողմը, որը փաստորեն կանգնած է թուրքական նախապայմանը ընդունել-չընդունելու երկընտրանքի առաջ: Ահա, «face-saving»-ի հետ կապված խնդիրները ավելի են բարդացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Միջազգային դիվանագիտությունն էլ կարծես այնպիսի լուծումներ գտնելու խնդիր է դրել, որոնք «face-saving»-ի հնարավորություն կտան թե հայկական եւ թե թուրքական կողմերին: Նման հնարավորությունը, սակայն, կարծես թե սպառված է, եթե ոչ տեսականորեն, գոնե գործնականում: Հիմա արդեն կողմերը հույս են դնում միջազգային ճնշումների վրա: Հայաստանը հույս ունի, թե 2010 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին ԱՄՆ Կոնգրեսում ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման սպառնալիքը Թուրքիային կստիպի տեղի տալ: Այս տարբերակը, սակայն, խիստ տեսական է թվում: Բացի այն, որ Էրդողանը «face-saving»-ի խնդիր ունի, նա չի կարող լրջորեն մտածել, որ ԱՄՆ Կոնգրեսը իսկապես ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված կոնկրետ քայլ կանի, մանավանդ այս իրավիճակում, երբ Իրանի հետ կապված հարցերը ավելի են սրվում, եւ ուրեմն Թուրքիան ավելի ու ավելի կարեւոր նշանակություն է ստանում ԱՄՆ-ի համար: Բայց մյուս կողմից` «face-saving»-ի խնդիր ունի նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը նախընտրական շրջանում անջատված խոստանում էր պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հիմա սակայն, նա չի կարող դա անել, եւ «ցեղասպանություն» բառից խուսափելու համար ծանրակշիռ պատճառ է պետք, այլապես նա կկորցնի դեմքը: Այս թնջուկը լուծելու համար ճնշումների ամենահարմար սուբյեկտը դառնում է Հայաստանը, որը ամենախոցելին է «face-saving»-ի խնդիր ունեցող սուբյեկտների շարքում: Արեւմուտքը հույս ունի, որ կհաջողվի Հայաստանին ստիպել դուրս գալ ազատագրված հողերից, ինչն էլ ճանապարհ կբացի հայ-թուրքական սահմանի բացման, եւ ուրեմն` Օբամայի նախընտրական խոստումը մոռացության տալու համար: Հայաստանի հույսն էլ կրկին Ռուսաստանն է, որն ուզում իր ձեռքն առնել ողջ ադրբեջանական գազը: Ու եթե Ադրբեջանը համաձայնի նման գործարքի, արդեն Թուրքիան հնարավորություն կունենա նրան մեղադրել դավաճանության մեջ, եւ հայ-թուրքական սահմանի բացումը այլեւս չի կապի ԼՂ հարցի հետ: Բայց Ադրբեջանն էլ իր գազը Ռուսաստանին չի բաշխի եթե երաշխիքներ չունենա, որ դրա դիմաց ստանալու է Ազատագրված տարածքները եւ Ղարաբաղը: Կարճ ասած, մեզ համար լավագույն տարբերակն այն կլինի, որ ռուսները իրենց ձեռքն առնեն Շահդենիզի գազը, եւ քցեն Ադրբեջանին: Միջազգային հարաբերություններում նույնպես քցոցի լինում է, բայց այս վիճակում Ռուսաստանի կողմից քցվելու Հայաստանի եւ Ադրբեջանի շանսերը հավասար են: Սա տեսականում, իսկ գործնականում, քցվելու մեր շանսերը թերեւս ավելի բարձր են:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.