> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նիկոլ Փաշինյան

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

2008 թվականի մարտի 1-ի հետեւանքները հաղթահարելու, օրինականության, հանդուրժողականության մասին ճամարտակող կոալիցիոն իշխանությունը 2010 թվականի հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի ընտրություններում սպասելիորեն ցուցադրեց, որ հավատարիմ է 2008 թվականի Մարտի 1-ի իր գործելակերպին: Քվեարկությունը զուգորդվեց խայտառակ բռնություններով, սպառնալիքներով, ընտրակեղծիքներով, ընտրական տեղամասի անժամանակ փակմամբ, եւ այս գործընթացները տեղի էին ունենում ընտրությունների օրինականությունն ապահովելու պարտավորություն կրող պետական մարմինների ուղղակի կամ անուղղակի հովանավորության պայմաններում: Արդյունքում մենք հերթական ապօրինի եւ կեղծված ընտրությունների ականատեսը դարձանք:

Հունվարի 10-ի քվեարկությունը ցույց տվեց, որ ինչպես 2008 թվականի մարտի 1-ին, այնպես էլ հիմա, իշխանությունը պատրաստ է դիմել ցանկացած բռնության ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը թույլ չտալու, քաղաքական պրոցեսների լեգիտիմությունը բացառելու, իշխանությունը քրեածին խմբավորումների ձեռքում պահելու համար: Ըստ այդմ, մարտիմեկյան տրամաբանությունը շարունակում է դրված լինել իշխանության եւ ժողովրդի հարաբերությունների հիմքում, եւ գործող իշխանության հենարանը բռնությունն է, քրեական ամենաթողությունը, ՀՀ քաղաքացիների անպաշտպանությունն ու հուսահատությունը: Այս ամենը ապացույցն է այն բանի, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից ի վեր ներքաղաքական կյանքի օրակարգը որեւէ փոփոխություն չի կրել, եւ դեռ այն ժամանակ ի հայտ եկած քաղաքական հարցերի լուծումը շարունակում է առաջնահերթություն մնալ Հայաստանի համար:

Որպես հունվարի 10-ի ընտրություններին մասնակցած Աժ պատգամավորի թեկնածու, ցավում եմ, որ չեմ կարող շնորհավորել նախնական արդյունքներով հաղթող ճանաչված անձին, նաեւ այն պատճառով, որ նույնիսկ ընտրական տեղամասեր այցելած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չեն ճանաչում նրան:

Պատկերացնում եմ, թե հունվարի 10-ին ինչպիսի ծանր օր են անցկացրել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, ակտիվիստները, իմ նախընտրական շտաբի անդամները եւ ինչպիսի հիասթափություն են ապրել` ընտրությունների ընթացքին եւ նախնական արդյունքներին ծանոթանալով: Հատկապես այս ֆոնին ուզում եմ ընդգծել, որ մեր պայքարի արդյունավետության գրավականը շարունակականության մեջ է, շարունակականություն, որտեղ հուսահատությունն ու ոգեւորությունը տեղ չունեն: Երկար տարիներ շարունակվող պայքարում մենք մեր պարտքն ենք կատարում Ապագայի, Ազատ եւ Երջանիկ Հայաստանի առաջ, եւ այս պայքարում որեւէ ընկրկում հավասարազոր կլինի դավաճանության: Մենք պարտավոր ենք Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած սկզբունքային պայքարը տրամաբանական ավարտին հասցնելու կամք եւ հետեւողականություն դրսեւորել:

Սույն հայտարարությամբ նաեւ շնորհակալություն եմ հայտնում.

- բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ազատորեն իրենց կամքը արտահայտելու համար հունվարի 10-ին այցելել են ընտրական տեղամաս:

- իմ նախընտրական շտաբի եւ ենթաշտաբների անդամներին, ովքեր արտակարգ պայմաններում առավելագույն ջանքեր ներդրեցին ընտրությունների օրինական ընթացք ապահովելու համար:

Սրտագին ուղերձ եմ հղում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներին, ակտիվիստներին ովքեր իրենց ուսերին են կրել իմ նախընտրական քարոզչության ողջ բեռը. Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Դուք այն Վեմն եք, որի վրա կառուցվելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանը: Մեր ընթացքը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է: Պայքար, պայքար մինչեւ վերջ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Քաղբանտարկյալ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Հունվար 13th, 2010 at 20:55 | #1

    Rojdyenniy polzat’ -vzlitet’ ne smojet, Nikol jan! Sranq soxunner en,voxormeli soxunner, trichq@ sranc hamar chi! Mer @ntacq@ ankaseli e, mer haxtanak@ anxusapeli!

  1. No trackbacks yet.