> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՆԿԱԽ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑԸ

ԱՆԿԱԽ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑԸ

ՀԱՂԹԵԼՈՒ´ ԵՆՔԱնկախ դատական համակարգի ձեւավորումը ահագնացող հարց է Հայաստանի Հանրապետության առաջ: Դա ընդունում են անգամ իշխանությունները: Ֆորմալ առումով, թե ոչ` էական չէ, էականն այն է, որ ընդունում են: Եվ անգամ քայլեր են ձեռնարկում. ասենք` բարձրացնում են դատավորների աշխատավարձը` դատարանները կոռուպցիայից զերծ պահելու համար: Բայց ԱԺ ընդունած վերջին օրենքը, որով դատավորների աշխատավարձը բարձրացվեց, միանշանակ բացասական ընդունվեց նույնիսկ ԱԺ-ում եւ սերժանտական շրջանակներում, որովհետեւ բոլորը հասկանում են, որ այդ քայլով դատարանը կոռուպցիայից չես ազատի, դատարանը անկախ չես դարձնի:

Ճիշտ են այսպես մտածողները, եւ եթե անգամ հազարապատիկ բարձրանա դատավորների այսօրվա աշխատավարձը, մեր դատարանի էությունը դրանից չի փոխվելու, դատարանի անկախության հարցը չի լուծվելու: Ինչո՞ւ, որովհետեւ որեւէ հարց լուծելու համար հարկավոր է, որ այդ հարցը լուծում ստանա փիլիսոփայության, մտածողության, աշխարհընկալման ոլորտում, հետո նոր միայն` իրականության մեջ: Կոնկրետ դատարանի անկախությունը մի հարց է, որ կարող է լուծել միայն իշխանությունը. ինչպես ընդունված է ասել` իշխանությունը պետք է անկախ դատական համակարգ հաստատելու քաղաքական կամք ունենա, ասել է թե` պետք է ցանկանա, որ դատարանը լինի անկախ: Ահա այս համատեքստում եկեք հասկանանք` ինչու պետք է Սերժ Սարգսյանը ցանկանա, որ դատարանը անկախ լինի: Ախր` անկախ դատարանը ոչ մի դեպքում ազատազրկման չէր դատապարտի Պետրոս Մակեյանին, Դավիթ Մաթեւոսյանին, Սմբատ Այվազյանին, Վարդգես Գասպարիին, Մուշեղ Սաղաթելյանին, Արամ Բարեղամյանին, Աշոտ Մանուկյանին, ՄՅՈՒՍ-ներին: Բայց դե Սերժ Սարգսյանը շատ էր ուզում, որ այդ մարդիկ նստեն, եւ եթե դատարանը անկախ լիներ, Սերժ Սարգսյանի ցանկությունը չէր իրագործվի: Ասել է թե` փիլիսոփայական առումով դատարանը զենք է Սերժ Սարգսյանի ձեռքին, որը նա օգտագործում է իշխանությունը բռնազավթած պահելու համար: Ինչո՞ւ պետք է նա ցանկանա, որ դատարանը անկախ լինի, չէ՞ որ անկախ դատարանի գոյության դեպքում նա վաղուց իշխանության ղեկին չէր լինի: Բայց այստեղ ուրիշ հարց է ծագում` ինչու պետք է որեւէ իշխանություն ցանկանա, որ Հայաստանում անկախ դատական համակարգ լինի: Ուզում եմ վերաձեւակերպել հարցը հետեւյալ կերպ. ո՞ր պարագայում Հայաստանի որեւէ իշխանություն կցանկանա, որ անկախ դատական համակարգ լինի: Միայն մի պարագայում` եթե այդ դատական համակարգին այդ իշխանությունը, այդ իշխանավորը նայի ոչ թե որպես իշխանավոր, այլ որպես քաղաքացի: Այսինքն` նա դատարանը ընկալի ոչ թե եւ ոչ միայն որպես քաղաքական հակառակորդի դեմ կիրառելի գործիք, այլ գիտակցի, որ այդ գործիքը կարող են նաեւ իր դեմ կիրառել, իր որդու, իր բարեկամի, իր ընտանիքի դեմ: Բայց սա տեղի կունենա միայն մի պարագայում, երբ իշխանավորը իրեն ոչ թե իշխանության սեփականատեր համարի, այլ դրա ժամանակավոր կրող: Իսկ սա հնարավոր է միայն այն պարագայում, երբ երկրում իշխանությունը պատկանի ժողովրդին, այսինքն` իշխանության հարցը լուծվի ոչ թե սնայպերների, այլ ժողովրդի կամքով: Եթե այսպես լինի, իշխանավորը կմտածի, որ ինքն այսօր իշխանություն է, վաղը` իշխանություն չէ: Ու եթե ուզում է պաշտպանված լինել նաեւ իշխանությունը կորցնելուց հետո, պետք է հոգ տանի, որ երկրում անկախ դատական համակարգ լինի, որ իր` իշխանությունը կորցնելուց հետո այդ դատական համակարգը իրեն պաշտպանի ապօրինի ոտնձգություններից: Բայց այսպես կարող է օրինավոր մարդը մտածել: Հանցագործը ուրիշ կերպ է մտածում: Նա մտածում է, որ անկախ դատական համակարգը իրեն կոչնչացնի: Ու քանի դեռ հնարավորություն ունի, պետք է ինքը լինի վճիռներ կայացնողը, պետք է իր ձեռքում պահի իշխանությունը, ու սա այնքան ժամանակ, քանի դեռ «իշխանություն» նշանակում է անձեռնմխելիություն: Այսպիսով` ստացվում է փակ շրջան, ավելի ճիշտ` գորդյան հանգույց: Իսկ գորդյան հանգույցի լուծումը մեկն է: Մնացածը հեքիաթ է: Անկախ դատական համակարգ ունենալու միայն մի եղանակ կա` սահմանադրական, այսինքն` ժողովրդի իշխանություն: Ընդ որում` ոչ թե մեկանգամյա օգտագործման, այլ մշտական իշխանություն:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.