> ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ > ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 26.-30.

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. Գլուխներ 26.-30.

Սեպտեմբեր 16, 2008

26. Ռեւոլյուցիոն էվոլյուցիա

27. Գերեզմաններ-գերեզմաններ

28. Ուզում եմ իմանաք

29. Հայացք առաստաղին

30. Can I help you?

* * *

26. Ռեւոլյուցիոն էվոլյուցիա

Ինչի՞ համար է Աստված մարդկությանը տվել ոգելից խմիչքը. թերեւս միայն մեկ բանի` նրանց, այսինքն` մարդկանց շփումը, հաղորդակցությունը, փոխըմբռնումը խթանելու համար: Ինչպես շատ այլ դեպքերում, ոգելից խմիչքի իմաստը նույնպես մարդը կարողացել է նենգափոխել, բայց իմ պատկերացմամբ` ոգելից խմիչքը մեզ օգնում է ընդհանուր բաներ գտնել ուրիշների հետ, մտերմանալ, բարեկամանալ: Վիկտորի եւ իմ զրույցը սրա ամենավառ ապացույցը դարձավ: Շատ շուտով մենք սկսեցինք խոսել այնպիսի բաներից, որ վիսկիի բացակայության պայմաններում թերեւս անհրաժեշտ կամ պատեհ չհամարեինք:

Վիսկին բացեց մեր հոգիները, ու պարզվեց, որ իմ ու Վիկտորի մեջ նույն կարոտն է նստած` հայրենիքի եւ ընտանիքի կարոտը: Պարզվեց, որ Վիկտորը դեռ չի տեսել իր առաջնեկին, որը ծնվել է մեկ տարի առաջ: Որդու ծնվելուց մեկ ամիս առաջ ինքը ստիպված է եղել մեկնել ծառայության բերումով.

- Ես տեսել եմ նրան լուսանկարների մեջ, ինտերնետ օնլայնով, բայց չեմ կարողանում պատկերացնել, թե նա ինչպիսին կլինի իրականում, - ասում էր Վիկտորը եւ շարունակում, - ես ինձ մեղավոր եմ զգում նրա առաջ, որ իր կյանքի առաջին տարում իր կողքին չեմ եղել, մեղավոր եմ զգում, որ զինվորական եմ ու էլի կարող եմ մեկնել, մեղավոր եմ զգում, որ կարող եմ զոհվել:

- Աչքիս զորացրվելու ես վերադառնալուց հետո, - նկատեցի ես:

Վիկտորը մի տեսակ նեղացավ.

- Չէ, ի՞նչ ես ասում. մեղավորության այդ զգացումը ինձ համար ոչ թե կենցաղային հոգս է, այլ փիլիսոփայության խնդիր: Ես կարող էի լինել բանկային աշխատող, եւ դա չէր պակասեցնի իմ զոհվելու հավանականությունը: Կամ էլ կարող էի այս մեկ տարում տանը լինել եւ ոչինչ չփոխել իմ որդու կյանքում, էականորեն ոչինչ չփոխել: Այդպես հաճախ է լինում:

- Ճիշտ ես ասում, բայց ավելի սարսափելի է, երբ չես գիտակցում, որ քեզ հետ նման բան է տեղի ունենում: Ես հիմա այդ սարսափի մեջ եմ, որովհետեւ պատահաբար հայտնաբերել եմ ինձ համար սարսափելի մի ճշմարտություն, - ասացի ես:

Վիկտորը հետաքրքրվեց, ես շարունակեցի.

- Վերջերս մի ֆիլմ էի նայում. դատարկ անիմաստ կինո էր: Գլխավոր հերոսուհին մի աղջնակ էր, եւ նա էլ դարձավ իմ ցնցման պատճառը: Հընթացս պարզվեց, որ աղջիկը 11 տարեկան է: Հասկանո՞ւմ ես, ախր ես էլ այդ տարիքի դուստր ունեմ, բայց մի տեսակ չեմ նկատել, որ նա այդքան մեծացել է: Ֆիլմի հերոսուհին մեծ աղջիկ էր, ծնողների հետ լուրջ հարցեր էր քննարկում, ինչ-որ որոշումներ կայացնում…

- Բայց չէ՞ որ դա ֆիլմ է, չի բացառվում, որ դերակատարը հեչ էլ 11 տարեկան չէր, - նկատեց Վիկտորը:

- Հասկանո՞ւմ ես, խնդիրը դա չէ, այլ այն, որ այդ ֆիլմը ինձ ստիպեց խոստովանել, որ ես չեմ էլ նկատել, որ երեխաներս մեծացել են: Բայց պրոբլեմը ոչ միայն այն է, որ նրանք մեծացել են իմ բացակա, ոչինչ չնկատող հայացքի ներքո, այլ այն, որ ես նրանց վերաբերվել եմ ինչպես 2-3 տարեկանի: Ու ես հիմա տանջվում եմ այն մտքից, որ այս վերաբերմունքով ակամա վիրավորել եմ նրանց:

- Դե,  լավ,  երեւի  չափազանցնում ես, - փորձեց ինձ մխիթարել Վիկտորը:

- Բայց հասկացիր, Վիկտոր, պրոբլեմը այլ բանի մեջ է. այս արթնացումը ես կարող էի ունենալ այն ժամանակ, երբ իմ դուստրը, որդին 17-18 տարեկան լիներ, եւ դրա հետեւանքները կարող էին անկանխատեսելի լինել. այն 2-3 տարեկան, լավ, 11 տարեկան երեխան չկա, իսկ դու այդպես էլ պատրաստ չես շփվել գիտակից, հասուն եւ, որ կարեւոր է, ազատության իրավունք ունեցող մարդու հետ. կարծում եմ` պարզից էլ պարզ է, թե սրա տակ ինչ աղետալի պոտենցիալ է թաքնված:

- Էդ պրոբլեմը շատ տեղերում կա, այդ թվում եւ Ամերիկայում. երեխաները շատ հաճախ գժտվում են ծնողների հետ, փախչում տնից, ինքնասպանություններ էլ են դրա պատճառով տեղի ունենում. դա լուրջ խնդիր է, - նկատեց Վիկտորը:

- Գիտե՞ս, իմ հայրենիքում այդ երեւույթները շատ խիստ արտահայտված չեն, բայց մեկ ուրիշ պրոբլեմ կա, որը ինձ ավելի է անհանգստացնում:

- Եվ ո՞րն է այդ պրոբլեմը:

- Երբեմն, ավելի ճիշտ` շատ հաճախ, ընտանիքը երեխայի մեջ ճնշում է անհատին, մի տեսակ կլոնացնում է: Շատ հաճախ ի դեմս կյանք մտնող երիտասարդի մենք տեսնում ենք ոչ թե մի նոր անհատի, այլ ծնողի կլոնին, նրա կրկնությունը, որի գոյությունը, որի մուտքը դեպի հասարակություն ոչնչով չի հարստացնում այս հասարակությանը, այն ավելի բազմազան չի դարձնում: Մեզ մոտ զավակները շատ են նման իրենց ծնողներին. ոչ թե արտաքինով, ոչ թե սովորություններով, այլ աշխարհընկալմամբ: Շատ հաճախ նրանք կյանքը տեսնում են իրենց ծնողների աչքերով, այնպես, ինչպես իրենց ծնողներն էին տեսնում իրենց տարիքում: Իմ հայրենիքում դաստիարակություն ասելով` շատ հաճախ հասկանում են ոչ թե երեխային օգնելը, այլ նրան կախվածության մեջ գցելը եւ ընդմիշտ այդ կախվածության մեջ պահելը, եւ սա մեծ տեղապտույտի հոգեւոր, բարոյական, այսպիսով նաեւ գլոբալ տեղապտույտի վիճակ է ստեղծում:

- Դու, փաստորեն, խոսում ես կլանի նման մի բանի մասին, երբ կլանի գլխավորը որոշում է ամեն ինչ, եւ մյուսներից որեւէ մեկը որեւէ բան որոշելու համար պետք է կլանի գլխավոր դառնա: Այդպես կառավարվում են նաեւ իտալական մաֆիայի «ընտանիքները»:

- Մոտավորապես. ընկերոջս հայրը մի պատմություն է պատմում, անեկդոտ, որ ավելի լավ է արտահայտում իրավիճակը:

Իսկ պատմությունը հետեւյալն է. մի խումբ ընկերներ քննարկում են այն հարցը, թե ավելի լավ է աղջի՞կ երեխա ունենալ, թե՞ տղա: Ընկերներից մեկը պնդում է, որ աղջիկ ունենալն ավելի լավ է: Նրա զրուցակիցները զարմանում են եւ խնդրում են փաստարկել այս տեսակետը. «Մի՞թե պարզ չէ. աղջկան մի 18-20 տարի պահում ես, հետո մարդու ես տալիս, իսկ տղային ստիպված ես մի 60 տարի, այսինքն` մինչեւ թոշակի անցնելը պահել»:

Վիկտորը դժվարությամբ ժպտաց.

- Այո, դա հնացած սիստեմ է, մեղմ ասած, - նկատեց նա:

- Այդպես է իրոք: Դրանում մեղավոր չեն ո՛չ ծնողները եւ ո՛չ էլ զավակները, բայց իրերի դրությունը ինչ-որ ձեւով անհրաժեշտ է փոխել: Այս գիտակցումը մեզ կանգնեցնում է մեր ընտանեկան ավանդույթներին հանդիման: Բայց հասկանո՞ւմ ես, այդ ավանդույթների մեջ այնքան լավ, դրական, մարդկային բան կա, որ ցանկալի չէ, ուղղակի չի կարելի դրանց դիպչել:

- Իսկ դուք օգտվեք Մեծ Բրիտանիայի կամ Իսպանիայի փորձից: Նկատի ունեմ այն, ինչ նրանք արեցին իրենց պետական կարգի հետ, նույնը դուք արեք ձեր ընտանեկան կարգի հետ, - անսպասելի առաջարկեց Վիկտորը:

- Ես միանգամից գլխի չընկա, թե ինչ նկատի ունի, ու նա բացատրեց.

- Հնում նրանց մոտ ամեն ինչ որոշում էին միապետերը: Հետո եկավ ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ սիստեմը հնացել է եւ խանգարում է առաջընթացին: Բայց իսպանացիները, բրիտանացիները ու էլի շատերը ոչ թե վերացրեցին միապետին, այսինքն` ավանդույթը, այլ վերանայեցին իրենց հարաբերությունները: Հիմա էլ այդ երկրներում միապետը պետության գլուխն է, ամենապատկառազդուն, բայց ուրիշների փոխարեն որոշումներ չի կայացնում: Ինչպես ասում են` հա՛մ գայլերն են կուշտ, հա՛մ ոչխարները` կենդանի: Վիկտորի զուգահեռը ինձ շշմեցրեց. իրոք որ, ընտանիքը հասարակության, ավելի ճիշտ` պետության բջիջն է, նրա մանրակերտը:

27. Գերեզմաններ-գերեզմաններ

Վիկտորի հետ հյուրանոց վերադարձանք շատ ուշ, մեզ հուզող բոլոր հարցերը քննարկելուց հետո: Չնայած ուշ ժամին, ես Ֆրեդի համար հաղորդագրություն թողեցի իր հյուրանոցում: Հաջորդ օրը կեսօրին նա զանգեց, երեկոյան հանդիպեցինք: Ֆրեդի վիճակը ծանրանում էր նաեւ նրանով, որ Կետի ընտանիքը պրեսբիտերական եկեղեցու հետեւորդ էր, պուրիտանների ներկայացուցիչ: Բայց չնայած դրան, Կետի ծնողները Ֆրեդին թույլ էին տվել, որ վաղը կայանալիք հոգեհանգստի ընթացքում Ֆրեդը իրենց հետ նստի առաջին շարքում եւ ցավակցություններ ստանա: Սա շատ սփոփում էր Ֆրեդին:

Հոգեհանգստի ժամանակ ես նստել էին երկրորդ շարքում` հենց Ֆրեդի թիկունքում: Առաջին շարքում նստել էին Կետի հայրը` պարոն Սեմյուելը, մայրը` տիկին Ռիտան, եղբայրը` Ալանը, Ֆրեդը եւ էլի ինչ-որ ազգականներ: Հոգեհանգիստը տեղի էր ունենում պրեսբիտերական եկեղեցու սրահում. ներկա էր մոտ երկու հարյուր հոգի: Սկզբում աղոթեց, ապա դամբանական կարդաց երեցը, ընտանիքի կողմից դամբանական կարդաց Ալանը: Ապա ներկաները մոտենում էին սգավորների առաջին շարքին, ցավակցում նրանց ու հեռանում: Հուղարկավորությանը ներկա էին միայն մերձավոր ազգականները. Ֆրեդն ու ես` հայտնի հանգամանքների բերումով: Ֆրեդը ասաց, որ երեկոյան սգո ընթրիք է լինելու: Գերեզմանատնից մենք գնացինք մեր սգո հագուստը, որ վերցրել էինք վարձույթից, հանձնելու, ընթրիքին հարմար կոստյումներ վերցրեցինք ու մի քիչ շրջեցինք Էդինբուրգում, սուրճ ու շոտլանդական մուգ գարեջուր խմեցինք: Խոսում էինք հոգեհանգստից, Կետի ծնողներից, Լոզանում տեղի ունեցած դեպքերից:

Իմ միտքը, սակայն, զբաղեցնում էր այն գերեզմանատունը, որտեղ ամփոփեցինք Կետի աճյունը. պուրիտանական այդ գերեզմանատունը ապշեցուցիչ կերպով գեղեցիկ էր, հոգեպարար` իր համեստությամբ ու ժուժկալությամբ: Միանման, փոքր տապանաքարեր, նախագծված շարքեր, քայլուղիներ, կանաչ ու ծաղիկ. ահա եւ ամենը: այս ամենից հարգանք էր ճառագում հանգուցյալների նկատմամբ. բայց սա նույնքան մեծ հարգանքի նշան է ապրողների նկատմամբ:

Ես հիշեցի հայաստանյան գերեզմանատները ու սարսափեցի: Մի անգամ գերեզմանատներից մեկի վերակացուի հետ քայլում էի մարմարա-գրանիտա-ոսկեկուռ գերեզմանների արանքով, ու նա ինձ բացատրում էր, թե ովքեր են թաղված այդ օդիոզ գերեզմաններում: Լավագույն մեռելները, իհարկե, թաղված են «լավագույն տեղերում», ու նրանց կմախքների վրա վեր են խոյանում արձաններ, արձաններ, արձաններ, որոնց կողքից անցնելիս ուզում ես ասել` բարեւ, ախպեր ջըն:

Գերեզմանի վերակացուն ինձ բացատրում էր, թե ով-ով է.

- Սա նարկոման էր, պերեդազիռովկից մեռավ, սա կիլլեր էր, իրան էլ խփին, սա գայիշնիկ էր` գերեզմանի փողը 500 դրամանոցներով եմ վերցրել, սա նախարարի ախպեր է: Կարճ ասած, ինչքան ճոխ է գերեզմանատունը, դրա տակ այնքան ճոխ պատմություններ կան, - իր փորձից հետեւություն էր անում վերակացուն, որը նաեւ անկեղծ խոստովանում էր, թե որ տեղը քանիսով է վաճառել:

Նրա պատմությունները լսելուց հետո հասկացա, որ շատ գերեզմաններ կառուցվում են ոչ թե հանգուցյալի նկատմամբ տածած հարգանքից, այլ հանրությանը, հարեւաններին, բարեկամներին զարմացնելու համար: Եվ ամեն անգամ այդ գերեզմանների կողքով անցնողները պետք է անարգված զգան իրենց: Բայց մենք մեզ անարգված չենք զգում, որովհետեւ գիտենք, որ հնարավորություն ունենալու դեպքում` մենք էլ կկառուցենք ճիշտ այդպիսի գերեզմաններ մեր սիրելի մեռելների համար, եւ ուրիշները այդ աներեւակայելի ռաբիզ կոթողները տեսնելիս կսկսեն սաստիկ հարգել մեզ: Գնացեք եւ կանգնեք Հայաստանի ամենաաղքատ գերեզմանի գլխին եւ ուշադիր լինելու դեպքում կնկատեք նրանց խորքում թաղված թաքուն, անդիմադրելի մղումը դեպի գերեզմանային ճոխություն, դեպի գրանիտե եւ մարմարե կուռքեր, դեպի ոսկու փայլ, դեպի մեռելային խրախճանք: Մենք ոչնչի, ոչնչի վրա այնքան հաճույքով փող չենք ծախսում, որքան գերեզմանների, եւ սրա տակ ավելին է թաքնված, քան սովորական ցուցամոլությունն ու ռաբիզությունը: Միայն թե սրա անունը չդնենք ազգային մենթալիտետ, որովհետեւ սա ոչ մի կապ չունի մեր ազգայինի, մեր իսկական ազգայինի հետ: Նա, ով գեթ մեկ անգամ եղել է Նորատուսի գերեզմանատանը, հին գերեզմանատանը, կհամաձայնի ասվածի հետ:

Իսկ Նորատուսի գերեզմանատունը ընդամենը վկայությունն է այն բանի, որ մենք իրոք ունեցել ենք ազգային, քրիստոնեական մշակույթ եւ ուրացել ենք այդ մշակույթը, եւ այն մեզ հետ կապ ունի այնքան, ինչքան Նոր Զելանդիայի հնաբնակների հետ: Ապա թե` ոչ, ինչո՞ւ մեր ժամանակակից գերեզմանները նման չեն Նորատուսի գերեզմաններին. կամ ինչո՞ւ Նորատուսի: Մտեք ցանկացած մի գյուղ, որտեղ նախասովետական գերեզմանատուն կա, եւ կտեսնեք, որ մենք էլ մեր մեռյալներին, հանգուցյալներին հարգելու ձեւը եւ կարգը իմացել ենք: Իսկ հիմա մենք նրանց չենք կարող հարգել` առանց ուրիշներին անարգելու, առանց հենց իրենց անարգելու:

Վերջերս մի երիտասարդի գերեզման գրավեց իմ ուշադրությունը. նկատելի էր, որ այն կառուցողները ջանացել են ամեն ինչ անել` ապացուցելու համար, որ այդ գերեզմանոցում, չէ, ողջ աշխարհում ավելի կարեւոր մեռել չկա: Հետաքրքրվեցի, թե ով է, պարզվեց` հանգուցյալին սպանել է եղբայրը իրենց ընդհանուր քրոջ հետ կապված ինչ-որ պատմության համար: Հետո քույրը կիլլեր է վարձել եւ սպանել տվել մյուս եղբորը: Ես այդ պատմությանը չհավատացի, բայց պատմողները հավատացնում էին, թե դա հարյուր տոկոսանոց իրականություն է: Բայց էականը ոչ թե պատմության իրական կամ անիրական լինելն է, այլ այն, որ գերեզմանի կողքով անցնողը պարտադիր զարմանալու է նրա տեսքից եւ անպայման հետաքրքրվելու է հանգուցյալով: Ու այդ պատմությունը, հնարովի թե իրական, պատմվելու է, հա պատմվելու` խանգարելով հանգուցյալի հանգիստը: Ու նա` քրոջ սիրո ու եղբոր ցասման զոհը, չի հանգստանալու այնքան ժամանակ, քանի դեռ մոռացումից չի քանդվել նրա վրա կառուցված գրանիտե տաճարը…

Մի անգամ ուր որ է զանգվածային անկարգություններ պիտի կազմակերպեի Երեւանի կենտրոնում: Ամենաբանուկ խաչմերուկներից մեկի մուտքի մոտ հսկայական խցանում էր գոյացել, անշարժ խցանում: Երբ համոզվեցի, որ ոչ մի թիզ առաջընթաց չկա, որոշեցի մեքենայից իջնել եւ տեսնել` ինչ է կատարվում: Սեւ թեւկապներով երիտասարդներ հանդուգն կերպով կանգնել էին խաչմերուկների մուտքերին եւ արգելում էին երթեւեկությունը: Մոտեցա նրանցից մեկին եւ հարցրի, թե ինչ է պատահել. պարզվեց` թաղում է: Ո՞վ է հանգուցյալը` պետական գործի՞չ, մտավորակա՞ն, հասարակական դե՞մք. ոչ, իհարկե, հակառակ դեպքում կիմանայի: Պարզվեց` հանգուցյալը մի Սրապիոն ձյա է: Հանգուցյալը, սակայն, չէր շտապում լքել իր ապարտամենտները եւ թերեւս վերջին հրահանգներն էր տալիս թաղի ջահելությանը: Մոտ 40 րոպեից Սրապիոն ձյան բարեհաճեց ժամանել, եւ նրան մատուցված էր հարգանքի վերջին տուրքը. հազարավոր քաղաքացիներ նրան ճամփու դրին մտքում արտասանած ամենավերջին հայհոյանքներով:

Դրանից երկու օր առաջ երթ պիտի անեինք «Ա1+»-ի հարցով, ու ողջ իրավապահ համակարգը վայնասուն էր բարձրացրել` տրանսպորտի աշխատանքը խաթարողները պետք է պատասխան տան օրենքի առաջ: Մի անգամ աչքովս եմ տեսել, թե ինչպես էր Երեւանից դուրս եկող միջքաղաքային ճանապարհը փակվել երկու ժամով: Ոստիկանությունը պնդում էր, որ նման բան չի եղել, ինչպես եւ Սրապիոն ձյայի դեպքում: Բայց ամբողջ քաղաքը գիտեր. դա տեղի է ունեցել Ծիծակի թաղման պատճառով. «Ճոխ թաղում էր», - խոսում էին մարդիկ: Իշխանությունը ծանր կորուստ կրեց. Ծիծակը հայտնի ընտրակեղծարար էր, Սրապիոն ձյայի պես:

Ֆրեդը, իմ լռությունից ձանձրացած, թերթ էր կարդում, իսկ ես հիշում էի գավառական այն կանանց, ովքեր ամուսինների դագաղների գլխավերեւում նստած կաղկանձում են` երեսները ճանկռելով: Ապա մարդկանց կուտակման պիկին ուշագնաց են լինում` իբր, ոտքերը օդում տարուբերելով…

28. Ուզում եմ իմանաք

Վերջին մեկ ժամը ես ու Ֆրեդը լուռ նստած էինք սրճարանային սեղանի շուրջ. այս ընթացքում մի-մի սենդվիչ կերանք, որովհետեւ չէինք դիմանա մինչեւ ընթրիքը: Սենդվիչը կերանք լուռ, հետո նստած էինք լուռ: Ֆրեդը մեկ-մեկ վերցնում էր թերթը, մի քիչ կարդում ու մի կողմ դնում: Ես ամփոփել էի հայաստանյան գերեզմանների մասին մտածումներս եւ միայն այդ ժամանակ նկատեցի, որ Ֆրեդը նույնպես մտատանջությունների մեջ է: Ես նրան մի երկու հարց տվի` հասկանալու համար, թե ինչն է նրան տանջում.

- Գուցե ես պետք է դամբանականո՞վ հանդես գայի, բայց ինձ ոչ ոք չառաջարկեց էլ, - հառաչեց նա:

Ֆրեդը շատ էր տանջվում այն մտքից, որ իր եւ Կետի հարազատների մեջ ինչ-որ չպարզաբանված հարցեր կան: Նա բացատրվելու կարիք էր զգում, բայց չգիտեր` դա ինչպես անել: Մենք մի քիչ խոսեցինք այդ մասին, ու ես Ֆրեդին խորհուրդ տվեցի դա անել հենց առաջիկա ընթրիքի ընթացքում` բաժակաճառի միջոցով: Այս միտքը սկզբում այնքան էլ հաջող չթվաց Ֆրեդին, բայց ես նրան բացատրեցի դրա առավելությունները. նախ նման քայլի համար որեւէ մեկի հետ պայմանավորվելու կարիք չկա, եւ հետո` ասելիքի հասցեատիրոջը երկար-բարակ պետք չէ խոսակցության տրամադրել. ուղղակի վերցնում ես բաժակդ, վեր կենում եւ ասում ասելիքդ: Ֆրեդը համաձայնվեց:

Սգո ընթրիքը տեղի ունեցավ ռեստորանային մի սրահում ընտանեկան միջավայրում. ներկա էր 20-25 հոգի: Բոլորս նստեցինք մի մեծ քառակուսի սեղանի շուրջ: Ես նստել էի Ֆրեդի եւ Կետրինի հեռավոր զարմիկի` Քվենտինի մեջտեղը:

Մենք արագ ծանոթացանք ու մի քանի բառ փոխանակեցինք: Երեցը աղոթք ասաց, եւ ընթրիքը սկսվեց: Սեղանի շուրջ մարդիկ զրուցում էին տարբեր բաների շուրջ: Ես իմացա, որ Քվենտինը Փարիզում է ապրում եւ աշխատում, ես էլ ասացի, որ մտադիր եմ Էդինբուրգից Փարիզ մեկնել. կարճ ասած, Քվենտինի հետ խոսակցության նյութ գտնվեց: Նա հարցրեց, թե վաղո՞ւց եմ ճանաչում Ֆրեդին, ես ասացի, որ Կետի մահվան օրն եմ ծանոթացել, ու կարճ պատմեցի, թե ինչպես է դա տեղի ունեցել: Այդ պատմությունը հետաքրքիր թվաց Քվենտինին, եւ նա շատ հուզիչ համարեց իմ ներկայությունը Կետի թաղմանը.

- Բոլորին թվում է, թե դուք Ֆրեդի հետ վաղուցվա ընկերներ եք, - ասաց նա:

Սա բնական է, որովհետեւ Ֆրեդը ինձ ներկայացրել էր որպես իր ընկեր: Քվենտինը լուրջ մարդ էր երեւում. նա միջահասակ էր, ընդգծված շեկ, չափավոր երկար մազերով, կապույտ աչքերով: Նկատելի էր, որ ամուր կազմվածք ունի: Ես անգամ մտածեցի, թե մարզիկ է: Բայց պարզվեց, որ Քվենտինը շատ լուրջ աշխատանքով է զբաղված. նա ծառայում է Ֆրանսիայի նախագահի թիկնազորում: Այս` ինձ ու Ֆրեդի համար սենսացիոն բացահայտումը Քվենտինը արեց երեկոյան, երբ ինքն ու Կետի եղբայր Ալանը ինձ ու Ֆրեդին հրավիրեցին վիսկի խմելու: Իսկ ընթրիքի ընթացքում ես չէի էլ կռահում այդ մասին:
Ինչեւէ, ես դիտավորյալ անընդհատ զրուցում էի Քվենտինի հետ` թողնելով, որ Ֆրեդը որոշում կայացնի իր անելիքի մասին եւ ժողովի մտքերը: Եվ ահա, իմ ու Քվենտինի զրույցի թեժ պահին ես իմ աջ կողմում վճռականություն զգացի. Ֆրեդը ոտքի ելավ եւ խոսք ասելու թույլտվություն խնդրեց: Բնականաբար, ոչ ոք չառարկեց.

- Ես ուզում եմ դուք իմանաք` ես շատ եմ սիրել Կետրինին: Մենք իրար հետ ապրեցինք տարիուկեսից մի փոքր ավելի, եւ դա իմ կյանքի ամենաերջանիկ շրջանն էր. թույլ տվեք ասել` դա երջանիկ ժամանակ էր նաեւ Կետրինի համար: մենք ապրում էինք ինչպես երազում: Ապագայի իմ բոլոր պլանները կապված էին Կետրինի ու փոքրիկի հետ. մենք հույս ունեինք, որ աղջիկ կծնվի, եւ մենք նրան Կետրին կանվանենք: Կետը ինձ շատ է պատմել ձեր մասին, եւ նա շատ սիրում էր բոլորիդ: Ես ինձ մեղավոր եմ զգում ձեր առաջ եւ ուզում եմ ներողամտություն հայցել. նաեւ շնորհակալ եմ ձեզնից իմ նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի, ինչպես նաեւ Կետրինի գոյության համար:

Սա էր Ֆրեդի խոսքը. բաժակաճառի ընթացքում նրա ձայնը երբեմն խզվում էր. նրա աչքերը թաց էին: Թաց էին նաեւ Կետրինի ծնողների աչքերը: Ֆրեդի խոսքից հետո սեղանի շուրջ լռություն տիրեց: Քիչ անց Կետրինի հայրը` պարոն Սեմյուելը, այնուամենայնիվ, խոսեց.

- Գիտե՞ք, Ֆրեդ, - ծանրաշունչ սկսեց նա, - մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ հիմա 21-րդ դարն է, եւ Կետը, ինչպես նաեւ դուք լիովին ի վիճակի էինք ձեր կյանքը տնօրինել ըստ ձեր որոշումների եւ զգացմունքների: Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք ձեզ որեւէ բանում չենք մեղադրում, չենք մեղադրում նաեւ Կետին. մենք ուղղակի սգում ենք:

Ինձ թվաց, թե այս խոսքից հետո Ֆրեդի սրտից քար ընկավ, եւ ես լսեցի այդ քարի թրխկոցը: Ընթրիքի ընթացքում որեւէ այլ նշանակալի բան տեղի չունեցավ, բացի այն, որ ես ու Քվենտինը մի լավ զրուցեցինք: Ընթրիքից հետո, ինչպես ասացի,

Ալանն ու Քվենտինը ինձ ու Ֆրեդին հրավիրեցին գնալ մի տեղ` վիսկի խմելու: Մենք համաձայնեցինք:

Վիսկիի սեղանի շուրջ Քվենտինը ինձ հարցրեց, թե ինչով եմ զբաղվում. ես ասացի` մի քիչ լրագրությամբ, մի քիչ քաղաքականությամբ ու հիմա էլ շուրջերկրյա ճանապարհորդություն եմ անում` գրելու, լավ նյութ գրելու հույսով: Այստեղ Ալանը ասաց, որ Քվենտինն էլ կապ ունի քաղաքականության հետ. դա ինձ ու Ֆրեդին շատ զարմացրեց: Մենք սկսեցինք հարցուփորձ անել Քվենտինին, ու նա, թերեւս զգալով, որ Ալանը իրեն կմատնի, խոստովանեց, որ ծառայում է Ֆրանսիայի նախագահի թիկնազորում: Քվենտինի ընտանիքը արդեն մի քանի սերունդ բնակվում էր Ֆրանսիայում, բայց չէր կորցրել կապը Շոտլանդիայի հետ: Իմանալով Քվենտինի գործի բնույթի մասին` ես հասկացա, որ կա՛մ պետք է նրան պատմեմ իմ պատմությունը, կա՛մ գործ չպիտի ունենամ նրա հետ: Ի վերջո որոշեցի պատմել, ու Ֆրեդն էլ ինձ օգնեց որոշում կայացնել (Լոզանում ես նրան պատմել էի ամեն ինչ): Ես թղթի վրա գրեցի ու Քվենտինին տվեցի իմ իսկական անուն-ազգանունը եւ հորդորեցի ինտերնետից ստանալ իրեն անհրաժեշտ ողջ ինֆորմացիան: Քվենտինի արձագանքը շատ զուսպ էր. նա, իհարկե, ակնհայտորեն մտահոգվեց: մենք բավական ուշ ժամի բաժանվեցինք եւ պայմանավորվեցինք հաջորդ օրը զրույցը շարունակել Կետրինենց տանը, ուր պիտի գնայինք ճաշելու:

Այդ ճաշից հետո Քվենտինն ասաց, որ իմ մասին անհրաժեշտ ինֆորմացիան ունի, եւ որ մխիթարական է, որ ես չեմ փնտրվում Ինտերպոլի կողմից: Նա ասաց, որ ճաշից հետո մեկնելու է Փարիզ, ու երբ ես այնտեղ հասնեմ, կարող եմ զանգել իրեն: Ես ասացի, որ իրենից մի ակնկալիք ունեմ` Կուբայի եւ Ճապոնիայի վիզա ձեռք բերել: Քվենտինը ոչինչ չխոստացավ:

29. հայացք առաստաղին

Իմ ով լինելու գաղտնիքը Քվենտինին բացելուց առաջ ես չէի հասցրել մի կարգին կշռադատել` արժե՞ արդյոք դա անել: Եւ հիմա, երբ Քվենտինը վերադարձել էր Փարիզ` պահպանելու համար Ֆրանսիայի նախագահին, ես չգիտեի` կպահպանի՞ արդյոք նա իմ գաղտնիքը:

Եւ ուրեմն, ինձ տանջում էին տարակույսները` ճի՞շտ վարվեցի արդյոք: Երբ իմացա, որ Քվենտինը Ֆրանսիայի ղեկավարի թիկնազորի ծառայող է, ինձ համար ակնհայտ դարձավ, որ նա չի կարող ինձ նման անծանոթի հայտնվելը իր կողքին անուշադրության մատնել: Նա կսկսեր քչփորել, եւ ես շատ արագ հիմար պատմության մեջ կընկնեի. մենք իրար հետ խմել էինք, ահագին մտերմացել եւ Ֆրեդի հայացքից ու ակնարկներից հասկացա, որ ինքն էլ բացահայտման կողմնակից է:
Բայց եթե անգամ Քվենտինը չգնահատեր իմ անկեղծությունը, դրանից ինձ որեւէ լուրջ բան չէր սպառնում. մի քանի ամսվա բանտարկություն կեղծ անձնագրի համար եւ ընդամենը, եւ գուցե նրանք ինձ հանձնեին ՀՀ իշխանություններին. սա ողբերգություն չէր լինի, ողբերգություն կլիներ այն, որ ես Հայաստան վերադառնայի ոչ թե երկրի հակառակ կողմից, այլ Փարիզ-Երեւան տխմար ռեյսով:

Իսկ եթե Քվենտինը, այնուամենայնիվ, օգներ ինձ, Կուբայի եւ Ճապոնիայի վիզաներ դասավորեր, ես իսկապես կկատարեի շուրջերկրյա ճանապարհորդություն. Ռուսաստանի վիզա ես արդեն ունեի եւ որոշել էի, որ պետք է դեպի հակառակ կողմ ճամփորդեմ Կուբայով ու Ճապոնիայով. ահաբեկչության դեմ պայքարի վրա խելքը գցած ԱՄՆ մտնելու փորձ անգամ չարժեր անել, այն էլ` սերբական անձնագրով: Օլիմպիական խաղերի նախապատրաստվող Չինաստանի մասին նույնպես չարժեր մտածել: Ուստի որոշել էի Հայաստան վերադառնալ Կուբա-Ճապոնիա-Ռուսաստան-Վրաստան երթուղիով: Բայց եթե Քվենտինը ինձ չօգներ, այս ծրագիրը դժվար կլիներ իրագործել, այնպես որ` նրա առաջ իմ գաղտնազերծումը ավելի շատ հաշվենկատ քայլ դուրս եկավ, չնայած այն ի սկզբանե էմոցիոնալ որոշման էր նման: Թերեւս նաեւ Քվենտինի ջինջ հայացքն էր ինձ վստահություն ներշնչել եւ հիմա իրականում իմ անհանգստությունը կապված չէր նրանից ինձ սպառնացող վտանգի հետ, մի քիչ ծանրութեթեւ անելուց հետո հասկացա, որ Քվենտինը չի վնասի ինձ, բայց արդյո՞ք նա ինձ կօգնի, չէ՞ որ դրա համար ինքն իրեն որոշակի ռիսկի պիտի ենթարկի:

Այն գիտակցումը, որ Քվենտինից ոչ մի վտանգ չի սպառնում, ինձ հանգստացրեց: Ես մի քիչ պառկեցի հյուրանոցի իմ համարում, ապա զանգեցի Ֆրեդին. նա էլ հյուրանոցում էր: Որոշեցինք միասին ճաշել, ես առաջարկեցի հրավիրել նաեւ Վիկտորին: Ֆրեդը համաձայնեց: Հավաքեցի Վիկտորի սենյակի հեռախոսահամարը. պատասխանող չկար. ես հաղորդագրություն թողեցի: Ապա նորից փռվեցի մահճակալիս ու հեռուստացույց միացրի, այս անգամ` «BBC»: Մի քիչ լուրեր լսեցի, ապա որոշեցի զանգել Մարկոյին: Փնտրեցի գտա նրա համարները, որ գրել էի Բելգրադի մի տեսարան պատկերող բացիկի վրա:

- Բարեւ, ճամփորդ ախպեր,- հենց խոսելաոճից ինձ ճանաչելով` ասաց Մարկոն եւ շարունակեց,- քանի՞ կռուգ ես արել երկրագնդի շուրջ:

- Առայժմ Եվրոպայի արգելքն եմ փորձում հաղթահարել,- ասացի ես:

- Վայ կոխեմ ես քո Եվրոպան,- Եվրոպայի անունը լսելով` վրա պրծավ Մարկոն,- ինչո՞ւ չես մաքրվում էդ գ-անոցից:

Նրա ձայնի մեջ մի ինչ-որ նորաբորբոք ջղայնություն կար:

- Եթե գործերը լավ գնան, մի շաբաթից կմաքրվեմ: Քո գործերը ո՞նց են, մի տեսակ լարված ես,- հարցրի ես:

- Գորիլլային արդարացրել են էդ պիդըռները, ես դրանց մերը:

- Ի՞նչ Գորիլլա, Մարկո, ո՞վ է արդարացրել:

- Քո էդ շինած Հաագայի դատարանը, ո՞վ:

- Իսկ ո՞վ է էդ Գորիլլան:

- Ալբանացի դաշտային հրամանատար, տեռորիստ ու մարդասպան. Կոսովոյում էլ պաշտոնյա է:

- Բայց գուցե նա իսկապե՞ս անմեղ է, եթե արդարացրել են…

- Էդ ինչե՞ր ես խոսում. եթե նա անկեղծ է, ուրեմն ես Հովհաննես Պողոս 2-րդն եմ:

Մարկոն հազիվ էր զսպում իր կատաղությունը. նա պատմեց, որ այդ Գորիլլա մականունով անձի հետ իրենք բազմիցս հանդիպել են ռազմի դաշտում, բայց էականն այն է, որ այդ Գորիլլան նույնպիսի հաշվեհարդարներ է տեսել Կոսովոյի խաղաղ սերբերի, ինչպես իրենք ալբանացիների հետ: Թվում է, թե իրեն համարժեք անձի արդարացումը պետք է ուրախացներ Մարկոյին. ճիշտ է, այդ անձը թշնամի էր, բայց զուտ տեսականորեն նրա արդարացումը նման հնարավորություն էր ստեղծում նաեւ Մարկոյի համար: Վերջինս, սակայն, համաձայն չէր իմ այս դիտարկմանը եւ այն որակեց որպես տուֆտա մեկնաբանություն.

- Դու, ի՞նչ է, միամի՞տ ես. Գորիլլան Կոսովոյում վարչապետ էր: Ու քանի որ բոզ գրինգոներն ու եվրոպիդըռները որոշել էին Կոսովոյին անկախություն տալ, մտածեցին, որ լավ չի լինի անկախություն տալ տեռորիստ վարչապետ ունեցողներին: Մյուս կողմից էլ` Գորիլլան իրենց պետք էր: Մտածեցին` ի՞նչ անեն ու Գործարք կնքեցին: Նրանք Գորիլլային որպես տեռորիստ տարան Հաագայի դատարան (ավելի ճիշտ` չտարան, նա ինքը գնաց, որովհետեւ գիտեր, թե ինչու է գնում), որպես հրեշտակ բաց թողեցին այնտեղից: Նրա արդարացումն ու Կոսովոյի անկախության շուխուրը համընկան իրար հետ: Իսկ դու հեքիաթներ ես պատմում, - հանդիմանեց ինձ Մարկոն:

Նրա վերլուծությունը ինձ ցնցեց: Ճիշտ է, ես Կոսովոյի անկախացման պրոցեսին համակրանքով էի վերաբերվում` հույս ունենալով, որ դա դրական կազդի Ղարաբաղի անկախացման հեռանկարի վրա, բայց Մարկոյի հետ զրույցները ինձ հանգեցրին այն եզրակացության, որ միջազգային քաղաքականության սկզբունքները, որոնք հռչակվում եւ արտասանվում են այն մարդկանց կողմից, ում Մարկոն անվանում է եվրոպիդըռներ եւ բոզ գրինգոներ, իրականում ծխածածկույթի դեր ունեն եւ կոչված են քողարկել իրական խաղը:

Իսկ այս խաղերում հաղթելու համար` ժողովուրդները պետք է ընդամենը լավ խաղան, հասկանան խաղի իմաստն ու բովանդակությունը: Ինչ վերաբերում է Կոսովոյի ալբանացիներին, նրանք ոչ թե լավ խաղացին, այլ պարզապես նրանց հակառակորդների առաջնորդ Միլոշեւիչը այնքան վատ խաղացող էր, այնքան պրիմիտիվ էակ, որ հակառակորդներին, Սերբիայի հակառակորդներին պարտվելու ոչ մի շանս չթողեց:

Մարկոյի ու իմ խոսակցությունը ծանր ստացվեց: Մենք իրար բարեմաղթանքներ ասացինք, ու ես խոստացա առաջիկայում էլի զանգել: Նա ասաց, որ մի ամիս այս հեռախոսահամարներով չեմ կարող իրեն գտնել: Որոշ ժամանակ անց լուրերով լսեցի, որ ինչ-որ անհայտ անձինք փորձել են մուտք գործել Կոսովոյի վարչապետի առանձնատուն. գիշերային այդ օպերացիան, սակայն, տապալվել էր: Հարձակվողները հեռացել էին անաղմուկ եւ ձեռնունայն:

30. can I help you?

Մահճակալիս փռված մտածում էի Մարկոյի հետ ունեցած խոսակցության մասին: Ավելի ճիշտ` չէի մտածում: Լինում է, չէ՞, որ ինչ-որ բանի մասին ես մտածում, գիտես, թե ինչի մասին ես մտածում, բայց չես կարող ասել` ինչ ես մտածում: Ես գիտեի, գիտակցում էի, որ մտածում եմ իմ ու Մարկոյի խոսակցության մասին, բայց ոչ մի կոնկրետ բան չէի մտածում. ուղղակի նայում էի առաստաղին, իմ ու Մարկոյի խոսակցության առիթով: Սա, իհարկե, դժվար է բացատրել, բայց համոզված եմ` բոլորդ էլ ինչ-որ առիթով առաստաղին նայել եք. առանց առիթի էլ մենք առաստաղին նայում ենք, բայց մի բան է առաստաղին նայել ինչ-որ առիթով, եւ բոլորովին ուրիշ բան` նույնը անել առանց առիթի…

Մտքիս թռիչքը ընդհատեց հեռախոսի զանգը, որը եւ խթանեց միտքս բոլորովին այլ ուղղությամբ: Մի քանի ակնթարթների ընթացքում, մինչ հեռախոսը զանգում էր` ազդարարելով ընկալուչը վերցնելու անհրաժեշտությունը, ես շոշափելիորեն հասկացա, թե ինչ է գլոբալիզացիան. աշխարհի բոլոր հյուրանոցներում հեռախոսները զանգում են միեւնույն տոնով. այսինքն` նույն զանգն է հնչում աշխարհի բոլոր հյուրանոցներում տեղադրված բոլոր հեռախոսներից: Այդ բոլոր հյուրանոցների բոլոր հեռախոսներից հնչող միեւնույն տոնն ունեցող զանգերը հնչում են միեւնույն բարձրությամբ, ինչ-որ էրոտիկ երանգով` լու-լու, լու-լու:

Անգամ Թեհրանում, որտեղ ձուկը մատուցում են առանց գինու եւ առանց գարեջրի, որտեղ գլոբալիզացիայի դեմ պայքարը դրված է պետական մակարդակի վրա, ահա այդ Թեհրանի հյուրանոցներում հեռախոսները հնչում են նույն տոնով, նույն էրոտիկ երանգով, չնայած Իրանում էրոտիկան արգելված է օրենքով` լու-լու, լու-լու:

Վերցրեք հեռախոսը եւ զանգահարեք աշխարհի ցանկացած հյուրանոց, երկրագնդի ցանկացած վայրում գտնվող: Ձեզ կպատասխանի նույն աղջիկը կամ նույն տղան, այսինքն` այդ երկու հոգուց մեկը` նույն ձայնով, նույն հոգատարությամբ, նույն էրոտիկ երանգով, եւ կասի նույն բանը.

- Can I help you?

Նրանք այնպես են արտասանում այս նախադասությունը, կարծես ակնկալում են միայն մեկ պատասխան, բացառապես այդ պատասխանը.

- Այո, չէի՞ք հաճի արդյոք մինետ անել…

- Can I help you?

Եթե դուք զանգել եք Թեհրանում գտնվող որեւէ հյուրանոց, հնարավոր է ձեզ պատասխանեն պարսկերեն, բայց, միեւնույն է, նրանք կասեն այդ նույն բանը.

- Can I help you?

Իմ կարգավիճակում գտնվող մարդը ուղղակի կխելագարվի: Եթե դուք տարին մի քանի անգամ եք հյուրանոց մտնում, դուք թերեւս չնկատեք քենայհելփյուիզմի ամենահաս ճանկերը: Բայց ես` փախստականս, որ երբեմն շաբաթվա մեջ երեք քաղաք ու հյուրանոց եմ փոխում, ուղղակի խելագարության եզրին եմ: Բոլոր հյուրանոցներում ինձ դիմավորում են միեւնույն դեմքերը, միեւնույն ժպիտներով, միեւնույն ձայնով հարցնում են միեւնույն բանը.

- Can I help you?

Մի անգամ ես պատասխանեցի այնպես. ուղղակի միջազգայնորեն հայտնի տերմինը փոխարինեցի հայերեն` թեկուզ ոչ այնքան բարեհունչ համարժեքով եւ ողջ նախադասությունը արտասանեցի հայերեն:

- Sorry?, - հնչեց ի պատասխան: Հետո ես ասացի, որ սենյակ եմ ուզում եւ դարձա գլոբալիզացված աշխարհի գլոբալիզացված քաղաքացի:

Իհարկե, աշխարհասփյուռ հյուրանոցության մեջ կան նաեւ բացառություններ, բայց դրանք աստղ չունեցող, այսինքն` բոմժական հյուրանոցներն են: Այդպիսի մի հյուրանոց տեսա Ռուսաստանի Վլադիվոստոկ, կամ ինչպես «Կարգին հաղորդման» տղերքը կասեին` Վլադիվաստովսկ քաղաքում:

Այս հյուրանոցի ալյումինե, տարիների ծանրությունից սեւացած դռան երկու փեղկերից մեկն էր բացվում եւ փակվում էր ժանգոտած զսպանակի ճռինչին ենթարկվելով: Փակոցի բռնակը անուժ կախված էր իր համար նախատեսված անցքի մեջ: Ահագին մեծ վիտրաժ ունեցող այդ դռան ապակե մասից` ներսի կողմից, պլաստմասսե խունացած ցուցանակ էր փակցված` «Открыто»: Սրա տակ գրված են ընդմիջման ժամերը` «Перерыв 13.00-14.00»: Այս դռնից հետո մի նույնանման դուռ կա` մշտապես փակ ձախ փեղկով, նույնպիսի ժանգոտ զսպանակով, որի ճռինչը, ի հակառակ «Can I help you»-ի, սեռական բռնության վախ է առաջացնում: Այս մի դռան վրա, սակայն, ցուցանակ չկա:

Ահա այս երկրորդ դռան հետեւում է այն, ինչ քենայհելփյուանոցներում նախասրահ, ֆոյե է կոչվում: Բայց ներս մտնելով` մենք ոչ թե ընդարձակ սրահ ենք տեսնում, այլ ձախից աջ ձգվող մի նեղ միջանցք, ձախ կողային պատին մի խունացած ստենդ է` Լենինի պենոպլաստե պրոֆիլով, իսկ նրա տակ գրված է պենոպլաստե կարգախոսը. «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք»: Աջ կողմում վերելակն է ու նրանից էլ ավելի աջ` վերեւ տանող աստիճանը: Վերելակից ցուցանակ է կախված «Не работает»:

Դիմացը` այնտեղ, ուր պետք է լինի քենայհելփյուի կանգնակը, կիսապատ է` մետրուկես բարձրությամբ: Սրա վրա բարձրանում է ապակե` ալյումինով եզերված վանդակապատը: Ապակիները ներկված են սպիտակ հիշեցնող ներկով: Այս ապակե պատի վրա` մուտքի հենց դիմացը, մի պատուհանիկ կա բացված` սազի կնդի ստանդարտով:

Ախր դուք չգիտեք, թե ինչ է սազի կունդը. դա իջեւանյան մի պատմություն է: Ուրեմն, ամուսինը` խեղճուկրակ մի մարդ, գնում է վարսավիրի մոտ: Մազերը կտրում, ետ է գալիս: Կինը հարցնում է, թե նա, այսինքն` ամուսինը, որքան է վճարել վարսավիրին: Ամուսինը ասում է, որ 50 կոպեկ է վճարել (դեպքը Սովետի ժամանակ է պատահել): Կնոջը սա խիստ վրդովեցնում է, ու նա գոռգոռում է մարդու վրա, թե իրեն օրը ցերեկով կողոպտում են, իսկ նա գլխի անգամ չի ընկնում: Ահա այս կինը, այսպիսիներին Իջեւանում քյափյուր են ասում, մարդու ձեռքից բռնած` գնում է վարսավիրի մոտ` ռազբորկա անելու: Վախեցած վարսավիրը, որ այդ պահին մեկ ուրիշ հաճախորդի մազերն է կտրելիս լինում, ճղճղան կնոջը բացատրում է, որ բոլորի մազերն էլ նույն գնով է կտրում, եւ գինն էլ 50 կոպեկ է: Կինը այդ պահին նստած հաճախորդին, ապա ամուսնուն ցույց տալով` ասում է.

- Խի՞, էդ եքա կլուխն էլ ա 50 կոպեկ, էս սազի կունդն է՞լ:

Ահա այսպիսի սազի կնդերի չափանիշով էր բացված այն պատուհանիկը` մեծ, անթափանց ապակե պատի վրա, Վլադիվոստոկի X հյուրանոցի նախասրահում:

Երբ ներս մտա, ոստիկանական հագուստով, ռետինե մահակը կողքից կախած մի երիտասարդ գլուխը մտցրել էր պատուհանիկից ներս. որեւէ այլ ոք այդտեղ չկար: Իմ ներս մտնելն էլ որեւէ արձագանք չստացավ, եւ ոստիկանական ետ ցցված հետույքը երբեմն-երբեմն շարժվող միակ բանն էր այդ տարածքում: Իսկ պատուհանիկի ճեղքերից մերթընդմերթ դուրս էր հորդում կանացի անզուսպ ծիծաղ. ոստիկանական հետույքը ցնցվում էր ծիծաղի ռիթմին համապատասխան:

Ես հասկացա, որ պետք է սպասեմ, մինչեւ մտերմիկ զրույցն ավարտվի. դա տեղի ունեցավ մի կես ժամից: Սպիտակ դեմքով, կարմիր ականջներով գլուխը դուրս եկավ պատուհանից ու կռահող, ամեն ինչ կռահող հայացքով նայեց ինձ:

Ես անվրդով մոտեցա, «Извините» ասացի, ինչից հետո ոստիկանը մի քիչ այն կողմ գնաց ու տեղ բացեց պատուհանիկի առաջ: Պատուհանիկից այն կողմ նստած էր 100-120 կիլոգրամ մոտավոր քաշով մի կին: Նա մեծ կրծքերը դրել էր սեղանին, ինչից սեղանը ճկված էր թվում: Կնոջ մազերը հիմքում կտրված էին, կարճ եւ շագանակագույն էին, իսկ գագաթի մասում մազերը երկար էին եւ դեղին: Կինը կապույտ աչքերով ինձ էր նայում եւ ոչինչ չէր ասում, ինչը ե՛ւ շփոթեցնող էր, ե՛ւ հաճելի` երկարատեւ քենայհելփյուներից հետո: Ի վերջո ես ասացի, որ սենյակ եմ ուզում:

Կինը ասաց, որ ընդամենը մեկ ազատ սենյակ կա, այսինչ գնով: Ես համաձայնեցի: Բայց մինչ սենյակ ստանալը պետք է լրացնեի բազմաթիվ թղթեր: Հետո ստացա պղնձե մի բանալի: Սենյակ մտնելով` հասկացա, որ ոչ ոք ոչնչով չի կարող ինձ օգնել. երկաթե ցանցով մահճակալի անկյունից կախված սավանից ինձ էր նայում եռանկյունի սեւ դրոշմը, որի վրա գրված էր հյուրանոցի անունը:

Բայց դա Վլադիվոստոկում էր, ուր հասնելու համար ես դեռ երկար ճանապարհ պիտի անցնեմ: Իսկ հիմա Էդինբուրգում եմ, հյուրանոցի հանգիստ համարում, եւ հեռախոսը զանգում է` լու-լու, լու-լու:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ