> ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սիրելի ժողովուրդ.

Օհան ԴուրյանԱյսօրվա մեր հանրահավաքին ներկայացել եմ առանձնակի բարձր տրամադրությամբ եւ հույս ունեմ այդ տրամադրությունը փոխանցել բոլորիդ, յուրաքանչյուրիդ, որպեսզի դուք էլ ձեր հերթին այն ուրիշներին փոխանցեք: Այսպիսի ակնկալիքով էլ այսօրվա մեր հանրահավաքը հայտարարում եմ բացված, չնայած` գիտեմ, որ իմ այս տրամադրությունը շատերին է տարօրինակ թվալու: Բայց այս զգացողությունը շատ արագ կցրվի, քանի որ այսօրվա ելույթը, ի տարբերություն նախորդների, նաեւ վերնագիր ունի. այն վերնագրել եմ «Ձոն ցնծության»:

Ուղիղ մեկ տարի առաջ` նոյեմբերի 16-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում առաջին անգամ Հայաստանի հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնվելը ժողովրդի առաջ` ուղեկցվեց Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի «Ձոն ցնծության» հայտնի մեղեդիով: Այդ մեղեդին նաեւ Եվրամիության հիմնն է, եւ որոշ մարդիկ սա համարում էին այն բանի վկայություն, որ վերջին մեկ տարում Հայաստանում տեղի ունեցածը տեղավորվում է «գունավոր հեղափոխությունների» համատեքստում: Բայց մեր «Ձոն ցնծությանը» բոլորովին ուրիշ պատմություն ունի: Մեր մաեստրոն, հայ մեծագույն դիրիժոր Օհան Դուրյանը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը արձագանքելով, թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե Հաղթանակի, Համաժողովրդական շարժման հաղթանակի օրը Ազատության հրապարակում նվագախմբի հետ կատարելու է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան` «Ձոն ցնծությանը», եւ այս հայտարարությունը կանխորոշեց այդ երաժշտության ներկայությունը մեր քաղաքական ողջ պայքարի ընթացքում:

Այն ժամանակ ես ինձ հարց չէի տալիս, թե ինչո՞ւ է Օհան Դուրյանը, մեր սիրելի մաեստրոն, հենց այս մեղեդին առանձնացնում իր իմացած հազարավոր գլուխգործոցներից: Այն ժամանակ նման հարցը երեւի իմաստ էլ չուներ: Հիմա, հենց հիմա, սակայն, հասկանում եմ, որ նման ընտրություն կարող էր անել միայն այն մարդը, քաղաքացին, մտավորականը, արվեստագետը ,ով խորությամբ, ողջ խորությամբ հասկացել է, թե որտեղի՞ց են ծագում իր հայրենիքի պրոբլեմները, եւ ուրեմն նաեւ գտել է բոլոր այդ պրոբլեմների լուծման բանաձեւը:

Եկեք նայենք մեր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը: Կարծես թե անկախ պետություն է, կարծես ունի պետականության ատրիբուտները, ինչպես ընդունված է ասել` պետական ինստիտուտներ, կարծես մարդիկ ապրում են` համենայնդեպս սովից չեն մեռնում, կարծես տներ էլ են կառուցում, կարծես ամուսնանում էլ են, կարծես մեքենաներ էլ են վարում, կարծես սովորական կյանք է, որ ընթանում է իր հունով, իր ռիթմով: Բայց ոնց էլ նայենք, իշխանամետի, թե ընդդիմադիրի հայացքով, թեկուզ չեզոքի հայացքով, անպայման կնկատեք, որ ինչ-որ բան պակասում է, ինչ-որ կարեւոր բան: Ո՞րն է էդ կարեւոր բանը, ի՞նչն է այդպես պակասում Հայաստանի կյանքին, Հայաստանի ժողովրդի կյանքին:
ՑՆԾՈՒԹՅՈՒՆՆ է պակասում, սիրելի ժողովուրդ, ՑՆԾՈՒԹՅՈՒՆԸ…

Օհան Դուրյանը, երաժշտության, ասել է թե` մարդկային հոգու մեծ գիտակը, բնականաբար, սա պետք է առաջինը հասկանար եւ ցնծության մեջ պետք է տեսներ Հայաստանի տխուր ներկայի եւ անհեռանկար ապագայի լուծումը: Էլ ո՞վ, եթե ոչ Օհան Դուրյանը, պետք է հասկանար, որ ցնծությունն է ապրելու, ստեղծագործելու, արարելու, թռչելու լիցք տալիս ժողովրդին, որ ցնծություն չապրած կամ ցնծության կարոտ ժողովուրդը չի կարող ճեղքել իր իսկ ճակատագրի կախարդական շղթան, որ ցնծությունն է ելքը այդ դժբախտ շղթայից:

Իսկ ե՞րբ է Հայաստանի Երրորդ հանրապետության ժողովուրդը լիարժեք ցնծություն ապրել, համաժողովրդական ցնծություն: Եթե անկեղծ լինենք, մեր ժողովուրդը լիարժեք ցնծություն չի ապրել` ինչ-ինչ պատճառներով: Ցնծությանը ամենաշատը մոտ է եղել, թերեւս, 1991 թվականի Անկախության հանրաքվեն: Հաջորդ ցնծությունը կարող էր դառնալ Շուշիի ազատագրումը, որը սակայն, ցավոք, այդպիսին չդարձավ: Շուշիի ազատագրումը ցնծության լավ առիթ էր, բայց ցնծություն այդպես էլ չստացվեց:

Իսկ ի՞նչ է ցնծությունը, սիրելի ժողովուրդ:

Ցնծությունն այն է, երբ մարդ չի կարողանում տանը նստել, երբ մարդ իրեն նետում է փողոց ու ոչ ոքի կողքով չի կարողանում անտարբեր անցնել` ողջունում է բոլորին, գրկում-համբուրում է անցորդներին, ու անցորդներն էլ իրեն են գրկում ու համբուրում: Ցնծությունն այն է, երբ փողոցում ազատ մարդ ես փնտրում, որ գրկես ու համբուրես, բայց չես գտնում, որովհետեւ բոլորը զբաղված են նույն գործով. ցնծությամբ: Ստիպված ձայնդ գլուխդ ես գցում, դրոշ ես ծածանում, ավտոմեքենայիդ շչակն ես միացնում, ողջունում ես պատշգամբներից կախված քեզ ողջունողին: Իսկ նման բան լինում է այն ժամանակ, երբ տեղի է ունենում Հաղթանակ, տեղի է ունենում Մեծ հաղթանակ, ու այդ հաղթանակը փողոցով անցնող յուրաքանչյուր մարդ համարում է իրենը, իր անձնական, իր կռած, իր ձեռքբերած, իր կերտած հաղթանակը. անձամբ իր հաղթանակը: Եւ այսպես համարում է յուրաքանչյուր ոք:

2008 թվականին նախագահական ընտրություններից առաջ Օհան Դուրյանը հստակ կանգնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, որովհետեւ գիտեր, որ Տեր-Պետրոսյանի հաղթանակն է, որ ժողովրդին կարող է ցնծություն պարգեւել: Նոյեմբերի 16-ին մի կերպ Ազատության հրապարակ հասնելով` Օհան Դուրյանը ընդամենը մեկ նախադասություն փոխանցեց հանրահավաքի տասնյակ հազարավոր մասնակիցներին. «Հայ քույրեր, հայ եղբայրներ. Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը ժողովրդի հաղթանակն է»: Օհան Դուրյանը ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ ժողովրդի հաղթանակն է փնտրում, որովհետեւ գիտի, որ ցնծությունը, միայն ցնծությունը ժողովրդին կարող է հանել հուսահատ վիճակից, իսկ նման ցնծություն մարդկանց կարող է պարգեւել ավազակապետական, օլիգարխիկ հրեշավոր համակարգի փլուզումը, բեսպրեդելի պարտությունը: Եւ սա ցնծություն է բերելու անգամ այդ համակարգին հլու ծառայողներին: 2003-ին Օհան Դուրյանը հստակ կանգնեց Ստեփան Դեմիրճյանի կողքին, որովհետեւ Ստեփան Դեմիրճյանի հաղթանակը ժողովրդի հաղթանակն էր լինելու եւ պսակվելու էր համաժողովրդական ցնծությամբ: Ժողովուրդը պարտված էր տեսնելու իր դահիճներին…

Մեր ժողովրդին ցնծություն է պետք: Ոչ թե խելոք տնտեսական ծրագրեր, ոչ թե խոստումներ, ոչ թե զվարճալիքներ, ոչ թե տեսարաններ, այլ ցնծություն, համաժողովրդական ցնծություն, որ նրան համակի Երեւանի Կենտրոնից մինչեւ Ագարակ, Բագրատաշեն, Աշոցք, Վարդենիս, որ ամենուր, ամենուր, ամենուր մարդիկ կողջունեն իրեր տեսնելիս, իրար կնայեն պարզ ճակատով, բաց հայացքով, հպարտությամբ ու որոշողի, որոշում կայացնողի կեցվածքով ու գիտակցությամբ: Երկրի տիրոջ, երկրի քաղաքացու զգացողությամբ:

Իսկ ինչպե՞ս կարելի է ժողովրդին այսպիսի ցնծություն պարգեւել: Դրա համար միայն մի բան է հարկավոր. նրան հարկավոր է որոշում կայացնելու հնարավորություն տալ: Ժողովուրդը չի կարող սեփական երկրում ապրել պարտվածի զգացողությամբ: Այս զգացողությունը դանդաղ սպանում է ժողովրդին` սեփական հայրենիքում: Ժողովուրդը պետք է հաղթի, ժողովուրդը պետք է հաղթանակի: Ժողովուրդը պետք է որոշում կայացնելու հնարավորություն ստանա: ժողովուրդը պետք է որոշի, միայն ժողովուրդը պետք է որոշի, ժողովրդինն է որոշում կայացնելու իրավունքը, որովհետեւ ժողովուրդը երբեք չի սխալվում, եւ ժողովրդի գործած ամենամեծ սխալը շատ ավելի բարեբեր է, քան քաղաքական խմբակների ամենաիմաստուն որոշումը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ցնծություն պարգեւելու, ցնծության իրավունքը վերադարձնելու միայն մեկ ճանապարհ կա` քաղաքական ճանապարհը, հեղափոխության ճանապարհը, երբ ժողովուրդը սեփական ձեռքերով տապալի իրեն հարստահարող, նվաստացնող, ստորացնող ավազակապետական համակարգը: Ժողովուրդը պետք է իր առաջ կուչ եկած տեսնի օլիգարխիային եւ ժողովուրդը պետք է ների նրան, որովհետեւ ժողովրդին ոչ թե վրեժ է հարկավոր, այլ ցնծություն, ցնծության հնարավորություն, ցնծության իրավունք: Որովհետեւ հնարավոր չի լինի ցնծություն ապրել դիակների վրա, ցնծություն կարող է տեղի ունենալ միայն Բարի, Մեծ, Սիրելի Հաղթանակի շնորհիվ:

Ժողովրդից խլված է ցնծության իրավունքը: Նրան այլեւս ցնծություն չեն պարգեւում անգամ հայաստանցի մարզիկների, երաժիշտների, ռեժիսորների հաջողությունները, որովհետեւ այդ մարզիկները, արվեստագետները իրենց հաջողությունների տերը ոչ թե ժողովրդին են համարում, այլ օլիգարխներին, ավազակապետերին եւ քարշ են գալիս նրանց ոտքերի տակ, որպես անօգնական, անինքնասեր, անլիարժեք մանկուրտներ, որպես ավազակապետության հլու կամակատարներ:
Ես ցնծում եմ, սիրելի ժողովուրդ, որովհետեւ հասկացել եմ Օհան Դուրյանին: Ես ցնծում եմ, որովհետեւ Օհան Դուրյանը գտել է վերջապես Հայաստանի եւ Հայաստանի ժողովրդի բոլոր խնդիրների լուծման բանալին: Ես ցնծում եմ, որովհետեւ սեփական աչքերով տեսել եմ ժողովրդի ցնծությունը, ես ցնծում եմ, որովհետեւ գիտեմ, թե ինչո՞ւ եմ ապրում. հանուն համաժողովրդական ցնծության: Հանուն այն բանի, որ ժողովուրդը հաղթանակած զգա իրեն, որոշող զգա: Հանուն նրա, որ ժողովուրդը ների, որովհետեւ ժողովրդին ոչ թե վրեժ է հարկավոր, այլ ցնծություն, հաղթանակի, որոշողի, տանտիրոջ ցնծություն:

Ես ցնծում եմ, որովհետեւ տեսնում եմ, որ հավատարիմ ընկերները ամեն օր, ամեն ժամ ծառայում են այդ նպատակին, մոտեցնում են ժողովրդի ցնծության օրը, այն օրը, երբ մարդիկ չեն կարող տանը մնալ, դուրս կնետվեն փողոց ու չեն կարողանա անտարբեր լինել ոչ մի անցորդի նկատմամբ, երբ ինքնամոռաց կողջունեն բոլորին:
Ու կծածանեն դրոշները, հայոց պետականության դրոշները, ու կողջունեն պատշգամբներից իրենց ողջունող մարդկանց, ու շնչահեղձ կլինեն ավտոները Հայաստանի` շչակների հորդումից: Ես ցնծում եմ, որովհետեւ գիտեմ, որ ապրում եմ հանուն այդ օրվա, հանուն այդ մեկ օրվա:

Եվ այսօր, այս ելույթի վերջում համարձակվում են «Ձոն ցնծության» վերնագրել մեր Մեծի, ՄԵՐ Հովհաննես Թումանյանի անվերնագիր հետեւյալ քառյակը, գուցե եւ մի փոքր «նենգափոխելով» հեղինակի նկատի ունեցած իմաստը.

Հոգիս` տանը հաստատվել -
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
1+

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.