> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ, Է՛ՍՏԻ…

ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ, Է՛ՍՏԻ…

ԳիքորՍերժ Սարգսյանի հետ ունեցած մյունխենյան հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը մեկնում է Ռուսաստան` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ ռուս-ադրբեջանական էներգետիկ համագործակցության եւ ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր քննարկելու։ Զուգահեռ` Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովն է հեռախոսազրույց ունենում Թուրքիայի իր գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ եւ մյունխենյան հանդիպումից իր նախնական տպավորությունները կիսելուց հետո` նրանից Անկարա մեկնելու հրավեր է ստանում` ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումները դեմ առ դեմ քննարկելու համար։ Այս ամենին Հայաստանի պատասխանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցն է Իտալիա, որը ակնհայտորեն դուրս է վերջին զարգացումների կոնտեքստից։ Նալբանդյանի իտալական այցի ինտրիգը այն է, որ այդ երկրի ԱԳ նախարարը 2010 թվականի առաջին կեսին այցելելու է Հայաստան։ Հիրավի` դարակազմիկ գործառույթ է ստանձնել Էդիկ Նալբանդյանը։ Երբ հետեւում ենք վերջինիս գործունեությանը, ակնհայտ է դառնում, որ Գիքորի նման «Էստի համեցեք» գոռալն է նրա ամենասիրած զբաղմունքը։ Արդեն երկու տարի այցեր է փորձում կպցնել Նալբանդյանը, որ իր շեֆի մոտ եկողներ լինեն, որ շեֆը տնից դուրս գալու առիթ ունենա։ Մերձավորարեւելյան մի տուռնեի արդյունքում Նալբանդյանը Բաշար ալ Ասադի այցը կպցրեց Հայաստան, բայց Սիրիայի նախագահի գալուստը հետաքրքիր չէր նույնիսկ տեղական լրատվամիջոցների համար։ Մի այց էլ Սերժի համար կպցրեց դեպի Քուվեյթ, եւ այս այցն էլ չճեղքեց տաղտկալիության թաղանթը։ Եւ ընդհանրապես, Սերժ Սարգսյանի բոլոր միջպետական այցերն էլ, չնայած հատուկենտությանը, տաղտկալի են եւ անհետաքրքիր, որովհետեւ հիմնականում զուրկ են ինտրիգից, ասելիքից, բովանդակությունից։ Ի՞նչ պետք է քննարկեն Հայաստանն ու Հունգարիան, Հայաստանն ու Սերբիան, Հայաստանն ու Քուվեյթը` ոչ մի բան, իհարկե` ոչ մի բան։ Այս այցերը կազմակերպվում են պարապությունից. պարապը, իհարկե, Հայաստանն է։ Սերբիայի նախագահ Բորիս Թաջիչը Հայաստան է գալիս, որովհետեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն է խնդրում, Հունգարիայի նախագահը «պատուհան» է ունենում, ընդունում է Սերժ Սարգսյանին։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հրատապ հարցեր էլ ունի` ի դեմս ԼՂ հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների, բայց դե` տղերքը` Մեդվեդեւը, Ալիեւը, Էրդողանը բանը, այդ հարցով զբաղվում են, էլի, մե՞նք ինչու մեր ծանր տեղը թեթեւացնենք։

ՀԳ. Տղերքը նոր ասացին, որ Է. Նալբանդյանի` Իտալիա կատարած այցը ուղիղ կապ ունի տարածաշրջանային վերջին զարգացումների հետ։ Եթե մոռացել եք, հիշեցնեմ. Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու հարսանիքի քավորն է։ Էնպես որ` մամենտներ կան, բայց չենք կարա հիմա ասենք։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Նոյեմբերի 26, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Armen M.
    Նոյեմբեր 26th, 2009 at 10:17 | #1

    HH-um depi joghovrdavarutyun araj@ntac ardzanagrac bazmerang evropan ba inchu erkkoghm aycelutyunneri cragrer chi kazmakerpum ??????Anarakutyan bazmadaryan pordzov evropan giti inchpes ogtagorcel iren tenchacoghnerin,miajamanak chbarkacnelov himnakan hachaxordnerin….Isk cer anaraki faforiti havaknutyun unecogh manr munr vordzukner@ patrast en zijel minchev verjin shapik@…
    Da aydpes el klini,qani vor gorcin npastum en erbeve anaraki hmayqn u burmunqn @nkalac u dzaxoghvac,bayc der ch@nkchvac poqr i shate xoshorner@,vorpeszi hagurd tan porniki gaghtni tenchanqin.

  2. Նոյեմբեր 26th, 2009 at 19:36 | #2

    «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ, թիվ 10 ում

    http://septemberi21.blogspot.com/2009/11/blog-post_25.html

  1. No trackbacks yet.