> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Քաղբանտարկյալները վաղուց արդեն հստակ ձեւակերպել են իրենց վերաբերմունքը այսպես կոչված համաներման վերաբերյալ: Բայց այս թեմայի քննարկումը այսօր պատեհ ենք համարում բոլորովին ուրիշ տեսակետից: Սերժ Սարգսյանը համաներում-ներում տարբերակների միջեւ ընտրություն կատարեց երկրորդի օգտին: Եվ սա շատ կարեւոր է այս խնդրի նկատմամբ նրա հոգեբանական վերաբերմունքը, ընկալումը հասկանալու համար: Համաներման եւ ներման միջեւ մի շարք տարբերություններ կան, բայց այս տարբերություններից ուզում եմ ընդգծել հետեւյալը. համաներումը ենթադրում է սկզբունքի կիրառում, իսկ ներումը անձնական մոտեցում է ենթադրում: Եվ որպեսզի անձը ներման արժանանա, անհրաժեշտ է երեք պայման` նա պետք է իրեն մեղավոր ճանաչի եւ որ կարեւոր է տվյալ իրավիճակում` պետք է Սերժ Սարգսյանին ճանաչի որպես նախագահ, իսկ որ ամենակարեւորն է` Սերժ Սարգսյանը պետք է որոշի, որ տվյալ անձը արժանի է ներման: Հատկապես մարտի 1-ի իրադարձությունների համատեքստում այս նրբությունները հատուկ կարեւորություն են ստանում, եւ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ներման դիմումներ գրելու անուղղակի կոչ հղելով քաղբանտարկյալներին` երեք խնդիր է ուզում լուծել: Առաջինը` ցույց տալ, որ քաղբանտարկյալները այլեւս ոչ մի հույս չեն կապում ազատության մեջ գտնվող իրենց ընկերների հետ: Երկրորդը` ցույց տալ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները իրեն ճանաչում են որպես նախագահ: Եվ ամենակարեւորը, ամենակարեւորը` Սերժ Սարգսյանի համար. նա հույս ունի, որ ընդդիմության որեւէ հանրահայտ գործիչ իրեն ներման դիմում կգրի, իսկ ինքը այդ դիմումը քննարկելով` կորոշի մերժել այն: Պատկերացրիք, չէ՞, իրավիճակը: Ասենք` մի ինչ-որ հանրահայտ անուն ազգանուն Սերժին գրում է, թե` պարոն նախագահ ջան, սխալվել եմ, ախպեր ջան, ների՛ր ինձ: Ինքն էլ այդ դիմումը քննարկում է եւ ասում` գիտես, չեմ ներում: Սա մի ուրիշ հաճույք կլինի Սերժ Սարգսյանի համար, ավելի մեծ հաճույք, քան կարող են պատճառել ադիդասի երեք դարոժկաները: Ահա այս հաճույքն է Սերժ Սարգսյանի երազանքը: Եւ, այս ֆոնին, ինչ-որ ձայներ են լսվում. «Հույս ունենք` Նոր տարին կնշենք առանց քաղբանտարկյալների», «նախագահը մեծահոգի կլինի» եւ այս կարգի այլ գլուխգործոցներ: Իսկ ինչի՞ վրա է կառուցված այս հույսը, իսկ ո՞ւմ նկատի ունեն նախագահ ասելով, իսկ ի՞նչ է հույսը քաղաքականության մեջ եւ ընդհանրապես` կյանքում` այս հարցերը մանրամասն չեն պարզաբանվում: Նստենք, ուրեմն, թախտին, սպասենք, ուրեմն, բախտին: Իսկ բախտը, իմիջիայլոց, ժպտում է քաջին եւ վճռականին: Հակառակի մասին մարդկության երկարատեւ պատմությունը լռում է: Ուրեմն` պայքար, պայքար` ամեն օր:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.