> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԵՂԱԴՐՈՂ ԿՈՂՄԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

ՄԵՂԱԴՐՈՂ ԿՈՂՄԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

մեղադրող կողմը

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում երեկ շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը. արդյունքում, երրորդ վկային հարցաքննելուց հետո մեղադրող կողմը հրաժարվեց գործով դատակոչված եւ դեռեւս չհարցաքննված մնացած վկաներից:

Երեկվա նիստում ընդհանուր առմամբ ցուցմունք տվեցին թվով երեք իրեղեն ապացույց վկաներ` բոլորն էլ Արմավիրի մարզի ոստիկանության վարչության աշխատակիցներ: Վերջիններիս խոսքերով, իրենք Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտից դուրս եկած ոստիկանների վերջին խմբի մեջ են եղել: Ոստիկանների այս խմբի դուրս գալը եւ դրան հաջորդած իրադարձությունները հանրությանը հայտնի են Մարտի 1-ի իրադարձությունների տեսագրություններից: Հիշեցնենք, որ խոսքը Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված քաղաքացիներին երկու մասի բաժանած ոստիկանական խմբի մասին է, որը Մարտի 1-ին` ժամը 15.15-ին սկսում է շարքով շարժվել դեպի Երեւանի քաղաքապետարանի շենքը, եւ երբ ոստիկանական շղթայի ամենավերջից ընթացողները հասնում են քաղաքապետարանի դիմացի մասը, «Հաղթանակ» կամրջի կողմից եկած երիտասարդների մի խումբ, որը ակնհայտորեն ցուցարարների հետ կապ չունի, հարձակվում է ոստիկանների վրա: Մարտի 1-ի կադրերում հստակ երեւում է, թե ինչպես են շղթա կազմած քաղաքացիները պաշտպանում ոստիկաններին եւ ետ մղում նրանց վրա հարձակվողներին. արդյունքում` ոստիկանները կարողանում են բարձրանալ քաղաքապետարանի աստիճաններով եւ պատսպարվել այդ շենքի ներսում:

Սակայն, վկայի դերում հանդես եկող ոստիկանները, նույնիսկ այս դեպքում, երբ գոյություն ունի խնդրո առարկա իրադարձության տեսագրությունը, միեւնույն է` փորձում էին փաստերը կեղծված ներկայացնել: Ոստիկաններից Թոռնիկ Պողոսյանը հայտարարեց, թե իբր` ամբողջ ժողովուրդը հարձակվել էր իրենց վրա եւ քար, փայտ եւ տարբեր առարկաներ էր նետում իրենց ուղղությամբ: Փաստաբան Լուսինե Սահակյանը նրանից հետաքրքրվեց, թե իրենք քանի՞ հոգի էին, եւ քանի հոգի էին ցուցարարները: Պարզվեց, որ ոստիկանները շուրջ 40 հոգի են եղել, իսկ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված քաղաքացիները` հազարավոր: Ուստի, փաստաբանը իրեղեն ապացույց վկայից հետաքրքրվեց` եթե մարդիկ իսկապես հարձակվեին ոստիկանների վրա, ապա արդյո՞ք նրանք կկարողանային մարդկանց միջից դուրս գալ: Թոռնիկ Պողոսյանը, բնականաբար, բացասական պատասխան տվեց եւ հաստատեց, որ եթե մարդիկ հարձակվեին իրենց վրա, ապա իրենք չէին կարողանա այդ տարածքից հեռանալ:

Իսկ ինչ վերաբերում է իրեղեն ապացույց վկայի` Նիկոլ Փաշինյանի հետ կապված ցուցմունքին, այն այսպիսին էր. «Եկավ Նիկոլ Փաշինյանը, նա ելույթ էր ունենում, ասեց, որ այստեղից տեղ չեն գնալու եւ սպասելու են իրենց առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ասում էր, որ ինքնապաշտպանության համար զինվեն ինչով կարող են»: Իհարկե, Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի խոսքերը տեսագրված են եւ հանրությանը հայտնի են: Վերը բերվածը, սակայն, ուշագրավ է նրանով, որ նույնիսկ իրեղեն ապացույց վկաներն են հաստատում, որ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում միայն ինքնապաշտպանության մասին է խոսել: Երեկվա իրեղեն ապացույց վկաների ցուցմունքներում հաջորդ ուշագրավ հանգամանքը վերաբերում էր Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ցուցարարների` Մատենադարանի մոտ գնալ-չգնալու պատմությանը: Հիշեցնենք, որ պաշտոնական մեղադրանքով, իբր, երբ Մարտի 1-ին Դավիթ Շահնազարյանը հայտարարել է երթով Մյասնիկյանի արձանից դեպի Մատենադարան գնալու մասին, դա տեղի չի ունեցել ընդդիմադիր մյուս գործիչների մեղքով: Երեկվա իրեղեն ապացույց վկաներից Թոռնիկ Պողոսյանը, Մատենադարան գնալ-չգնալու հարցին անդրադառնալիս նշեց, որ երբ Դավիթ Շահնազարյանը այդ մասին հայտարարել է, մարդիկ պարզապես նրան չեն ենթարկվել եւ չեն համաձայնել նրա որոշման հետ: «Մյասնիկյանի արձանի մոտ կանգնած մարդկանցից ոչ մեկը չենթարկվեց Դավիթ Շահնազարյանի կոչին եւ չգնաց Մատենադարան»,- ասաց Պողոսյանը: Մյուս իրեղեն ապացույց վկան` Զավեն Օհանյանը, նույն դրվագը հետեւյալ կերպ ներկայացրեց. «Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ հիմա ոստիկանությունը դուրս կգա, եւ իրենք երթով կգնան Մատենադարան եւ այնտեղ ցույց կանեն: Այդ ընթացքում չգիտեմ ոնց եղավ, ինչ եղավ, ժողովրդի միջից որոշեցին, որ Մատենադարան չեն գնալու»:

Ի դեպ, Զավեն Օհանյանը, ով Արմավիրի մարզի ոստիկանության աշխատակից է, ինչպես պարզվեց, չգիտեր, թե ինչ է զրահամեքենան եւ ինչ` ջրցան մեքենան: Մասնավորապես, Մյասնիկյանի արձանի մոտ բերված զրահամեքենայի մասին հարցին պատասխանելիս` նա երկար ժամանակ չէր կարողանում կոնկրետ բառով ասել, թե ինչ տեխնիկայի մասին է խոսքը:

Ուշագրավ էին երեկվա իրեղեն ապացույց վկաների եռյակի պատասխանները այն հարցին, թե արդյո՞ք Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կիրառվել է: Պարզվում է` ոչ մի բռնություն չի եղել: Ավելին, ոստիկաններն էլ զինված չեն եղել: Այսինքն, սույն իրեղեն ապացույց վկաների ասածների տրամաբանությամբ` կարելի է կարծել, թե Մարտի 1-ին մարդիկ ինքնակոտորվել եւ ինքնածեծուջարդվել են:

Մի խոսքով, սույն վկաների հակասական եւ իրականության հետ կապ չունեցող ցուցմունքներից հետո, մեղադրող Հարություն Հարությունյանի այն հայտարարությունը, թե իրենք հրաժարվում են գործով դատակոչված մնացած վկաներից, կապիտուլյացիայի պես հնչեց: Իհարկե` Հարություն Հարությունյանը հայտարարեց, թե մինչ այս հարցաքննված վկաների ցուցմունքները բավարար են մեղադրանքը հիմնավորելու համար, եւ այդ պատճառով են իրենք հրաժարվում դեռեւս չհարցաքննված վկաներից: Բայց իրականում, առնվազն անհեթեթություն է ասել, որ մեղադրանքը հիմնավորում են իրար հակասող ցուցմունքները, որոնցում միեւնույն դրվագների նկարագրությունները հակասում են միմյանց եւ նույնիսկ տեսագրված ու ակնհայտ փաստերը բոլորովին այլ կերպ են ներկայացվում: Ավելին, ողջ խնդիրն այն է, որ մինչեւ օրս հարցաքննված 17 վկաների ցուցմունքները առնչություն չունեն Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքի հետ:

Ինչեւէ, փաստաբան Լուսինե Սահակյանը մեղադրողի միջնորդությանը դեմ չարտահայտվեց` այն պարզ պատճառով, որ դատակոչված վկաները մեղադրող կողմի վկաներն են, եւ եթե վերջինս որոշել է դրանցից հրաժարվել, ապա դա իր գործն է: Լուսինե Սահակյանը միաժամանակ հայտարարեց, որ երբ դատավարությունը հասնի համապատասխան փուլին, պաշտպանական կողմը նոր վկաներ դատակոչելու միջնորդությամբ հանդես կգա:

Ինչեւէ, մեղադրող կողմի «հրաժարականից» հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը (Մացոն) հայտարարեց, թե այս փուլում արդեն Նիկոլ Փաշինյանը պետք է ցուցմունք տա: Բայց քանի որ իրադարձությունների նման զարգացումը անսպասելի էր, ուստի Մացոն Նիկոլ Փաշինյանի եւ նրա պաշտպանների հետ սկսեց քննարկել, թե պատրաստվելու համար որքան պետք է ընդմիջվի դատը: Արդյունքում` որոշվեց հաջորդ նիստը նշանակել նոյեմբերի 26-ին, ժամը 12.00-ին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

www.hzh.am

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.