> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՊՐԱԳՄԱՏԻԶՄԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՊՐԱԳՄԱՏԻԶՄԻ ԲԱՆԱՁԵՎԸ

Լեւոն Տեր-ՊետրոսյանՀայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նոյեմբերի 11-ի ելույթից հետո, որտեղ նա մերժում էր պահանջատիրությունը ու հայդատականությունը, կրկին ակտիվացան տարակույսներն այն մասին, թե այդ ինչպե՞ս է, որ Կոնգրեսում ընդգրկված են նաեւ պահանջատիրության եւ հայդատականության հետեւորդ ուժեր։

Շատերը անհնար եւ անտրամաբանական են համարում, որ միեւնույն քաղաքական միավորման մեջ խաղաղ գոյակցեն եւ քաղաքական դաշնակից համարվեն «ծովից ծով Հայաստանի» ջատագովներ եւ հարեւանների հետ խաղաղ գոյակցության, փոխզիջումների կողմնակից, պրագմատիկ ուժեր։ Իրավիճակն այսպես մեկնաբանում են այն մարդիկ, ովքեր մի-երկու հոդված-մոդված են կարդացել քաղաքական դաշտի գաղափարական տարանջատման մասին։ Բայց իրականությունը միշտ չէ, կամ ավելի ճիշտ` պարտավոր չէ դասավորվել դասագրքերում նկարագրվածին համապատասխան։ Իրականությունը հաճախ ավելի զորեղ է եւ ունի սեփական տրամաբանությունը։

Ինձ համար ընդունելի են ՀՀ առաջին նախագահի նոյեմբերի 11-ի ելույթի գաղափարական դրույթները` հայդատականության եւ պահանջատիրության վերաբերյալ։ Ինձ համար ընդունելի են նաեւ այն տեսակետները, որ բարձրաձայնում են Ժիրայր Սեֆիլյանն ու իր համախոհները։ Շատերը կպնդեն, որ նման բան լինել չի կարող, եւ որ վերը նշված գաղափարները բացառում են մեկը մյուսին։ Ինձ համար, սակայն, նշված գաղափարները ոչ թե բացառում, այլ լրացնում են մեկը մյուսին. Պարզապես դրանք պետք է ճիշտ դասավորել ժամանակի եւ տարածության մեջ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը ռեալ քաղաքականության, պրագմատիզմի հետեւորդ է, եւ քաղաքական, պետական հարցերում հիմնվում է այն իրողությունների վրա, որ տվյալ պահին գոյություն ունեն։ Ոչ թե այն իրողությունների վրա, որ մենք ուզում ենք, որ գոյություն ունենան, կամ էլ` տեսականորեն, ենթադրաբար կարող են գոյություն ունենալ, այլ գոյություն ունեն այսօր, այս պահին` ժամանակակից բառապաշարով ասած` ռեալ ժամանակի մեջ։ Ելնելով այսօր գոյություն ունեցող իրողություններից` առաջին նախագահը, թե՛ պաշտոնավարման տարիներին եւ թե՛ այսօր, հիմնվում է այն փաստի վրա, որ մենք նորանկախ, դեռեւս թույլ ու շատ խոցելի պետություն ենք, պետություն, որի գոյությունը որեւէ կերպ երաշխավորված համարել չի կարելի` երկարաժամկետ կտրվածքով։ Ըստ այդմ, անգամ որոշակի հաջողությունների դեպքում մենք չպետք է չափից ավելի ոգեւորվենք եւ մեր մտապատկերում պետք է պահենք ոչ թե այն, ինչ կարող ենք ունենալ, այլ այն, ինչ արդեն ունենք։ Ավելին ունենալու մղումը հաճախ հանգեցնում է եղածը կորցնելու տխուր իրականությանը, եթե այդ մղումը հիմնված չէ իրատեսական հաշվարկի վրա։ Իսկ իրատեսական հաշվարկն ակնհայտ է դարձնում, որ Հայաստանը, այսօրվա՛ Հայաստանը չի կարող հակամարտության մեջ մտնել հզորացող հարեւանների հետ։ Արդեն իսկ գոյություն ունեցող հակամարտությունների չկարգավորումը ավելի ու ավելի է թուլացնում Հայաստանը եւ երկարաժամկետ կտրվածքով` կասկածի տակ դնում նրա գոյությունը։ Սա նշանակում է, որ այսօրվա մեր խնդիրը հայոց պետականության գոյատեւման երկարաժամկետ երաշխիքների ստեղծումն է եւ նրա զարգացումը։ Խոսքն այն պետության մասին է, որ այս պահին ունենք եւ կարող ենք ունենալ իրատեսորեն։

Առաջին նախագահի դիրքորոշումներից, ըստ այդմ, բխում է, որ այս պահին մենք առավելագույնի կարող ենք հասնել` օրինականության, մարդու իրավունքների, ազատության վրա հիմնված ազգային համախմբում ապահովելու, ինչպես նաեւ` ոչ ագրեսիվ, բայց սկզբունքային եւ իրատեսական արտաքին քաղաքականություն վարելու միջոցով։ Հայդատականությունը, որի հիմքում դրվում են այս պահի դրությամբ ոչ ռացիոնալ եւ որեւէ իրատեսական հաշվարկով չհիմնավորված պահանջներ, հակասում է այս տրամաբանությանը, եւ Հայաստանին ծնկի բերելը նրա թշնամիների համար դարձնում օրակարգային խնդիր, ինչն էլ մեր երկրի զարգացման համար ստեղծում է անհաղթահարելի խոչընդոտներ։

Բնական հարց կառաջանա, ուրեմն, թե այդ դեպքում ինչո՞ւ է ինձ համար ընդունելի հայդատականությունը։ Հարցին պատասխանեմ հակառակ կողմից. հայդատականությունը, դրա հիմքում դրված գաղափարները եւ դրա նպատակակետ հանդիսացող պահանջները ինձ համար անընդունելի են այնքան ժամանակ, քանի դեռ դրանց իրագործումը իրատեսական չէ։ Հայդատականությունը, «ծովից ծով Հայաստանը» ինձ համար անընդունելի են որպես այսօրվա՛ Հայաստանի քաղաքական օրակարգում ներառված, ընթացիկ ժամանակահատվածում կատարման ենթակա խնդիրներ։ Անընդունելի են, որովհետեւ եթե այսօր այդ խնդիրների իրագործմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկենք, աներկբա կկորցնենք արդեն ունեցած Հայաստանը, քանզի այդօրինակ խնդիրներ լուծելու համար այս պահին բավարար չափով զարգացած չենք, հզոր չենք, ճկուն չենք։ Հայդատականությունն ու «ծովից ծով Հայաստանը» ինձ համար ընդունելի են որպես երազանք, որի իրագործման համատեքստում այս պահին մեր խնդիրը պետք է լինի այնպիսի Հայաստանի ստեղծումը, որտեղ հայը ուզում է ապրել, ապրում է, եւ նրա իրավունքները, շահերը, արժանապատվությունը պաշտպանված են։ Հանուն «ծովից ծով Հայաստանի»` մեր այսօրվա անելիքը այնպիսի քաղաքացու կերտումն է, որի մեջ պայքարի ու հաղթանակի ոգի կա, արժանապատվություն, տղամարդկություն եւ կամք, համբերություն եւ հետեւողականություն։ Եւ այս իմաստով, քաղաքական պրագմատիզմը եւ հայդատականությունը, ազատականությունը եւ ազգայնականությունը լրացնում են մեկը մյուսին, քանի որ պրագմատիզմը այսօրվա Հայաստանի գոյատեւման, զարգացման եւ հզորացման խնդիրն է լուծում, իսկ ազգայնականությունը արթուն է պահում մեր երազանքը, մեր ներքին` ազգային ագրեսիվությունը, մեծ պետություն եւ մեծ ժողովուրդ դառնալու մեր գենետիկ մղումը։

Ըստ այդմ, մեր պետականության զարգացման գագաթնակետը այն ժամանակաշրջանն է դառնալու, երբ «ռեալպոլիտիկ»-ը եւ հայդատականությունը կնույնականանան, այսինքն` «ծովից ծով Հայաստանը» մեր պետության համար կդառնա միանգամայն իրագործելի խնդիր։ Այսօր դա, իհարկե, անիրական եւ անհավատալի է թվում։ Բայց պատմության զարգացման տրամաբանությունը ցույց է տալիս, որ ժամանակ առ ժամանակ աշխարհը վերաբաժանման է ենթարկվում։ Այսօրվա մեր խնդիրը պետք է լինի ոչ թե ուրիշ պետությունների սպառնալը, այլ հոգ տանելը, որ աշխարհի հերթական վերաբաժանման ժամանակաշրջանում մեր ձեռքին ոչ թե «թղթե շերեփ» լինի, այլ «երկաթե», կամ, սկզբի համար, գոնե «փայտե շերեփ»։ «Փայտե շերեփը» մեզ ոչ թե միանգամից ծովից ծով Հայաստան է նվիրելու, այլ այսօրվա ունեցածից թեկուզ մի փոքր ավելին, եւ այդ ավելին իրացնելու միջոցով է, որ մենք պետք է շարժվենք, զարգանանք` «երկաթե շերեփ» ունենալու ուղղությամբ։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ քաղաքական պրագմատիզմն այն միջոցն է, որի խելամիտ կիրառմամբ մենք պետք է հասնենք հայդատականության, ավելի ճիշտ` «ծովից ծով Հայաստանի» նպատակի իրագործմանը։ Այս նպատակի իրագործման շահերը, սակայն, ենթադրում են, որ պետական եւ քաղաքական կյանքում մենք հնարավորինս քիչ բարձրաձայնենք մեր երազանքների մասին, եւ ավելի շատ հենվենք մեր այսօրվա հնարավորությունները հաշվարկելու եւ քայլերն ըստ այդմ կառուցելու վրա։

Իմ պատկերացմամբ` հայ ազգայնականը հայ պրագմատիկից տարբերվում է նրանով, որ երազում է «ծովից ծով Հայաստան» ու բարձրաձայնում այդ մասին, իսկ պրագմատիկը երազում է «ծովից ծով Հայաստան», բայց այդ մասին նախընտրում է առայժմ լռել։ Երբեմն մտածում եմ նույնիսկ, թե տերպետրոսյանական պրագմատիզմը հայդատականության նպատակների իրագործման միակ հնարավոր ճանապարհն է, որ առաջնորդվում է` «օրվա հոգսը բավ է օրվա համար» աստվածաշնչյան պատգամով։ Եթե այսօր չկարողանանք լուծել այսօրվա խնդիրները, վաղը չենք կարողանալու լուծել վաղվա խնդիրները նույնպես։

Ամփոփենք, ուրեմն. քաղաքական պրագմատիզմը այն միակ գործիքն է, որի կիրառմամբ մենք հնարավորություն ունենք ամրապնդել մեր պետականության հիմքերը եւ զարգացնել այն։ Հզոր եւ զարգացած պետականությունն այն միակ գործիքն է, որի գոյությունը մեզ հնարավորություն կտա երբեւէ իրագործել հայդատականության իդեալները եւ նպատակները։ Ահա այս բանաձեւն ակնհայտ է դարձնում, որ Հայ ազգային կոնգրեսում պրագմատիկ եւ հայդատական ուժերի առկայությունը ոչ միայն չունի ներքին հակասություն, այլեւ ընդգծում է Կոնգրեսի` որպես ռազմավարական, երկարաժամկետ կառույցի բնույթը։ Ամենայն պետական, ազգային նպատակի կրողը ազատ, իրավատեր, արժանապատիվ քաղաքացին է, եւ Հայ ազգային կոնգրեսում ընդգրկված ուժերը միավորվել են այն գաղափարի շուրջ, որ ցանկացած հարցի լուծում պետք է սկսել հենց «Քաղաքացի» ինստիտուտի կայացումից, Հայաստանում Քաղաքացու իշխանության հաստատումից։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Նոյեմբերի 17, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. nono
    Նոյեմբեր 17th, 2009 at 08:26 | #1

    Միանշանակ Լեվոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է: Նա շատ լավ դիվանագետ է, քանի որ էմոցիաներով չի առաջնորդվում: Նիկոլի հետ ամբողջովին համամիտ եմ:

  2. Armen M.
    Նոյեմբեր 17th, 2009 at 09:25 | #2

    Nikol jan,erevi chgtnvi ayn miak Hay@ vor@ cherazi covic cov Hayastani masin..Aysor sakayn dashnakner@ ahavor xandov en verabervum irenc biznes areal hamarvogh ayd temayin…da nranq hamarum en sepakanutyun–hakarak depqum um en petq nranq-dashnakner@.Hrant@ Margaryan togh mtaci te inchu 120 tarekan kusakcutyun@ ir “aprac”kyanqov u nerkayis “aktual u iratesakan”biroyov chi karoghanum Levoni koghmnakicneri 5%i chapov mard havaqel.Fransiayum HAK-i hascein munnat galu poxaren lav klini “kusakcutyan ” sharqer@ amracnel,biroyi nor @ntrutyun katarel–duq dzes sparel eq,nor maedik guce karoghanan prkel kusakcutyan apagan.

  3. Հայկ–PL
    Նոյեմբեր 17th, 2009 at 15:10 | #3

    nono :
    Միանշանակ Լեվոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է: Նա շատ լավ դիվանագետ է, քանի որ էմոցիաներով չի առաջնորդվում: Նիկոլի հետ ամբողջովին համամիտ եմ:

    +1

  4. Marianna
    Նոյեմբեր 17th, 2009 at 15:25 | #4

    Armen M.+1
    chisht es Hay dat@ iranc hamar sepakanutyuna, hetaqrqira Hrant Margaryan@ ira eluyt@ dranic heto lsela? im karciqov et kusakcutyun@ apaga chuni, goyatevuma inerciayov.

  5. Martin
    Նոյեմբեր 18th, 2009 at 23:11 | #5

    @Marianna
    Մառիանա. իրանք մենակ անցյալ են ունեցել այն էլ շատ կասկածելի: Ուր մնաց ներկա ունենան, հերիք չի էլ մի հատ ապագա. Դիակի ապագան կարծում եմ փտելն է….

  6. Martin
    Նոյեմբեր 18th, 2009 at 23:13 | #6

    @Marianna
    Կնեչեք տառասխալի համար
    ՄԱՐԻԱՆՆԱ

  7. Martin
    Նոյեմբեր 18th, 2009 at 23:14 | #7

    Ինչ վերաբերվում է Նիկոլի ասացին իհարկե +1

  8. MM
    Նոյեմբեր 19th, 2009 at 06:21 | #8

    Hrashali hodvac e, apres Nikol jan!

  9. AG
    Նոյեմբեր 19th, 2009 at 18:14 | #9

    +1

  1. No trackbacks yet.