> ԵԼՈՒՅԹՆԵՐ > ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սիրելի ժողովուրդ.

mher-manoukyan_lav-eliՄարտի 1-ից հետո Հայաստանում մեծ թվով երգեր են ստեղծվել: Լսե՞լ եք, արդյոք, այդ երգերը: Եթե չեք լսել, անպայման ձեռք բերեք դրանք` հարցրեք ձեր շրջապատի մարդկանց, վերցրեք ինտերնետից, Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներից խնդրեք ու պահանջեք` սկավառակով, համակարգչային ֆորմատով, որեւէ կերպ: Այսօր ուզում եմ` խոսենք այդ երգերի, նրանց նշանակության մասին: Եւ այս խոսակցությունը վարելու համար այսօր բաց նամակով դիմում եմ Մհեր Մանուկյանին:

Մհեր Մանուկյանը «Ձոն գարնանամուտի», «Երգ հոգեխանգարմունքի», «Ջահել ազատության երգը», «Մենք ժպտում ենք» երգերի հեղինակն է ու կատարողը: «Լավ էլի» ռոք խմբի հիմնադիրներից: Եւ այսօր ես նրան եմ դիմում բաց նամակով:

Բաց նամակ Մհեր Մանուկյանին

Սիրելի Մհեր.

Երբ առաջին անգամ լսեցի քո, այսինքն` «Լավ էլի» խմբի «Սկիզբը» երգը, իսկ դա մի երեք-չորս տարի առաջ էր, ահա այդ պահից երգը ինձ համար դարձավ սիրելի: Անընդհատ այն լսելու առիթ էի փնտրում: Բայց ուզում եմ ընդգծել. խնդիրը միայն այդ ստեղծագործության բարձր երաժշտական մակարդակն ու նրա հեղինակների տաղանդը չէր: Կար շատ ավելի կարեւոր մի բան:

Երկար ժամանակ ինձ տանջում էր մի փաստ. հայ ֆիդային իր երգն ունի, բանակը իր երգն ունի, պանդուխտը իր երգն ունի, նահատակն իր երգն ունի, ցեղասպանությունը իր երգն ունի, հարսանքավորը իր երգն ունի, եւ սա շատ լավ է: Բայց ուրիշ բան էր անհանգստացնողը. քաղաքացու երգի բացակայությունը: Ինձ անհանգստացնում էր, որ Հայաստանը անկախ պետություն է, բայց քաղաքացին չունի իր երգը: Սա միայն երգի խնդիր չէր, սա ինքնագիտակցության խնդիր էր, սա նույնն էր, թե պետությունը օրհներգ չունենա: Սա կնշանակի, որ չկա պետություն:

Եվ Հայաստանում քաղաքացու, քաղաքացիական երգի բացակայությունը բերում էր այն տխուր եզրակացության, որ  քաղաքացին Հայաստանում չգիտի, որ ինքը գոյություն ունի, որ ինքը իրավունքներ ունի եւ պարտականություններ, որ ինքը հիմա թիվ մեկ սուբյեկտն է, ամենակարեւորը, եւ որպեսզի ամեն ինչ լավ լինի, նա ինքը պետք է կողմնորոշվի իր մղումների, ձգտումների մեջ, ձեւակերպի դրանք: Բայց որպեսզի այդ ձգտումները լինեն քաղաքացու եւ քաղաքացիական, քաղաքացին պետք է ճանաչի ինքն իրեն, հասկանա իր ով լինելը: Որովհետեւ չի կարող հպատակը ձեւակերպել քաղաքացու մղումը:

Ահա սա էր պատճառը, որ «Սկիզբը» դարձավ իմ սիրած երգը. դա Հայաստանում քաղաքացիական երգի, ձայնի եզակի օրինակ էր: Այդ երգը պատմում էր Հայաստանի քաղաքացու վիճակի մասին եւ վկայում էր, որ քաղաքացին կա, գոյություն ունի: Բայց մի՞թե կարելի է մի երգից այսպիսի եզրակացություն անել: Միանշանակ, որովհետեւ իսկական երգը, ստեղծագործությունը, որքան էլ հեղինակային, այնուամենայնիվ լայն, շատ ավելի լայն գիտակցության արգասիք է, եւ հեղինակը այն հավաքում է մթնոլորտից, հոգիներից, աչքերից, քաղաքի, երկրի, ժողովրդի շնչառությունից: Եւ «Սկիզբը» իրոք այդ շնչառությունն էր, եւ այդ շնչառությունից ակնհայտ էր դառնում, որ ՀՀ քաղաքացին շփոթված է, հուսախաբ:

«Լավն էր սկիզբը, ինչու այսպես ստացվեց», - սա էր երգի մոտիվը, հարց, որը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու շուրթերին էր այն ժամանակներում, երբ «Լավ էլի»-ն ստեղծել է «Սկիզբը»: «Ինչ եղավ մեզ, մենք որ սկզբում այնքան լավն էինք…», - այսպես է հնչում ափսոսանքը, հուսախաբությունը:Երգը հուզիչ է, առինքնող, բայց այնուամենայնիվ… Հաջորդ պահին բառերը լռում են, եւ առաջ է գալիս կիթառի անզուգական դուետը: Ինչ են մեզ պատմում կիթառները. պատմում են, որ մեր սկիզբը միշտ էլ լավն է եղել, իսկ վերջը եղել է նույնը… Երաժշտությունը ճգնում է, երաժշտությունը ճռռում է, երաժշտությունը փորձում է ճեղքել, քանդել կախարդական այդ շղթան, բայց այլեւս բառեր չեն գտնվում, այլեւս բառեր չեն գտնվում, եւ երգը ավարտվում է նույն տեղում. «Լավն էր սկիզբը, ինչու այսպես ստացվեց…»: Երգը պարտվում է իրականությանը: Ապագան պարտվում է անցյալին:

Սիրելի Մհեր.

«Սկիզբը» հույսի երգ էր: Այդ հույսը» սակայն, պարտվում է հուսահատությանը: Եւ երգը այդքան լավն է ստացվել, որովհետեւ չեք էլ փորձել կեղծել, եւ քաղաքացու հոգեվիճակը ներկայացրել եք այնպես, ինչպես կա. հուսահատություն: Այդ դեպքում ինչու՞ եմ սիրում այդ երգը. որովհետեւ նրա մեջ հուսահատությունը հնչում է բոլորովին այլ կերպ, այն ներկայանում է աննախադեպ ասելիքով, այն դառնում է անհերքելի փաստարկ առ այն, որ ինչ-որ բան պետք է անել, այն ի ցույց է դնում մի դասական եզրակացություն. գոյություն չունի պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Եւ այն կետում, որտեղ թվում է, թե պարտությունն անխուսափելի է, երգը հրաժարվում է ինքն իրեն պարտված ճանաչել, երգը ձգտում է վերածննդի:

Այս վերածննդի մասին մենք ժամանակին շատ ենք խոսել: Մենք մտածում էինք նոր երգերի, քաղաքացու երգերի մասին, որոնցով տեղի կունենա վերածնունդը, որտեղ կփշրվի սկզբի եւ վերջի հայտնի ուղեգիծը: Բայց այն ժամանակ ոչինչ չստացվեց, ու չէր կարող ստացվել: Որովհետեւ չի կարող քաղաքացու երգ լինել, եթե քաղաքացին չի երգում, քաղաքացու երգը չի կարող ցնցել երկիրը, եթե ինքը քաղաքացին չի ցնցում, մենք չենք կարող երգել քաղաքացու թռիչքի մասին, եթե քաղաքացին չի թռչում: Մենք չէինք կարող դա անել, որովհետեւ մենք չէինք կարող կեղծել: Եթե անգամ ստիպեինք ինքներս մեզ դա անել, մեր երգը կլիներ սողուն եւ ոչ թե թռչուն: Դա չէր լինի վավերագիր, հավաստի, ճշմարիտ. երգը կլիներ մեռելածին:

Իսկ այս նամակը գրում եմ` արձանագրելու, հայտարարելու, հռչակելու համար, որ մարտի 1-ից հետո երգը ոչ միայն վերածնվել է, այլեւ հաղթել: Երգը հաղթել է, սիրելի Մհեր, իսկ սա ավելին է, քան երգի հաղթանակը: Հիմա արդեն Սկիզբը ունի ընթացք, ունի Շարունակություն, եւ այլեւս ջարդված է Սկիզբ-Վերջ ավանդական ճոճանակը: Երգը այլեւս չի պարտվի, որովհետեւ այն իրեն պարտված չի ճանաչի, հիմա արդեն երգը չի վախենում հուսահատությունից, որովհետեւ հուսահատությունը գործելու, խիզախելու, ավելին անելու, անհնարինը անելու ազդակ է, գիտակցություն: Սա Քաղաքացու գիտակցություն է, սա Քաղաքացու երգն է: Հուսահատությունը նույնքան հզոր ուժ է, որքան ոգեւորությունը, որովհետեւ մեր կորուստները չեն փակում մեր ճամփան, այդ կորուստները մենք առնում ենք մեր ուսերին եւ շարունակում ընթացքը` մենք ժպտում են, մենք ընդվզում ենք, մենք զոհվում ենք, բայց մենք շարունակում ենք մեր ճանապարհը, եւ որքան ծանր է մեր բեռը, այնքան անծուռ ու թեթեւ է մեր ընթացքը: «Լավ նայեք, տեսեք` ամեն ինչ փոխվել է»: «Մեր երգից մարդկանց սրտերը թնդում են, մեր ձայնից ոմանց ծնկները դողում են, մեր շնչից մարդկանց աչքերը բացվում են: Ով կռացած է, նա մեջքը ուղղում է, ով չարացած է, նրա սիրտը պարզվում է»: Ահա թե ինչ է փոխվել, ահա թե ինչն է փոխվել:

Սիրելի Մհեր.

Երգի հաղթանակը Հեղափոխության հաղթանակն է: Հեղափոխությունը, այնուամենայնիվ, ավելին է, քան քաղաքականությունը: Քաղաքականությունը իշխանության համար տրիվիալ պայքար է, Հեղափոխությունը` ամեն ինչ փոխելու մարտահրավեր: Քաղաքականության մեջ կարելի է հաղթել` մտածածը բարձրաձայնելով կամ թաքցնելով, ինչ-որ բան խոստանալով, կամ հակառակորդի խոստումները հերքելով: Հեղափոխության խնդիրը ավելի բարդ է: Մարդիկ տեսնում են, որ ամեն ինչ փոխվելու կարիք ունի, բայց նրանք նաեւ վախենում են, նրանք ուզում են հասկանալ, թե ո՞ր Հեղափոխությունը ո՞ր կողմն է ուզում փոխել ամեն ինչ: Եւ ահա, Հեղափոխության հաղթանակի համար բավարար չէ բարձրաձայնել, թե ինչ ես մտածում: Հեղափոխության հաղթանակի համար հարկավոր է բարձրաձայնել նաեւ զգացմունքները. մարդիկ պետք է ոչ միայն հասկանան քո ասածը, այլեւ զգան քո զգացածը: Եւ միայն այս դեպքում Հեղափոխությունը կհաղթի, որովհետեւ Հեղափոխության Հաղթանակը ոչ միայն իշխանության, այլ վարքի համընդհանուր փոփոխությունն է, փոփոխությունը դեպի լավը, դեպի բարձրը, դեպի հոգեւորը: Եւ մենք պետք է ապացուցենք, որ դա հնարավոր է, մենք պարտավոր ենք ապացուցել, որ դա հնարավոր է. առաջին հերթին ինքներս մեր վարքի փոփոխությամբ:

Ահա սա է պատճառը, որ «Երկրի հակառակ կողմի» հերոսը, նախկինում տրված լինելով ամենաստոր կրքերի, հրաժարվում է «ընթացիկ» կանանց գիրկը նետվել եւ քարշ գալ նրանց ետեւից: Չէ որ նա իր ճամփորդությունը սկսել է մի տեղից, որտեղ կիրառվում էր ահավոր բառերի մոգությունը. «Հայրենիք, Ընտանիք»: Նա համոզված է, որ ընտանիքին դավաճանելը հայրենիքին դավաճանելու պես մի բան է, որովհետեւ եթե դու դավաճանես ընտանիքիդ, կստացվի, որ իրոք կեղծում էիր, երբ ասում էիր` Ընտանիք, Հայրենիք: Ահա թե ինչու է նույն հերոսը` բոզությանը տրված լինելով, ընդվզում բոզության դեմ. նա գիտի, որ Հեղափոխությունը սկսվում է այն պահին, երբ ընդվզում ես ինքդ քո դեմ, քո ներսի Աստվածը ընդվզում է քո ներսի Սատանայի դեմ, ու նրան չի կանգնեցնում անգամ խաչվելու հեռանկարը: Նա չի ձգտում հրեշտակ երեւալ, նա ցուցադրում է, որ իր ներսում Աստծո եւ Սատանայի պայքարը չի ընդհատվում ու չի ընդհատվելու ոչ մի վայրկյան, եւ նա իր ներսի Սատանային հաղթելու համար ուրիշներին օգնության է կանչում: Նա չի ուզում լինել հերոս, նա ուզում է լինել Քաղաքացի…

Քաղաքացին հիմա ունի իր երգը: Ու գիտես, Մհեր, ես համոզված եմ, այդ երգը երբեք չի լինելու, չի դառնալու իշխանական, պաշտոնական, պալատական: Երբ այդ երգի հերոսներն ու հեղինակները լինեն իշխանության ղեկին, երգը մնալու է իշխանական  պատերից անդին, քաղաքացու շուրթերին: Եւ այդ երգերից ՈՄԱՆՑ ծնկները միշտ դողալու են, անկախ նրանից, թե ովքեր են ՈՄԱՆՑ դերում: «Բացվեք, այդ մենք ենք գալիս». ՄԵՆՔ-ը քաղաքացիներն են, եւ ոչ թե առանձին վերցրած մի խումբ, կուսակցություն, կազմակերպություն: Անկախ նրանից, թե ովքեր են ՈՄԱՆՑ դերում, գլխավոր դերում լինելու է Քաղաքացին, որն այլեւս ունի իր երգը:

Ահա սրա համար` մեր հանրահավաքի բարձր հարթակից ասում եմ.

- Շնորհակալություն քեզ` Մհեր:

Շնորհակալություն մյուս երգերի հեղինակներին, որոնց անունները չգիտեմ:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում լուսավոր, արդար, գեղեցիկ ինչ-որ բան են ստեղծել, ստեղծագործել են` հանուն Ճշմարտության հաղթանակի, հանուն Քաղաքացու հաղթանակի, հանուն Ապագայի հաղթանակի, հանուն Հեղափոխության հաղթանակի: Հանուն Հայաստանի հաղթանակի:

Պայքար, պայքար մինչեւ վերջ:

ՆԻԿՈԼ
ՀՀ քաղաքացի

Հ.Գ. Կոչ եմ անում այս ելույթը ընկալել որպես նորանոր երգերի եւ այլ ստեղծագործությունների ակնկալիք:
21.11.2008

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.