> ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՆՉՈ՞Ւ ՏԵՂԵԿԱՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ

ԻՆՉՈ՞Ւ ՏԵՂԵԿԱՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ

Lragir.am-ի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանի հետ:

Դավիթ Մաթեւոսյան. lragir.amՈւրբաթ օրը ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվել է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին։ “Նիկոլ Վովայի Փաշինյանին տեղեկանք չի տրամադրվում, քանի որ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը 26.02.2008 թվականից մինչեւ 07.07.2009 թվականը գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել”, ասված է այդ գրության մեջ: Lragir.am-ին տված հարցազրույցում այս կապակցությամբ մեկնաբանություններ ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք փաստը, որ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանին համապատասխան տեղեկանք տրամադրել:

- Տեղեկանք չտալու հիմքում ընկած է ոստիկանության քրեական հետախուզության վարչության գրությունը, ըստ որի` Նիկոլ Փաշինյանը 2008 թ փետրվարի 26-ից մինչեւ 2009 թվականի հուլիսի 7-ը գտնվել է հետախուզման մեջ եւ այդ ընթացքում չի բնակվել Հայաստանում: Ներկայացված դիմումին կցված է եղել Նիկոլ Փաշինյանի անձնագրի պատճենը` բոլոր էջերով, եւ այնտեղ հստակ երեւում է, որ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը սահմանային անցակետերով չի լքել Հայաստանի Հանրապետությունը: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանին առաջադրված է երկու մեղադրանք, մեկը` իշխանության ներկայացուցչին դիմադրելու սնանկ հիմնավորմամբ, մյուսը` մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Իհարկե, բոլորի համար էլ պարզ է, որ այդ մեղադրանքները շինծու քաղաքական հետապնդումներ են: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանին առաջադրված չէ սահմանը ապօրինի հատելու մեղադրանք: Եթե տեղեկանքում նշված է, որ Նիկոլ Փաշինյանը բնակվել է Հայաստանի տարածքից դուրս եւ մյուս կողմից նրա անձնագրում չկա որեւէ տվյալ` ՀՀ-ից դուրս գալու մասին, ուրեմն` նրան պետք է մեղադրանք առաջադրեին սահմանն ապօրինի հատելու համար: Որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ եթե իշխանությունները մի չնչին փաստ ունենային այդ առումով, ապա Նիկոլին վաղուց նման մեղադրանք առաջադրած կլինեին: Այսինքն` սա պարզապես քաղաքական որոշման հետեւանք է, մերկապարանոց ձեւակերպում: Եվ իշխանությունների համար որեւէ նշանակություն չունի, թե ինչ հիմնավորում են բերում, քանի որ “իրավական” հասկացությունը հեռու է նրանց գիտակցությունից:

- Այդ տեղեկանքից ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ փետրվարյան հանրահավաքներին է մասնակցել, ոչ էլ այս տարված հուլիսի մեկին ոստիկանություն ներկայացել եւ իշխանություններին հանձնվել: Այդ փաստը ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Նրանց տրամաբանությամբ այդպես է ստացվում, սակայն ես այդ փաստն էական չեմ համարում: Սա մի անհեթեթ ձեւակերպում է, անգրագիտության հետեւանք: Սա պատասխանատվության չենթարկվելու իմունիտետ ունենալու հետեւանք է: Նրանք գիտեն, որ ինչ էլ գրեն, որեւէ մեկը չի ասի, թե ինչ է արել, ինչու է արել, կարեւորը` նրանք նման գրություն են գրել, որն էլ հիմք է հանդիսացել Նիկոլ Փաշինյանին տեղեկանք չտալու համար:

- Իսկ ո՞րն է Փաշինյանին տեղեկանք չտրամադրելու եւ նրան ընտրապայքարից դուրս թողնելու փորձերի նպատակը:

- Իշխանությունները մշտապես խուսափել են քաղաքական գործընթացներից: Նիկոլի առաջադրումը, ընտրական կոմպանիան, բնականաբար, քաղաքական գործընթաց է, իսկ ռեժիմը սովոր է հասարակության հետ վարվել ոչ քաղաքական մեթոդներով:

- Այսքանից հետո ի՞նչ եք պատրաստվում անել:

- Պատրաստվում ենք իրավական բոլոր ճանապարհներով պայքարել: Այսօր արդեն վարչական դատարան եմ ներկայացրել հայցադիմումը, եւ համաձայն օրենքի` դատարանը պարտավոր է հինգ օրվա մեջ համապատասխան որոշում կայացնել: Դրանից հետո կդիմենք վճռաբեկ դատարան. պայքարելու ենք մինչեւ վերջ:

- Իսկ, Ձեր կարծիքով, դատարանը կբավարարի՞ ձեր հայցը:

- Խոսքը վերաբերում է մի ‎դատարանի, որը վաղուց ի վեր ապացուցված է, որ այս արնածոր ռեժիմի կամակատարն է, խամաճիկը: Այդ փաստը հերթական անգամ ապացուցվեց մարտի մեկի դատավարություններով: Այնպես որ, այս դատարանը երբեք օրենքներով չի առաջնորդվում, այլ` կատարում է քաղաքական պատվեր: Բայց մենք պարտավոր ենք գնալու այդ ճանապարհով, եւ գնալու ենք: Ես, եւ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակն իր պարտքն է համարում գնալ իրավական ճանապարհով:

- Իսկ եթե դատարանն էլ չբավարարի ձեր հայցը, ի՞նչ եք անելու:

- Կապրենք, կտեսնենք:

- Տեսակետ կար, որ եթե անգամ Փաշինյանին գրանցեին, ապա շատ արագ կերպով մինչեւ ընտրությունները նրա նկատմամբ դատավճիռ կկայացնեին եւ այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո արդեն դուրս կթողնեին ընտրապայքարից:

- Այդքան էլ հեշտ բան չէ պրոցեսներն արագացնելը, իշխանություններն իրենք էլ գիտեն դա: Ակնհայտ է, որ մինչեւ հունվարի տասը նույնիսկ ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ չի կայացնի, ուստի որոշեցին այդ քայլին դիմել: Ուզում եմ շեշտել, որ Նիկոլին չգրանցելն էլ արդյունք է, եւ այն արդեն իսկ խոսում է շատ բաների մասին:

Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

http://www.lragir.am/armsrc/interview30355.html

Տեղադրված է. 16:08:22 - 09/11/2009

2009 (c) Lragir.am News. All rights reserved.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Նոյեմբեր 11th, 2009 at 15:40 | #1

    Parzapes uzum em haytnel SHNORHAKALUTYUN! Davit Matevosyanin el, Arman Galoyanin el! Aritic ogtvelov uzum em Arman Galoyanin hatuk shnorhakalutyun asel Lragir. am -um harcazruycneri ev nra bolor hodvacneri hamar, misht shat hetaqrqir en u shat hamarcak! Apres Arman jan! Naev texekaca Armani kayanaliq amusnutyan masin, vori hamar hxum em in bari maxtanqner@! Qez Yerchankutyun em cankanum u Astvac qez pahapan!

  1. No trackbacks yet.