> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՎՌԱԶ ԵՆ, ՎՌԱԶ…

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՎՌԱԶ ԵՆ, ՎՌԱԶ…

OSCE Minsk GroupԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու տարածաշրջանային հերթական այցի ընթացքում չեն մեկնում Ղարաբաղ` ապշեցուցիչ պատճառ նշեց. ժամանակի սղությունը։ Նախորդ դեպքերում համանախագահները Ղարաբաղ չմեկնելը պատճառաբանում էին «անբարենպաստ եղանակային պայմաններով»։ Երբ մի քանի տարի, ԵԱՀԿ ՄԽ վարկածով, Ղարաբաղում կարկուտ էր տեղացել, անընդհատ ամպրոպ ու անձրեւ եղել, եւ այս ամենը տեւականությամբ խփել-զարկել էր գիտականորեն հնարավոր եւ անհնար բոլոր ռեկորդները` համանախագահները մի հատ երեւացին Ստեփանակերտում։ Ու քանի որ այդ այցով հնգամյակի պլանը կատարած են համարում, ոչ ավել, ոչ պակաս` Ղարաբաղ մեկնելու ժամանակ չունեն այլեւս։ Նման դիրքորոշումը հասկանալի կլիներ, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող դիվանագետները զբաղված լինեին Դարֆուրում ստեղծված հումանիտար իրավիճակի մոնիտորինգով։ Այս պարագայում մենք չէինք կարող ակնկալել, որ իրենց բանուգործը, այսինքն` Դարֆուրում ստեղծված հումանիտար իրավիճակի մոնիտորինգը թողած` համանախագահները այցելեն Ղարաբաղ։ Բայց պրոբլեմը տվյալ դեպքում այն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Ռոբերտ Բրադտկեն եւ Բեռնար Ֆասիեն` ի պաշտոնե ուրիշ անելիք չունեն, բացի ԼՂ հարցի կարգավորումը։ Նրանց այդ պաշտոններում նշանակած պետությունները, միջազգային հանրությունը միայն մի ակնկալիք եւ սպասելիք ունեն. ԼՂ հարցը կարգավորելու հնարավորություններ, պրոբլեմի լուծման բալասան գտնելը։ Ու երբ համանախագահները հայտարարում են, թե Ղարաբաղ այցելելու եւ ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպելու ժամանակ չունեն, նմանվում են այն բժշկին, որը շատ ավելի կարեւոր է համարում հիվանդի հորեղբոր որդուն, հիվանդին վնասվածք հասցրած անձին հանդիպելը, քան աշխատանքը հենց իր` հիվանդի հետ։ Եւ այս անհեթեթ դիրքորոշման պատճառաբանությունների մեջ համանախագահները ավելի ու ավելի ցինիկ են դառնում։ «Դուք գիտե՞ք, թե ինչպես կարելի է մեկ օրում գնալ Ստեփանակերտ-ետ գալ, մեկնել Բաքու, ետ գալ։ Եթե այդ գաղտնիքը գիտեք, ես միայն ուրախ կլինեմ»,- հայ լրագրողի հարցին ի պատասխան` սրտնեղած ասում էր Մերզլյակովը։ Վերջինիս երեւի թվում է, թե Էդվարդ Նալբանդյանը ամենախելոք ու թասիբով հայն է, ու եթե կարելի է նրա թշերը մաժել ու ականջներից էլ լապշա կախել, ուրեմն` դա կարելի է անել բոլոր հայերի հետ։ Այլապես` խնձորի ու տանձի մասին հարցին չէր պատասխանի կաղամբի եւ ծիծակի մասին հայտնագործություններով։ Իհարկե` այս իրավիճակի մասին խոսելիս կարելի է հիշել, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղին դուրս մղեց բանակցային գործընթացից, թե ինչպես Սերժ Սարգսյանը Մայնդորֆյան հռչակագրով այդ փաստը լեգիտիմ ու անշրջելի դարձրեց։ Սրանից, սակայն, որեւէ բան չի փոխվի, եւ այս արձանագրումներն էլ հնացած են ասես։ Տպավորություն կա, որ Ղարաբաղի հարցը դադարել է Ղարաբաղի հարց լինելուց. «Ղարաբաղը» դարձել է վերնագիր, որի ներքո լուծվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության ու Թուրքիայի հարցերը։ Նրանց փոխադարձ հարաբերությունների հարցերը։ Իսկ Ղարաբաղը վստահում է իրեն բանակցային սեղանից վերջնականորեն վռնդած հայաստանյան իշխանությանը։ Վստահեք, վստահեք. վերջը խեր լինի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Նոյեմբերի 10, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. MM
    Նոյեմբեր 11th, 2009 at 15:23 | #1

    Nikol jan, hodvacd dajan irakanutyan masin e, bayc hishecrec mi hin anekdot; lav harbac mek@ @nkac e linum poxocum, cexajri mech, miayn demq@ u mi dzerq@ cexajric durs. Dzerqin el mi cxaxot. Ancox-darcoxin harcnum e te lucki unen u varen ir cxaxot@. Bnakanabar bolorn el xusapum en da anel, vor chcexotven. Mi ancordi el e dimum vaziv barer@ irar kapelov. Ancordn asum e.- chem karox , vraz em. Es harbac@ patasxanum e.- Ara axper , xi menq , vor stex @ngac enq, vraz chenq?.

  1. No trackbacks yet.