> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՊՈՒՍԾՅ ԲՈՒՁԵՏ ՈՒԳԱԼՈՎՆԻԿ

ՊՈՒՍԾՅ ԲՈՒՁԵՏ ՈՒԳԱԼՈՎՆԻԿ

Հայաստանում հանցագործությունները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի` աղմկոտ եւ անաղմուկ։ Անաղմուկը սովորական հանցանքներն են, որ տեղի են ունենում սոցիալ-հոգեբանական պատճառներով։

Իսկ ինչ ենք հասկանում ասելով աղմկոտ հանցագործություն։ Այս տերմինը մինչեւ հիմա այդպես էլ հստակ ձեւակերպված չէ մեզանում, եւ կարծում եմ` սխալ չի լինի դա ձեւակերպելու փորձ անել։ Արեւմուտքում այսպես անվանում են հանրային լայն հետաքրքրություն առաջացրած դեպքերը։ Իմ տպավորությամբ, հիմա արդեն Հայաստանի հանրությունը, գուցե ենթագիտակցորեն, աղմկոտ հանցագործություն ասելով հասկանում է այն դեպքերը, որոնց ծագումնաբանությունը կապված է Հայաստանում առկա իշխող համակարգի գործունեության նրբությունների հետ։ Ընդ որում, կապը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի։ Եւ եթե հարցը այս տեսակետից դիտարկենք, կարող ենք ասել, որ աղմկոտ հանցագործությունները նրանք են, որոնք տեղի չէին ունենա, եթե դրանց հեղինակները ուղղակի կապեր չունենային իշխող շրջանակներում կամ իշխող շրջանակներից ուղիղ հանձնարարություն չստանային։ Եւ ահա, այսպիսի հանցագործությունները բացահայտվում են կամ չեն բացահայտվում իշխանության համապատասխան շրջանակներում կայացրած որոշման հիման վրա։ Ընդ որում, ոչ թե իրավապահ մարմիններին հանձնարարվում է գտնել հանցագործին, եւ իրավապահներն էլ, ջանք ու եռանդ չխնայելով, օպերատիվ-հետախուզական միջոցառումներով գտնում են հանցագործներին, այլ հանցագործին հանձնարարվում է ներկայանալ իրավապահ մարմիններին։ Կա՛մ նման հանձնարարություն տրվում է տվյալ պահին այլ անելիք չունեցող մի սափրագլուխի, կա՛մ իշխանական հանցավոր խմբավորումներից մեկի մի շարքային անդամի։ Էդիկ Բաղդասարյանի դեմ տեղի ունեցած հարձակման «բացահայտումըե հենց այս տրամաբանության մեջ է։ Երբ մենք ասում ենք, թե լրագրողների դեմ տեղի ունեցած ոչ մի հանցագործություն չի բացահայտվել, սխալվում ենք։ 2004 թվի գարնանը` ապրիլի 12-ի դեպքերից առաջ, հիշում եք, «Նաիրի» կինոթատրոնի մոտ սափրագլուխները ձվերով հարձակվեցին այն ժամանակ ընդդիմադիր Արտաշես Գեղամյանի կազմակերպած ցույցի մասնակիցների վրա, ապա եւ հարձակվեցին այդ տեսարանը լուսանկարող եւ տեսագրող լրագրողների վրա, ծեծեցին մի քանիսին ու խլեցին նրանց խցիկները։ Այս գործը «բացահայտվեց». մի քանի հոգի, որ դժվար է ասել` հենց իրենք էին արարքի հեղինակը, թե ոչ, ներկայացան ոստիկանություն ու ասացին, որ լրագրողների վրա իրենք են հարձակվել։ Իրենց արարքը բացատրեցին հետեւյալ կերպ. իրենք իրենց ընկերուհիների հետ կինո գնալիս են եղել, ու լրագրողներն իրենց նկարել են, դրա համար էլ հարձակվել են նրանց վրա։ Այսինքն` ձեռքի հետ արանքից հանվեց ընդդիմության վրա հարձակվելու պահը։ Իսկ լրագրողների վրա հարձակվելու մեջ «ներկայացածները» իրենց մեղավոր ճանաչեցին, վնասը փոխհատուցում են, եւ այլն։ Դատը եղավ, սափրագլուխներով լիքը դահլիճում. սափրագլուխները անգամ գործով տուժողներին դատարանի դահլիճ չէին թողնում։ Բայց դատը եղավ. դատավոր Ռուբիկ Ներսիսյանը ոտքերը դողալով դատ արեց ու մեղադրյալներին տուգանեց։ Գործը բացահայտված է, վերջ։ Հիմա ինչ-որ մեկը ինչ-ինչ պատճառով հանձնարարական է տվել ծեծել, գուցե եւ` հաշմանդամ դարձնել Էդիկ Բաղդասարյանին։ Հետո համաշխարհային աղմուկ է բարձրացել. Համմարբերգը քիչ էր, մի հատ էլ Հարաշտին։ Շեֆը որոշել է գործը բացահայտել, ու այդ որոշմամբ մարդուն ուղարկել են դատախազություն։ Հիմա խնդիրը էն է, թե շեֆը նախապե՞ս է իմացել հանցագործության մասին, թե տեղի ունենալուց հետո։ Շատ մեծ է հավանականությունը, որ ծեծը տեղի է ունեցել շեֆի դաբրոյով` տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանի կամ նրա անմիջական շրջապատից մեկի, որովհետեւ Էդիկ Բաղդասարյանը այնպիսի դեմք չէ, որ մի երկրորդ սորտի օլիգարխ կամ պաշտոնյա որոշի նրա հետ հաշվեհարդար տեսնել։ Կարճ ասած, մի ինչ-որ պահի շեֆը որոշել է, որ գործը պետք է բացահայտվի, եւ կանչել է հանցագործին անմիջական հանձնարարություն տված միջավայրի ղեկավարին ու նրանից պահանջել, որ ինչ-որ մեկը գնա հանձնվի։ Չնայած` չի բացառվում, որ հանձնվողը նոր-նոր մաֆիայի մեջ մտնող մի ջահել է, որին աշխատելու, վստահություն ձեռքբերելու շանս է տրված. հո չե՞ն զոհելու գործ անող տղերքին։ Բայց այլ խնդիր կա. պետք է մեղայականով ներկայացածը բացատրի, թե ինչու է հարձակվել Բաղդասարյանի վրա։ Առայժմ ցուցմունք չի տալիս, բայց եթե շեֆը չի որոշել «կռուպնի ժեռտվաներ» տալ, ուրեմն կհնարեն մի վարկած, ըստ որի Էդիկ Բաղդասարյանը ինչ-որ մեկի ընկերուհուն հետաքննել է, փողոցում լուսանկարել կամ էլ հետիոտնային անցումի վրա ճանապարհը չի զիջել։ Հայաստանում աղմկոտ սպանություններ, այլ հանցանքներ իրականացնում են երկու տիպի մարդիկ. ովքեր իշխանության ամենավերին օղակներից դաբրո են ստանում, կամ էլ այնպիսի մարդիկ, ովքեր ընդհանուր դաբրո ունեն այս կյանքում, ասենք` այն մարդկանցից են, ովքեր «վաբշե պռոբլեմ չունեն»։ Բայց նման մարդիկ երբեմն աղմկոտ սպանությունները համաձայնեցնում են նաեւ տեղի միլպետերի ու դատախազների հետ։ Ժամանակին ինձ մի պատմություն են պատմել, բայց ես չեմ հավատացել։ Պատմում էին, որ մի սպանության պատվիրատու, վերեւից դաբրո ունենալով, այնուամենայնիվ, սպանության հանգամանքները` օրը, ժամը, տեղը, ճշտելիս է եղել տարածքի միլպետի հետ։ Միլպետը նրան խնդրել է գործը ոչ թե ասենք ամսվա վերջին օրը անել, այլ մյուս ամսվա առաջին օրը։ Միլպետը դա պատճառաբանել է նրանով, որ իր տարածքի այս ամսվա վիճակագրական տվյալները հանցագործությունների թվի վերաբերյալ առանց այն էլ լավը չեն, ու լավ կլինի, որ այդ սպանությունը մյուս ամսվա վրա ընկնի։ Ճիշտ է, հանցանքը ղեկավարության թույլտվությամբ է իրականացվում, բայց դե միլպետի պաշտոնի վրա հազար աչք կա, ու ամեն դեպքում` վիճակագրությունը նորմալ վիճակում պահելը չի խանգարի։ Գիտեմ, հիմա դուք էլ չեք հավատում այս պատմությանը, բայց դե մինչեւ պաշտոնական հաստատումը չէիք ուզում հավատալ, չէ՞, որ մարտի մեկին սնայպեր է գործել հայտնի դեպքերի թատերաբեմում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի խոսակցությունը Նաիրի Հունանյանի հետ ԱԺ-ում, հոկտեմբերի 27-ին` հիմա գաղտնալսվե՞լ է, թե ոչ։ Ես չգիտեմ, թե հանրությունը կոնկրետ ինչ է հասկանում աղմկոտ հանցագործություն ասելով, բայց իշխանությունը աղմկոտ է համարում այն հանցանքները, որոնց կայացման թույլտվությունը վերեւներում չի տրվել։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.