> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մարտի 1-ից հետո հայրենի իրավապահները խնդիր են հռչակել բացահայտել բախման մեղավորներին, եւ արդեն ինը ամիս աշխատում են, իբր, այդ ուղղությամբ։ Սակայն, նրանց վարած նախաքննությունը այդպես էլ վստահելի չի համարվում, եւ սրա համար կա շատ հիմնավոր եւ կոնցեպտուալ պատճառ։

Բանն այն է, որ իրավապահ կոչվածները յուրօրինակ մարտավարություն են որդեգրել տվյալ գործը քննելիս. նրանք ուղղակի թաքցնում, պարտակում, կեղծում են կողմերից մեկի մեղավորությունն ապացուցող փաստերը։ Եւ եթե բախման կողմերից մեկի մեղավորությունն ապացուցող փաստերը կոծկվում են, ինքնաբերաբար ստացվում է, որ մեղավոր է մյուս կողմը։ Համաձայնեք` երկաթե տրամաբանություն է։ Ու քանի որ անընդհատ իշխանության հանցավոր լինելու նորանոր փաստեր են բացահայտվում հանրության համար, եւ դրանց պարտակումը իրականացվում է հենց հանրության աչքի առաջ, անհրաժեշտ են հանրության ուշադրությունը շեղող միջոցառումներ։ Եւ ահա, ահագին երկար ժամանակ հայ հանրությանն է ներկայացվում մի այսպիսի «հրեշավորե բացահայտում, թե ինչպես է մի ընդդիմադիր գործիչ հեռախոսային խոսակցության մեջ հայհոյանքներ օգտագործում։ Հեռուստատեսային նորապսակ սերժանտները աղաղակում են` տեսա՞ք, տեսա՞ք ինչպես հայհոյեց, ա~խ, ինչպես դիմանանք մենք այս հրեշավոր հայհոյանքին, վա~յ քեզ, Թումանյան, վա~յ քեզ, Նարեկացի, վայ քեզ, Չարենց։ Ու տեսեք, ու~մ է հայհոյում, ու տեսեք ինչպես է հայհոյու~մ։ Վայ, մայրիկ ջան, ու~ր է մեր ոսկեղենիկ հայերենը` աղաղակում են սերժանտները։ Սա ուղղակի հոգեկան խանգարմունքի հետ սահմանակցող պատկեր է, որովհետեւ երբ այդ հայհոյանքներից իրենց ջախջախված համարող մարդկանց հարցնում ես սեփական ժողովրդի դեմ օգտագործված դիպուկահարի մասին, նրանց դեմքի ծամածռված ողբերգությունը անմիջապես չքանում է. «Ինչ կա, որ. սնայպեր է, պիտի կրակի, եւ աշխարհի ոչ մի սնայպեր ոտքին չի կրակում. թե կրակում է` միայն գլխին։ Բայց չէ` դուք տեսա՞ք, թե ինչպես հայհոյեցե։ Լավ, հասկացանք. իսկ ի՞նչ կասեք այն տեսարանների մասին, երբ յոթ-ութ ոստիկան Երեւանի կենտրոնում քացու տակ են տալիս մի անպաշտպան քաղաքացու. «Է, ինչ կա որ. ոստիկան է, պետք է քացու տակ գցի։ Բա էլ ուրիշ ինչի՞ համար է ոստիկանը։ Բայց չէ` դուք տեսա՞ք, թե ինչպես հայհոյեցե։ Իսկ ի՞նչ կասեք Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների ապօրինությունների մասին. «Է, ինչ կա, որ։ Բա ոստիկանությունը նրա համար է, որ ապօրինություն անի։ Ոստիկանը հո սովորական մարդ չէ, որ օրենքով շարժվի։ Բայց չէ` դուք տեսա՞ք, թե ինչպես հայհոյեցե։ Իսկ ինչ կասեք գնդակահարված քաղաքացիների մասին. «Է, ինչ կա որ. փչացած է եղել հրացանը, ոստիկանը հո չէ՞ր տանելու այն տեխասմոտրի։ Բայց չէ` դուք տեսա՞ք, թե ինչպես հայհոյեց»։ Իսկ ինչ կասեք արյան լճակների եւ մարդկային ծնոտի մասին. «Է, ինչ կա որ. դա խոզի արյուն է, եւ ոչխարի ծնոտ։ Բայց չէ` դուք տեսա՞ք, թե ինչպես հայհոյեց»։ Իսկ ի՞նչ կասեք, որ մինչեւ հիմա ոչ մի սպանություն բացահայտված չէ. «Է, ինչ կա որ. սպանություններ կան` երբեք էլ չեն բացահայտվում։ Բայց չէ` դուք տեսա՞ք, թե ինչպես հայհոյեց»։ Իսկ ի՞նչ կասեք ակնհայտ ապօրինի վճիռների մասին. «Մի՞թե կարելի է կասկածի տակ առնել Եվա Դարբինյանի նման բարոյական դատավորների վճիռները։ Բայց չէ` դուք տեսա՞ք, թե ինչպես հայհոյեց»։ Կեղծված փաստաթղթեր, խոշտանգումներ, թխած գործեր, չհիմնավորված որոշումներ, սպանություններ, առեւանգումներ, հարձակումներ. այս ամենը` ոչինչ։ Այս ամենին ուշադրություն մի՛ դարձրեք. կարեւորն այն է, որ տեսնեք, հասկանաք, զգաք, իմանաք, թե ինչպես հայհոյեց։ Բայց խնդիրը, իհարկե, հայհոյանքը չէ։ Այս պարզագույն մեթոդով իշխանությունը փորձում է իր գործած հանցանքը փաթաթել ուրիշի վզին։ Չի՛ ստացվի։ Ռոբերտասերժական զույգը մարդասպանի խարանը չի կարող մաքրել սեփական ճակատից։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.