> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

«Հ1»-ի պատվերով անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները հրապարակելուց առաջ հարցումն անցկացրած անձինք, լավ կլիներ, հրապարակեին այլ տվյալներ եւս։ Մասնավորապես` հետաքրքիր է իմանալ, թե հարցման ընթացքում քանի մարդ է բերման ենթարկվել ոստիկանության մոտակա բաժիններ` «Գելափի» հարցերին սխալ պատասխաններ տալու կասկածանքով։ Ասվածը կարող է զավեշտական թվալ, բայց այն, մեծ հաշվով, պատկերում է իրականությունը, որովհետեւ մեր երկրում անցկացված այսօրինակ հարցումները շատ նման են ահաբեկիչների կողմից գրավված ինքնաթիռում անցկացված հարցումներին։

Պատկերացրեք, ահա, թե ինչպիսի արդյունքներ կստացվեն այնտեղ։ Իսկ Հայաստանում, որտեղ ընդդիմադիր հայացք ունեցող գրեթե ամեն ոք որոշակի առնչություն է ունեցել ոստիկանության, իշխանության ներկայացուցչի կամ թաղային սափրագլուխների հետ, որեւէ հարցում անցկացնելու հարկ չկա էլ։ Ամեն ինչ պարզ ու հասկանալի է դեռ էն գլխից։ Եթե քոչարյանասերժական իշխանության օրոք Հայաստանում անցկացված որեւէ հարցում վստահություն ներշնչեր, վարչախումբը ստիպված չէր լինի պերմանենտ հեղաշրջումներով զբաղվել։ Եւ ինչպես նախկինում իրականացված հարցումները չեն փոխել ներքաղաքական իրավիճակը, այնպես էլ հերթականը դա անել չի կարող, եւ քաղաքական օրակարգի բոլոր հարցերը շարունակում են մնալ օրակարգում։ Եթե փորձում ենք հասկանալ այս հարցերի նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականությունը, ակնհայտ է դառնում, որ նրանք իրենց առաջ դրված ընդամենը մի խնդիր ունեն. հոգեբանական պատերազմ մղել հանրության դեմ, այդ հանրության յուրաքանչյուր անդամի ներշնչել անվստահության զգացում, ոչինչ չորոշողի, ոչինչ չարժեցողի, ոչինչ չհասկացողի, որեւէ բանի ընդունակ չլինելու զգացողություն. սերիալ նայելը մեծագույն երջանկություն եւ շնորհ համարողի զգացողություն։ Վերը բերված «հարցումներըե հենց այս նպատակով են իրականացվում։ Այսօր Հայաստանում առօրյա շփումներ ունեցող մարդիկ, անկախ իրենց քաղաքական հայացքներից, տեսնում են, որ հանրության մեծագույն, ուղղակի գերակշռող մեծամասնությունը զզվանքով ու ատելությամբ է վերաբերվում իշխանություններին։ Եւ ահա, այդ նույն մարդը հեռուստացույցի էկրաններից լսում է, որ հարցման արդյունքներով պարզվել է, որ Սերժ Սարգսյանի եւ ԱԽՔ-ի վարկանիշը բարձր են աննկարագրելիորեն։ Այս ինֆորմացիան ստանալով` մարդը երկու ռեակցիա կարող է տալ. առաջինը` նա նողկանքի զգացում է ապրելու իր համաքաղաքացիների նկատմամբ, որովհետեւ մտածելու է, թե նրանք իրենց կարծիքը բարձրաձայնելու տղամարդկություն անգամ չունեն։ Մյուս հնարավոր արձագանքը կարող է լինել այն, որ հարցումների արդյունքները կեղծվել են, ասել է, թե` սրանք ինչ ուզում` անում են հանրության հետ։ Այսինքն` հանրությունը հայտնվել է փալասի կարգավիճակում։ Քաղաքացուն այսպիսի եզրակացություններ ներշնչելով` իշխանությունը նպատակ ունի նրան մղել մի բանի. նստել հեռուստացույցի առաջ ու սերիալ նայել։ Եւ սա է հենց վարչախմբի նպատակը։ Քավ լիցի, ո՛չ Սերժիկին, ո՛չ ախքիկին վարկանիշ պետք չէ, որովհետեւ վարկանիշ ակնկալել, կնշանակի ակնկալել հանրության ակտիվ վիճակ։ Իսկ իշխանագողերին հանրության ակտիվությունը ոչ մի լավ բան չի կարող տալ. նրանց պետք է, որ քաղաքացին հուսահատ նստի էկրանի առաջ եւ երազի դառնալ սերիալի կռուտոյ հերոսներից մեկի նման կերպար։ Իշխանությունը մի խնդիր ունի` հանրությանը պահել պասիվ, հուսահատ, համակերպվածի վիճակում։ Հետեւաբար` ընդդիմության խնդիրը ուղիղ հակադարձ է սրան եւ պետք է բխի հենց այս տրամաբանությունից։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.