> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՎՐՈՎԱԽԻ ՄՈԴԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՎՐՈՎԱԽԻ ՄՈԴԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Եվրամիության եւ Հայաստանի գործող իշխանությունների միջեւ կնքված վերջին համաձայնագրերից մեկը ուղղակի ապացույցն է այն բանի, որ ԵՄ-ն Հայաստանի նկատմամբ ռասիստական վերաբերմունք ունի։ Այդ համաձայնագրով ԵՄ-ն Հայաստան է ուղարկելու խորհրդականների խմբեր, ովքեր «իշխանական միջանցքներում տեղակայվելով»` հայ պաշտոնյաներին օգնելու են որոշումներ կայացնելիս «ճիշտ կողմնորոշվել»։ Բարձր առաքելություն։ Բայց սա Աֆրիկյան, այսպես կոչված «Երրորդ աշխարհի» երկրների մոդելն է, երբ բարձր ռասսան համոզվում է, որ աբորիգեններն ի վիճակի չեն օրինական կյանքով ապրել, ինքնակառավարվել, եւ պետք է այստեղ ժամանեն եվրաէմիսարները, ովքեր էլ կօգնեն, որ մարդանման կապիկները մարդ դառնան։ Խնդիրն, իհարկե, միայն այն չէ, որ բարձր ռասսան Հայաստանի մասին նման տպավորություն ստանում է ՀՀ իշխանությունների հետ ունեցած շփումներում։ Գործնականում, որպեսզի բարձր ռասսայի խորհրդականներին հնարավոր լինի ուղարկել, նախ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի երկրում հաստատվի ոչ թե ժողովրդի իշխանություն, որը հենված է այդ նույն ժողովրդի վրա, այլ երկրի հետ օրգանական կապով չկապված իշխանություն, որը ներսում ժողովրդի հենարանը չունենալով` ստիպված լինի կախվել արտաքին ուժերից։ Մի բանաձեւ, որ եվրաամերիկյան, ինչպես նաեւ ռուսական ուժերը իրագործեցին Հայաստանում։ Եւ հիմա Եվրամիությունը հայտնի իրադարձությունների, իր պահվածքի, մարտի 1-ի դեպքերին հանցակցության արդյունքում իր ազդեցության գործակալներին Հայաստանի իշխանության միջանցքներում տեղավորելու հնարավորություն է ստանում, եւ դա անում է հանուն այն բանի, որ իշխանությունները առավել վերահսկելի դառնան իր համար։ Հին ժամանակներում նման խնդիրներ լուծելիս տիրակալները իրենց վասալների որդիներին պատանդ էին վերցնում եւ պահում իրենց մոտ։ Հիմա, փաստորեն, ավելի քաղաքակիրթ մեթոդներ են կիրառվում, եւ սա, ինչ խոսք, առաջընթաց է եվրոպական քաղաքականության մեջ։ Իսկ ընդհանրապես, Հայաստանի նկատմամբ նման քաղաքականությունը նորություն չէ, եւ այն բավական երկար պատմություն ունի։ Խնդրին ժամանակին անդրադարձել ենք` խոսելով այն մասին, որ Հայաստանը կանգնած է հերթական բաժանման վտանգի առաջ։ Իսկ այս երեւույթի էությունը հետեւյալն է. արտաքին ուժերը, մասնավորապես Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան, Իրանը փորձում են Հայաստանի քաղաքական դաշտում մի այնպիսի իրավիճակ ստեղծել, որտեղ իշխանության համար մղվող պայքարի հիմնական դերակատարները լինեն ոչ թե հայաստանյան կոնկրետ շերտերի, այլ իրենց շահերը ներկայացնող ուժեր, որոնք շատ կոնկրետ պարտավորություններ ունեն իրենց արտերկրյա սպոնսորների առաջ։ Այսինքն` գործնականում քաղաքական դաշտում պայքար մղեն ոչ թե հայաստանյան, այլ Ամերիկայի, Ռուսաստանի, Իրանի եւ Եվրամիության կուսակցությունները։ Սա տեղի է ունենում ոչ թե այդ երկրների պայմանավորվածության արդյունքում, այլ պարզապես կողմերից յուրաքանչյուրը փորձում է Հայաստանում ունենալ սեփական կուսակցությունը, որին էլ փորձում է հասցնել իշխանության։ Քաղաքական նման դաշտի ձեւավորումը լայն թափով ընթանում էր վերջին տասը տարիներին, եւ արդեն հստակեցվում էր կուսակցությունների դերաբաշխումը։ Վերջին մեկ տարվա իրադարձությունները որոշակիորեն խառնեցին այս սցենարը, եւ մեծ վտանգ առաջացավ, որ արտաքին ուժերը Հայաստանում էականորեն կթուլացնեն իրենց ազդեցությունը, եւ դա տեղի կունենար Համաժողովրդական շարժման իշխանության գալով։ Եւ ահա, ԵՄ-ն, ինչպես նաեւ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն աշխատում են այստեղ որոշակի վթարային միջոցառումներ իրականացնել։ Այս պահին Իրանը մի տեսակ դուրս է մնում պրոցեսից, բայց էականը տվյալ դեպքում այն է, որ այդ գլոբալ սցենարի վերջնական իրագործման հանկարծահաս խոչընդոտը ինչպես եղել, այնպես էլ մնում է Հայ ազգային կոնգրեսը։ Նաեւ սրանով է պայմանավորված Կոնգրեսի գործողությունների` վերջին շրջանում նկատվող զգուշավորությունը։ Կոնգրեսի լիդերները, թերեւս, հասկանում են, որ այդ կառույցի կայացումով շահագրգիռ չէ գլոբալ խաղացողներից ոչ մեկը, քանի որ Կոնգրեսը բացառապես հայաստանյան պատկերացումներ ունեցող ուժ է։ Մյուս կողմից, արտաքին ուժերն, ըստ էության, խրախուսում են Հայաստանի հարաճուն բռնակալացումը. մի իրավիճակ, որում նոր կառույցների կայացումն ու հզորացումը դառնում է բարդագույն խնդիր։ Սա նշանակում է, որ Կոնգրեսի մարտավարությունը պետք է դառնա ավելի ճկուն եւ մոբիլ` նորահայտ պրոբլեմներին համապատասխան ձեւով արձագանքելու համար։
Անկախ ամեն ինչից` Հայ ազգային կոնգրեսի առաքելությունը եղել եւ մնում է մեկը. Հայաստանի քաղաքացիներին ներքաղաքական կյանքի թիվ մեկ գործոն, միակ վճռորոշ գործոն դարձնելը։ Մինչ այդ, այն պետք է կարողանա դառնալ առնվազն` նախագահական վերջին ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին ձայն տված քաղաքացիների շահերի արտահայտիչը։ Ըստ էության, Կոնգրեսը հենց այս ուղղությամբ զարգանալու խնդիր է դրել, ինչը միարժեքորեն ճիշտ է։ Բայց ակնհայտ է, որ այս պրոցեսի բնականոն զարգացմանը խոչընդոտող թիվ մեկ գործոնը շարունակում է մնալ վախի մթնոլորտը. չափազանց դժվար է քաղաքական կառույց կայացնել մի մթնոլորտում, որտեղ վտանգավոր է անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի հարեւան լինելը։ Եւ այս իմաստով, Կոնգրեսի մարտավարական խնդիրը պետք է լինի վախի մթնոլորտը հաղթահարելուն ուղղված գործողությունների ձեռնարկումը։ Ըստ էության, երկրում վախի մթնոլորտին ամենաուժեղ հարվածը հասցնում են քաղբանտարկյալները` իրենց հստակ ու աներեր դիրքորոշումներով։ Այսուհանդերձ, քաղբանտարկյալների գործունեությունը պետք է ավելի լայն արձագանք ստանա բանտերի պատերից դուրս։ Հենց բանտերի պատերից այս ու այն կողմ գտնվող քաղբանտարկյալների համագործակցությունն է, որ պետք է բեկումնային դառնա ստեղծված խճողված վիճակի հաղթահարման համար, եւ այնպիսի պրոցեսներ հարուցի, որ էական կդառնան նաեւ Հայաստանի հանրության արտաքին ընկալումների տեսակետից։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.