> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՅԴ ԱՄԵՆԸ ՆՐԱՆՔ ԳԻՏԵՆ

ԱՅԴ ԱՄԵՆԸ ՆՐԱՆՔ ԳԻՏԵՆ

ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի հնչեցրած գնահատականները մարտի 1-ի գործով դատավարությունների եւ ԵԽ բանաձեւերի կատարման ընթացքի մասին հստակ էին։ Չնայած սրան, եվրոպական կառույցներից որեւէ լավ բան սպասելը միամտություն է։ Բայցեւայնպես, Համմարբերգը տվեց հստակ գնահատականներ` առայժմ ասուլիսում։ Եւ հիմնական հարցը հետեւյալն է. ինչպիսի՞ն կլինի այս գնահատականներին ՀՀ իշխանությունների արձագանքը։ Խնդիրն այն է, որ հանձնակատարի ասածների մեջ ոչ մի նորություն չկա ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Աղվան Հովսեփյանի, ոչ էլ` գործերը սարքած քննիչների ու դատավորների համար։ Այն պարզ պատճառով, որ այդ ամենի հեղինակը հենց իրենք են։ Եւ հիմա իշխանությունը իր ողջ կարողությունը կիրառելու է ոչ թե իրավիճակի լուծումներ գտնելու, այլ, ընդհակառակը, իրավիճակը հնարավորինս երկար պահպանելու համար։ Եւ ահա, ակնհայտ է, որ հենց այս օրերին ՀՀ դիվանագետները ընկնելու են ԵԽ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի, ինչու չէ, նաեւ Թուրքիայի եւ այլ երկրների պատվիրակությունների դռները, որպեսզի նրանք աջակցեն իրենց` սեփական քաղաքացիներին բանտերում անարգել պահելու հարցում։ Բնականաբար, Հայաստանի իշխանությունը նման լավությունը չի մոռանա եւ այլ տեղերում վարձահատույց կլինի վերը նշված երկրներին։ Նույն խողովակներով Հայաստանի իշխանությունները աշխատելու են, որ Համմարբերգի բանավոր գնահատականները նրա հնարավոր զեկույցի տեքստում բոլորովին այլ ձեւակերպում ունենան։ Իսկ եթե հնարավոր է` զեկույց չլինի, կամ այն հետաձգվի մի քանի ամսով կամ տարով։ Սրան զուգահեռ` հայաստանյան եվրոպուպուշները` դավիթհարությունյանական եւ ադոնցական տիպի, կսկսեն խոսել հարցը լուծելու, մարտի 1-ի գործով կալանավորներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին։ Նման հայտարարությունները շատ հստակ նպատակ ունեն։ Խաղի իմաստը հետեւյալն է. այդպիսով ազատության մեջ հայտնվելու հույս ներշնչել քաղբանտարկյալներին, նրանց հարազատներին, ապա եւ այդ հույսերը ցաքուցրիվ անել` նրանց «կոտրելու» նպաստավոր պայմաններ ստեղծել։ Իհարկե, քաղբանտարկյալներն իրենք էլ շատ լավ հասկանում են այս խաղի իմաստը եւ հստակ հայտարարել են, որ համաներումը Սերժին է պետք եւ իր թիմին։ Բայց սրանից իշխանության խնդիրը չի փոխվում։ Ավազակապետությունը խնդիր ունի այնպես անել, որ ազատության մեջ հայտնվելուց հետո քաղբանտարկյալներն այլեւս քաղաքական պրոցեսներից դուրս դնեն իրենց եւ որեւէ կերպ առնչություն չունենան քաղաքականության հետ։ Սա սերժական իշխանության համար կարեւոր խնդիր է, որովհետեւ իշխանությունը հասկանում է, որ քաղբանտարկյալները դարձել են կարեւորագույն քաղաքական գործոն, եւ ազատության պայմաններում նրանց դերը տասնապատկվելու է։ Եւ ահա, իշխանությունը փորձում է այնպես անել, որ այդ մարդիկ, ցանկալի է` գրավոր, պարտավորվեն ազատության մեջ հայտնվելուց հետո քաղաքական գործընթացների հետ որեւէ առնչություն չունենալ։ Այսինքն` իշխանությունը փորձում է քաղբանտարկյալներին ստիպել, որ նրանք ինքնակամ հրաժարվեն այդ կարգավիճակից։ Իհարկե, քաղբանտարկյալների արձագանքն այս առաջարկին միայն հիասթափեցնում է իշխանավորներին, եւ ահա նրանք ստիպված են օլիգարխիական փողերի չամադաններով բռնել եվրոպաների, ռուսաստանների եւ այլ երկրների ճանապարհները։ Բայց այստեղ կա մի քաղաքական նրբություն եւս. այսքան ժամանակ Արեւմուտքը ժամանակ ձգեց, քաղբանտարկյալների հարցի նկատմամբ աչք փակեց` Սերժ Սարգսյանին ինչ-որ պրոցեսների մեջ ներքաշելու համար։ Այսինքն` արդեն իսկ լուծեց իր համար առաջնային խնդիրը։ Գործող իշխանությունները արդեն մտել են խաղի մեջ եւ դուրս գալ չեն կարող, եւ հիմա Հայաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը Եվրոպային ավազակապետական իշխանությանը վերջնականապես քութիկի կարգավիճակում դնելու հնարավորություն կտա։ Այնպես որ, ավազակապետական իշխանությունները թող չզարմանան, եթե եվրոյոնջաները ասեն, թե կշտացել են եւ էլ ուտել չեն ուզում։ Ուտելիս ախորժակը երբեմն նաեւ փակվում է` ավելի համեղ պատառների համար տեղ պահելու նկատառումով։

Հ.Գ. ԵԽ հայտնի բանաձեւերի ընդունմանը ՀՀ պաշտոնական շրջանակների արձագանքը հետեւյալն էր. այդ բանաձեւերի կատարումը անհրաժեշտ է Հայաստանին եւ բխում է նրա շահերից։ Ստացվում է, այդ բանաձեւերի պահանջները չկատարելով` ՀՀ իշխանությունները գործում են ընդդեմ ՀՀ շահերի։ Մի բան, որ ապացուցելու առանձնակի կարիք չուներ էլ։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.