> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍՈՒՏԸ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

ՍՈՒՏԸ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը ԱԺ «Մարտի 1-ի» հանձնաժողովում հայտարարում է, թե մարտի մեկի առավոտյան ոստիկանությունը ցուցարարներին ուղղված հայտարարություն է արել` իրենց այցի նպատակների մասին։ Ոստիկանության պետի մյուս տեղակալն ասում է, որ չեն հասցրել անել նման հայտարարություն։ Երրորդն ասում է, որ արել են` Ազատության հրապարակ մտնելուց առաջ։ Բայց տեսագրություն, միեւնույն է, չկա։ Բայց անկախ այս փաստից` մեր ոստիկանությունը այդպես էլ չի կողմնորոշվում այդ պրիմիտիվ թվացող հարցում. հիմա հայտարարություն արվե՞լ է, թե` ոչ։ Իսկ ահա ամենասենսացիոնը փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի հայտարարությունն է, որն ասում է, որ իրենք չեն հասցրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին տեղյակ պահել իրենց այցի նպատակների մասին։ Հնարավոր չէր, ասում է, այդ պայմաններում մարդ գտնել, բան փոխանցել։ Մեր ոստիկանության պաշտոնյաները ստելիս, փաստորեն, առանձնապես չեն էլ մտածում` կբռնվի՞ այդ սուտը, թե` ոչ։ Հունանյանի ասած սուտը անհեթեթ է հետեւյալ պատճառներով. առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակի հարթակում է եղել բախումը մեկնարկելուց առաջ եւ հայտարարել է իր այդտեղ գտնվելու մասին` ցուցարարներին կոչ անելով ոստիկանության հետ ոչ մի կոնտակտի մեջ չմտնել։ Առաջին նախագահի թիկնազորն այդ պահին, բնականաբար, նրա կողքին էր։ Առաջին նախագահի թիկնազորը պետական է եւ Պետական պահպանության ծառայության կազմում է, որի պետ Գրիշա Սարկիսյանը մարտի մեկի առավոտյան եղել է Ազատության հրապարակում։ Առաջին նախագահի թիկնազորը ռադիոկապ ունի, որը նույնպես տրված է պետության կողմից։ Այդ ռադիոկապի հաճախականությունը հայտնի է Պետական պահպանության ծառայությանը, ոստիկանությանը, ԱԱԾ-ին։ Եւ ահա, այս պայմաններում առաջին նախագահի հետ կապի մեջ մտնելը, նրան գտնելը ընդամենը մեկ ռադիոկանչի խնդիր էր, որովհետեւ առաջին նախագահի հետ կապվելու համար իշխանության ներկայացուցիչները պետք է կապվեին նրա թիկնազորի ղեկավարի կամ աշխատակիցներից որեւէ մեկի հետ, որոնք բոլորը Գրիշա Սարկիսյանի ղեկավարած պետական հիմնարկի աշխատողներ են։ Տեղի՞ է ունեցել նման բան։ Իհարկե` ոչ։ Եթե տեղի է ունեցել, թող ասեն։ Եթե ցուցարարներին ուղղված որեւէ հայտարարություն եղել է, թող ուրեմն, ցուցադրեն տեսագրությունը։ Եւ տարօրինակ է, որ առաջին նախագահին հարթակից առեւանգելու համար նրա տեղը գիտեին, իսկ փաստաթուղթ փոխանցելու համար` ոչ։ Իսկ ընդհանրապես, ոստիկանությունը անհեթեթությունը դարձրել է գործելակերպ։

Այդ կառույցի անմեղսունակ պետը, նկատի ունենալով հանրային հանձնախմբի թողարկած DVD-ն, հոխորտում է. ասում է` ինչո՞սւ են ատրճանակավոր ոստիկան ցույց տալիս, ոստիկանն իրավունք ունի ատրճանակ ունենալ։ Այդ ատրճանակավոր ոստիկանին ցույց են տալիս, որովհետեւ դուք 20 օր շարունակ հայտարարել եք, թե մարտի մեկի հանրահավաքների վայրում, այդ թվում եւ` Մյասնիկյանի արձանի մոտ, զինված ոստիկան չի եղել, թե ոստիկանները զինված են եղել միայն վահան-մահակով։ Սրա համար են ցույց տալիս։ Հետո ցույց են տալիս ավտոմատավոր մեկին, քաղաքացիական հագուստով։ Հիմա այդ քաղաքացիական հագուստով ավտոմատավորը ոստիկա՞ն է, թե` ոչ։ Ցույց են տալիս, որ ասեք, թե ահա այս ավտոմատավորը, որը ոստիկանների հետ ուս-ուսի քայլում է, այսինչ բաժնի կամ զորամասի այսինչ աշխատողը կամ ծառայողն է եւ տվյալ պահին քաղաքացիական հագուստով է այսինչ պատճառով։ Ապացուցեք, որ դա այն մարդկանցից չէ, ում ավտոմատով կադրերը ցույց տալով` պիտի ասեիք` ահա ավտոմատավոր ընդդիմադիր։ Ապացուցեք, որ այդ մարդը ունի ավտոմատ կրելու իրավունք, ապացուցեք, որ նրա ձեռքի ավտոմատը օրինական, գրանցված զենք է։ Սրա համար են ցույց տալիս։ Իշխանությունն ասում է. ոստիկանությունը նաեւ մարդ սպանելու իրավունք ունի, որոշակի հանգամանքներում։ Շատ լավ. ահա ասեք, որ այսինչ մարդուն սպանել է այսինչ ոստիկանը, այսինչ հանգամանքներում, եւ այս-այս պատճառով նրա գործողությունները հիմնավորված են։ Իսկ հանրային հանձնախմբի DVD-ում հստակ, շատ հստակ երեւում է, թե ինչպես են ոստիկանները Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում շարք կանգնած ուղիղ նշանառությամբ կրակում, ուղղակի կրակի տարափ թափում ցուցարարների ուղղությամբ։ Շատ լավ, ընդունեք սա եւ ապացուցեք, որ ճիշտ են արել, որ այդպես են վարվել, ապացուցեք, որ իրականացրել են գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքներով ու Սահմանադրությամբ։ Ընդհանրապես, երբ ասում ենք, որ մարտի մեկի մասին ճշմարտությունը պարզելը չափազանց հեշտ է, եւ դրա համար պետք է միայն «ուչաստկովիիե մակարդակ ունենալ, սրանում ոչ մի չափազանցություն չկա։

Ճիշտ է, մարտի մեկին տեղի ունեցածը բազմադրվագ իրադարձություն է, բայց մյուս կողմից, այդ իրադարձությունների հսկայական մասը տեղի է ունեցել հրապարակային, բաց։ Եւ այս պայմաններում 9 ամսվա ընթացքում հանրության շրջանում առկա հարցերին պատասխան չունենալը ընդամենը մի բան է նշանակում. չցանկանալ ունենալ այդ պատասխանները։ Ավելի ճիշտ` ունենալ ու թաքցնել, որովհետեւ այդ պատասխանները ընդամենը այսօր իշխողների հանցագործ լինելու մասին են վկայելու եւ` ընդամենը։ Եւ դիպուկահարի հետ կապված վերջին բացահայտումը սրա ամենավառ օրինակն է։ Մարտի մեկին դիպուկահարների գործունեության մասին արդեն ինը ամիս խոսվում է, գրվում է, ու պարզվում է, որ Սամվել Նիկոյանը այդ մասին պաշտոնական փաստաթուղթ ունի ու` չի խոսում։ Պարզվում է, անգամ գիտի, որ այդ դիպուկահարը իր զոհերի գլխին է կրակել, այսինքն` սպանելու դիտավորությամբ, ու այս ամենը թաքցնում է այդ անձը։ Բայց այստեղ կա մի կարեւոր նրբություն. դիպուկահարի դեպքում արդեն չեն կարող ասել, որ ինքն իր հայեցողությամբ է կրակել, քանի որ իր կյանքին վտանգ է եղել։ Հասկանալի է, որ «զանգվածային անկարգություններըե շենքերի տանիքներ կամ դիպուկահարների թաքստոցներ չեն հասել։ Եւ դիպուկահարը կրակել է կոնկրետ հրամանի արդյունքում, ու հրամանը եղել է «ստրելյած նա պարաժենիեե, այսինքն` սպանել պոտենցիալ թիրախներին։ Թող ասեն, ուրեմն, թե ո՞վ է տվել այս հրամանը եւ` ինչո՞ւ։ Եւ, ի դեպ, դիպուկահարները նախապես հանձնարարված թիրախներ են ունեցել նաեւ Մյասնիկյանի արձանին մոտ գտնվող հարթակում, բայց նրանց հնարավոր չի եղել «վերցնելե հարթակի մթության եւ բազմամարդության պատճառով։ Այս մասին հրապարակումներ են եղել մամուլում, սակայն չգիտես` ինչու ԱԱԾ-ն դրանց ոչ մի կերպ չի արձագանքել։

Հ.Գ. Ոստիկանության պետի տեղակալներից մեկը խորհրդարանական հանձնաժողովում մի շշմեցուցիչ ձեւակերպում արեց։ Նրա ասածից ստացվեց, որ ինքն անձամբ է տեսել, թե ինչպե՞ս են մարտի մեկին ցուցարարների կողմից իրենց ուղղությամբ հնչում կրակոցների ձայներ։ Ուշադրություն դարձրեք ձեւակերպմանը. նա տեսել է մի բան, որ հնարավոր չէ տեսնել, այլ հնարավոր է միայն լսել։ Հասկանալի է. մարդը հո չի՞ խոստովանելու, որ ինքը մարդասպան է, հանցագործ։ Մի պուճուր պրոբլեմ կա ուղղակի. նրա հանցագործ լինելու մասին վավարագրերի պակաս չի զգացվում, իսկ հակառակն ապացուցող վավերագրեր այդպես էլ չկան։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.