> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

19-11-2008_xmbagrakanՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանին, փաստորեն, մարտի 1-ին իմ արած հայտարարություններից ամենաշատը դուր չի եկել այն, երբ ասել եմ, թե Մյասնիկյանի արձանի մոտից ոչ մի տեղ չենք գնում, մնում ենք այնտեղ։ Ընթերցողի համար սա տարօրինակ կարող է հնչել, որովհետեւ այդ օրվա իմ խոսքի մեջ շատ ավելի լավ կտորներ կան, բայց Աֆյանը խոսում է հենց սրա մասին։ Ինչո՞ւ։

Պատճառը շատ պարզ է. այս հայտարարությունը հիասթափեցրել է ոչ միայն նրան, այլեւ իր հանցագործ շեֆերին։ Երբ մարտի 1-ին հասա Մյասնիկյանի արձանի մոտ, այստեղ արդեն ոստիկան չկար։ Միայն մոտ 50 սաղավարտավոր էին մնացել Երեւանի քաղաքապետարանի մուտքի առաջ։ Եւ ինչպես Վահագն Հովակիմյանը բացահայտել է, սա «Եփրեմյանի խմբի» ոստիկաններն էին, ովքեր սպասում էին «Եփրեմյանի մյուս խմբին»` քաղաքացիական հագուստով ոստիկաններին, ովքեր պետք է գային եւ ծեծեին Երեւանի քաղաքապետարանի առաջ սպասող ոստիկաններին։ Նրանց կռիվը, սակայն, տպավորիչ չստացվեց, որովհետեւ ծեծողներն էլ գիտեին, որ թատրոն են խաղում, «ծեծվողներնե էլ, մենք էլ։ Ու հիմա, մեր մեջ ասած, բանտում են գտնվում մարդիկ, ովքեր Եփրեմյանին Եփրեմյանից բաժանելու, այսինքն` այս թատերական կռիվը բաժանելու փորձ անելու միամտություն են ունեցել։ Ուրեմն, Եփրեմյանի ոստիկանները նույնպես շատ արագ չքվեցին` Երեւանի քաղաքապետարանի ետեւի մուտքով, քաղաքապետարանի շենքը թողնելով անպաշտպան։ Բնականաբար, Եփրեմյանի երկրորդ` քաղաքացիական հագուստով խումբը փորձեց գրոհել քաղաքապետարանի շենքը, բայց ընդդիմության ղեկավարները իրավիճակը վերցրին հսկողության տակ, եւ Եփրեմյանի սադրիչ խումբը այլեւս դադարեցրեց իր կոմպակտ գոյությունը։ Բայց Մյասիկյանի արձանի հարակից տարածքում ոստիկանների բացակայության փաստը տարօրինակ էր։ Իսկ գուցե նրանք գտնվում էին մոտակայքո՞ւմ։ Ոչ, ոստիկան չկար ոչ Ձկան խանութի մոտ, ոչ` «Մետրոպոլ» հյուրանոցի կողքին, ոչ` Կրկեսի մոտ, ոչ` Շահումյանի արձանի մոտակայքում։ Ոչ մի տեղ, կարճ ասած։ Ու երբ հայտարարվեց, որ ոչ մի տեղ չենք գնալու, տարօրինակ բան տեղի ունեցավ. Բաղրամյան պողոտայի կողմից` Պռոշյան փողոցով եւ Մաշտոցի պողոտայով, նկատվեց զորքի շարժ դեպի Մյասնիկյանի արձանի մատույցները։ Հիմա եկեք հասկանանք իրավիճակը. Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվում են հարյուր հազարավոր մարդիկ. ոստիկանությունը ոչ միայն հանրահավաքի վայրն է թողնում` մինչ այդ բոլոր հնարավոր միջոցներով լարելով իրավիճակը, այլեւ գործնականում հեռանում է տեսանելի բոլոր վայրերից, ըստ էության ցուցարարների համար բացելով բոլոր ճանապարհները` տպավորություն ստեղծելով, որ դիմադրող ուժ չկա այլեւս։ Ինչո՞ւ. որպեսզի ակնհայտ դարձնի, որ միակ տրամաբանական շարունակությունը դեպի «Հրազդան-1» համալիր եւ նախագահի նստավայր շարժվելն է, որտեղ կենտրոնացել են ոչ միայն Ներքին զորքերը, զինվորական այլ ուժեր, այլեւ հազարից ավելի ավտոմատավորներ, ովքեր սպասում են կրակելու հիմնավոր եւ օրինական առիթի, ովքեր արյուն են ուզում, որպեսզի իրենց հանցագործ շեֆը արտակարգ դրություն մտցնի։ Ընդ որում, եւ նախագահի նստավայրը, եւ «Հրազդան-1» համալիրը արտաքինից սովորական վիճակում էին, եւ այստեղ կենտրոնացած ուժերը չէին երեւում։ Բայց ընդդիմությունը չէր խաղալու իշխանության սցենարով, որը մինչ այդ առաջարկում էր ցուցարարներին տանել Երեւանի երկաթուղային կայարանի մերձակա հրապարակ։ Հասկանալի է, որ այս առաջարկը չէր ընդունվելու, եւ Կայարանի ֆոնին Մատենադարան գնալու առաջարկը պետք է երկնքից թափվող մանանա թվար։ Մատենադարանը իշխանությանը ուրիշ բանի համար էր հարկավոր. երթի ընթացքում պիտի ջարդվեին ու թալանվեին խանութները, ապա եւ պետք է «Եփրեմյանի խմբերը» օպերայի մոտից փորձեին երթը տանել Բաղրամյան պողոտայի ուղղությամբ։ Բայց, ինչպես գիտեք, որոշումը հստակ էր. մնում ենք Մյասնիկյանի արձանի մոտ եւ` վերջ։ Եւ ահա, երբ ակնհայտ էր, որ այս որոշումը բեկման ենթակա չէ, զինված հրոսակախմբերը եւ զորքերը սկսեցին շարժվել դեպի Մյասնիկյանի արձանի կողմը։ Հիմա շատերը կարող են հարց տալ. այդ դեպքում ինչպե՞ս էր ընդդիմությունը պատրաստվում հաղթել, եթե չպիտի գրոհեր նախագահի նստավայրը, կամ կառավարությունը, կամ «Հրազդան-1» համալիրը։ Ընդդիմությունը այնպես էր հաղթելու, ինչպես հաղթում էր մինչեւ մարտի1-ը. պարելով, հանրահավաք անելով, եւ մարտի 1-ին մեզ պետք էր պաշտպանել հանրահավաք անելու մեր իրավունքը, մեր քաղաքացիական իրավունքը եւ` ընդամենը։ Եւ եթե որեւէ մեկը կասկածում է, որ այսպես հնարավոր է հաղթել, քոչարյանասերժական ռեժիմը չէր կասկածում, նա արդեն տեսնում էր իր պարտությունը։ Եւ իշխանական բորենիներին արյուն էր պետք, որովհետեւ մանկանն էլ հասկանալի էր, որ ռեժիմը իրավիճակը կարող է երկարաձգել միայն տանկերի գործադրմամբ, այսինքն` արտակարգ դրություն հայտարարելով, իսկ առանց արյան արտակարգ դրություն հայտարարել չէր լինի։ Ու եթե այդ օրը ընդդիմությունը շարժվեր այնպես, ինչպես իշխանությունն էր պլանավորել, հիմա Աֆյանը կարմրելու առիթ չէր ունենա, հիմա հանրության շրջանում հարցեր չէին ծագի, հիմա ամեն ինչ կլիներ շատ պարզ ու հասկանալի։ Հիմա էլ ամեն ինչ պարզ ու հասկանալի է, բայց` հակառակ կողմից։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.