> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մարինե Պետրոսյանը շատ պարզ բան է ասում։ Ասում է` եթե որեւէ մեկը փորձում է ատելի բաները դարձնել սիրելի, դա առնվազն զզվելի է։ Ասում է` ես ատում եմ այդպես վարվող ցանկացած մեկին։ Ասում է, որ չի կարելի անարդարությունը, մարդասպանությունը սիրելի դարձնելու փորձ անել։ Ի՞նչ է պատասխանում սրան Վարդան Պետրոսյանը, որն արդեն մի քանի ամիս զբաղվում է Մարինե Պետրոսյանի նշած արհեստով։

Այսինքն` եկել է Սերժի թաքնված քարոզ անելու եւ ատելին ու արատավորը հայաստանցիների համար սիրելի դարձնելու։ Այս մեղադրանքին ի պատասխան` նա նախ սկսում է դերասանություն անել, ու տպավորություն է ստացվում, որ ոչ թե պրոֆեսիոնալ դերասանի հետ գործ ունենք, այլ թատերական ինստիտուտ ընդունվելու փորձ անող մի երկչոտ պատանյակի։ Հետո սկսում է ուղիղ եթերում պատմել, որ ռուսների մոտ գերի ընկած ճապոնացիները հնազանդ կանգնում էին, որ ռուսները իրենց գլխից կրակեն հերթով։ Ռուս սպան, ասում է, համակենտրոնացման ճամբարում ճապոնացիներին շարք էր կանգնեցնում ու առաջին պատահածին գլխից կրակում էր` ոչ մի ռեակցիա, հետո երկրորդին էր կրակում` ոչ մի ռեակցիա, հետո երրորդին էր կրակում` ոչ մի ռեակցիա ճապոնացիների կողմից։ Հետո, բացատրում է Փարիզեն եկածը, յոթերորդին կրակել-սպանելուց հետո ռուս սպան խելագարվում է։ Իսկ ճամբարի ադմինիստրացիան, ասում է, դրանից հետո մի փոքր լավացնում է գերիներին պահելու պայմանները։ Ահա, ասում է, սիրով հաղթելու մեթոդը։ Հետո ասում է` երկու ներկայացում էլ տալու եմ Երեւանում ու գնալու եմ Փարիզ` ընտանիքիս մոտ։ Ահա այսպիսի ֆրուկտ է, պարզվում է։ Չգիտեմ, ռուսական համակենտրոնացման ճամբարների ղեկավարությունը գերիների համար մեյմունների գաստրոլներ գաստրոլներ կազմակերպո՞ւմ էր էր, թե ոչ, բայց Պետրոսյանը ակամա հաստատեց այն, ինչի մասին ենթադրել էինք։ Նա փաստորեն, իր խելքով, համակենտրոնացման ճամբար է եկել գաստրոլների։ Հետո վերադառնալու է Փարիզ։ Նա չի նկատում, որ Հայաստանում ոչ թե յոթ, այլ շատ ավելի մեծ թվով մարդկանց են գնդակահարել նրանք, ում կոշիկները լիզելու է եկել ինքը։ Եւ այդ վերակացուները խելագարվել են ոչ թե գնդակահարելուց հետո, այլ առաջ։ Բայց սա չէ էականը, էականն այն է, որ նա մեզ` ՀՀ քաղաքացիներիս, ձեռքի հետ ռազմագերու կարգավիճակ է վերապահում, եւ դա քիչ է. մեզ խորհուրդ է տալիս հնազանդ լինել այդ վիճակին։ Իսկ ինքն ապրում է Փարիզում, ինքն արդեն խիստ է զարգացած, ինքն ընտրյալ է` փարիզներին արժանացած, դե մենք էլ պետք է յոլա գնանք համակենտրոնացման ճամբարներում, որ վերակացուները մեր պայմանները մի փոքր բարելավեն։ Բայց, երիտասարդը, հետաքրքիր է, Փարիզի ո՞ր մասում է ապրում։ Փախստականների համար նախատեսված ճամբարներու՞մ, թե Փարիզ քաղաքում։ Ինչո՞ւ եմ հարցնում. որովհետեւ նա ձեռքի հետ մեզ հասկացնում է, որ ինքը Փարիզի բոհեմական կռուգներում շփվող տղա է, բայց դրա սֆաթին նայելիս չես ասի, թե Փարիզ տեսած մարդու հետ գործ ունես, որովհետեւ անգամ ստուդիա գնալիս հագնվում է այնպես, ինչպես մենք` հայաստանցիներս, հագնվում էինք 1992-93 թթ։ Նա հենց այդ ժամանակներում է Հայաստանից գնացել, ու խոպանի սեզոնը բացվելիս` գալիս է իշխանություններին մեզ սիրելի դարձնելու, իսկ երբ Հայաստանից խոպան գնացածների վերադառնալու ժամանակն է գալիս, ինքը մեկնում է տուն` Փարիզ, որտեղ Արշակ Պետրոսյանի նման դատավորներ չկան, այսինքն` կարելի է ընտանիքի հետ ապրել` թեկուզ փախստականների ճամբարում։ Իսկ Վարդգես Գասպարին Թեհրանից եկել է Երեւան, մշտական բնակության եւ հիմա նստած է բանտում։ Ափսոս, նա չուներ Վարդան Պետրոսյանի նման մի շուստրի խորհրդատու, որ նրան օգներ սիրել դատավոր Արշակ Պետրոսյանին եւ հայտնվել ազատության մեջ։ Այնպես, ինչպես Վ. Պետրոսյանն է ազատության մեջ` Սերժ Սարգսյանին սիրելով։ Բայց դե, ամեն դեպքում թռչում է Փարիզ` գնդակահարվողների շարքում կանգնողի դերը վերապահելով իր սիրելի հանդիսատեսին, որին խոստանում է, որ ամեն յոթ հոգու գնդակահարությունից հետո սերժանտական ադմինիստրացիան կբարելավի գերիների պահման պայմանները։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.