> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Այսպիսով, մենք իմացանք, որ նախագահական ընտրությունների շրջանում եւ դրանից հետո խիստ ծանրաբեռնված ռեժիմով աշխատելու պատճառով ոստիկանությունն ի վիճակի չի եղել պայքարել հանցավորության դեմ եւ պատշաճ ուշադրություն դարձնել հանցանքների բացահայտման գործին։ Այս մասին հայտարարեց անձամբ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետը։

Նրա ասածը անսպասելի է այնքանով, որ Հայաստանում հաճախ չի պատահում, որ պաշտոնական մակարդակով ճշմարտություն է հնչում։ Իսկ որ ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ, հասկանալի էր դեռ շատ ու շատ առաջ, երբ, ասենք, Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանության օպերլիազորները ամբողջ օրը անցկացնում էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դահլիճում նստատեղեր զբաղեցնելով, որ շինծու մեղադրանքներով դատվող քաղբանտարկյալների հարազատներն ու մերձավորները նստելու տեղ չունենան եւ, այսպիսով, դրսում մնան։ Համաձայնեք` պատշաճ զբաղմունք է Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպաների համար։ Մամուլը այս գործի վրա ֆիքսել էր միայն Կենտրոնի օպերներին, որովհետեւ միայն նրանց է ճանաչում, հասկանալի է, սակայն, որ այս գործով զբաղված են եղել օպերներ նաեւ այլ տարածքներից, որտեղ քաղաքական դատավարություններ են ընթացել։ Իսկ դատավարություններից դուրս օպերատիվ աշխատողները ուրիշ խնդիր են ունեցել. ոստիկանության բաժիններին ինֆորմացիա տրամադրել, թե ովքեր են մտադիր մասնակցել առաջիկա հանրահավաքներին, ովքեր են իրենց տներում հարեւանների հետ DVD-ներ նայում, եւ ովքեր են ծնունդի սեղանի շուրջ խմում Լեւոնի եւ Համաժողովրդական շարժման կենացը։ Իսկ ահա քննչական մարմինները, ոստիկանության բաժինների ղեկավարները, մշակելով այս օպերատիվ տեղեկությունները, բացատրական աշխատանքներ էին տանում «ազգի դավաճանների» հետ եւ այսօր էլ շարունակում են այդ գործը։ Բայց սա, ցավոք, իրավիճակի ամբողջական նկարագրությունը չէ։ Նախագահական վերջին ընտրություններում անթույլատրելի չափերի հասավ կրիմինալի եւ ոստիկանության համագործակցությունը։ Բանը հասել էր այնտեղ, որ ոստիկանապետերը, տեղական Կճեպների հետ ուս ուսի տված, ընտրատեղամասերում կռիվ էին տալիս ընդդիմության վստահված անձերի, լրագրողների, անգամ` ԱԺ պատգամավորների դեմ։ Եւ կարեւորն այն է, որ թե՛ ոստիկանությունը, թե՛ կրիմինալը գիտակցում էին, որ իրենք զբաղված են հանցանք գործելով։ Եւ հիմա, պատկերացրեք` ոստիկանը իմանում է, որ այն «լավ տղեն», որի հետ միասին իրենք ընտրատեղամասում մարդ էին ծեծում, հիմա էլ սպանել է որեւէ մեկին, կամ դանակահարել, կամ ծեծել։ Ոստիկանը, ինչ է, բռնելո՞ւ է նրա ձեռքը, պատժելո՞ւ է։ Իհարկե` ոչ, որովհետեւ նրանց հարաբերությունները ոչ թե ոստիկանի ու կրիմինալի, այլ հանցակիցների հարաբերություններ են, եւ մի անգամ համատեղ հանցանք գործելով` հետագայում նրանք պետք է ամեն ինչ անեն իրար պաշտպանելու համար։ Սա է կյանքի օրենքը, տրամաբանությունը։ Այնպես որ, իզուր է ոստիկանության գործող ղեկավարությունը հանցավորության աճը գցում ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի վրա, թե նա թաքցնում էր հանցագործությունները։ Հիմա էլ են թաքցնում, բայց դե դեպքերը այնքան շատացել են, որ թաքցնել չի լինում այլեւս։ Այս տարիներին կրիմինալը հասկացավ, որ Հայաստանում իշխող վերնախավը պետությունը, իշխանությունը համարում է անպատիժ հանցանքներ գործելու ամենահարմար միջոց։ Եւ հիմա իշխանությունը չի կարող պայքարել հանցավորության դեմ, որովհետեւ չի կարող մնալ առանց հենարանի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.