> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Խիստ զվարճալի էր հետեւել, թե ինչպես են ոմանք երկչոտ փորձեր անում ԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի տարած հաղթանակը ներկայացնել որպես սերժանտական իշխանության վարած արտաքին քաղաքականության արդյունք։ Սա` իմիջիայլոց։ Իսկ ընդհանրապես, Օբամայի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում ժողովրդավարության հաղթանակն էր, ընդ որում` ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ նրա սահմաններից դուրս։

Հայտնի իրողություն է, որ Միացյալ Նահանգները համարվում է ժողովրդավարության ֆորպոստը եւ դեմքը ողջ աշխարհում։ Եւ ահա, ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջորջ Բուշի ընտրվելու կերպը լեզու տվեց անգամ ամենամանր կարգի բռնակալներին, թե իբր տեսեք, անգամ ժողովրդավարության դրոշակակիրը համարվող երկրում ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը։ Ինչ խոսք, Բուշի ընտրության հարցերը կապված էին ոչ թե օրինականության, այլ տվյալ երկրի ընտրական համակարգի առանձնահատկությունների հետ, եւ նույն պատճառները, որ հանգեցրին Բուշի հաղթանակին, կարող էին հանգեցնել նաեւ նրա պարտությանը։ Նկատի ունեմ, որ այդ հանգամանքների, խաղի կանոնների առաջ հավասար էին թե՛ Բուշը եւ թե՛ նրա հակառակորդը։ Բայց դե, մանր բռնակալներին, իշխանագողերին ու ժուլիկներին թեմա է հարկավոր։ Բարաք Օբամայի ընտրությունը հանեց բոլոր հարցերը, բոլոր կասկածները, բոլոր տարակույսներն ու փակեց բոլոր բռնակալների բերանները եւ ցույց տվեց, որ ժողովրդավարությունը կենսունակ գաղափար է։ Միանշանակ է, որ Օբամայի հաղթանակը կվերականգնի ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ժողովրդավարության, ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության գաղափարների սասանված հեղինակությունը։ Եւ ի դեպ, կարեւոր է ընդգծել, որ այս ընտրություններից առաջ էլ քիչ չէին խոսակցությունները, որ ջհուդամասոնական ու չգիտեմ ինչ ուժեր թույլ չեն տա Օբամայի հաղթանակը նախագահական ընտրություններում, բայց ժողովրդի կամքը հաղթեց, ապացուցվեց, որ անպարտելի է ժողովրդի կամքը, հեղափոխությունը տեղի ունեցավ, տեղի ունեցավ վարքի փոփոխությունը։ Հենց վարքի փոփոխություն է այն, որ ԱՄՆ-ն ընտրեց սեւամորթ նախագահ։ Այս փոփոխությունն, ի դեպ, մեկ օրվա արդյունք չէ։ Դեռ տարիներ առաջ զարմանալի էին թվում հոլիվուդյան այն ֆիլմերը, որտեղ ԱՄՆ նախագահին մարմնավորում էին սեւամորթ դերասաններ, եւ այդ փաստը ընդամենը դեմագոգիայի տպավորություն էր թողնում, ընդամենը անհնարինության արձանագրում։ Եւ հոլիվուդյան այդ ֆիլմերը նման են այսօր Հայաստանում տարածվող DVD-ներին, որոնք կաթիլ առ կաթիլ իրականություն են կերտում։ Արդարությունը հաղթեց, եւ ճնշվածները, նվաստացածները, խոշտանգվածները, իրավազուրկները հիմա արդեն ղեկավարում են աշխարհը, հիմա արդեն աշխարհը ղեկավարում են ազատ ժողովուրդները, ազատ մարդիկ։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.