> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՑՎԵ~Ք, ՄԵՐ ԺԱՄՆ Է ԳԱԼԻՍ

ԲԱՑՎԵ~Ք, ՄԵՐ ԺԱՄՆ Է ԳԱԼԻՍ

06-11-2008_bacveq-mer-jamn-e-galis

Հեղափոխությունը իրոք ընթանում է, եւ ամեն նոր ակցիա, ամեն նոր երգ, ամեն նոր տեքստ, ամեն նոր սիմվոլ անշրջելի է դարձնում այն, անշրջելի է դարձնում հեղափոխության հաղթանակը։ Ավելին, որեւէ հեղափոխության հաղթանակ անհնար է առանց համապատասխան գաղափարական, հոգեւոր հենքի։ Մարտի 1-ին հաջորդած ութ ամիսների ընթացքում այսպիսի հսկայական հարթակ է ձեւավորվել։ Ուզում եմ ողջունել Մհեր Մանուկյանին, քանզի նրա ստեղծած ամեն երգ ակնհայտ է դարձնում, որ մեր Շարժումը իրոք անկասելի է, մեր Հաղթանակը իրոք անխուսափելի է։ Նրա երգերը ցույց են տալիս, թե ինչպիսի մեծ հոգեւոր ու բարոյական պոտենցիալ եւ հենք ունի Համաժողովրդական շարժումը։ Ողջունում եմ բոլոր այն երիտասարդներին, այն մարդկանց, ովքեր այդ երգերը, այդ նյութերը տարածում են Հայաստանում եւ հայության շրջանում։ Այդ քայլերը անշրջելի են դարձնում Հեղափոխության հաղթանակը. հեղափոխությունը այդ երգերի տեսքով պետք է մտնի ամեն հայաստանցու տուն, ամեն հայկական օջախ։ Պետք է չկանգնելու, անընդհատ առաջ մղվելու, գաղափարները, երգերը, տեքստերը տարածելու կամք ունենալ։ Ի դեպ, մենք առայժմ համեմատած թույլ դիրքեր ունենք վիզուալ նյութի ասպարեզում։ Հրապարակի վրա չի երեւում նկարիչների, դիզայներների «հեղափոխական գործունեությանե արգասիքը։ Խոսքը պլակատների, գեղանկարների, սիմվոլների մասին է։ Գիտեմ, որ հսկայական լուսանկարչական նյութ ունենք, բայց այն, ըստ էության, ամբողջությամբ հավաքված, դասակարգված չէ։ Ինչո՞ւ, օրինակ, չկազմակերպել Համաժողովրդական շարժմանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես, պլակատների ցուցահանդես։ Նաեւ վիդեոնյութերն են ավելի բարձրորակ մշակման կարիք զգում, չնայած այս ուղղությամբ էլ հսկայածավալ աշխատանք է կատարված։ Հավատացած եղեք, Հեղափոխության հոգեւոր, գաղափարական հենքին ավելացվող ամեն դետալ, ամեն աղյուս մոտեցնում է Հաղթանակը։ Այսօր, սակայն, ուզում եմ ընթերցողների հետ կիսել մի գաղափար, որը ոչ թե մինչհեղափոխական է, այլ ետհեղափոխական։ Վերջերս գրել էի, թե Երեւանի Գրիգոր Լուսավորիչ եւ Պարոնյան փողոցը միացնող էստակադայի կենտրոնում պետք է կառուցել մարտի 1-ի տասը զոհերի եղբայրությունը խորհրդանշող հուշակոթող։ Այս գաղափարը ի սկզբանե շատ կարեւոր է թվացել ինձ, ու հիմա ուզում եմ այն մի փոքր զարգացնել։ Մտածեցի, որ այդ հուշակոթողը կանգնեցնելուց հետո տվյալ տարածքը պետք է վերածել հետիոտն հրապարակի, որտեղ բացառվում է երթեւեկությունը։ Այսօրվա երթեւեկությունը կարելի է կազմակերպել ընդհատակյա ենթակառուցվածքների միջոցով. հիմա էլ Ձկան խանութի դիմացի հատվածում հսկայական ստորգետնյա ենթակառուցվածք կա, որը արդյունավետ չի օգտագործվում։ Ահա, ուրեմն, Սպանդարյանի անվան դպրոցի դիմացից Պարոնյան փողոցը կարող է ընդհատակ անցնել եւ աջուձախ, էլի ստորգետնյա սկզբունքով, դուրս գալ դեպի Մաշտոցի պողոտա։ Իսկ դեպի Կրկես երթեւեկությունը ապահովելու համար` անհրաժեշտ կլինի ստորգետնյա երթեւեկելի ճանապարհ կառուցել մինչեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Այսինքն` տվյալ դեպքում Պարոնյան փողոցի սկզբնամասից մինչեւ Մյասնիկյանի արձանի մատույցները դառնում է ոչ երթեւեկելի հրապարակ։ Իսկ ահա Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա` Երեւանի նախկին եւ ներկա քաղաքապետարանների մատույցներում կամ հենց Մյասնիկյանի արձանի դիմաց, կարելի է հարթակ կառուցել` նորաստեղծ հրապարակը դարձնելով հանրահավաքների անցկացման ցանկալի մի վայր։ Ընդ որում, հանրահավաքի անցկացման վայր կարող է դառնալ ե՛ւ Երեւանի քաղաքապետարանի դիմացի` արդեն գոյություն ունեցող հրապարակը, ե՛ւ Գրիգոր Լուսավորիչ պողոտան` Մյասնիկյանի արձանից մինչեւ Ձկան խանութի դիմացի հրապարակ։ Վերջին դեպքում հանրահավաքի մասնակիցները հարթակի նկատմամբ թեք դիրք կունենան, ամֆիթատրոնի սկզբունքով, եւ վերջին շարքերի համար հարթակի տեսանելիության խնդիր չի ծագի։ Ընդ որում, գաղափարի իմաստն այն է, որ այս հրապարակում հանրահավաքներ անցկացնելու համար որեւէ պետական մարմնի թույլտվություն պետք չի լինի ստանալ, եւ սա ամրագրված կլինի օրենքով։ Ցանկացած ոք կարող է այստեղ հանրահավաք անցկացնել, եւ այդ հարթակը կլինի Խոսքի ազատության խորհրդանիշ։ Իսկ հանրահավաքներից ազատ ժամանակահատվածում հրապարակը կլինի հիանալի զբոսավայր ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։ Այն, ըստ էության, կմիանա Կոմիտասի անվան զբոսայգուն, Մյասնիկյանի արձանի ետնամասի զբոսայգուն, Սունդուկյանի անվան թատրոնի մերձակա զբոսայգու փրկված ծվեններին, եւ Երեւանի կենտրոնում մենք կունենանք ժամանցի մի նոր հսկայական համալիր, որը նաեւ կխորհրդանշի մեր երկրի հավատարմությունը Ազատության եւ Ժողովրդավարության գաղափարներին։ Ինչ վերաբերում է նորաստեղծ հրապարակի անվանը, կարծում եմ` այն պետք է խորհրդանշի մարտի 1-ի տասը զոհերի եղբայրությունը, նրանց արյունակցությունը։ Եւ ուրեմն, հրապարակը հենց այդպես էլ կարելի է կոչել` Տասը եղբայրների հրապարակ։ Սա ընդհանուր, նախնական գաղափար է, որը կարող է այլ տարբերակներ ունենալ։ Գաղափարը կարելի է զարգացնել եւ մարտի 1-ի իրադարձությունների ողջ թատերաբեմը դարձնել ոչ երթեւեկելի տարածք` հրապարակներով, զբոսուղիներով, ծաղկանոցներով։ Այս մանրամասները, սակայն, կքննարկենք Հաղթանակից հետո։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.