> ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սիրելի ժողովուրդ.

ՀեղափոխությունՀոկտեմբերի 17-ի հանրահավաքից շատ չանցած` մենք ականատեսը դարձանք Հայաստանի առաջին նախագահ, Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումների իրականացման մեկնարկին: Այս փաստը ընդգծում է ոչ միայն առաջին նախագահի` չգերազանցված պետական եւ քաղաքական գործիչ լինելու հանգամանքը, այլեւ ակնհայտ է դարձնում այն խեղճ վիճակը, որում գտնվում են Հայաստանի իշխանությունները: Այն, ինչպես Հայաստանի սերժանտական իշխանությունները արձագանքեցին առաջին նախագահի ելույթին, ցույց է տալիս, որ նրանք, ըստ էության, չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջ, ինչպիսի վիճակում են գտնվում իրենք եւ Հայաստանի Հանրապետությունը:

Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ Հայաստանի իշխանությունը զավթած մարդիկ` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, առանձնապես տեղյակ չեն, թե հաջորդ պահին իրենց ինչ թուղթ կտան ստորագրելու: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ հակամարտության կարգավորման գործընթացից դուրս է մնացել Լեռնային Ղարաբաղը: Սա, իհարկե, այդպես է. բայց շատերը չեն նկատում, որ կա ավելի մեծ խնդիր, եւ կարգավորման գործընթացից դուրս է մնացել Հայաստանը նույնպես: Այսօր կարգավորման գործընթացում Հայաստանի ժողովուրդը չունի ներկայացուցիչ, եւ միջազգային հանրությունը` համատեղ ջանքերով, բանակցային սեղանի շուրջ նստեցրել է մի մարիոնետի, որ նրան հնարավոր լինի կառավարել տվյալ իրավիճակին համապատասխան: Եւ մարիոնետը առանձնապես լավ չի գիտակցում իր այդպիսին լինելը, եւ նրան թվում է, որ եթե նախագահները իր հետ հանդիպումներ են ունենում, ուրեմն այդպիսով նախագահ է նաեւ ինքը: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ նույն միջազգային հանրությանն էլ ձեռնտու է, որ իրենց առաջ նստած լինի ոտքերի տակ հող չունեցող մեկը, որ նրան ցանկացած պահի ստորագրել տան ցանկացած մի բան: Հայաստանը արդեն տասը տարի գտնվում է այս վիճակում, եւ եթե մինչեւ հիմա ստորագրման պրոցեսները սկսված չեն եղել, դա ունեցել է միայն մեկ պատճառ. միջազգային հանրությունը, նաեւ Ադրբեջանը չեն ցանկացել, որ կարգավորումը տվյալ պահին տեղի ունենա: Եւ ահա, տեսնելով, որ Հայաստանում հաստատված ավազակապետական իշխանությունը հասել է մի կետի, երբ բացի իշխանությունից ու նախկինում թալանածը պահպանելուց ոչնչով հետաքրքրված չէ, որոշել են օգտվել իրերի այսպիսի դրությունից` հաշվի առնելով նաեւ աշխարհաքաղաքական «օպերատիվ» իրավիճակը: Ահա այսպիսի պայմաններում է տեղի ունենում մեր այսօրվա հանրահավաքը, որը այսպիսով հայտարարում եմ բացված: Այսօրվա իմ ելույթի թեման, սակայն, ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացիկ վիճակն է, այլ Հեղափոխությունը, որը միայն առաջին հայացքից կապ չունի Ղարաբաղի հարցի հետ: Այն կապ ունի բոլոր, բացարձակապես բոլոր հարցերի հետ, եւ ուրեմն, չի կարող շրջանցել նաեւ Ղարաբաղը:

***

Այսօր, երբ Հայաստանը հեղափոխական ընթացք է ապրում, երբ Հեղափոխությունը ամեն օր նորանոր դրսեւորումներ է ունենում, երբ «Հեղափոխություն» բառը շրջանառվում է ավելի ու ավելի հաճախ, շատերը փորձում են հասկանալ, թե ինչ նկատի ունենք Հեղափոխություն ասելով, եւ դասագրքային որ սահմանման մեջ է տեղավորվելու մեր պատկերացրած Հեղափոխությունը:

Մեր անելիքը ամենեւին էլ հասարակարգի կամ սահմանադրական կարգի փոփոխությունը չէ, խնդիրներ, որ ըստ դասագրքային ձեւակերպումների եւ սահմանումների` իրենց առաջ դնում են հեղափոխությունները: Իմ կարդացած կամ լսած սահմանումներից ամենաշատը պատեհ է թվում հետեւյալը. ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է: Հեղափոխությունը հանրային պահվածքի եւ վերաբերմունքի փոփոխությունն է, որը իր հետ բերում է նորանոր դրսեւորումներ` հանրային ու պետական կյանքի բոլոր, բացարձակապես բոլոր ոլորտներում: 2008 թվականի մարտի 1-ը մեր պատմության մեջ բացառիկ է նրանով, որ մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, բոլորովին ուրիշ պահվածք դրսեւորեցինք` տեսանելի կերպով ցույց տալով բոլորին, որ մեր իրավունքների համար պայքարում չենք պատրաստվում ընկրկել որեւէ ուժի առաջ, եւ եթե մեր իրավունքները պաշտպանելուն ուղղված պետական մարմինները նեխել են հանցավորության աստիճան, մենք չենք խորշի մեր իրավունքները պաշտպանել նաեւ նրանցից: Սա է պատճառը, որ ասում եմ, թե մարտի 1-ին սկսվեց մեր Հեղափոխությունը, եւ այն հասնելու է իր վերջնական հանգրվանին, որովհետեւ մեկնարկը տրված է, վարքի փոփոխության թափանիվը շարժվել է արդեն, եւ այն կանգնեցնելու իշխանական ճիգերը ծիծաղելի են չիմացության աստիճան:

Մեր բազմաթիվ համախոհների, մեր ընկերներին, նրանց հարազատներին ոստիկանության բաժիններ բերման ենթարկելիս, նրանց խոշտանգելիս ոստիկանական սափրագլուխները մի նախադասություն են արտասանում. «Մըլիցա եք ծեծում հա~՞»: Այս նախադասությունը արտասանում են որպես մահացու մեղադրանք, որպես դատավճիռ, որպես հակափաստարկ չունեցող հիմնավորում: Չեմ ուզում անդրադառնալ նշված նախադասության համար հիմք հանդիսացած դեպքերի ֆորմալ, իրավական գնահատականին: Այդ նախադասությունը տվյալ պարագայում մեզ անհրաժեշտ է հենց այդպիսի մերկ վիճակում, որպես ուղղակի ձեւակերպում, որպես «մըլիցա ծեծելու» հանգամանք: Որովհետեւ իրենց «մըլիցա» անվանող մարդիկ ակնհայտորեն չեն ընկալել այն փոփոխությունը, որ մեր վարքում եւ պահվածքում տեղի է ունեցել մարտի մեկին, չեն ընկալել այն պատճառները, որ հանգեցրել են դրան:

Իսկ մինչ այս Երեւանի փողոցներում տեղի էին ունենում բոլորովին ուրիշ իրադարձություններ, եւ դա կարծես առանձնապես չէր վրդովեցնում իրենց «մըլիցա» անվանողներին: Ծեծում էին լրագրողների եւ անպատիժ մնում, ծեծում էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների եւ անպատիժ մնում, ծեծում էին ԱԺ պատգամավորների եւ անպատիժ մնում, ծեծում էին իրավապաշտպանների եւ անպատիժ մնում, ծեծում էին կուսակցության երիտասարդական թեւի ղեկավարի եւ անպատիժ մնում, ծեծում էին թռուցիկ փակցնող քաղաքացու եւ անպատիժ մնում, ծեծում էին պաշտոնաթող գեներալի եւ անպատիժ մնում, ծեծում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի եւ անպատիժ մնում, ծեծում էին ուղղակի բարեւ տվող քաղաքացու եւ անպատիժ մնում, ծեծում էին բերման ենթարկված քաղաքացու եւ անպատիժ մնում, առեւանգում եւ ծեծում էին նախագահի թեկնածուի վստահված անձի եւ անպատիժ մնում, ծեծում էին Պետական պահպանության ծառայության աշխատակից փոխգնդապետի եւ անպատիժ մնում: Եւ ամբողջ խնդիրն այն է, որ այս ծեծվողների անվտանգության ապահովումը կամ առնվազն հանցագործներին բացահայտել-պատժելը այն մարդկանց գործն էր, որ իրենց «մըլիցա» են անվանում, այն մարդկանց գործը, որ իրենց իշխանավոր եւ իշխանություն են համարում:

Խնդիրն էլ հենց այդ է, որ ծեծողները նույն այդ մարդիկ էին, նույն այդ «մըլիցեքն» ու իշխանավորները, եւ մարտի մեկին բոլոր այդ ծեծողները, որոնք արդեն ցմահ իրենցն էին համարում ծեծելու մենաշնորհը, բարիկադների հակառակ կողմում էին, իսկ ծեծվողները գտնվում էին բարիկադների այս կողմում: Եւ բարիկադների կառուցումով տեղի ունեցավ հարյուր հազարավոր մարդկանց վարքի փոփոխությունը. նրանք հրաժարվեցին գտնվել անարգել ծեծվողի կարգավիճակում, նրանք հայտարարեցին, որ իրենք սեփական ձեռքերով պաշտպանելու են իրենց իրավունքները, եւ սա հեղափոխություն է, սա վարքի փոփոխություն է:

Ինչ խոսք, Հեղափոխությունը դեռ չի հասել իր հաղթանակին, որովհետեւ հաղթանակը տեղի կունենա այն ժամանակ, երբ փոխվի ոչ միայն քաղաքացիների, բարիկադների այս կողմում գտնվողների, այլեւ այն կողմում գտնվողների վարքը: Բայց մեր Հեղափոխությունը փոխելու է նախեւառաջ քաղաքացու վարքը, որը պետք է հասկանա, պարտավոր է հասկանալ, որ ինքը, հենց ինքն է պետության, Սահմանադրության առանցքը, հենց ինքն է պետությունը եւ պետական շահը, եւ իր կայացրած ցանկացած որոշում լեգիտիմ է, իրագործման ենթակա: Քաղաքացին պետք է հասկանա, որ իր հրաժարումը որեւէ իրավունքից հանցագործություն է ապագայի եւ Հայրենիքի առաջ, որովհետեւ կորսված իրավունքը վերադարձնելը շատ ավելի դժվար է, շատ ավելի ցավագին, քան եղած իրավունքը պահպանելը:  Որովհետեւ երբ մենք տանուլ ենք տալիս իրավունքը, տանուլ ենք տալիս ոչ միայն մեր, այլեւ ուրիշների, ապագա սերունդների իրավունքը, երբ նվաճում ենք այն, նվաճում ենք ոչ միայն մեր, այլեւ ապագա սերունդների համար:

Մեր հեղափոխությունը նախեւառաջ քաղաքացու վարքի փոփոխությունն է, որի արդյունքում պետք է փոխվի պաշտոնյաների, մտավորականների, ոստիկանների, քննիչների, դատավորների, մեծահարուստների վարքը նույնպես: Անկախ նրանից, թե ով է տվյալ պահին պետական պաշտոնյա` նախագահ, նախարար, քաղաքապետ, նա պետք է հասկանա, որ պետությունը ոչ թե կլանների, այլ քաղաքացիների սեփականությունն է, որ իշխանությունը ոչ թե կլաններին, այլ քաղաքացիներին ծառայելու միջոց է, եւ գործի` ըստ այդմ: Նա պետք է հասկանա, որ եթե իշխանությունը չի ծառայում քաղաքացիներին, այդ քաղաքացիները իրավասու են նրա նկատմամբ կիրառել հարկադրանքի միջոցներ` մինչեւ իսկ նրան հարկադրաբար հեռացնելով իշխանությունից. եւ քաղաքացիները պետք է կարողանան այնպես անել, որ բանը սրան չհասնի, բայց եթե հասել է, պետք է անեն այս վճռական քայլը նույնպես:

Մեր հեղափոխությունը պետք է ի վերջո «մըլիցեքին» դարձնի ոստիկան, որոնք կլինեն արժանապատիվ եւ կհպարտանան ոչ թե հանրության վրա ունեցած իշխանությամբ, այլ հանրության շրջանում ունեցած վստահությամբ ու հարգանքով, կգործեն ի շահ հանրության եւ նրա անունից:

Մեր Հեղափոխությունը օլիգարխին պետք է դարձնի գործարար, անպաշտպանին` իրավատեր, անտարբերին` քաղաքացի, լկտիացածին` համեստ, նվաստացածին` հպարտ: Մեր Հեղափոխությունը պետք է ինքնադրսեւորվելու, ընդունակությունները իրացնելու, հանրային սանդղակում արժանի տեղ զբաղեցնելու հնարավորություն տա յուրաքանչյուրին:

Թե ինչպիսին է այսօր մեր երկիրը, բոլորս ենք տեսնում: Բայց Հայաստանում ապրող յուրաքանչյուր քաղաքացու վարքն է հասցրել այս հանգրվանին, յուրաքանչյուր քաղաքացու` սկսած նախագահից, նախարարից, քաղաքապետից, ոստիկանից, ավարտած ուսուցչով, ուսանողով, դասախոսով, բանվորով, լրագրողով, գործազուրկով: Եւ մենք, երկրի կործանարար ընթացքը փոխելու համար, նախ պետք է փոխենք ինքներս մեր վարքը, ապա եւ մեր նոր վարքով նոր վարք պարտադրենք մեր կողմից իշխանական լծակներ ստացողներին: Սա է մեր հեղափոխությունը, այսպիսի նպատակներ ունի մեր հեղափոխությունը:

Բայց ինչպիսի՞ն է լինելու այն:

Մի անգամ ասել եմ, որ մեր հեղափոխությունը պետք է լինի թավշյա, խաղաղ, անարյուն: Բայց եւ ընդգծել եմ, որ սա կախված է ոչ այնքան ընդդիմությունից, որքան իշխանությունից: Այսօր արժե պարզաբանել այս միտքը նույնպես: Արդեն շատ երկար ժամանակ մենք իշխողներին ուղղակի հորդորում ենք, նրանցից պահանջում ենք, խնդրում ենք անգամ` փոխել իրենց վարքը, փոխել իրենց պահվածքն ու վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ, Սահմանադրության ու օրենքների նկատմամբ: Մեր այս հորդորներին, պահանջներին մենք ստացանք մեկ ընդհանրական պատասխան` Ռոբերտ Քոչարյանի բերանից. նա խիստ կասկածի տակ առավ Հայաստանում տղամարդկանց գոյության փաստը: Մարտի մեկին ստիպված էինք ապացուցել, որ Հայաստանում տղամարդկանց թիվը տասնյակ-հազարապատիկ գերազանցում է քոչարյանական վարչախմբի ամենալավատեսական կանխատեսումներն անգամ: Բայց ահա նրանք շարունակում են խոշտանգել մեզ, շարունակում են մեր նկատմամբ ապօրինություններ կիրառել, ընդ որում` բազմապատկելով իրենց լկտիությունը: Նրանք հրաժարվում են փոխել իրենց վարքը:

Նրանց թվում է, թե այսօրինակ մեթոդներով կկանգնեցնեն հեղափոխությունը: Պարոնայք, սխալվում եք հերթական անգամ, ինչպես սխալվում էիք մարտի մեկից առաջ, ինչպես սխալվում էիք շատ երկար տարիներ` մտածելով, թե մեր խնդրանքներն ու հորդորները անվճռականությունից են բխում: Սխալվում եք նաեւ մտածելով, թե մի քանի տասնյակ մարդկանց բանտերում պահելով, ոմանց սպանելով, ոմանց նվաստացնելուց դուք կանխելու եք հեղափոխությունը: Դուք չեք կարող կանխել հեղափոխությունը, դուք կարող եք ընդամենը փոխել նրա մեթոդները, եւ դա կարող է տեղի ունենալ երկու եղանակով: Դուք կարող եք մեղմացնել հեղափոխությունը, այն դարձնել բամբակյա, եթե ինքներդ սկսեք ձեր վարքի ինքնակամ փոփոխությունը, կամ կարող եք կոպիտ դարձնել հեղափոխությունը` հրաժարվելով վարքի փոփոխությունից, շարունակ դրսեւորելով նախկին վարքն ու վարքագիծը: Ու եթե դուք հրաժարվում եք ինքնակամ գնալ վարքի փոփոխության, Հեղափոխությունն ուրեմն ձեզ կպարտադրի այդ անել:

Ու եթե պատմական օրինակների պետք է դիմենք, եկեք ուրեմն հիշենք Ռումինիայի օրինակը, նրա բռնապետ Չաուշեսկուի օրինակը, որին թվում էր, թե հեղափոխության գաղափարակիրներին զնդաններում պահելով, տասնյակ հարյուրավոր մարդկանց առեւանգել-ոչնչացնելով, պատերի տակ սպանելով` ինքը անկասելի է դարձնում իր իշխանությունը: Չաուշեսկուն շարունակ հրաժարվում էր վարքի ինքնակամ փոփոխությունից:

Իրականում, սակայն, նա այլընտրանք չէր թողնում ինքն իրեն, նա այլընտրանք չթողեց ժողովրդին, եւ հիմա այդ գովական Չաուշեսկուի ժառանգների համար մի ամոթալի խարան է նրա ազգանունը կրելը, եւ Ռումինիայում այլեւս որեւէ իշխանավոր չի փորձի անգամ ընդօրինակել Չաուշեսկուի վարքը: Ուրեմն ժողովրդին մի զրկեք այլընտրանքից, ինքներդ ձեզ մի զրկեք այլընտրանքից, որովհետեւ վարքի փոփոխությունը փրկություն է նաեւ ձեզ համար, ժողովրդի ցասումը մեղմելու հնարավորություն է ձեզ համար: Մի զրկեք ինքներդ ձեզ այդ հնարավորությունից, մի մտածեք, թե միշտ ունենալու եք այդ հնարավորությունը: Այսքանը` իշխանավորների մասով:

Այժմ ես ուզում եմ դիմել մեր այսօրվա հանրահավաքի, ինչպես նաեւ Համաժողովրդական շարժման բոլոր մասնակիցներին: Ես գիտեմ, որ երբ խոսում ենք Հեղափոխության հաղթանակի, այդ հաղթանակի անխուսափելիության մասին, ձեզնից շատերը մի հարց են տալիս. ե՞րբ, ե՞րբ է տեղի ունենալու այդ հաղթանակը:  Այսօր, ահա, ուզում եմ այդ հարցին պատասխանել Մատթեոսի Ավետարանի ԻԵ գլխում տեղ գտած մի առակով: Ստորեւ ներկայացնում եմ այդ առակի տեքստն ամբողջությամբ եւ խնդրում եմ ուշադիր ընթերցել այն:
տասը կույսերի առակը

«Այն ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանվի տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առած` փեսային եւ հարսին ընդառաջ ելան: Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը` իմաստուն: Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ ձեթ չվերցրին: Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ միասին ամաններով ձեթ վերցրին: Եւ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին եւ քուն մտան: Եվ գիշերվա մեջ ձայն լսվեց` ահա փեսան գալիս է, նրան ընդառաջ ելեք: Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին: Հիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ յուղից տվեք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխան տվեցին եւ ասացին. «Գուցե թե՛ մեզ եւ թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացեք վաճառականների մոտ եւ ձեզ համար գնեցեք»: Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկավ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տեր, Տեր, բաց արա»: Նա պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»: Արթուն կացեք, որովհետեւ չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը»:
Ահա, այսպիսի առակ Մատթեոսի Ավետարանից:

Սիրելի ժողովուրդ, քաղաքացիներ, պայքարի հարյուր հազարավոր մասնակիցներ. արթուն կացեք. չլինի թե քնած լինեք ամենավճռական, ամենակարեւոր եւ հաղթական պահին: Արթուն կացեք եւ սեփական աչքերով կտեսնեք Հաղթանակը:

Կհանդիպենք հաջորդ ուրբաթ Ազատության հրապարակում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
1+

07.11.2008

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.