> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մարտի 1-ին առաջին շարքերում գտնվող ոստիկանների կամ ներքին զորքերի ծառայողների ու նրանց հրամանատարության հարաբերությունների թեման իսկապես կարեւորագույն նշանակություն ունի` այդ օրվա իրադարձությունների գնահատականը տալու համար։ Ընդ որում, հարցը լրջորեն եւ անկեղծ կարելի է քննարկել միայն հիմա, երբ դատախազությունը արդեն պաշտոնապես հայտարարել է հրազենային վնասվածքներ ստացած ոստիկանների մասին վիճակագրությունը։ Եւ միանշանակ ճիշտ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ այս պարագայում դատախազությունը առաջին հայացքից անսովոր բան է անում. թաքցնում է հրազենային վնասվածք ստացած ծառայողներին։ Այն, որ հրազենային վնասվածքներ ունեցող ոստիկաններ կան, հայտնի էր նաեւ մինչեւ հիմա, համենայնդեպս` տեղեկացված մարդկանց։ Հայտնի էր նաեւ, որ այդ ոստիկանները հրազենային վնասվածքները ստացել են Ռոբերտ Քոչարյանի անմիջական վերահսկողության տակ գտնվող ուժերի ներկայացուցիչների կողմից։ Այս թեման, սակայն, բավական նուրբ էր, որովհետեւ շատ մեծ էր հավանականությունը, որ այդ վիրավորներին դատախազությունը կփորձի գցել ցուցարարների վրա։ Բայց, ըստ ամենայնի, իշխանավորները հասկացել են, որ այս գործելակերպի ռիսկը բավական մեծ է, եւ որոշել են թաքցնել վիրավորներին, եւ հիմա, երբ այդ կեղծիքը պաշտոնական բնույթ է ստացել, հարցը կարելի է քննարկել ավելի բաց։ Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ գտնվող անձանցից շատերը անձամբ տեսել են կամ էլ լսել են, որ ներքին զորքերի ծառայողների` ցուցարարներին դեմ-հանդիման կանգնած առաջին շարքերը, ըստ էության, հրաժարվել են կատարել իրենց իջեցված հրամանը եւ ցուցարարների հետ բախման մեջ չեն մտել։ Ավելին, մոտ հարյուր հոգանոց մի խումբ «գերի ենք հանձնվումե զավեշտական գոռգոռոցներով ցրված շարքերով անցել է դեպի ցուցարարները` այդ ընթացքում ցած նետելով իրենց վահանները, մահակները, ռացիաները։ Ներքին զորքերի ծառայողների այս խումբը, ի վերջո, հավաքվել է Կոմիտասի անվան զբոսայգու կլոր հարթակում` այնտեղ, ուր տեղի ունեցավ մարտի 1-ին հաջորդած առաջին հանրահավաքը` ապրիլի 19-ին։ Ներքին զորքերի այդ ծառայողները, ի դեպ, իրենց «հանձնվելու» մասին լուրը ուղարկել են նաեւ Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցող հանրահավաքային հարթակին։ Բացի այս, մեծ թվով ծառայողներ պատսպարված են եղել Գրիգոր Լուսավորիչ եւ Զաքյան փողոցների վրա գտնվող շենքերի շքամուտքերում։ Այսուհանդերձ, «գերի հանձնվելու» փաստերի մասին մինչեւ հիմա ոչ մի անգամ չի խոսվել, այս մասին որեւէ հիշատակում չի եղել, բայց սա կարեւորագույն հանգամանք է մարտի 1-ի իրադարձությունները հասկանալու իմաստով։ Դա վկայում է, որ ներքին զորքերի ծառայողները հասկացել են, որ իրենց դիմաց կանգնած մարդիկ յուրայիններ են, որոնց մոտ կարելի է հանգիստ գնալ։ Եւ հետո, զորքի բոյկոտի շղթայական զարգացումը կանխելու համար հրամանատարությունը ստիպված է եղել կրակ բացել գրոհելուց հրաժարվողների ուղղությամբ, եւ չպետք է բացառել անգամ ցուցադրական մահապատժի կիրառումը. համենայնդեպս, չի կարելի բացառել, որ մարտի 1-ին զոհված ոստիկաններից մեկը հենց ցուցադրական մահապատժի զոհ է։ Բայց ավելի կարեւոր է այն, որ Ռոբերտ Քոչարյանն ինքը վերը հիշատակված իրադարձությունների արդյունքում հասկացել է, որ իր եւ Սերժիկի փրկության միակ ճանապարհը արտակարգ դրությունն է եւ տանկերի ակտիվ մուտքը Երեւան քաղաք։ Իսկ սրա համար նրան անհրաժեշտ էին, շատ էին անհրաժեշտ զոհեր եւ վիրավորներ։ Այս մասին գիտեն իշխանական վերնախավի բոլոր ներկայացուցիչները, այս մասին գիտեն դեպքի վայրում աշխատած ոստիկանները, այս մասին գիտի նաեւ Մուկը, որը վերջերս ինչ-որ ծվծվացել էր մարտի 1-ի դեպքերի մասին։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.