> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Նախօրեին ստացված այն լուրը, թե Սերժ Սարգսյանը Մոսկվայում Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը վերաբերող հռչակագիր է ստորագրել, անշուշտ, մեծ աշխուժություն է առաջացրել հայ հանրության շրջանում։ Ու շատերը այսօր ուզում են հասկանալ, թե ինչ է, ի վերջո, ստորագրվել, եւ տեղի ունեցած իրադարձությունը որքանով է նպաստավոր Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Ինքը` հրապարակված փաստաթուղթը, կամ նրա հրապարակված մասը, իհարկե, շատ բան չի ասելու, քանի որ դրանում իրականությունը պետք է թաքցված լինի դիվանագիտական տերմինների տակ։ Մեծ է հավանականությունը, որ ստորագրված հռչակագիրը ունի նաեւ գաղտնի, չհրապարակված հավելված, որտեղ արդեն շարադրված է շատ ավելի կոնկրետ բովանդակություն ունեցող տեքստ։ Այդ տեքստը, գոնե առայժմ, հասու չի լինի հայաստանցիներին, եւ դրա շուրջ կարելի է միայն եզրակացություններ անել։ Բայց սա չի փոխում իրավիճակը, եւ մարդիկ ուզում են իմանալ, թե որքանով է ստորագրված փաստաթուղթը կամ փաստաթղթերը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար նպաստավոր։ Փորձեմ ընթերցողին այս հարցի պատասխանը գտնելու մեթոդ առաջարկել։

Սրա համար նախ պետք է, սակայն, որ ձեզնից յուրաքանչյուրը ինքն իր համար պատասխանի մի քանի հարցերի։ Մասնավորապես.

Հարց թիվ 1. ինչպիսի՞ն են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական դիրքերը` համեմատության մեջ։

Հարց թիվ 2. ինչպիսի՞ն են Հայաստանը եւ Ադրբեջանը ներկայացնող անձանց միջազգային դիրքերը։

Հարց թիվ 3. ինչպիսի՞ն են Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական դիրքերը փաստաթղթի ստորագրման պահին։

Հարց թիվ 4. ներքին լեգիտիմության ինչպիսի՞ ռեսուրս ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները։

Հարց թիվ 5. բարոյահոգեբանական ինչպիսի՞ վիճակում են գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի հանրությունները, եւ այդ հանրություններից որի՞ վիճակն է ավելի մոտ իր բնական, հոգեւոր եւ բարոյական արժեքներին։

Հարց թիվ 6. ինչպիսի՞ դաշնակիցներ ունի այս պահին Հայաստանը, եւ ինչպիսի՞ դաշնակիցներ ունի Ադրբեջանը։

Այս հարցերի ցանկը, անշուշտ, կարելի է շարունակել։ Բայց վերը բերված հարցերի իրական պատասխանները բավարար են` տեղի ունեցածը գնահատելու համար։ Խնդիրն այն է, որ այսօրինակ փաստաթղթերը մի ինչ-որ ֆոկուսի արդյունքում չեն ծնվում, այլ դրանք ձեւավորվում են մի քանի տասնյակ կոմպոնենտների համադրության հաշվին, եւ ահա այս գիտակցումը վկայում է, որ այս պահին ստորագրված որեւէ փաստաթուղթ չի կարող ձեռնտու լինել մեզ, քանի որ Հայաստանի ներկայացուցիչը այն ստորագրում է երկրի համար ամենաաննպաստ պայմաններում։ Առաջին լրատվությունների մեջ կարմիր թելի նման անցնում էր մի այսպիսի ձեւակերպում, ըստ որի` Ղարաբաղի հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով։ Քաղաքական ճանապարհ, նշանակում է` բազարների ճանապարհ, իսկ բազարներում առավել շահեկան է լինում այն կողմը, ով վերը նշված կոմպոնենտներով ավելի վստահ է լինում եւ ունենում է առավել ուժեղ դիրքեր։ Այս դեպքում հարցերը լուծվում են ուժերի հարաբերակցության գռեհիկ հաշվարկների արդյունքում։ Ակնհայտ է, որ այսօր Հայաստանը չունի ուժեղ դիրքեր, եւ եթե ոչ ուժեղ դիրքում Սերժ Սարգսյանը փաստաթուղթ է ստորագրում, այն չի կարող ձեռնտու լինել Հայաստանին, չնայած` կարող է սերժանտական իշխանության երկարաձգման գործիք լինել։ Նաեւ այստեղ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումներն իրականանում են։ Ըստ էության, Ռուսաստանը Սերժ Սարգսյանին ստիպեց այսօր գնալ ԼՂ հարցի կարգավորմանը վերաբերող փաստաթղթի հապճեպ ստորագրման, եւ սա վկայում է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն էլ հասկանում էր, որ Սերժ Սարգսյանը փախչում է իր ձեռքերից, եւ վերջին ճիգերի գործադրմամբ նա ստորագրությամբ պսակեց իր միջնորդությունը։ Եւ դժվար չէ կռահել, որ այս նույն գործելաոճը շուտով կորդեգրեն նաեւ արեւմտյան տերությունները։ Սա, իհարկե, տեղի ունեցածի մեր նախնական գնահատականն է։ Առաջիկայում նոր հանգամանքներ եւ միտումներ, անշուշտ, կպարզվեն, բայց ակնհայտ է, որ, մեծ հաշվով, միտումների վեկտորը չի փոխվելու։ Կարծում ենք` այս փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիեւը կարող է սկսել իրագործել Սերժ Սարգսյանի հորդորները` ներդրումներ անել Լեռնային Ղարաբաղի տնտեսության մեջ։ Մեծ է հավանականությունը, որ Իլհամ Ալիեւը կնախընտրի ներդրումներ անել Ղարաբաղի անշարժ գույքի շուկայում, որ այս ընթացքում բազմացած ադրբեջանցի փախստականները Ղարաբաղ վերադառնալիս ապրելու տեղ ունենան։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, նրա քիմքը հիմա շա~տ է նրբացել, եւ նա, կարծում ենք, կնախընտրի Մոնտե Կառլոյում բնակվել։ Եթե, իհարկե, հասցնի։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.