> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Սերժ Սարգսյանի կարգադրությունը` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու մասին, շատ նման է իրեն, շատ նման է գործող վարչախմբի էությանն ու գործելակերպին։ Ըստ այդմ, փաստորեն, թափանցիկ հետաքննություն է իրականացնելու մի մարմին, որի գործունեությունը գաղտնի է պահվելու հանրությունից։

Այս իրավիճակը տարօրինակ չէր լինի, եթե խմբի առաքելությունը հենց հանրության համար փաստեր հավաքելը չլիներ։ Բայց խնդիրն էլ հենց այդ է, որ, ըստ էության, փաստահավաք խումբը կարեւորվում էր, քանի որ նրա գործը պետք է լիներ հանրության համար փաստեր հավաքելը, ու ըստ Սերժի տրամաբանության` այդ գործը նա պետք է անի նույն հանրությունից գաղտնի։ Ընդհանրապես, սրանց գործերին հետեւելիս շատ արագ կարելի է կռահել, որ Հայաստանում իշխում են մարդիկ, որոնց ուղեղները թրծվել եւ ձեւավորվել են մաֆիա խաղալու համար նախատեսված կլուբներում։ Սրանք շատ են սիրում մաֆիա խաղալ, այնքան, որ այդ խաղը տեղափոխել են իրականություն եւ մաֆիա են խաղում Հայաստանի ժողովրդի հետ։ Սրանց քարոզչությունը, բոլոր հայտարարությունները, պահվածքը, մտածողությունը մեկը մեկին կրկնում է մաֆիա կոչվող խաղը, ու փաստահավաք խումբ ստեղծելու որոշումը սրա հերթական օրինակն է։ Եւ եթե այս տրամաբանությանը հետեւենք, կտեսնենք, որ դոն Սերջիոն փաստահավաք խումբը ստեղծել է մի նպատակով. այդ խումբը պետք է փաստեր հավաքի, հավաքված փաստերի մասին հայտնի լինի իրեն` Սերջիոյին, ու ընթացքում ինքը քյաշ փողով այդ փաստերը պետք է գնի ու դնի իր դարակներում։ Փաստահավաք խումբը ձեւավորում է մի այնպիսի սկզբունքով, որ առավել մեծանա նրա անդամներին գնելու հավանականությունը նույնպես, որ այդ խմբի անդամները իրենց զգան թակարդն ընկած թռչնակի պես ու եթե ինքնաբուխ չծախվեն, ծախվեն շանտաժի, ահաբեկումների օգնությամբ։ Սա է Սերժ Սարգսյանի տրամաբանությունը, եւ նրա ստեղծած խումբը կարելի է համարել փաստահավաք-փաստավաճառ։ Եւ պատահական չէ, որ այս ֆոնին որոշ մարդկանց խամրած ԴՈԼԱՐԱՅԻՆ բնազդները վերստին արթնանում են. գորձ ա կպնում։ Ինչ վերաբերում է Համմարբերգին, խոսքը մեր մեջ, հանկարծ ԵԽ չհասցնեք, էդ մարդը բաբաթին գժոտ ա երեւում։ ԱԺ-ն մարտի 1-ը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց, նա ցիցկոյի նման միանգամից ողջունեց, հետո այդ հանձնաժողովը սկսեց գործել, մեկ էլ մոռանալով սեփական ողջույնները` առաջարկեց փաստահավաք խումբ ստեղծել։ Մի քանի ամսից կառաջարկի ուրիշ խումբ ստեղծել, ասենք` բանահավաք, հետո` ծաղկահավաք, հետո` դրամահավաք, հետո` թիթեռահավաք, հետո էլ` հանրահավաք` սրանցից յուրաքանչյուրի ստեղծումը ողջունելով մի ուրիշ ձեւի։ Եւ ընդհանրապես, սիրելի ժողովուրդ, ո՞ւմ է պետք այդ փաստահավաք խումբը, եթե մենք էն գլխից գիտենք, որ իրականում գոյություն ունեցող փաստերը մոնտաժված են, մեր զոհերի թափած արյունը իսկական չէ։ Հիմա էլ են բազմաթիվ փաստեր հավաքված, ու քաղաքացիները, որ սեփական աչքերով այդ ամենը տեսել են, վկայում են։ Բայց սերժանտները ասում են, որ դրանք կեղծված են, իրական չեն, սղոցված են։ Ցանկացած փաստ, որ ձեռնտու չէ սերժանտներին, դեռ էն գլխից է հայտարարվել կեղծված, մոնտաժված, դզած-փչած։ Չեմ հասկանում, հաճելի՞ է էդ անուղեղների ասածները լսել, մի հատ էլ քննարկել, հակառակն ապացուցել։ Ավելի լավ է` մենք միանգամից արձանագրենք արձանագրվածը. սրանք` Սերժիկով-բանով, Արթուրիկ ախքիկով-բանով, վարչապետի ֆուտլյարով-բանով, հանցագործներ են, ու մեր խնդիրը սրանց իրենց արժանի տեղերն ուղարկելն է։ Թե չէ, որ սպասենք փաստերի հավաքմանը, վախենամ ցմահ մնան իշխանության, որովհետեւ սրանց հանցանքներն ապացուցող փաստերը վերջ ու ավարտ չունեն, ու այդ փաստերը հավաքելու պրոցեսը հնարավոր չէ ավարտին հասցնել առաջիկա հարյուրամյակի ընթացքում։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.