> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկ տարի առաջ հայտարարեց, թե նախագահի այլընտրանքային միակ թեկնածու լինելու պարագայում պատրաստ է ընտրվելուց երեք տարի անց հրաժարական տալ, Սերժ Սարգսյանը անձամբ սրան արձագանքեց` ասելով` ուրեմն Տեր-Պետրոսյանին այդքան ժամանակ է հարկավոր` Ղարաբաղը վաճառքի հանելու համար։
Դրանից առաջ, իր առաջին հանրահավաքում, Տեր-Պետրոսյանն ասել էր, թե Ղարաբաղը վաճառել հնարավոր չէ։ Եւ ահա, Սերժ Սարգսյանի վերը նշված հայտարարությունից հետո Տեր-Պետրոսյանի թիմում աշխատող վերլուծական խմբերից մեկը այսպիսի մի վերլուծություն արեց. Տեր-Պետրոսյանը ասում է` հնարավոր չէ վաճառել Ղարաբաղը, ոչ մի նախագահ չի կարող վաճառել Ղարաբաղը` անգամ մեծագույն ցանկության դեպքում։ Այսպիսով, առաջին նախագահը մարդկանց գիտակցության մեջ ամրագրում է իրադարձությունների նման զարգացման անհնարինությունը, այն, որ Ղարաբաղը հայաստանյան օրգանիզմի անբաժանելի մասն է, ինչով մեծագույն պաշտպանության տակ է առնում Ղարաբաղը, որովհետեւ եթե որեւէ մեկը փորձի այն հանձնել, հայաստանյան օրգանիզմը էդ ցավից կպայթի։ Սրան հակառակ, Սերժ Սարգսյանը ասում է, որ Ղարաբաղը վաճառել հնարավոր է, այսինքն` հանրությանը ներշնչում է, որ նման բան կարող է պատահել, ասել է թե` օգնում է, որ հանրությունը դանդաղ, ժամանակի ընթացքում համակերպվի նման հնարավորության մտքի հետ։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը Ղարաբաղը վաճառելու գովազդով էր զբաղված։ Այս վերլուծությունը ժամանակին հրապարակվել է մեր թերթում եւ, փաստորեն, արդարացնում է իրեն։ Այլապես ինչպե՞ս բացատրել, որ Հայաստանի որեւէ ներկայացուցիչ կարող է Թուրքիային առաջարկել միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, մի բան, որ արել է Սերժ Սարգսյանը։ Եթե որեւէ մեկի ուղեղը թույլ չի տալիս նման քայլի անթույլատրելիությունը ինքնուրույն հասկանալ, գոնե կարելի էր թերթ կարդալ եւ իմանալ, որ արդեն տասը տարուց ավելի թուրքերը փափագում են նման կարգավիճակ ստանալ։ Եւ ահա, այդ կարգավիճակը սկուտեղի վրա մատուցում է նա, ով ուրիշներին մեղադրում էր Ղարաբաղը վաճառելու մտադրության մեջ. իրականում Ղարաբաղի վաճառքի ֆոն էր նախապատրաստում։ Ու երբ առաջին նախագահը խոսում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության, արժանապատիվ հարաբերություններ հաստատելու մասին, Սերժ Սարգսյանի անձնական օգտագործման թերթը նրան էֆենդի էր անվանում։ Իհարկե, այդ թերթի ընթերցողների թիվը իր իսկ աշխատակազմի 50 տոկոսից մի քիչ է ավել, որովհետեւ շատ քչերն են Սերժի մտքի արգասիքը 100 դրամի արժանի համարում։ Բայց էականը սա չէ, այլ այն, որ ինքը` Սերժը, վերջին շրջանի հայտնի իրադարձությունների արդյունքում մեզ բոլորիս տվել է իրավունքը ամենայն վստահությամբ եւ բարձր տրամադրությամբ իրեն անվանել փաղաքշական ձեւով. Սերժիկ էֆենդի։ Համաձայնեք` լավ է հնչում։ Ամենակարեւոր հարցը, սակայն, հետեւյալն է. անարժանապատվության չափ թուրքամետ քայլերը, որ իշխանությունները հասցրեցին ձեռնարկել, նո՞ր են ծնվել սերժանտական թիմում, թե՞, այնուամենայնիվ, դրանք շատ ավելի վաղ պլանավորված գործունեության արգասիք են։ Ինչ ուզում եք, ասեք, պետք է լրջորեն հետաքննել այն վարկածը, որ սերժ-թուրքական համագործակցությունը հաստատվել է դեռ նախընտրական շրջանում, եւ թուրքերը նախընտրական շրջանում լայն քարոզչական աջակցություն են ցույց տվել Սերժ Սարգսյանին։ Եւ չզարմանաք, եթե Գյուլը իր հաջորդ հարցազրույցներից մեկում հայտարարի, որ Սերժ Սարգսյանը իրեն նաեւ շնորհակալություն է հայտնել նախընտրական եւ հետընտրական շրջանում իրեն ցուցաբերած աջակցության համար։

Հ.Գ. Նախօրեին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը որեւէ երկրի չի դիմել միջնորդական առաքելություն իրականացնելու առաջարկով։ Լավ է գոնե Սերժ Սարգսյանը հասկանում է, որ իր առաջարկները որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես Հայաստանի առաջարկներ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.