> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սիրելի ժողովուրդ.

Այն, որ սա կոչում եմ ելույթ Ազատության հրապարակում, ամենեւին էլ քարոզչական հնարք չէ, ոչ էլ սրամտության դրսեւորում։ Սա ընդամենը քրիստոնեական հայտնի սկզբունքի երկրորդումն է, եւ ըստ այդմ` այնտեղ, ուր ներկա են Ազատության, Օրինականության, Ժողովրդավարության համար մղվող պայքարի մի քանի նվիրյալներ, ահա այդ հավաքատեղին պետք է համարել Ազատության հրապարակ։

Այսօր այդ վայրը թերթի այս էջն է, եւ հենց թերթի ընթերցողների մասնակցությամբ է տեղի ունենում մեր հերթական հանրահավաքը, եւ բարեբախտաբար, այն իր մասշտաբներով ծանրակշիռ է։ Այսօրվա հանրահավաքին մասնակցում է նվազագույնը 20 հազար մարդ. հաշվի առնենք թերթի վաճառվող տպաքանակը եւ այն, որ ամեն թերթը կարդում է առնվազն երկու հոգի, սրան գումարած ինտերնետային տարբերակը, սրան գումարած «Պայքար, պայքար մինչեւ վերջ» ինտերնետային ընդհատակյա թերթի ընթերցողները։ Սրան էլ գումարենք բոլոր նրանց, ովքեր այս իրադարձությամբ հետաքրքրված` կփորձեն եւ կձգտեն այս ամենի մասնակիցը դառնալ։ Կարծում եմ` բոլորդ համոզվեցիք, որ այսօր մենք ունենք բավական ծանրակշիռ մի հանրահավաք։ Եւ ուրեմն, այսօրվա մեր հանրահավաքը հայտարարում եմ բացված։
***

Թերթը կարդում եւ ուրեմն այս հանրահավաքին ներկա են Հայաստանի առաջին նախագահ, Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ ղեկավար, 2003-ին Հայաստանի ընտրված նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետությունե կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը, Էմանուել Գասպարյանը, Ռուբեն Թորոսյանը, Դավիթ Հակոբյանը։ Ավելին, այսօր մեր հարթակում են նաեւ Պետրոս Մակեյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Խաչատուր Սուքիասյանը, Միքայել Հայրապետյանը, Սմբատ Այվազյանը։ Կարճ ասած, մեր հարթակը` իր ողջ կազմով, եւ նրանք բոլորը հիմա յուրաքանչյուրիդ հետ զուգահեռ հետեւում են այսօրվա հանրահավաքի ընթացքին։

Ողջունենք նրանց, ողջունենք բոլոր քաղբանտարկյալներին եւ մաղթենք նրանց կամք ու տոկունություն։ Ավելի ճիշտ, մեզ` բանտում չգտնվողներիս, մաղթենք այնքան կամք ու տոկունություն, որքան քաղբանտարկյալներն են այս ընթացքում ցուցաբերել։ Ու եկեք նրանց ասենք բարձրաձայն. պարոնայք. մենք հպարտանում ենք ձեզանով ու ինչ-որ տեղ նաեւ ամաչում ձեր առաջ։ Ներեցեք մեզ, որ այս պահին դուք ազատության մեջ չեք, ներեցեք մեզ, որ այս պահին մենք ձեր կողքին չենք։ Եւ ուզում եմ քաղբանտարկյալների առաջ բարձրաձայն ձեւակերպել հետեւյալ խնդիրը. կա՛մ դուք կլինեք ազատության մեջ, կա՛մ մենք կլինենք բանտում։ Այսինքն` մոտենում է, շատ շուտով հասնելու ենք այն սահմանագծին, որ այս վիճակը հանդուրժելի չի լինի ոչ մի կերպ, եւ կա՛մ բանտում գտնվողները պետք է լինեն ազատության մեջ, կա՛մ ազատության մեջ գտնվողները հայտնվեն բանտում։ Արձանագրենք սա որպես հստակ ձեւակերպված անելիք։

Մեր առաջնորդը, այն մարդը, որ բոլորիս վերստին հույս ներշնչեց, որ Հայաստանը լինելու է ազատ եւ արժանապատիվ երկիր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ունենալով մեր կատարյալ եւ անվերապահ վստահությունը, իր վերջին ելույթում որոշ մարտավարական սրբագրումներ մտցրեց պայքարի մեջ, եւ այդ որոշումը մենք ընդունում ենք ի գիտություն` հիմք ընդունելով ոչ միայն առաջին նախագահի անվերապահ հեղինակությունը, այլեւ նրա փաստարկների համոզչականությունը։ Այդ ելույթից բխում է, որ մարտավարական դադար չի նշանակում պայքարի դադար, արձակուրդ, հանգիստ, այլ ընդհակառակը` նշանակում է կազմակերպչական աշխատանքի կրկնապատկում, եռապատկում, աշխատանքային մեխանիզմների հղկում, Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցների եւ ընդհանրապես` Կոնգրեսի կազմակերպչական վերջնական կայացում։ Եւ այս աշխատանքի ամենօրյա, ամենշաբաթյա գնահատումը հստակ պատասխան կտա այն հարցին, թե դեպի ուր ենք մենք շարժվում եւ ինչ ենք ունենալու մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս անց։ Որովհետեւ ամենեւին հարկավոր չէ սպասել, որ այդ մեկ ամիս անցը գա` այն տեսնել, գնահատելու համար։ Այսօր, վաղը, գուցե մյուս օրը այդ երկու-երեք ամիս անցի ուրվապատկերը կսկսի երեւալ, եւ եթե այդ ուրվապատկերները դալուկ լինեն, մենք չպետք է խուսափենք դրանք համապատասխան գնահատականի արժանացնել եւ համապատասխան սրբագրումներ մտցնել դրանք գծագրող մեխանիզմներում։ Մեր խնդիրը չի փոխվել ու չի փոխվելու, մինչեւ այն չլուծվի. ավազակապետական ռեժիմը պետք է կործանվի, մարտի 1-ի սպանդի հեղինակները պետք է կանգնեն դատարանի առաջ։ Մենք պարտավորություն ունենք մեր երկրի, մեր ժողովրդի ապագայի առաջ, մենք պարտավորություն ունենք մարտի 1-ի զոհերի հիշատակի, նրանց ընտանիքների, նրանց երեխաների, նրանց չիրականացված երազանքների առաջ։ Մենք պետք է ապացուցենք, որ նրանց պայքարը իմաստ ուներ, մենք պետք է ապացուցենք, որ նրանք պայքարել են իրենց երեխաների ապահով ապագայի, արժանապատվության համար։ Իսկ սա ապացուցելու միայն մի տարբերակ կա. նրանց երեխաները, մեր երեխաները պետք է ապրեն ազատ եւ երջանիկ Հայաստանում, եւ այսպիսի Հայաստան կերտելու ճանապարհին մենք չպետք է կանգնենք ոչնչի, բացարձակապես ոչնչի առաջ։ Մենք պիտի պայքարենք մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ, այնպիսի հաղթանակ, որ տեսանելի լինի ու շոշափելի, տեսանելի ու շոշափելի լինի Հայաստանի յուրաքանչյուր, յուրաքանչյուր քաղաքացու համար։
***

Երեկ լրացավ 2007 թվականի հոկտեմբերի 23-ի իրադարձությունների մեկ տարին։ Եւ այս իրադարձությունը արժանի է հատուկ անդրադարձի, որովհետեւ սրա հիմքում ընկած իրավիճակը կանխորոշեց 2008 թվականի մարտի 1-ը։ Իսկ ի՞նչ էր ընկած 2007 թվականի հոկտեմբերի 23-ի իրադարձության հիմքում. այդ օրը մենք` Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, իրականացնում էինք այնպիսի գործողություններ, որ թույլատրված են Հայաստանի Հանրապետության օրենքով։ Ընդհանրապես, քաղաքացիներն իրավասու են կատարել օրենքով չարգելված գործողություններ, բայց 2007 թվականի հոկտեմբերի 23-ին մենք կատարում էինք Երեւանի քաղաքապետարանին իրազեկված, իրազեկումն ի գիտություն ընդունված հանրահավաքի մասին տեղեկատվության տարածում։ Դա անում էինք թռուցիկներ բաժանելու, բարձրախոսով հայտարարություններ անելու, պաստառներ կրելու միջոցով։ Գործողություններ, որոնք ճշգրտորեն կրկնում են այն ամենը, ինչ թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, հասկանալի ձեւակերպված է օրենքի մեջ։ Ուշադրություն դարձրեք, այդ գործողությունները ոչ միայն օրենքով արգելված չեն, այլեւ թույլատրված են ուղղակի, աներկբա, անսակարկելի կերպով։ Եւ ահա, մի խումբ ոստիկանական համազգեստ հագած անձինք` Սաշիկ Աֆյանի գլխավորությամբ, Երեւանի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում փակում են մեր ճանապարհը։ Սաշիկ Աֆյանը մի պահանջ է ներկայացնում` դադարեցնել բարձրախոսով հայտարարությունները։ Մենք, բնականաբար, հրաժարվում ենք այդ անել` նրան ցույց տալով օրենքի համապատասխան կետերը։ Աֆյանը մեկ-երկու տասնյակ ոստիկանների հետ փորձում է մեզնից խլել բարձրախոսը. չի կարողանում։ Եւ ահա, հրավիրում է հատուկջոկատայինների, որոնք էլ մեզ տանում են ոստիկանություն։

Ի՞նչ էր այս ամենը նշանակում. ընդամենը մի բան, որ ՀՀ քաղաքացին ոչ միայն զրկված է օրենքով չարգելված գործողություններ կատարելու հնարավորությունից, ինչը միջազգայնորեն հռչակված իրավունք է, այլեւ զրկված է օրենքով իրեն վերապահված իրավունքների իրացումից նույնպես։ Սա հստակ մարտահրավեր էր` դրված Հայաստանի քաղաքացու առաջ, եւ այդ մարտահրավերը այսօր էլ գոյություն ունի` էլ ավելի սրված։ Եւ սա հասկանալի է. եթե քաղաքացուն կարող են զրկել օրենքով իրեն վերապահված X իրավունքից, նրան կարող են զրկել նաեւ Y, Z, C, եւ ընդհանրապես, մնացած բոլոր իրավունքներից։ Գուցե այդ իրավունքը հնարավոր է վերականգնել իրավակա՞ն, դատակա՞ն եղանակով։ Բայց հոկտեմբերի 23-ի իրադարձությունների փաստի առիթով քրեական գործ հարուցվեց ոչ թե Աֆյանի ու նրա հանցախմբի, այլ իրենց իրավունքներից չհրաժարված քաղաքացիների դեմ, որոնց նաեւ մեղադրանք առաջադրվեց։ Գուցե այդ իրավունքը պետք էր վերականգնել դատարաններո՞ւմ։ Ի՞նչ է մեզ ասում մեր հիշողությունը, եւ ի՞նչ է իրենից ներկայացնում մեր դատական համակարգը. 2003 թվականին Հայաստանի բարձրագույն դատական մարմինը` ՍԴ-ն, որոշեց, որ պետք է Հայաստանում լինի նախագահի վստահության հանրաքվե։ Մինչեւ օրս նման բան տեղի չի ունեցել։ Հետո ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց այն իրավական ակտերը, որոնց հիման վրա Երեւանի կենտրոնի հազարավոր բնակիչներ զրկվել են իրենց տներից, սեփականությունից։ Եւ ի՞նչ փոխեց սա այդ իրավազրկված մարդկանց կյանքում. ոչինչ։

Դատավոր Պարգեւ Օհանյանը արդարացրեց Մաքսայինի նախկին եւ ՊԵԿ գործող ղեկավարության կոռուպցիայի զոհ դարձած գործարարների եւ զրկվեց դատավորի կարգավիճակից։

Ինչո՞ւ եմ այս ամենը ասում, որովհետեւ 2007 թվականի հոկտեմբերի 23-ը առաջին հստակ եւ ամփոփ ապացույցն էր այն բանի, որ Հայաստանի քաղաքացին զրկված է օրենքով իրեն վերապահված իրավունքների իրացումից, զրկված է իր իրավունքների պաշտպանության` օրենքով ու Սահմանադրությամբ նախատեսված բոլոր միջոցներից։ Եւ այդ ժամանակ առաջին անգամ ակնհայտ դարձավ, որ կա՛մ քաղաքացին անձամբ, սեփական ձեռքերով, անհրաժեշտության դեպքում քար ու փայտ ձեռքին առած կպաշտպանի այդ իրավունքները, այնպես ինչպես արեց նաեւ մարտի 1-ին, կա՛մ էլ կդառնա բույսի պես մի բան։ Հայաստանի ավազակապետական իշխանությունը քաղաքացուն պատկերացնում է բույսի դերում, որին կարելի է հորել, կտրտել, եփել, կուլ տալ եւ մարսել։
Մենք ասում ենք, որ սրանց, սերժանտական այս խուժանին թույլ չենք տա քաղաքացուն բույսի տեղ դնել։ Մեզ կարելի է գնդակահարել, զնդանները լցնել, մեզ կարելի է քառատել անգամ Երեւանի փողոցներում։ Բայց մեզ հնարավոր չէ կուլ տալ եւ մարսել։ Մենք որպես ոսկոր կանգնած ենք ավազակապետության կոկորդին ու կազմաքանդելու ենք այդ ավազակապետությունը։ 2007 թվականի հոկտեմբերի 23-ին Համաժողովրդական շարժման ակտիվիստները ՀՀ առաջին նախագահի գլխավորությամբ հավաքվեցին Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանության առաջ եւ ազատեցին մեզ գերությունից։ Եւ այսօր ուզում եմ ընդգծել. սա է միակ փիլիսոփայությունը, որ մեզ կբերի հաղթանակի, սա է միակ մարտավարությունը, որ Հայաստանին կբերի հաղթանակի։
Ուզում եմ նաեւ դիմել մեր շարժման հարյուր հազարավոր մասնակիցներին։
Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը. պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք։ Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է։
Կհանդիպենք հաջորդ ուրբաթ Ազատության հրապարակում։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
1+

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.