> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

23-10-2008_mek-tari-anc12007 թվականի հոկտեմբերի 26-ին Երեւանի Ազատության հրապարակում պետք է տեղի ունենար հանրահավաք, որտեղ տասնամյա լռությունից հետո ընդարձակ ելույթով պետք է հանդես գար ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այդ հանրահավաքում Տեր-Պետրոսյանը պետք է պատասխան տար նաեւ հետեւյալ հարցին. առաջադրելո՞ւ է արդյոք իր թեկնածությունը ՀՀ նախագահի սպասվող ընտրություններում։ Այսինքն` այդ հանրահավաքը բոլոր առումներով պետք է դառնար ներքաղաքական կյանքի այդ ժամանակաշրջանի թիվ 1 իրադարձությունը։ Ի հեճուկս օրենսդրության եւ տրամաբանության, սակայն, հանրահավաքի կազմակերպիչներին ոչ մի կերպ չէր հաջողվում հեռուստատեսային կամ ռադիոեթերով հանրությանը իրազեկել սպասվող իրադարձության մասին։ Հեռուստաընկերությունները` բոլորը առանց բացառության, հրաժարվում էին եթեր հեռարձակել համապատասխան հոլովակը, չնայած դա նրանց կողմից ոչ թե բարեգործություն էր լինելու, այլ վճարովի ծառայություն։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն էլ հստակ ամրագրում է, որ հանրահավաքի կազմակերպիչը իրավունք ունի հեռուստատեսությամբ, ռադիոյով, այլ ԶԼՄ-ներով հանրությանը իրազեկելու սպասվող հանրահավաքի մասին, կոչ անել մասնակցել այդ հանրահավաքին։ Սակայն հեռուստատեսություններն ու ռադիոները մնում էին անդրդվելի, անգամ այն պարագայում, երբ կազմակերպիչները նրանց ներկայացնում էին Երեւանի քաղաքապետի որոշումը` հանրահավաքի իրազեկումը ի գիտություն ընդունելու մասին։ Իհարկե, թերթերում տպագրվում էին հանրահավաքի մասին հայտարարություններ, բայց դա բավարար լինել չէր կարող։ Հանրահավաքի մասին իրազեկման այլ եղանակներ էին հարկավոր։ Մենք` «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչներս, մեր գործունեության նախկին փորձը օգտագործելով, որոշեցինք իրազեկման երթ անել` մինչեւ հարյուր հոգու մասնակցությամբ։ Այսպիսի երթեր անելու համար հարկավոր չէ Երեւանի քաղաքապետարանին իրազեկել, բացի այդ` օրենքը հանրահավաքի կազմակերպիչներին իրավունք է տալիս մարդկանց իրազեկել թռուցիկներ բաժանելով, բարձրախոսներով հայտարարություններ անելով։ Եւ ահա, Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող Մարգարյանի անվան ծննդատան մոտից մենք սկսեցինք մեր երթը։ Ես բարձրախոսով հայտարարում էի սպասվող իրադարձությունների մասին, երիտասարդները թռուցիկներ էին բաժանում անցորդներին, իսկ «Ժողովրդավարական հայրենիքե կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության անդամ Դավիթ Մաթեւոսյանը առաջնորդում էին երթը` ապահովելով քաղաքական ներկայացուցչականությունը։ Ահա այսպես` երթը անցնում էր հանգիստ, խաղաղ, առանց միջադեպերի։ Չնայած` մենք վաղուց էինք նկատել մեզ ուղեկցող օպերատիվ մեքենաները, որոնց նկատելիությունն արդեն դրանց փինաչիության ապացույցն էր։ Ինչեւէ. երթի ընթացքում երկու անգամ Մոսկովյան եւ Տերյան փողոցում ինձ մոտեցավ այն ժամանակ դեռ անհայտ Արայիկ Պետրոսյանը` ներկայանալով որպես ոստիկանության Կենտրոն բաժնի պետի տեղակալ։ Նա ասում էր, թե մեր երթն անօրինական է։ Ես, իհարկե, նրան բացատրեցի, թե որը որից հետո է, եւ նա հնազանդ չքվեց։ Ի վերջո, մենք հասանք Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկ։ Հա, էն էլ ասեմ, որ այս ողջ ընթացքում քայլել ենք միայն մայթերով, փողոցները հատել ենք միայն հետիոտնային անցումներով, անցումների վրա լուսացույցների առկայության պարագայում` միայն կանաչ լույսի դեպքում։ Ահա, ուրեմն, «Ուրարտու» խանութի մոտ մեկուկես տասնյակ ոստիկանների` սովորական ոստիկանների ուղեկցությամբ մեզ է մոտենում այն ժամանակ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը։ Վերջինս սկսում է ինչ-որ պահանջներ դնել. նախ ասում է, որ երթը անօրինական է։ Ես գրպանիցս հանում եմ «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքը եւ Աֆյանին ապացուցում, որ երթը օրինական է։ Նա ասում է, որ մենք իրավունք չունենք բարձրախոս օգտագործել. մենք նրան ցույց ենք տալիս օրենքի այն կետը, որը մեզ իրավունք է տալիս բարձրախոս օգտագործել։ Ի վերջո, Աֆյանի բոլոր պրետենզիաներին պատասխանում ենք միայն օրենքի հոդվածներով։ Մինչ այդ ինքը` Աֆյանը, հենց մայթի վրա կանգնեցրել է մեր երթը, թույլ չի տալիս առաջ շարժվել։ Ու մայթի վրա, այս գործողության արդյունքում, կուտակվել են երթի մոտ 50 մասնակիցներ, մոտ 20 ոստիկաններ եւ հետաքրքրասերներ։ Մենք Աֆյանին մի պահանջ ենք ներկայացնում. թույլ տալ շարունակել մեր երթը։ Աֆյանը մեզ ուրիշ պահանջ է ներկայացնում. անջատել բարձրախոսը։ Մենք, բնականաբար, հրաժարվում ենք կատարել այդ ապօրինի պահանջը եւ հայտարարում, որ չենք ենթարկվի նրան։ Աֆյանը իր ոստիկաններին հրահանգում է խլել բարձրախոսը։ Մեր երթի մասնակիցները բոլորը խմբվում են իմ շուրջ, քանի որ բարձրախոսը իմ ձեռքին է։ Ու ստացվում է մի վիճակ, որ բարձրախոսից կառչել են մոտ երկու տասնյակ ձեռքեր. մի մասը ոստիկանների ձեռքերն են, մյուս մասը` մեր։ Այս պահին հենց այս վիճակում ես բարձրախոսով շարունակում եմ հայտարարել հանրահավաքի մասին, Պետրոս Մակեյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Միքայել Հայրապետյանը շարունակում են Աֆյանին բացատրել, որ նա ապօրինություն է գործում։ Ոստիկանները, որոնք այս ընթացքում բաց չէին թողել բարձրախոսը, սկսում են նորից քաշքշել, քանի որ, ինչպես ասացի, այս վիճակում շարունակում էի հայտարարել հանրահավաքի մասին ու մարդկանց հրավիրել Ազատության հրապարակ։ Ի վերջո բարձրախոսի լարը վնասվում է, եւ այն անջատվում է։ Սակայն մենք բաց չենք թողնում բարձրախոսը եւ սկսում ենք վանկարկել` «Պայքար, պայքար մինչեւ վերջ»։ Այս ընթացքում անընդհատ տեղի են ունենում խոսակցություններ մեր ու Աֆյանի միջեւ, որ երթի մասնակիցներից մեկը ձայնագրել էր։

Մեկ տարի առաջ այդ ձայնագրության սղագրությունը մենք ներկայացրել էինք ընթերցողի ուշադրությանը եւ այսօր էլ տպագրում ենք այն (տես նաեւ էջ 5-6)։ Ահա այսպես` կանգնել ենք մեր բարձրախոսից պինդ բռնած, բարձրախոսից պինդ բռնած են նաեւ ոստիկանները։ Եւ Աֆյանը, հասկանալով, որ պատմությունը գնալով մեծանում է, հրավիրում է հատուկջոկատայիններին, որոնք հարձակվելով մեզ վրա` մեզ տարան ոստիկանության Կենտրոնի բաժին։ Բայց պատմությունը, միեւնույն է, մեծացավ։ Ոստիկանության մոտ հավաքվեցին շարժման մի քանի հարյուր ակտիվիստներ, ապա եկավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ու չնայած մեր դեմ քրեական գործ էին հարուցել, ոստիկանները ստիպված էին մեզ ազատ արձակել։ Իսկ այսօր հոկտեմբերի 23-ի գլխավոր գործող անձանցից Պետրոս Մակեյանը եւ Դավիթ Մաթեւոսյանը գտնվում են բանտում, Միքայել Հայրապետյանը` ընդհատակում։ Իսկ պայքարը` ընդդեմ ապօրինության եւ ոստիկանական ամենաթողության, շարունակվում է։ Պայքարը շարունակվելու է մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ։

Հ.Գ. Հենց հոկտեմբերի 23-ին Կենտրոնի ոստիկանությունում Աֆյանը ցուցմունք էր տվել, թե ես իրեն հարվածել եմ։ Դրանից մեկ ամիս անց, երբ Կենտրոնի քննչական բաժանմունքում ինձ ու Աֆյանին առերես հարցաքննում էին, քննիչը նրան հարցրեց. «Պարոն Աֆյան, հոկտեմբերի 23-ի ձեր բացատրության մեջ գրել եք, թե Փաշինյանը հարվածել է ձեզ…»։ Ես ընդհատեցի քննիչին ու Աֆյանին հարցրի. «Պարոն Աֆյան, այդպիսի բա՞ն եք ասել»։ Բնականաբար, ոչ ոքի չէի հարվածել, եւ Աֆյանը մի պահ շփոթվեց։ Ապա իր ցուցմունքում գրեց, որ` ոչ, նման բան չի եղել, Փաշինյանը ինձ չի հարվածել։ Ես մտածեցի, որ ոստիկան ու իշխանական կամակատար լինելը` մի կողմ, այդ պահին ուղղակի բարոյականությունը հաղթեց, եւ շատ ուրախ էի դրա համար։ Բայց երբ ԱԺ տխրահռչակ հանձնաժողովում Աֆյանը ասաց, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրենք բարձրախոսով հայտարարություններ են արել` ցուցարարներին հորդորելով ցրվել, ես հասկացա, որ մեր առերես հարցաքննության ժամանակ ոչ թե բարոյականությունն էր հաղթել, այլ քաղաքական իրավիճակն էր ուրիշ, եւ Աֆյանը ուղղակի այն ժամանակ վախեցել էր պնդել իմ դեմ տված իր սուտ ցուցմունքները։ Ինչեւէ, այսօր այսքանը։ Իսկ վաղը ես ելույթ կունենամ Ազատության հրապարակում։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.