> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ոչ անհայտ Մերուժան Տեր-Գուլանյանն օրերս «Ազատություն» ռադիոկայանի եթերում մի հայտարարություն է արել, որին չեմ կարող չանդրադառնալ։ Ընդ որում, պարզաբանման կարիք ունի ոչ միայն հայտարարության բովանդակությունը, այլեւ ծագումնաբանությունը։ Որովհետեւ կան հայտարարություններ, որոնք չնայած բնույթով անգրագետ են, բայց դրանք չի կարելի միայն անգրագիտության հետեւանք համարել։ Դրանք վկայում են նաեւ իրենց հեղինակների բարոյական աննկարագրելի նեխման, անկասելի փչացման մասին։ Իսկ հայտարարությունը, որը բառացի չեմ մեջբերում, բայց բովանդակության ճշգրտությունը երաշխավորում եմ, հետեւյալն է. խոսելով իշխանական հերթական քարոզչական անհեթեթության` քաղաքական բանտարկյալների համաներման մասին` Տեր-Գուլանյանը համոզմունք է հայտնում, որ համաներում անպայման կլինի բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր հանցանք չեն գործել։ Պարզաբանենք. համաներում, ներում կիրառում են այն անձանց նկատմամբ, ովքեր հանցանք են գործել եւ կա՛մ դատապարտվել են ազատազրկման, կա՛մ էլ քրեական հետապնդման են ենթարկվում։ Ինչ վերաբերում է հանցանք չգործած անձանց, նրանք, բնականաբար, քրեական հետապնդման չպետք է ենթարկվեն, ազատազրկման չպիտի դատապարտվեն եւ ներման կամ համաներման կարիք էլ չպետք է ունենան։ Բայց ինչպես տեսնում եք, Տեր-Գուլանյանը մեծահոգաբար համաներման արժանի է համարում հանցանք չգործած անձանց, այսինքն` բնական է համարում, որ այդպիսի անձինք կարող են հայտնվել բանտում, եւ սա դեռ քիչ է` այդ մարդկանց ներման միջոցով բանտից ազատ արձակելը համարում է վերջին տարիների իր շողոքորթության առարկայի` Սերժիկի մեծահոգության արդյունք։ Էս էլ ոչինչ, երբ խոսք է գնում Հայաստանում քաղբանտարկյալներ լինել-չլինելու մասին, Մերուժը ասում է` թողնենք դատարանը որոշի` քաղբանտարկյա՞լ են նրանք, թե՞ ոչ։ Այն դատարանը, որը, փաստորեն, հանցանք չգործած անձանց արդեն իսկ դատապարտել է ազատազրկման, եւ որոնց համաներվելու հույս է տալիս Մերուժան Տեր-Գուլանյանը։ Սիրելի ընթերցող, սա անգրագիտություն չէ, սա անբարոյականություն չէ, սա մի երեւույթ է, որ չի կարելի բնորոշել գրական հայերենի որեւէ բառով։ Սա մի երեւույթ է, որ կարելի է բնորոշել միայն խոսակցական լեզվի բառապաշարով, այնպիսի բառերով, որոնք հասցեագրում են հասցեատիրոջ աչքերին ուղիղ նայելով, եւ մի օր ես դա անպայման կանեմ` հիմա անում եմ ավանսով։ Ասեմ նաեւ, որ եթե Դավիթ Մաթեւոսյանը, Պետրոս Մակեյանը, Սմբատ Այվազյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սասուն Միքայելյանը (բոլորի անունը չտամ) Մերուժան Տեր-Գուլանյանի համար «այսպես կոչված քաղբանտարկյալ են», ուրեմն ինքը` Մերուժը, այսպես կոչված մարդ է, այսպես կոչված տառաճանաչ եւ սովորական հացկատակ` անկախ քաղբանտարկյալների այդպիսին լինել-չլինելու հանգամանքից։ Նաեւ ասեմ, թե ինչու է նա այսօրինակ սալտոյական մտքեր արտահայտում. քծնանքը սրա համար կենսաձեւ է։ Բայց եթե համոզված լինի, որ Սերժիկը մնալու է, կպահանջի ոչ միայն քաղբանտարկյալներին չհամաներել, այլեւ ազատության մեջ մնացածներին էլ բանտ լցնել։ Բայց քանի որ մտածում է, որ համոզված է, որ վիճակը փոխվելու է, հիմա մի բան է բլթացնում, որ հետո ասի. «Հարազադս, հիշո՞ւմ ես, քեզ պաշբանեցի»։ Բայց սխալ է հաշվարկը, որովհետեւ մեր էս պայքարի ամենամեծ թիրախը հենց հացկատակներն ու շողոքորթներն են, որոնք ոչ միայն ավազակապետության հիմնական հենարանն են, այլեւ կարող են աղտոտել, այլասերել ցանկացած միջավայր։ Էնպես որ, քաղբանտարկյալները այսօրինակ թափթփուկի մեծահոգության կարիքը չեն զգում, «հարազադս»։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.